«Խոշոր ընկերությունների աուդիտը պետք է վստահել հեղինակավոր կազմակերպություններին»

07.10.2010 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերության տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանի հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը եւ Banks.am պորտալին

- 2009թ. արդյունքներով պարտադիր աուդիտ պետք է անցնեին 1 մլրդ դրամ եւ ավելի հասույթ ունեցող ընկերությունները: Ի՞նչ արդյունքներ են  գրանցվել պարտադիր աուդիտի արդյունքում ինչպես «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ում, այնպես էլ ողջ շուկայում:

- Հաճախորդների աճ մեզ մոտ գրանցվում է ամեն տարի եւ նրանք բոլորն էլ հիմնականում 1 մլրդ դրամից ավելի շրջանառությամբ միջին եւ խոշոր ձեռնարկություններ են: Պարտադիր աուդիտի գծով մեր հաճախորդների բանակը համալրվել է շուրջ 10 նոր անդամներով:  Սակայն այն ակնկալիքները, որոնք կապվում էին օրենսդրական փոփոխությունների հետ, չարդարացան: 

Ավելին, նոր օրենսդրական պահանջների տակ ընկնող բազմաթիվ ընկերություններ ընդհանրապես չեն անցել աուդիտ, եւ կարծում եմ, կառավարությունը պետք է խիստ դիրքորոշում ընդունի նրանց նկատմամբ: Աուդիտ անցածներից շատերն էլ դիմել են միայն այս տարի լիզենզիա ստացած աուդիտորական ընկերություններին եւ անհատ աուդիտորներին, որոնք, հավանաբար, հիմնադրվել են հենց այդ հաճախորդներին սպասարկելու համար:

Հայաստանում այսօրվա դրությամբ գրանցված է 40-ից ավել աուդիտորական կազմակերպություն, որոնցից շուրջ 15-ը լիցենզիա են ձեռքբերել 2010-ին: 

- Փաստորեն կարելի՞ է ասել, որ արդարացան այն մտահոգությունները, որ մասնակիորեն ստվերում գործող խոշոր ձեռնարկությունները կգրանցեն իրենց հետ փոխկապակցված անհատ աուդիտորների կամ նույնիսկ աուդիտորական ընկերությունների եւ այսպիսով կխուսափեն իրական ֆինանսական արդյունքները ցուցադրելուց:  

- Այո, մտահոգությունները տեղին էին: Կարծում եմ, կառավարության կողմից պետք է ընդունվի հեղինակավոր աուդիտորական ընկերությունների կարճ ցուցակ, որին կվստահվի աշխատանքը խոշոր ընկերությունների հետ: Կարճ ցուցակի մեջ կարող են ընդգրկվել մոտ 10 կազմակերպություններ, որոնք վայելում են կառավարության վստահությունը: Այս պրակտիկան ընդունված է շատ երկրներում:

- Խոշոր ընկերություններին աուդիտ պարտադրելու համատեքստում կարեւորվում են կառավարության վերջերս ներկայացրած օրենսդրական առաջարկները`ուղղված  աուդիտորական ընկերությունների նկատմամբ պահանջների խստացմանը: Ինչպե՞ս եք գնահատում գործադիրի այս օրենսդրական նախաձեռնությունը:

- Օրինագիծը ողջունելի է. դաշտն իհարկե պետք է կարգավորվի եւ խստացվեն պահանջները աուդիտորական կազմակերպությունների նկատմամբ: Օրինագծով նախատեսվում են մի շարք բարեփոխումներ եւ խստացումներ. օրինակ` ֆինանսների նախարարությանը տրվում են ավելի լայն իրավունքներ աուդիտորական դաշտը վերահսկելու եւ խախտումների դեպքում պատժամիջոցներ կիրառելու գործում: 

Բոլորս էլ հետաքրքված ենք, որ շուկայում գործեն բարեխիղճ աուդիտորական կազմակերպություններ: Խնդիրն այստեղ այն է, որ աուդիտորական դաշտը վերահսկողները եւ որոշում կայացնողները լինեն բաձրակարգ պրոֆեսիոնալներ: Հուսով եմ` այդ նպատակով կստեղծվի մի կառույց, օրինակ, աուդիտորական պալատ, որի կողմից էլ կիրականացվեն այդ ստուգումները: 

- 2009-ի արդյուքներով «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ին էր բաժին ընկնում հայաստանյան աուդիտորական եւ խորհրդատվական ծառայությունների շուկայի 35%-ը: Ի՞նչ փոփոխություններ են արձանագրվում այս տարի: 

- «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ն պահպանել է Հայաստանում իր առաջատարի դիրքերը, սակայն չի ավելացրել իր շուկայի մասնաբաժինը: Դա բացատրվում է 2 պատճառներով. ճգնաժամ եւ շուկայի մասնակիցների թվի աճ: 

Մինչեւ տարեվերջ մեզ մոտ սպասվում է մոտ 1,4 մլրդ դրամի իրացում անցյալ տարվա 1,3 մլրդ դիմաց: Մեր հաճախորդների թիվը, եթե միասին դիտարկենք աուդիտորական, խորհրդատվական եւ իրավաբանական ծառայությունները, մոտ 300 է: 

- Հաջորդ տարի 2010-ի արդյունքներով աուդիտ են անցնելու արդեն ոչ միայն 1 մլրդ հասույթ, այլ նաեւ նույնչափ ակտիվներ ունեցող ընկերությունները: Ի՞նչ ակնկալիքներ կան այստեղ: 

- 2011-ին պարտադիր աուդիտի պահանջը կտարածվի մոտ 3 անգամ մեծ թվով ընկերությունների վրա: Մենք մեր կողմից պատրաստ ենք վերցնել մեզ վրա այդ աշխատանքները, կատարել անհրաժեշտ ներդրումներ եւ ավելացնել աշխատակազմը: 

- Դուք նշում եք կարճ ցուցակի կարեւորությունը, ինչպես նաեւ այն որ հաջորդ տարի սպասվում է պարտադիր աուդիտի պահանջի տակ ընկնող ընկերությունների թվի զգալի աճ: Եթե կարճ ցուցակի գաղափարը հավանության արժանանա, կկարողանա՞ն արդյոք այս 10 ընկերությունները սպասարկել հաճախորդների նման հոծ բանակ եւ դրա հետ մեկտեղ որակ ապահովել:

- Ռեսուրսներն իհարկե պետք է ավելացնեն բոլոր հեղինակավոր աուդիտորական ընկերությունները: Ուրիշ հարց է, պատրաստ են արդյոք դրան պարտադիր աուդիտին ենթակա տնտեսվարողները: Մենք, մասնավորապես, շատ խստապահանջ ենք մեր հաճախորդների թափանցիկության նկատմամբ:

- Անդադառնանք «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ի գործունեությանը Վրաստանում եւ Տաջիկստանում: 

- Վրաստանում մենք աշխատում ենք 1999-ից: 2009-ին Վրաստանի մեր մասնաճյուղը դարձավ Grant Thornton International-ի անդամ, իսկ 2010-ից մենք սկսեցինք ծավալել այնտեղ ավելի լայնածավալ գործունեություն: Այժմ ունենք Վրաստանում 12 աշխատող, մինչեւ տարեվերջ նրանց թիվը նախատեսվում է հասցնել 15-ի: Վրաստանը բավականին արագ աճող շուկա է: Եթե 2009-ին Հայաստանի ՀՆԱ-ն ակնում ապրեց 14,4%-ով, ապա Վրաստանում` ընդամենը 4%-ով: 2010-ի սրդյունքներով մեր աճի տեմպերի կանխատեսումը 1.8% է, Վրաստանում` 2%: 

Տաջիկստանը նոր երկիր է մեզ համար: Անցյալ տարի մենք այնտեղ աուդիտ էինք անցկացնում 4 բանկերում: Ի դեպ, հոկտեմբերի 1-ից Grant Thornton Tajikistan-ը պաշտոնապես ընդգրկվեց Grant Thornton International-ի կազմում որպես լիարժեք անդամ: Այս պահի դրությամբ Դուշանբեի մեր գրասենյակում կա 3 աշխատող, մինչեւ տարեվերջ կունենանք 10: Այս կազմակերպությունը, ինչպես վրաստանյանը, մեր դուստր ձեռնարկությունն է, եւ մենք նախատեսում ենք զարգացնել այն` ներգրավելով տեղական մասնագետներ եւ բաժնետերեր: 

- Ի դեպ, քանի որ աուդիտով եւ խորհրդատվությամբ զբաղվող ընկերությունները գրեթե բոլորից շատ են առնչվում երկրի բիզնես-կլիմայի հետ, ինչ տարբերություններ եք զգում ձեր գործառնությունների 3 երկրներում: Ըստ Համաշխարհային բանկի զեկույցների, բիզնես-միջավայրը Վրաստանում շատ ավելի դյուրին է, քան մեզ մոտ, իսկ Տաջիկստանում` շատ ավելի բարդ: Թողնո՞ւմ է դա արդյոք ազդեցություն ձեր արտասահմայնան գործառույթների վրա:

- Միանշանակ: Համաշխարհային բանկի վերջին զեկույցով բիզնես վարելու հեշտությամբ Վրաստանն աշխարհում 11-րդն է, Հայաստանը – 43-րդը, իսկ Տաջիկստանը` 152-րդը:

Վրաստանում անց են կացվել բավականին լուրջ բարեփոխումներ հարկային եւ մաքսային դաշտում, ինչը բերում է նրան, որ Վրաստան են հոսում բավականին մեծածավալ արտասահմանյան ներդրումներ, ամերիկյան եւ եվրոպական բազմաթիվ ձեռնարկություններ գրասենյակներ են բացում այնտեղ; զգալի ներդրումներ են անում Վրաստանում նաեւ հայաստանյան ձեռնարկությունները: Հայաստանն ունի շատ բաներ ընդօրինակելու Վրաստանից, այստեղ եւս պետք է անցկացնել այդ բարեփոխումները, որոնք կբերեն ներդրումների աճին: 

Որպես առարկայական օրինակ կարող եմ բերել վրացական հարկային դաշտը. հարկային ստուգումներ գրեթե չկան, իսկ եթե հարկային մարմինը կարծում է, որ հարկատուն իր ներկայացված հաշվետվություններում շեղում է կատարել, ապա նամակ է ուղարկում հարկատուին, խնդրելով ճշտել հաշվարկը: Հարկային ստուգումները ձեռնարկություններում համարվում են ամենածայրահեղ քայլը: Նույնն էլ մաքսային մարմիններում. սահմանված են հստակ մաքսատուրքեր, որոնք հիմնված են ներկրվող ապրանքների ինվոյսների վրա եւ ապրանքի մաքսազերծումը տեւում է հաշված րոպեներ: 

Նույնը կարելի է ասել անշարժ գույքի հետ գործարքների կադաստրային ձեւակերպումների մասին, որոնք կարելի է անել ինտերնետի միջոցով: Զգալի բարեփոխումներ են արվել ոստիկանությունում, նորոգվել են ճանապարհները եւ ենթակառուցվածքները:

Սակայն ես հեռու եմ այն մտքից, որ Վրաստանում խնդիրներ չկան եւ ամեն ինչ բարենպաստ է բիզնեսի զարգացման համար: Իհարկե կան նաեւ բազմաթիվ խնդիրներ, որոնց վրա կառավարության ուշադրությունն են հրավիրում տեղի գործարարները:

Տաջիկստանը մեզ համար նոր երկիր է, եւ այնտեղ մենք առանձնակի բարդությունների դեռեւս չենք առնչվել: 

Grant Thornton International-ի ողջ ցանցում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ այն առաջատարն է աուդիտի շուկայում: Մեր կարծիքով, շատ շուտով Տաջիկստանը կդառնա երկրորդ երկիրը, որտեղ Grant Thornton-ը եւս առաջատար է, իսկ Վրաստանում հուսով ենք առաջիկա 3 տարիներին ընգրկվել առաջատար եռյակում: 

- Դուք գործառույթներ ունեք նաեւ Ղրղզստանում: Չե՞ն տուժել արդյոք դրանք այդ երկրում քաղաքական զարգացումների պատճառով:

- Ոչ, մենք արդեն երկրորդ տարին է ղրղզական կենտրոնական բանկի աուդիտորն ենք: Իհարկե, քաղաքական ուժերի վերադասավորության պատճառով առկա են անորոշություններ, որոնք հուսով ենք, կհաղթահարվեն գալիք խորհրդարանական ընտրություններից հետո:   

- Զարգացման ի՞նչ մոտակա ծրագրեր ունեք Հայաստանում:

Տարեսկզբին «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ն գրանցեց Grant Tհornton Legal & Tax կազմակերպությունը, որը զբաղվում է իրավաբանական, հարկային եւ հաշվապահական խորհրդատվությամբ: Այս դուստր ձեռնարկությունը ստեղծվել է իրավաբանական, հարկային եւ հաշվապահական ոլորտներում ավելի խորը բազմակողմանի մասնագիտական խորհրդատվական ծառայություններ մատուցելու նպատակով:

Արդեն մի քանի տարի մեզ մոտ դինամիկ զարգացում է ապրում ՏՏ խորհրդատվությունը եւ աուդիտը, որի գծով մենք առաջատարն ենք Հայաստանում եւ նույնիսկ ունենք լուրջ հաճախորդներ Եվրոպայում` UNESCO-ն Ֆրանսիայում եւ UNOPS-ը (The United Nations Office for Project Services) Դանիայում: ՏՏ խորհրդատվություն եւ աուդիտ անցկացնող մեր ստորաբաժանումը եւս մեծանալու է` հաշվի առնելով մեծ պահանջարկն ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում: 

Հայաստանում շատանում է կառավարման կորպորատիվ կոդի անցնող ձեռնարկությունների թիվը, հետեւաբար զգալի աճ է ակնկալվում նաեւ կորպորատիվ կառավարման ներդրման ուղղությամբ խորհրդատվական ծառայությունների ոլորտում: 
Դիտում՝ 24678
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai