«Մեր ուշադրության կենտրոնում կորպորատիվ հաճախորդներն են»

30.09.2010 | 23:54 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հոկտեմբերի 2-ին «Պրոմեթեյ Բանկը» կնշի իր 20-ամյակը: Հոբելյանի նախօրեին բանկի վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը պատասխանել է Մեդիամաքս գործակալության եւ Banks.am պորտալի հարցերին

- «Պրոմեթեյ Բանկը» կանգնած է եղել ՀՀ անկախ բանկային համակարգի կայացման ակունքում. ինչպե՞ս էր ամեն ինչ սկսվում: 

- Բանկի հիմնադրման մասին որոշում էր կայացվել 1990թ. մայիսի 15-ին` փայատերերի հիմնադիր ժողովում, իսկ մեկ ամիս անց ԽՍՀՄ Պետբանկի կողմից տրամադրվեց բանկային գործունեություն ծավալելու առաջին լիցենզիան: Ըստ էության, «Պրոմեթեյ Բանկը» մեր երկրի տարածքում գործարկված առաջին առեւտրային բանկն է: 

Բանկի գլխավոր հիմնադիրը «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ԲԲԸ-ն էր, որը Սպիտակի երկրաշարժի առաջին օրերից սկսեց շինարարական աշխատանքներ իրականացնել աղետի գոտում: Այդ լույսի ներքո բանկի սկզբնական ուղղվածությունը դարձավ կապիտալ շինարարության ֆինանսավորումը, նախեւառաջ, Սպիտակի երկրաշարժի գոտում: 

Այն ժամանակվա համար բանկն ուներ բավականին լուրջ կապիտալ` շուրջ 11 մլն ռուբլի, սակայն 1993թ. վերջում «դրամային բարեփոխման» հետ մեր կապիտալը հավասարվեց զրոյի: Ֆորս-մաժորային իրավիճակները եւ օրենսդրական դաշտի փաստացի բացակայությունը հանգեցրին նրան, որ այդ ժամանակահատվածում մեր համաքաղաքացիները դարձան բազմաթիվ բանկերի լուծարման ականատես: Եվ միայն բանկի գլխավոր հիմնադրի` «ԶՆԳՍ-Պրոմեթեյ» ԲԲԸ-ն ջանքերի, որը կրկին համալրեց բանկի կապիտալը, ինչպես նաեւ գրագետ ու զսպված քաղաքականության շնորհիվ մենք կարողացանք ոչ միայն դիմակայել, այլեւ դինամիկ զարգանալ: 

Մեր գործունեության ընդլայնման համար նոր խթան հանդիսացավ 2000թ. բանկի տեղափոխումը նոր եւ հարմարավետ գրասենյակ, որն ուներ բոլոր անհրաժեշտ պայմանները ունիվերսալ բանկային ծառայություններ մատուցելու համար: 

- Դուք բազմիցս հայտարարել եք, որ «Պրոմեթեյ Բանկը» վարում է պահպանողական քաղաքականություն. ի՞նչն եք համարում «պահպանողականություն»: 

- Պահպանողականությունը ավելի շատ առկա է իմ գործունեության մեջ որպես բանկի ղեկավար եւ բխում է բանկային ոլորտում ունեցած երկարամյա պրակտիկայից ու աշխատանքային փորձից:  Իմ կարծիքով, բանկիրը պետք է հավատարիմ լինի պահպանողական վարքագծին , նա չպետք է ոգեւորվի այժմեական հաջողություններով կամ մտահոգվի ժամանակավոր անհաջողություններից:  Իմ ըմբռնմամբ, պահպանողականությունը ասոցիացվում է չափավորության եւ զսպվածության հետ, ինչը, սակայն ամենեւին չի խանգարում ժամանակին համընթաց քայլել եւ ներդնել առաջավոր փորձը բանկային ծառայությունների ոլորտում: 

- Իսկ ինչպե՞ս է դասավորվել բանկիրի Ձեր կարիերան: 

- Որպես բանկիր սկսել եմ աշխատել 1973 թվականից` սկզբում Հայաստանի ԽՍՀ Պետական բանկի վարկային մասնագետ, ապա` շրջանային մասնաճյուղի կառավարիչ:  1992 թվականից աշխատում եմ «Պրոմեթեյ Բանկի» վարչության նախագահի պաշտոնում: 

- Վերջին ժամանակաշրջանում բանկին հաջողվում է ընդգրկվել ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում կապիտալի (ROE) եւ ակտիվների (ROA) եկամտաբերության գործակիցներով: Ինչպե՞ս է դա հաջողվում: 

- Կապիտալի եւ ակտիվների նկատմամբ շահույթի հարաբերակցության մասով մեր բանկն ավանդաբար գտնվում է բանկային համակարգի առաջատար դիրքերում: Մեծամասամբ դա բացատրվում է գրագետ աշխատանքով, որը բացառում է դասակարգված վարկերի տրամադրման հնարավորությունը, ինչպես նաեւ բանկի կշռադատված ծախսային քաղաքականությամբ: 

Ունենալով համեմատաբար ոչ մեծ ավանդային պորտֆել եւ աշխատելով հիմնականում սեփական միջոցներով` մենք նվազագույնի ենք հասցնում ծախսերը ավանդային պարտավորությունների մասով: Դրա փոխարեն բանկն ունի բարձր կապիտալիզացվածություն եւ համեմատաբար ցածր տոկոսադրույքներով ներգրավվող միջոցների բավարար ծավալ:

- «Պրոմեթեյ Բանկը» հայաստանյան այն եզակի բանկերից է, որի վարկատուներից են ոչ թե միջազգային ֆինանսական կազմակերպությունները, այլ` արտասահմանյան առեւտրային բանկերը: Խոսքը շվեյցարական բանկի կողմից ձեռք բերվող պարտատոմսերի փակ տեղաբաշխումների մասին է: Օտարերկրյա ներդրողը շեշտադրու՞մ է արդյոք փոխառու միջոցների օգտագործման այս կամ այն ուղղվածությունը: 

- Վերջին 2 տարիների ընթացքում «Պրոմեթեյ Բանկը» թողարկեց եւ փակ տեղաբաշխման միջոցով վաճառեց $22 մլն-ի սեփական ոչ փաստաթղթային պարտատոմսեր: $12 մլն արժեքով պարտատոմսերը ձեռք բերեց շվեյցարական «E.F.G. Ցյուրիխ Բանկը», $10 մլն արժեքով մնացած պարտատոմսերն այս տարի ձեռք բերեց «Պրոմեթեյ Սիթի» ռուսական ընկերությունը:

Այդ տեղաբաշխումները մեզ օգնում են լուծել երկարաժամկետ ռեսուրսները համեմատաբար ցածր դրույքներով ներգրավելու խնդիրը, բացի այդ, ի տարբերություն միջազգային ֆինանսական կազմակերպությունների նպատակային վարկային ծրագրերի, մենք ազատ ենք այդ միջոցների տեղաբաշխման հարցում: Նշեմ, որ առաջին կիսամյակի արդյունքներով ներգրավված միջոցների հաշվին մեր վարկային ներդրումներն ավելացել են 5.5 մլրդ դրամով: Հաջորդ տարվա սկզբին մենք նախատեսում ենք նոր տեղաբաշխում: 

- Բանկի մասնաճյուղային ցանցն այսօր բավականին համեստ է, չի՞ խանգարում արդյոք այդ հանգամանքը մանրածախ բանկային ծառայությունների զարգացմանը: 

- Ներկայումս բանկն ունի 4 մասնաճյուղ մայրաքաղաքում, առաջիկա 3 տարիների զարգացման ծրագրով նախատեսում ենք գործարկել եւս մեկական մասնաճյուղ Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում: 
Բայց, այսպես թե այնպես, նոր մասնաճյուղերի բացման հեռանկարը նպատակ չի հետապնդում ակտիվանալ մանրածախ բանկային ծառայությունների հատվածում: Ինչպես եւ առաջ, բանկն ավելի շատ ուշադրություն է դարձնում կորպորատիվ հաճախորդների սպասարկմանը, եւ մարզային մասնաճյուղեր հիմնելու հիմնական նպատակը լինելու է նոր բիզնես-կառույցների ներգրավումը մեր հաճախորդային բազայում: 

- Այս տարվա երկրորդ եռամսյակում «Պրոմեթեյ Բանը» արձանագրեց ցպահանջ պարտավորությունների շուրջ 50 % անկում: Ինչո՞վ էր դա պայմանավորված: 

- Միանգամից նշեմ, որ դա մեխանիկական գործընթաց է, որը պայմանավորված է բանկի երկու խոշոր կորպորատիվ հաճախորդների կողմից միջոցների ետ կանչմամբ` իրենց առեւտրային գործառնությունների ֆինանսավորման նպատակով: 

Ցպահանջ պարտավորությունները նախատեսում են հաշիվների մնացորդների գործածման հնարավորություն հաճախորդներին հարմար ժամանակ, ինչը եւ տեղի ունեցավ: Շատ հնարավոր է, որ բիզնես-գործարքներ կատարելուց հետո այդ հաշիվները նորից համալրվեն: 

- Ի՞նչ զարգացումներ են նկատվում բիզնես-վարկավորման ոլորտում:  

- Ներկայումս բանկն ունի բավականաչափ միջոցներ ինչպես խոշոր կորպորատիվ հաճախորդների, այնպես էր փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների վարկավորման համար: Իմ կարծիքով, մենք հանդես ենք գալիս ՓՄՁ վարկավորման բավականին մրցունակ պայմաններով` առաջարկելով վարկեր սկսած տարեկան 12%-ից:

Այսօր շատ է խոսվում ՓՄՁ աջակցության մասին, սակայն գործնականում համոզվում ես, որ շատ քչերն են վարկունակ եւ ի վիճակի են ներկայացնել  համապատասխան բիզնես-նախագծեր:

- Պարտադիր ապահովագրության, ինչպես նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգերի ներդրմամբ ենթադրվում է, որ ՀՀ ապահովագրական շուկայում ի հայտ կգան նոր խաղացողներ կյանքի ապահովագրության լիցենզիայով: Ժամանակին բանկն ուներ փոխկապակցված ապահովագրական ընկերություն, չի՞ նախատեսվում արդյոք վերսկսել նրա գործունեությունը նշված զարգացումների լույսի ներքո: 

- Իսկապես, մինչեւ 2002թ. Հայաստանում գործում էր «Պրոմեթեյ» ապահովագրական ընկերությունը, որը, սակայն, չարդարացրեց ակնկալիքները օրենսդրության անկատարության եւ ապահովագրական կուլտուրայի բացակայության պատճառով: Չնայած ապահովագրական շուկայում ակնկալվող զարգացումներին` մենք չունենք նոր ապահովագրական ընկերություն հիմնելու ծրագրեր: 

Ներկայումս Հայաստանում գործում են բավականաչափ ապահովագրական ընկերություններ եւ անհնրաժեշտ է, որպեսզի նրանք ոչ միայն համապատասխանեն Կենտրոնական բանկի նորմատիվներին, այլեւ բավականաչափ կապիտալիզացված լինեն, առավել եւս պարտադիր ավտոապահովագրության պայմաններում: 

- Ինչպե՞ս եք տոնելու հոբելյանը: 

- Հոկտեմբերի 2-ին տեղի կունենա բանկում արդեն ավանդական դարձած կլոր սեղանը մեր հաճախորդների, փայատերերի, արտասահմանյան գործընկերների մասնակցությամբ, որի ընթացքում մենք կամփոփենք անցած ուղին, կնշենք հեռանկարային ծրագրերը: 

Նույն օրը երեկոյան Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ինգա եւ Անուշ Արշակյանների բարեգործական համերգը, որի միջոցները կտրամադրվեն Գյումրիի մանկատանը:

Կցանկանայի հուսալ, որ ճգնաժամային երեւույթները մնացել են անցյալում, եւ կշարունակվի առաջին կիսամյակում արձանագրված տնտեսական աճը, որում իր ծանրակշիռ ավանդն ունի մեր երկրի բանկային համակարգը: 

Դիտում՝ 22476
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai