Fitch.«ՀՀ խոշոր բանկերը կոնսերվատիվ դիրքորոշում ունեն»

03.06.2010 | 01:47 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության ԱՊՀ ֆինանսական կազմակերպությունների գծով վերլուծաբան Նելլի Բադալյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Banks.am պորտալին

- Ի՞նչ զարգացումներ են նկատվում ՀՀ բանկային համակարգում առաջին եռամսյակի արդյունքներով: Տարեսկզբից երկրում արձանագրվում է տնտեսական աճ: Ինչպե՞ս է այն անդրադառնում բանկերի գործունեության վրա:

- Շուկայում նկատվող առաջին միտումը բանկերի ակտիվացումն է վարկավորման ոլորտում. դրական առաջխաղացումներին զուգահեռ` տնտեսությունում նկատվում է վարկային պորտֆելի չափավոր աճ: Ինչպես արդեն նշել ենք, 2010թ. արդյունքներով բանկային համակարգի աճը ակնկալվում է 15%-ի սահմաններում: Երկրորդ միտումը դոլարային պասիվների որոշակի նվազումն է: Միաժամանակ, բանկերը զգում են դրամային պասիվների անբավարարություն, եւ դրանց արժեքը մնում է հարաբերականորեն բարձր:

- Այս տարվա առաջին եռամսյակում հայտարարվեց ՀՀ բանկային համակարգում միաձուլման առաջին գործարքի մասին: Ինչպե՞ս եք գնահատում «Ամերիաբանկի» եւ «Կասկադ Բանկի» միաձուլումը: Այն արդյո՞ք «վարակիչ օրինակ» կդառնա մնացածի համար: 

- Կարծում եմ` այստեղ առանցքային դեր է ունեցել «Ամերիաբանկի» եւ նրա բաժնետերերի ագրեսիվ քաղաքականությունը, ովքեր ցանկանում են առաջատարի դիրք զբաղեցնել հայաստանյան շուկայում: Կարծում եմ, որ ՀՀ մյուս խոշոր բանկերը ավելի կոնսերվատիվ դիրքորոշում ունեն, եւ այդ պատճառով, ինչ վերաբերում է կարճաժամկետ հեռանկարին, դա ավելի շուտ եզակի գործարք էր:

Միաձուլումներ, անկասկած, տեղի կունենան, սակայն դա ավելի երկարաժամկետ բնույթի հարց է եւ Հայաստանում զանգվածային խոշորացման համար դեռեւս անհրաժեշտ նախադրյալներ չկան:

- Տարեսկզբից ԿԲ-ն հետեւողականորեն խստացնում է դրամավարկային քաղաքականությունը եւ պայքար է մղում դոլարիզացման դեմ: Ձեր կարծիքով, արդարացվա՞ծ են ԿԲ միջոցառումները տնտեսական աճի փխրուն վերականգնման պայմաններում:

- Նախորդ տարի ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն վարելու միտում նկատվում էր ամբողջ աշխարհում, սակայն ինչ-որ պահի այդ ծրագրերը պետք է մակարդվեն: ՀՀ Կենտրոնական բանկը կարծում է, որ այժմ հարմար պահ է ավելորդ իրացվելիության կլանման եւ տնտեսության համար հնարավոր ինֆլյացիոն ռիսկերի չեզոքացման համար: Եթե դա արվի առանց տնտեսական աճին, այդ թվում նաեւ վարկավորմանը վնասելու, ապա դա առանձնապես ռիսկեր չի պարունակի:

Ինչ վերաբերում է տնտեսության դոլարիզացման նվազեցմանն ուղղված միջոցառումներին, ԿԲ-ն փորձում է տարբերակել դրամով ու արտարժույթով պասիվների տոկոսադրույքները, ինչը պետք է հանգեցնի դրամային ավանդների նկատմամբ արտարժութայինների տոկոսադրույքների նվազեցմանը եւ, այդպիսով, փոխի ավանդատուների վարքը:

Մյուս խնդիրն այն է, որ արտարժույթով վարկերն այլեւս պահանջարկ չունեն, այդ պատճառով բանկերին անհրաժեշտ են դրամային պասիվներ:

- Fitch-ում վարկանշվող «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» ՀՀ բանկերի մեջ առաջատարն է վարկային պարտքերի հավաքման վերաբերյալ դատական ակտերի հարկադիր կատարման թվով: Դա չի՞ խոսում արդյոք այդ բանկում ռիսկերի թույլ գնահատման մասին:

- Դա կապված չէ վարկային ռիսկերի թույլ գնահատման հետ` ի տարբերություն այլ բանկերի: Խնդիրն այն է, որ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» պորտֆելը շատ դիվերսիֆիկացված է, բանկն ունի մեծ թվով մանր վարկեր, եւ, համապատասխանաբար, խնդրահարույց վարկերի քանակը եւս մեծ է: Սակայն ակտերի կատարման արդյունքում հավաքվող գումարները մեծ չեն: Հետեւաբար, դա չի անդրադառնա հաշվեկշռային ցուցանիշների, կապիտալի ու բանկի շահույթի վրա:

- Ինչպե՞ս է իրավիճակը Fitch-ի կողմից վարկանշվող մեկ այլ բանկում` «ՎՏԲ-Հայաստան բանկում»: Նախորդ տարի բանկը դժվարություններ ուներ` կապված շինարարական հատվածում վարկային մեծ պորտֆելի հետ: Բանկը հաղթահարե՞լ է խնդիրները: 

- Բանկն անցկացրել է բիզնես-գործընթացների կազմակերպմանը, ռիսկերի կառավարման համակարգի բարելավմանը եւ խնդրահարույց պարտավորությունների հետ աշխատանքին ուղղված բազմաթիվ ներքին միջոցառումներ: Նախորդ տարի բանկում իսկապես նկատվում էր խնդրահարույց վարկերի հարաբերականորեն բարձր մակարդակ, սակայն 2009թ. երկրորդ կիսամյակում բանկին հաջողվեց կոտրել այդ միտումը:

Ճգնաժամի դրական արդյունքը եղավ այն, որ կատարելագործվեցին բանկում փոխառուի գնահատման բիզնես-գործընթացները եւ խնդրահարույց ակտիվների հետ աշխատանքը:  

- ՀՀ բանկային համակարգը ի՞նչ դասեր քաղեց իր համար ճգնաժամի արդյունքում:

- Ինձ թվում է` դա շատ լավ սթրես-թեստ էր բանկերի ռիսկ-մենեջմենթի համար, քանի որ չկար խնդրահարույց պարտավորությունների եւ պարտքերի հավաքման ոլորտում աշխատանքի հարուստ փորձ: Դժվար է խոսել ընդհանուր բանկային համակարգի մասին, սակայն այն բանկերը, որոնք մենք վարկանշում ենք Հայաստանում, վերանայեցին իրենց ներքին ընթացակարգերը, խստացրեցին պահանջները փոխառուների ու գրավների նկատմամբ, դարձան ավելի կոնսերվատիվ արժութային ռիսկերի կառավարման ոլորտում:

- Այդ դեպքում ինչու՞ են բանկերը դեռեւս պասիվ կոլլեկտորային գործակալության հետ համագործակցության հարցում:

- Կարծում եմ` դա նախեւառաջ կապված է նրա հետ, որ այն նոր ծառայություն է ՀՀ շուկայում, եւ բանկերը դեռեւս այնքան էլ լավ ծանոթ չեն դրան: Երկրորդ, դեռեւս չկա խնդրահարույց վարկերի պորտֆելների արժեքի արդար գնահատման մեթոդաբանություն: Սովորաբար բանկերը կոլլեկտորային գործակալություններին են փոխանցում վարկային պորտֆելները, որոնք բաղկացած են բազմաթիվ մանր վարկերից, որոնցից յուրաքանչյուրի հետ աշխատելն արդեն անհետաքրքիր է բանկի համար: Կարծում եմ` դա պետք է լինի պահանջված ծառայություն` հաշվի առնելով 2009թ. ժամկետանց պարտավորության աճը:

- Հասարակությունը հաճախ քննադատում է հայաստանյան բանկերին, որովհետեւ ռիսկերը արդյունավետ գնահատելու եւ «իրացվելիության վրա չնստելու» փոխարեն նրանք նախընտրում են ամենեւին չվարկավորել, քան վարկավորել եւ հետո աշխատել բիզնես-գործընթացների բարելավման ուղղությամբ:

- Նախ, բանկերը, բնականաբար, դարձել են ավելի կոնսերվատիվ ռիսկերի գնահատման հարցում: Երկրորդ, բանկերը կուտակել են իրացվելի միջոցներ հիմնականում արտարժույթով, մինչդեռ կա դրամային վարկերի մեծ պահանջարկ: Այս փուլում ՀՀ բանկերը կարող են իրենց թույլ տալ չակտիվացնել վարկավորումը` շնորհիվ պետական պարտատոմսերի բարձր եկամտաբերության (շուրջ 14%), միջբանկային ռեպո գործարքների բարձր տոկոսադրույքների, ինչպես նաեւ միջոցների ներգրավման ու տեղաբաշխման տոկոսադրույքների միջեւ մեծ սփրեդի: 

Միաժամանակ, ոչ բոլոր բիզնեսներին են հասանելի այն տոկոսադրույքները, որոնք առաջարկվում են հայաստանյան բանկերի կողմից: Մրցակցության աճին զուգահեռ` միանիշ ինֆլյացիայի պայմաններում, ֆոնդավորման ու վարկավորման տոկոսադրույքները աստիճանաբար կնվազեն, խոշոր բանկերը կավելացնեն շուկայի իրենց մասնաբաժինը, իսկ փոքր բանկերի համար ավելի դժվար կլինի աշխատել այդ պայմաններում:

Այդ գործընթացը կարող է զբաղեցնել բավականին երկար ժամանակ, սակայն հնարավոր է երկարաժամկետ հեռանկարում փոքր բանկերը դառնան անկենսունակ եւ ստիպված լինեն դուրս գալ շուկայից, կամ միավորվեն ավելի խոշոր դերակատարների հետ:

- ՎԶԵԲ-ի նախագահը օրերս հայտարարեց, որ հունական ճգնաժամը կարող է լուրջ բացասական ազդեցություն գործել Արեւելյան Եվրոպայի բոլոր տնտեսությունների ու բանկային համակարգերի վրա: Դա վերաբերու՞մ է արդյոք Հայաստանին ու նրա բանկերին:

- Միայն թե շատ անուղղակի. եթե եվրոպական գոտու խնդիրները հանգեցնեն համաշխարհային տնտեսության վերականգնման նկատելի դանդաղեցմանը կամ էներգակիրների արժեքի զգալի նվազեցմանն ու Ռուսաստանի իրավիճակի վատթարացմանը: Հայաստանյան բանկերն ունեն եվրոյով շատ փոքր ռիսկեր:

- Ազգային արժույթի լողացող փոխարժեքին վերադառնալուց հետո դրամի մշտապես տատանվող փոխարժեքը շարունակում է «գլխացավանք» մնալ ինչպես բանկերի, այնպես էլ միջազգային առեւտրով զբաղվող ՀՀ ընկերությունների համար: Այդ ոլորտում Հայաստանի համար ո՞ր որոշումն ավելի օպտիմալ կլիներ: Ավելի ճիշտ չէ՞ր լինի ազգային արժույթը փոխկապակցել եվրոյի հետ, ինչպես դա անում են մերձբալթյան երկրները, եւ դրանով խուսափել ներքին սպեկուլյացիաներից:

- Ուժեղ արժույթներին փոխկապակցումը կարող է տնտեսական գործակալներին տրամադրել հարաբերական կայունության ժամանակաշրջաններ, սակայն դա նաեւ հղի է փոխարժեքի հնարավոր կտրուկ ակնթարթային փոփոխություններով, ինչը Հայաստանում եւ տարածաշրջանի բազմաթիվ այլ երկրներում նկատվում էր նախորդ տարի:

Վերջին ժամանակներս դրամի տատանումները պայմանավորված են նաեւ շուկայի սղությամբ, նրա փոքր ծավալներով, ինչպես նաեւ համաշխարհային շուկաների բարձր փոփոխականությամբ: Համաշխարհային տնտեսության կայունացումը կարող է նպաստել նաեւ տեղական արժութային շուկայի կայունացմանը:

- ԱՄՆ-ում ակտիվորեն քննարկվում է ներդրումային գործիքներով գործարքների ոլորտում բանկերի հնարավորությունների նվազեցման հարցը: Հայաստանում պատրաստվում են հիփոթեքային պայմանագրերի արժեթղթավորմանը: Կանխարգելիչ ի՞նչ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի փոքրացվեն տեղական շուկայում ամերիկյան դերիվատիվների սցենարի կրկնման ռիսկերը:

- Արժեթղթավորումը մի գործիք է, որը կարող է հնարավորություն տալ հիփոթեքային շուկայում ներգրավել անհրաժեշտ ռեսուրսներ ու դերակատարներ` երկարաժամկետ միջոցների դեֆիցիտի պայմաններում դրա հետագա զարգացման նպատակով:

Հայաստանի Ազգային հիփոթեքային ընկերությունը վերաֆինանսավորում է միայն այն հիփոթեքային վարկերը, որոնք հատկացվել են որոշակի պահանջների ու չափանիշների համապատասխան:

Վարկերի արժեթղթավորման դեպքում առկա է բանկերի կողմից փոխառուների գնահատման վատթարացման ռիսկը, սակայն այն կարող է նվազեցվել` կախված այն հանգամանքից, թե ինչ կառուցվածք ունեն արժեթղթավորման գործարքները: Օրինակ, ներդրողները կարող են պահանջել վարկերի որոշակի քանակ` վաճառվող պորտֆելներում ներառելու նպատակով, նրանք կարող են պահանջել նաեւ, որպեսզի բանկերը գնեն գործարքների ցածր տրանշերը` դրանով մասնակցելով պորտֆելների որակի վատթարացման արդյունքում կրած այս կամ այն կորուստներին:

Դիտում՝ 23688
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai