ՀՀ տնտեսությունը ուսանողների աչքերով

01.06.2010 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մեկ տարի առաջ Մեդիամաքս գործակալությունն ու Banks.am պորտալը ՀՀ կառավարության ու Կենտրոնական բանկի աջակցությամբ կազմակերպեցին «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» ուսանողական ռեֆերատների մրցույթը:

2009թ. մայիսին լավագույն աշխատանքների հեղինակները ստացան դրամական պարգեւներ կառավարության եւ ԿԲ-ի, ինչպես նաեւ տարբեր մրցանակներ մրցույթի գործընկեր մասնավոր ընկերությունների կողմից: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Մեդիամաքսի նախաձեռնությունն անվանեց «հիասքանչ»: «Մենք բարձր ենք գնահատում այդ նախաձեռնությունը եւ անմիջապես արձագանքեցինք դրա իրագործմանը մասնակցություն ունենալու առաջարկին, քանի որ այն համահունչ է կառավարության ծրագրերին»,- նշել էր ՀՀ վարչապետը:

Մեկ տարի անց Banks.am-ը որոշեց առաջարկել լավագույն աշխատանքների հեղինակներին ներկայացնել ՀՀ տնտեսության իրավիճակի իրենց տեսլականը, նշել նախորդ տարվա ընթացքում արձանագրված դրական եւ բացասական միտումները: Ուսանողների աշխատանքները ներկայացված են ստորեւ: Այսօր ուսանողները կհանդիպեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:


Ռոբերտ Կադարյան, ՀՊՏՀ, Մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, 4-րդ կուրս

Դրական միտումներ. Ֆինանսական շուկան այն եզակի ոլորտներից մեկն էր, որը կարողացավ հաջողությամբ դիմագրավել ճգնաժամին եւ արմատական փոփոխությունների ենթարկվել վերջին մեկ տարվա ընթացքում:

“Ամերիաբանկի” եւ “Կասկադ բանկի” մարտին կնքված միաձուլման համաձայնագիրը կարող ենք շրջադարձային համարել ՀՀ բանկային համակարգի համար: Այս գործարքը հնարավորություն կընձեռնի լրացուցիչ խոշոր ներդրումային ծրագրեր ներգրավելու: Ֆինանսական շուկայում տեղի ունեցած նշանակալի իրադարձություն էր նաեւ այն, որ “Արմսվիսբանկը” դարձավ “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ-ի բաժնետոմսերի շուկա ստեղծողը: Սա անկասկած կակտիվացնի արժեթղթերի երկրորդային շուկան եւ կձեւավորվի այսպես կոչված “market-maker”-ների ինստիտուտը ՀՀ ֆոնդային բորսայում: Ֆինանսական հատվածի զարգացման համար կարեւոր քայլ էր նաեւ ֆինանսական հաշվետվողականության եւ աուդիտի ոլորտները կարգավորող օրենսդրական դաշտի մի շարք փոփոխությունների կատարումը, մասնավորապես` 2009թ.-ին 1 մլրդ եւ ավելի շրջանառություն ունեցող ընկերությունները 2010թ.-ին պարտադիր աուդիտ պետք է անցնեն:

Բացասական միտումներ. Ֆինանսական շուկայի զարգացման վրա բացասաբար անդրադարձավ 2009թ.-ի մարտին տեղի ունեցած դրամի կտրուկ արժեզրկումը, ինչպես նաեւ մինչեւ այժմ պահպանվող այն ռիսկը, որ դրամի արժեզրկումը կարող է շարունակվել. դա փաստացի կրճատեց ՀՀ ներդրումային գրավչությունը: Այս տարվա ապրիլի 13-ին ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանեց 7%` բարձրացնելով այն 0.5%-ով: Այս որոշումը միանշանակ բացասաբար կանդրադառնա առեւտրային բանկերի կողմից սահմանվող տոկոսադրույքների վրա, որոնք կշարունակեն բարձր մնալ, եւ հետեւաբար վարկային միջոցներն էլ կդառնան նվազ հասանելի:

Ամփոփիչ կանխատեսւմներ. Այնուամենայնիվ, 2010թ.-ին ֆիանսական շուկան կշարունակի աճել: Դրան կնպաստեն ընթացիկ տարում նախատեսվող 6 պետական ընկերությունների սեփականաշնորհումը բորսայի միջոցով, որը անկասկած որոշակի աշխուժություն կմտցնի ներդրումային ոլորտում: Ավարտական փուլում է գտնվում նաեւ Համահայկական բանկի ստեղծման աշխատանքները: Այս եւ մի շարք այլ գործոններ կխթանեն Հայաստանում ֆինանսական շուկայի կայացումը:

Վահե Դավթյան, ՀՊՏՀ, Ֆինանսական ֆակուլտետ - “Արժեթղթերի շուկայի վերլուծություն եւ կառավարում” մասնագիտության մագիստրատուրա 2 կուրս

Դրական միտումներ. ՀՀ բանկային համակարգի` մեր տնտեսվարող սուբյեկտների առաջնային վարկավորման աղբյուրի կողմից տնտեսության վարկավորման վարքագծի զարգացումները փաստում են, որ չնայած տնտեսության ճգնաժամային խորը անկման փուլում ֆինանսական շուկայում ձեւավորված բարձր վարկային ռիսկի պայմաններին եւ ըստ այդմ վարկավորման խիստ պայմաններին, այնուամենայնիվ, 2009թ-ի II –րդ եռամսյակից մինչեւ IV եռամսյակը, վարկավորման տոկոսադրույքները առանձնակի փոփոխությունների չեն ենթարկվել աճման ուղղությամբ եւ տնտեսության վարկավորման աճման միտումը պահպանվել է (միջին եռամսյակային հավելաճը կազմել է, համապատասխանաբար` 1.2% , 3.5%, 6.7% ): Սակայն պետք է փաստենք, որ դրա համար բարենպաստ պայմաններ է ստեղծել նաեւ բնակչության կողմից ՀՀ բանկային համակարգի նկատմամբ ցուցաբերած վստահությունը եւ նախապատվության իրականացումը, այսինքն այն, որ միաժամանակ, բնակչության ժամանակավորապես ազատ դրամական միջոցները կամ խնայողությունները ուղղվել են բանկեր` ավանդների տեսքով (նույն ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգի կողմից ներգրաված ավանդների միջին եռամսյակային հավելաճը եղել է, համապատասխանաբար` 7%, 14%, 4%):

Բացասական միտւմներ. Ֆինանսական շուկայի իրացվելիության եւ ընդհանրապես, տնտեսության աշխուժացման վրա փոքր ինչ բացասաբար կանդրադառնա 2010թ-ից սկսած ԿԲ-ի գործառնությունների տոկոսադրույքների հետզհետե աճը, որն ուղղված է արտաքին եւ ներքին գնաճային ճնշումները զսպելուն եւ գնաճը նպատակադրված մակարդակում պահելուն, բայց որն, իր հերթին, շղթայական ձեւով կբերի տնտեսության իրական հատված ուղղվող վարկային ներդրումների թանկացմանը:

Ամփոփիչ կանխատեսումներ. Տնտեսությունը կենսացիկլի անկման հատակին հասել է եւ հիմա շարժվում է շրջադարձային փուլ եւ այս փուլում ֆինանսական շուկայում տհաճ անակնկալներ չենք կանխատեսում: Աշխուժացման միտումները նշմարվում են ֆինանսական շուկայում (առեւտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորման ծավալների աճ, ՊԿՊ-ների հաջող տեղաբաշխումներ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի բորսայական առեւտրի շատ հարթակներում շրջանառության աճ եւ այլն ): Կանխատեսելի է դրամի որոշակի արժեզրկում` կապված երկրի բացասական առեւտրային հաշվեկշռի հետ (2010թ-ի հունվար-փետրվար կազմել է 382.4 մլն ԱՄՆ դոլար):

Անահիտ Խաչատրյան, ՀՊՏՀ, Ֆինանսական ֆակուլտետ, մագիստրատուրա 2-րդ կուրս

Դրական միտումներ. Չնայած 2009 թվականը ճգնաժամային տարի էր, այնուամենայնիվ ՀՀ ֆինանսական համակարգի գլխավոր օղակին` բանկային համակարգին, հաջողվեց հիմնական ցուցանիշների գծով աճ ապահովել. մասնավորապես հատկանշական է, որ միայն ութ բանկ համալրեցին իրենց կանոնադրական կապիտալը, ընդհանուր առմամբ 36 մլրդ. դրամով, որը լրացուցիչ կայունություն հաղորդեց վերջիններիս: Աճ արձանագրվեց նաեւ տրամադրված վարկերի եւ ներգրավված ավանդների գծով: Վերջինս հատկապես վկայում է, որ ՀՀ բանկային համակարգը կարողացել է պահպանել իր կայունությունն ու վստահելիությունը:

Բացասական միտումներ. Անցած մեկ տարվա թերեւս ամենաբացասական երեւույթը դոլարիզացիայի մակարդակի աճն է` պայմանավորված մարտի արժեզրկման հետեւանքով առաջացած դրամի նկատմամբ վստահության անկմամբ եւ դրամի արժեզրկման սպասումներով: Իսկ դրամի արժեզրկման հետեւանքը գնաճի բարձր տեմպն է. 2010թ-ի մարտ ամսին 12-ամսյա գնաճը կազմել է 8,8%, գնաճի բարձր տեմպերին նպաստում է նաեւ կոմունալ ծառայությունների սակագների պարբերաբար բարձրացումը:

Մյուս բացասական միտումը դա տնտեսական ճգնաժամով եւ բնակչության եկամուտների նվազմամբ պայմանավորված ՀՀ բանկային համակարգում դասակարգված վարկերի աճն է. 2009թ-ի վերջին դասակարգված վարկերն ու դեբիտորական պարտքերը կազմել են ընդհանուրի 4.2%-ը:

Ամփոփիչ կանխատեսումներ. Առաջիկայում ՀՀ կենտրոնական բանկը, գնաճի նպատակադրված մակարդակը (4+/-1,5%) ապահովելու նպատակով իրականացնելու է զսպողական դրամավարկային քաղաքականություն` դրամավարկային պայմանների խստացման միջոցով. մասնավորապես բարձրանալու է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այս ամենը կարող է հանգեցնել վարկերի եւ ավանդերի տոկոսադրույքների որոշակի աճին:

Ինչ վերաբերում է արտարժույթի փոխարժեքի կանխատեսումներին, ապա վերջինիս դինամիկայի միտվածությունը եւ տատանումները պայմանավորված կլինեն միջազգային կառույցներից ներգրավվող միջոցների ու արտաքին տրանսֆերտների ծավալով եւ տնտեսության վերականգնման տեմպերով: Իսկ փոխարժեքի կայունացում եւ դրամի նկատմամբ վստահության վերականգնում կարող ենք ակնկալել միայն տնտեսական իրական աճի ապահովման դեպքում:
Առկա դասակարգված վարկերի դուրսգրման վատատեսական սցենարի տեղի ունենալու դեպքում, կարծում ենք, որ ՀՀ բանկային համակարգը իր կայունությունն ապահովելու համար ունի բավարար կապիտալիզացիա եւ իրացվելիության անհրաժեշտ պաշար:

Վաչիկ Գեւորգյան, ՀՊՏՀ, Ֆինանսական ֆակուլտետ, մագիստրատուրա 2 կուրս

Դրական միտումներ. Ֆինանսական շուկայում տեղի են ունեցել հետեւյալ դրական իրադարձությունները` ԿԲ կողմից 2009թ. ընթացքում ընդլայնողական դրամավարակային քաղաքականության իրականացում (մասնավորապես ռեպո տոկոսադրույքի նվազեցումը մինչեւ 5%), բանկային համակարգում “անորակ վարկերի” համեմատաբար ցածր տեսակարար կշռի պահպանում (ՀՀ-ում այն կազմել է 8%, իսկ ԱՊՀ մյուս երկրներում 20-30%-ի սահմաններում է), 2009թ. տարեվերջին 2008թ. համեմատությամբ բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրված վարկերի ծավալի աճ 13.4%-ով եւ ներգրավված ավանդների ծավալի աճ 44.4%-ով:

Բացասական միտումներ. Բացասական իրադարձություններից անհրաժեշտ է նշել արտերկրից մասնավոր փոխացումների ծավալների կրճատումը (տարբեր գնահատականներով նվազումը կազմել է 30-35%), դոլարիզացիայի չափազանց բարձր մակարդակը (մոտ 73%), արտաքին հատվածից փոխանցվող բարձր գնաճային ճնշումները (ինչի պարագայում ԿԲ-ն հարկադրված է իրականացնել թանկ փողի քաղաքականություն), պետական պարտատոմսերի տոկոսադրույքների բարձր մակարդակը (մասնավորապես մինչեւ մեկ տարեկան պարտատոմսերի տոկոսադրույքը արդեն գերազանցում է 10.5%-ը):

Ամփոփիչ կանխատեսւմներ. ՀՀ ֆինանսական շուկայում առկա բարձր տոկոսադրույքները դեռեւս կպահպանվեն: Դրան զուգահեռ` դրամի արժեզրկման միտումները միառժամանակ կթուլանան, իսկ փոխարժեքն աստիճանաբար կկայունանա: Վերջինս բարենպաստ ազդեցություն կունենա ֆինանսական շուկայում ներդրումային միջավայրի ակտիվացման տեսանկյունից:

Անի Խանաղյան, ԵՊՀ,, Տնտեսագիտության ֆակուլտետ, 3-րդ կուրս

Դրական միտումներ. 2009 թվականի վերջում Հայաստանում սղաճը շատ ավելի ցածր էր, քան մեր հարեւան երկրներում: Փոքր եւ միջին բիզնեսին վարկեր տրամադրվեցին ՌԴ-ի եւ ՀԲ-ի կողմից տրամադրված վարկերի ծրագրերի շրջանակում: Կուզեի նաեւ նշել, որ 2010-ի համար կանխատեսվող 1.2%տնտեսական աճը բավականին խոստումնալից ցուցանիշ է:

Բացասական միտումներ. 2009 թվականին Հայաստանում նկատվեց 14.4% անկում, որի 80% –ը բաժին ընկավ շինարարությանը, արձանագրվեց 9.4% գնաճ: Փակվեց Ալավերդու հանքը եւ հարստացուցիչ ֆաբրիկան, որը տարեկան տալիս էր 20-22 հազ. տ արտադրանք: Երկրում կրճատվեցին նաեւ արտադրության ծավալները (Grand Candy-ի արտադրության ծավալները նվազեցին 10% –ով,սակայն աշխատավարձերը եւ աշխատեղերը չկրճատվեցին): Ճգնաժամը հասցրեց լինել ամենուր. կրճատվեցին մասնավոր տրանսֆերտները, արտահանման ծավալները 2009 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում նվազեցին 51.8%–ով: Ճգնաժամը հասցրեց այցելել նաեւ ռադիո եւ հեռուտաընկերություններին: Գովազդի ծավալները ընդհանուր առմամբ կրճատվեցին 35-40%–ով, իսկ գովազդից ստացվող եկամուտներն` 40% –ով: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին պարենամթերքն թանկացավ 5.1% –ով, հագուստը` 10%-ով, ծառայությունները`10.4%-ով, մսամթերքը` 8.8%-ով, ձկնամթերքը` 60.3% –ով: Այսքանը դեռ բավական չէր, ապրիլի 1-ին բնական գազի թանկացումը բերեց մի շարք ապրանքների գների բարձրացման:

Ամփոփիչ կանխատեսումներ. Կարծում եմ, որ 2010-ը ճգնաժամի հետեւանքների հաղթահարման տարի է, եւ որպեսզի 2011-2012-ին մենք ունենանք առողջ տնտեսություն,անհրաժեշտ է գիտակցել, որ ֆինանսական ճգնաժամը միայն կառավարության խնդիրը չէ, եւ բոլորս պարտավոր ենք աջակցել կառավարությանը` թեկուզեւ նրան չխանգարելու տեսքով: Նաեւ կարծում եմ, որ ճգնաժամին կարելի է հարվածել մարքեթինգով:

Սվետլանա Ղլիջյան, ՀՊՏՀ, Ֆինանսական ֆակուլտետ, 4-րդ կուրս

Դրական միտումներ. 1.Հայաստանին հաջողվեց խուսափել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքից` պայմանավորված ֆինանսական համակարգի ցածր ինտեգրվածության մակարդակով, փոխարենը ՀՀ ֆինանսական շուկայում ի հայտ եկան ներքին ճգնաժամային երեւույթներ: 2.Անցումը արժույթի լողացող փոխարժեքին ստեղծել է նպաստավոր պայմաններ վճարային հաշվեկշռի բարելավման համար: 3. 2009թ-ի առաջին եռամսյակից հետո ՀՀ ԿԲ-ին հաջողվեց պահպանել միջազգային պահուստների բավարար մակարդակ: 4.Ճգնաժամի պայմաններում հաջողությամբ իրականացվեց “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ-ի բաժնետոմսերի տեղաբաշխումը եւ 2010թ-ին նախատեսվում է նոր թողարկում:

Բացասական միտումներ. տնտեսության դոլարացման բարձր մակարդակը, բանկերի մոտ իրացվելիության սուր պահանջը, ՀՀ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, ինչը վերջին հաշվով սպառնալիք է ներկայացնում պետական պարտատոմսերի շուկայի համար:

Ամփոփիչ կանխատեսումներ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքի չնվազելու պարագայում նշված բացասական միտումները կխորանան. իսկ պետական պարտատոմսերի` որպես բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքների դերի նվազումը իր մեջ կրում է արտաքին պարտքի մեծացման սպառնալիք եւ կախվածության մեծացում միջազգային վարկավորող կազմակերպություններից:

Թամարա Հովհաննիսյան, ՀՊՏՀ, Ինֆորմատիկայի եւ վիճակագրության Ֆակուլտետ, մագիստրատուրա 2-րդ կուրս

Բացասական միտումներ. 2009թ. առաջին երկու եռամսյակները առանձնացան մի շարք բացասական միտումներով. ազգային արժույթի 20% արժեզրկումը եւ գնաճի ավելի քան 5 %-ը ավելի խորացրեցին տնտեսական բացասական սպասումները: Ֆինանսական հատվածը շատ պասիվ էր գործում ինչպես չվերադարձված վարկերի արդյունքում ներդրումային կապիտալի նվազման, այնպես էլ սեփական բացասական սպասումների արդյունքում նոր ներդրումներից զերծ մնալու պատճառով:

Դրական միտումներ. Իրավիճակը շատ ավելի մեղմացավ սկսած 2009թ. 3-րդ եռամսյակից, երբ բանկային համակարգ ուղղվեցին արտաքին պետական պարտքի մի մասը եւ մասնավոր առեւտրային բանկերի նախաձեռնությամբ ներգրավված միջոցները, որոնք հիմք հանդիսացան վարկային գործընթացի ակտիվացման` նպաստելով նաեւ ոչ ֆինանսական հատվածի աշխուժացմանը: Այս ամենին զուգահեռ նաեւ ԿԲ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսը, որը բնականաբար հանգեցրեց ընդհանուր վարկային գործընթացների ակտիվացմանը:

Ամփոփիչ կանխատեսւմներ. Ցանկացած տնտեսության եւ հատկապես ետճգնաժամային տնտեսության համար հատուկ են որոշ տատանումներ, սակայն դրանք, ըստ ամենայնի էական բնույթ չեն կրի: 2010թ. իրավիճակը ֆինանսական շուկայում շատ ավելի կայուն է, մի շարք բնագավառներում նկատելի են նաեւ առաջանցիկ միտումներ:

Արթուր Քցյան, ՀՊՏՀ, Կառավարման Ֆակուլտետ, մագիստրատուրա 2-րդ կուրս

Դրական միտումներ. 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ակտիվների հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են 42.5 % (2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ`28.4 %), ընդհանուր վարկային
ներդրումների հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ` 24.6 % (անցած տարի`17.7 %), ընդհանուր կապիտալի  հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ`9.1 % (անցած տարի` 6.5%), Ֆիզիկական անձանց  ավանդների հարաբերությունը  ՀՆԱ-ի նկատմամբ`10.7 % (անցած տարի` 6.4 %):

Բացասական միտումներ. Բանկերի ընդհանուր եկամուտներն աճել են 13.8%-ով,  իսկ ծախսերը` 29.6 %-ով: 2009թ. շահույթը  2008թ. ստացված մաքուր շահույթի ծավալին զիջել է Դ12.7 մլրդ-ով կամ 45.2%-ով: 2009թ. արդյունքներով` բանկերի ROE-ն`  6.08 %, իսկ ROA 1.26 %: Պետք է արձանագրել, որ տեղի է ունեցել կապիտալի եկամտաբերության, ինչպես նաև ակտիվների շահութաբերության անկում անցած տարվա նույն ժամկետի համեմատ` ROE-ն նվազել է 3.37 տոկոսային կետով, իսկ ROA-ն` 2.14 տոկոսային կետով :

Ամփոփիչ կանխատեսւմներ. Բանկային տոկոսները կմնան անփոփող կամ կնվազեն 1-2%-ով,բանկային ակտիվների աճը կշարունակվի 10-15%,կբարելավեն նաև ROE  և  ROA:

Միքայել Չարչյան, ՀՊՏՀ, Կառավարման Ֆակուլտետ, 4-րդ կուրս

Դրական միտումներ. Որպես նկատելի դրական միտումներ կարելի է առանձնացնել հիփոթեքային շուկայի աշխուժացումը, արտահանման ծավալների աճը, պղնձի և մոլիբդենի նկատմամբ պահանջարկի վերականգնումը, տրանսֆերտների աճը:

Բացասական միտումներ. Բացասական միտումներից`շինարարության և տուրիզմի ոլորտում նկատվող լճացումը, պետական պարտքի զգալի աճը, ընդլայնողական դրամավարկային քաղաքականությամբ եւ գազի գնի թանկացմամբ պայմանավորված գնաճային գործընթացները:

Ամփոփիչ կանխատեսւմներ. Կարծում եմ, 2010 թվականին իրատեսական է ապահովել մոտ 5% տնտեսական աճ, իսկ 2011  թվականին հասնել ՀՆԱ-ի 2008 թվականի մակարդակին:

Արթուր Եղիազարյան, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա 2-րդ կուրս

Դրական միտումներ. Հայաստանի ֆինանսական շուկան ակտիվորեն ինտեգրվում է արտաքին շուկաներին: Խոշորագույն կազմակերպությունների պարտադիր աուդիտավորումը կարագացնի շուկայի ձեւավորումը:

Բացասական միտումներ. Ֆինանսատնտեսական ճգնաժամը ՀՀ-ում արդեն սկիզբ առած արժեթղթավորման գործընթացը մի քանի տարով ետ գցեց: Միեւնույն ժամանակ այս անցաց ժամանակաշրջանը նաեւ նշանավորվեց մեղմ ասած ոչ կայուն փոխարժեքով: Այս երկու հիմնարար երեւույթները լուրջ հարված հասցրեցին ՀՀ տնտեսության զարգացման բնականոն ընթացքին:

Ամփոփիչ կանխատեսումներ. Շուկայական տնտեսության զարգացումն աներկբայորեն ենթադրում է արժեթղթերի շուկայի գոյություն, այսինքն այդ շուկան վաղ թե ուշ մենք կունենանք: Կարեւոր է, որ այն լինի օրենքով լավ կարգավորվող, եւ այստեղից ել` հուսալի, ինչի շուրջ ես մտահոգություններ չունեմ. ԿԲ նախաձեռնություններն ու վերահսկողությունը վերը նշվածները կապահովեն:

Դիտում՝ 23505
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai