«Արդշինինվեստբանկը» պահպանել է իր դիրքը ՀՀ բանկային համակարգի առաջատար եռյակում

28.09.2009 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Banks.am պորտալին

- Դուք վերջերս ստանձնեցիք «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի պաշտոնը: Ո՞ր հարցերն էին ձեզանից առաջնահերթային ուշադրություն պահանջում:

- «Արդշինինվեստբանկի» հետ իմ ծանոթությունը սկսվել է դեռեւս Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ/ հայաստանյան գրասենյակի ղեկավար լինելուս տարիներից:

Առանձնահատուկ խնդիրներ եւ դժվարություններ այս պահին առանձնացնել չեմ ցանկանում, քանի որ ներկա փուլում գերակայում են լուծում պահանջող այն հարցերը, որոնք առաջացել են ողջ աշխարհում ստեղծված ֆինանսատնտեսական բարդ իրավիճակից: Մեր բանկն անում է ամեն հնարավորը` կայուն եւ առանց ցնցումների գործելու համար:

Երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը մի փոքր շտկումներ է մտցրել մեր քաղաքականության մեջ, սակայն բանկում մշտապես վերլուծվում եւ գնահատվում են բոլոր հնարավոր ռիսկերը, ինչի հիման վրա էլ ձեւավորվում են մեր հետագա քայլերը:

2008թ. «Արդշինինվեստբանկն» արժանացավ Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատին: Սա վկայում է այն մասին, որ բանկում աշխատանքի կազմակերպման ողջ գործընթացը եւ մատուցվող ծառայությունների սպասարկման որակը համապատասխանում են միջազգային չափանիշերին:

- Ի՞նչպիսին են բանկի հիմնական ցուցանիշները առաջին կիսամյակի արդյունքներով:

- Առաջին կիսամյակի տվյալներով, գործունեության հիմնական ցուցանիշների գծով «Արդշինինվեստբանկը» պահպանել է իր դիրքը ՀՀ բանկային համակարգի առաջատար եռյակում: Բանկն առաջինն է ստացված զուտ շահույթի ծավալով` 1879.4 մլն դրամ, երկրորդն է ընդհանուր կապիտալի մեծությամբ` 26 983.5 մլն դրամ, բանկի տեսակարար կշիռը բանկային համակարգում կազմում է 10,5%, ինչը խոսում է «Արդշինինվեստբանկի»  կայունության եւ վստահելիության բարձր մակարդակի մասին: Ընդհանուր ակտիվների եւ ընդհանուր պարտավորությունների մեծությամբ մենք զբաղեցնում ենք 3-րդ տեղը:

Ցանկանում եմ նաեւ նշել, որ «Արդշինինվեստբանկը» ՀՀ բանկային համակարգի առաջատարն է նաեւ վճարված հարկերի ծավալով եւ 13-րդը` 300 խոշոր հարկատուների շարքում: 2009թ. հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե կատարված մեր վճարումները կազմել են 1,6 մլրդ դրամ:

- Վերջին շրջանում «Արդշինինվեստբանկը» մի քանի վարկային գծեր է ստացել միջազգային ֆինանսական կառույցներից: Ներկայումս շատ է խոսվում դրսի ռեսուրսների թանկացման եւ ներգրավման բարդացման մասին: Զգու՞մ է արդյոք Արդշինինվեստբանկն այդ բարդությունները:

- Մեր բանկի քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացվում միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությանը: Արտասահմանյան գործընկերների հետ կնքված ցանկացած պայմանագրում հաշվի են առնվում ինչպես մեր երկրում գործող ֆինանսական շուկայի առանձնահատկությունները, այնպես էլ միջազգային փորձը:

«Արդշինինվեստբանկի» գործունեության հիմնական ցուցանիշերը վկայում են այն մասին, որ մեր բանկի հետ կարելի է լուրջ եւ փոխշահավետ գործընկերային հարաբերություններ հաստատել: Այդ են վկայում կարճ ժամանակահատվածում երկու լուրջ ֆինանսական կառույցների հետ կնքված պայմանագրերը: Խոսքս վերաբերում է մարտին ամերիկյան WorldBusiness Capital ընկերության հետ կնքված 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրին եւ ՄՖԿ-ից արտաքին առեւտրի ֆինանսավորմանն ուղղված 5 մլն ԱՄՆ դոլարի վարկային գծի հատկացմանը:

Վստահեցնում եմ, որ մեր համագործակցությունը արտերկրի ֆինանսական կառույցների հետ շարունակվելու է: Ասել, թե մեզ ամեն ինչ հեշտ է տրվում` սխալ կլինի, քանի որ յուրաքանչյուր գործընկերոջ հետ մենք լուրջ եւ հետեւողական աշխատանք ենք տանում:

- Որոշ ժամանակ առաջ խոսվում էր, որ «Արդշինինվեստբանկն» ունի արտասահմանյան բորսայում ցուցակվելու մտադրություն: Ուժի մե՞ջ է արդյոք այս մտադրությունը:

- Ստիպված եմ մեկ անգամ եւս հիշատակել այն բարդ իրավիճակի մասին, որը ստեղծվել է միջազգային ֆինանսական շուկաներում եւ շտկումներ է մտցրել մեր գործունեության մեջ: Կարծում եմ, այդ հարցին մենք կանդրադառնանք ավելի ուշ:

- Կապիտալի տեղական շուկայում վերջերս բազմիցս գրանցվել է բանկի պարտատոմսերի հետգնում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Սա դարձյալ պայմանավորված է ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակով: «Արդշինինվեստբանկի» առաջին թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնումը հիմնականում պայմանավորված էր դոլարի փոխարժեքի կտրուկ եւ զգալի փոփոխությամբ:

Բացատրեմ. պարտատոմսերի ձեռքբերումը դրամային ավանդին համարժեք շուկայական գործիք է: Բնական է, այն ինչ կատարվեց ՀՀ բանկային համակարգում դրամային ավանդների հետ (դրանց զգալի մասը փոխակերպվեց արտարժութային ավանդների), չէր կարող չառնչվել նաեւ պարտատոմսերի շուկային: Նշեմ, որ պարտատոմսերի հետգնումը ամրագրված էր թողարկման պայմաններում, այսինքն հետգնումը բնականոն գործընթաց էր, եւ այստեղ որեւէ սարսափելի բան չկա:

Ի դեպ, բոլորովին վերջերս մենք կատարեցինք արժեկտրոնների վճարում: Իրենց գումարները ստացան 16 իրավաբանական եւ 69 ֆիզիկական անձինք: Իրավաբանական անձանց կատարված վճարման չափը կազմեց 18,7 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանց` 1,1 մլն դրամ:

«Արդշինինվեստբանկը» մշտապես հետեւում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան առաջատար երկրների տնտեսությունների եւ ֆինանսական շուկաների զարգացումներին եւ բանկի պարտատոմսերի հետագա թողարկումների հեռանկարը մեծապես կախված կլինի հենց այդ զարգացումներից:

 

Դիտում՝ 19629
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai