Ռեալ թողարկումները կարող են իրականացվել 2010-ին

30.08.2009 | 00:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

“ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանի հարցազրույցը Մեդիամաքս լրատվական գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Հուլիսի 9-ին ուժի մեջ մտան “Շահութահարկի մասին” եւ “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ անելու մասին օրենքները, որոնք նախատեսում են հարկային արտոնություններ մինչեւ 2012 թ. տարեվերջը բաժնետոմսերի թողարկում իրականացնող և բորսայում ցուցակվող ընկերությունների համար: Ունեցա՞ն  արդյոք այս փոփոխությունները որեւէ արձագանք պոտենցիալ թողարկողների կողմից:

- Ակնհայտ է, որ բաժնետոմսերի տեղաբաշխման և ֆոնդային բորսայում ցուցակման գործընթացի առնչությամբ ընկերությունների մոտ ավելանում են ծախսերը, եւ օրենսդրական փոփոխությունները նպատակաուղղված են հեշտացնելու նրանց մուտքը կապիտալի շուկա: Շահութահարկին վերաբերող փոփոխությունների համաձայն, մինչեւ 2012 թ. ֆոնդային բորսայում ցուցակվող ընկերությունները կօգտվեն իրենց շահութահարկը 50%-ով (բայց ոչ ավել, քան տարեկան 300 մլն դրամով) նվազեցնելու hնարավորությունից:

Բացի ցուցակման  չափանիշներին համապատասխանելու պահանջից, շահութահարկի արտոնությունից օգտվելու համար ընկերության բաժնետոմսերի միջին տարեկան հաշվարկով առնվազն 20%-ը պետք է պատկանի հանրությանը, բաժնետերերի քանակը պետք է լինի 100 եւ ավելին, եւ, ամենակարեւորը, ընկերության ֆինանսական հաշվետվությունները պետք է լինեն հրապարակային, ստուգված եւ կազմված միջազգային չափանիշներին համապատասխան:

Ավելացված արժեքի հարկին վերաբերող փոփոխությունը կոչված է հեշտացնելու ընկերությունների մուտքը կապիտալի շուկա: Հայտնի է, որ կապիտալի շուկայի կանոնները խիստ են, եւ այստեղ մուտք գործելու համար ընկերությունները պետք է բավականին մեծ աշխատանք տանեն: Այսպիսով` փոփոխությունների համաձայն, ընկերությանը փոխհատուցում են ցուցակմանը նախորդող իրավաբանական, տեղակատվական, աուդիտորական, խորհրդատվական, մարկետինգային եւ այլ ծախսերի դիմաց վճարվող ԱԱՀ-ը:

Իհարկե, հաշվի առնելով ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամը, ցուցակվել պլանավորող ընկերությունների կողմից աժիոտաժ ակնկալելը դեռ շուտ է: Ի դեպ կցանկանայի նշել, որ, արդեն ցուցակված ընկերությունները եւս կարող են օգտվել շահութահարկին վերաբերող արտոնությունից, եթե համապատասխանեն բոլոր թվարկված ճափանիշներին:

Բոլորովին նոր թողարկողներն ի հայտ կգան արդեն հաջորդ տարի. ընկերությունները ժամանակ ունեն մինչեւ 2012 թվականը:

- Վերջերս բորսայի կանոններում եւս տեղի ունեցան մի շարք փոփոխություններ: Կպարզաբանե՞ք, ինչ նպատակով էին դրանք իրականացվում:

- Փոփոխությունները տեղի ունեցան կարգապահական տույժերի ու բորսայի կարգապահական հանձնաժողովի կանոններում: Կարգապահական հանձնաժողովի գործառույթներից մեկը կայանում է շուկայի մասնակիցների կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ հարուցված վարույթների լսման եւ համապատասխան տույժի նշանակման մեջ: Ընդ որում, լինում էին ոչ դիտավորյալ թույլ տրված խախտումներ, որոնք որեւէ վնաս չէին պատճառում շուկային, սակայն կարգապահական հանձնաժողովը չուներ պատժի չափը մեղմելու իրավասություն:

Փոփոխություններով վերանայվեցին տույժերի չափերը եւ կարգապահական հանձնաժողովի իրավասությունները, մասնավորապես, շուկա ստեղծողների կողմից թույլ տրված խախտումների գծով. եթե խախտումը վնաս չի հասցրել շուկային եւ չի արվել դիտավորյալ, հանձնաժողովը կարող է կիրառել մեղմ պատժամիջոց կամ ընդհանրապես չսահմանել որեւէ տույժ:

Բացի այդ, բորսայի կանոնների նոր խմբագրությունը թույլ է տալիս անցնկացնել կարգապահական հանձնաժողովի նիստերը հեռակա կարգով, ինչը կարեւոր է մեզ համար, քանի որ հանձնաժողովում ներգրավված են նաեւ NASDAQ OMX-ի մասնագետները:

Բորսայի կանոնների փոփոխություններով մենք փորձել ենք խթանել շուկայի մասնակիցների աշխատանքը, քանի որ շուկա ստեղծողը հաճախ տուգանվում էր իր ամսեկան եկամտի չափով: Պատճառը` ֆոնդային բորսայի կանոնների համապատասխանելն է NASDAQ OMX խմբի կանոններին: Մինչդեռ բոլորս հասկանում ենք, որ հայաստանյան շուկան դեռեւս զարգացող է, եւ այստեղ անհրաժեշտ են շուկայի զարգացման հատուկ խթաններ:

- Մի շարք փորձագետներ կանխատեսում են, որ Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան կակտիվանա ընթացիկ տարվա վերջում, իսկ բաժնետոմսերի շուկայի կայացման մասին խոսելը դեռեւս շուտ է:

- Նման կարծիք կարելի է արտահայտել, նույնիսկ փորձագետ չլինելով, քանի որ արդեն լսում ենք ճգնաժամի` որոշ զարգացած երկրներում “հատակին” հասնելու մասին: 2010թ. մեզ վրա կսկսի դրականորեն անդրադառնալ ֆինանսական ճգնաժամից այլ երկրների դուրս գալը:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ակտիվացում ընթացիկ տարվա վերջում կարող է լինել այն դեպքում, եթե թողարկողները չգտնեն վարկային ռեսուրսների այլ աղբյուրներ: Ինչ վերաբերում է բաժնետոմսերին, ապա, իրոք, ռեալ թողարկումները կարող են իրականացվել միայն 2010-ին:

Ակնհայտ է, որ բաժնետոմսերի մեջ հիմնականում կներդնեն արտասահմանյան ներդրողները: Այդ իսկ պատճառով իրենց ֆինանսական ճգնաժամից դուրս գալը և ներքին (անձնական) տնտեսական խնդիրների լուծումը կավելացնի իրենց հետաքրքրությունը զարգացող, ինչպես նաև մեր շուկայի նկատմամբ:

- Ձեր պատասխանից կարելի է եզրակացնել, որ պարտատոմսերի թողարկումը կարծես վատագույն այլընտրանքն է ընկերությունների համար:

- Ես այսպես եմ ասում, որովհետեւ այսօր պարտատոմսերի թողարկման մշակույթը Հայաստանում թերզարգացած է, եւ ոչ բոլորն են հասկանում պարտատոմսերի հնարավորությունները: Հայտնի է, որ պարտատոմսերի թողարկումն ընկերության համար միշտ ավելի նախընտրելի է, քան բանկային վարկերի ներգրավումը, թե’ տոկոսադրույքի, թե’ միջոցների ներգրավման պոտենցիալի և թե’ ռեսուրսների կառավարման ճկունության առումով, սակայն չիմացությունը, մասնագետների անբավարար ներգրավումը, արժեթղթերի շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների պասիվությունը խանգարում են պարտատոմսերի շուկայի զարգացմանը:

- Հայտնի է, որ աշխարհի առաջատար, եւ, մասնավորապես ամերիկյան ֆոնդային շուկան սկսեց զարգանալ պետության սեփականության մեջ գտնվող ենթակառուցվածքային ընկերությունների` հանրային դառնալուց: Այսօր Հայաստանում եւս կան մի շարք ենթակառուցվածքային ընկերություններ, որոնցում պետությունը մասնակցություն ունի: Հետեւաբար, ի՞նչն է խանգարում Հայաստանի կառավարությանը իր բաժնեմասի գոնե մի մասը հանրային դարձնել` այսպիսով խթանելով շուկան:

- Իհարկե, կապիտալի շուկայի առաջին խթանողը միշտ եղել է պետությունը, եւ չի կարելի ասել, որ Հայաստանում դա չի արվում: Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն` ՀՀ , Կենտրոնական բանկի, ֆինանսերի նախարարության ու պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ իրականացնում է աշխատանքներ, որոնց արդյունքում պետական բաժնեմասով ընկերությունների մասնավորեցումը կիրականացվի ֆոնդային բորսայի միջոցով:

Այսինքն` այդ ընկերությունների բաժնետոմսերը մասնավորեցման ընթացքում տրվելու են վաճառքի ֆոնդային բորսայում: Կցանկանա՞ն արդյոք այդ ընկերությունները մնալ շուկայում, կախված է արդեն իրենց մենեջմենթից ու բաժնետոմսերը ձեռքբերողներից:

Առաջին նման փորձը կարելի է ակնկալել արդեն այս տարի, քանի որ բոլոր համապատասխան բանակցություններն ավարտված են, եւ մենք արդեն աշխատում ենք զուտ տեխնիկական հարցերի վրա:

- ՀՀ կառավարության “Կայուն զարգացման ծրագրի համաձայն” 2010 թ. նախատեսվում է բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան հասցնել 263 մլրդ դրամի: Իրատեսակա՞ն է դա արդյոք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պարագայում:  

- Կարելի է դա համարել եւ իրատեսական եւ ոչ իրատեսական, ընդ որում անկախ ֆինանսատնտեսական ճգնաժամից. չէ՞ որ 2001-ից 2007 թվականները Հայաստանում չկար ճգնաժամ, բայց կապիտալիզացիան առանձնապես չէր աճում:

Հաշվի առնելով, որ այսօր Հայաստանի բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան փոքր-ինչ գերազանցում է 50 մլրդ դրամը, կառավարության ծրագրով հաջորդ տարի այն պետք է աճի շուրջ 5 անգամ: Հայաստանում կան այնպիսի ընկերություններ, որոնցից նույնիսկ մեկի մուտքը բաժնետոմսերի շուկա արդեն կապահովի կապիտալիզացիայի նպատակային մակարդակը: Նույն հաջողությամբ, եթե շուկան համախմբվի, կապիտալիզացիան 2010 թվականին կարելի է հասցնել եւ 500 եւ 600 մլրդ դրամի: Ամենակարեւորն այստեղ շուկայի մասնակիցների համախմբվածությունն է եւ պատրաստակամությունը դուրս գալ բաժնետոմսերի շուկա:

Մենք միշտ ավելի հակված ենք բողոքել պետությունից, սակայն քչերն են մտածում այն մասին, թե ինչպես աջակցել պետությանը: Հիմա մենք տեսնում ենք, թե ինչ նպատակներ է հայտարարել կառավարությունը բաժնետոմսերի շուկայի զարգացման բնագավառում եւ պետք է ամեն կերպ աջակցենք պետությանը այս նպատակին հասնելու գործում:

Կապիտալիզացիայի նշված նպատակային ծավալին հասնելուն, իհարկե, կաջակցի նաեւ պետական ձեռնարկությունների բորսայական մասնավորեցումը:

- ՀՀ փոքր ու միջին բարձր տեխնոլոգիական մի շարք ընկերությունների ղեկավարներ բորսայում ցուցակվելը դիտարկում են որպես հեռանկարային, սակայն այսօրվա պայմաններում ընկերության համար բավականին թանկ հաճույք: Կպարզաբանե՞ք, թե որքան ծախսեր պետք է անի փոքր կամ միջին ձեռնարկությունը բաժետոմսերի միջոցով ֆոնդային շուկայից միջոցներ ներգրավելու համար:

- Ծախսերի հիմնական մասը արվում է ցուցակումից առաջ` բաժնետոմսերի թողարկման նախապատրաստման և ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերության համապատասխանեցման համար: Դրանք խորհրդատվական, աուդիտորական ծախսերն են, ընկերության ֆինանսական հաշվետվողականության` միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելն է, ներքին ընթացակարգերի կատարելագործումը եւ այլն: Իսկ արդեն բուն ցուցակման  ծախսերը անհամեմատ ցածր են կատարվածների հետ:  ԱԱՀ-ին վերաբերող օրենսդրական փոփոխությունը կոչված է կրճատելու հենց ցուցակմանը նախորդող  ծախսերը:

Այսպիսով` եթե դիտարկենք մի ընկերություն, որը չի անցել աուդիտ, նրա հաշվետվությունները չեն համապատասխանում նույնիսկ հայաստանյան չափանիշներին, եւ նա չունի կորպորատիվ կառավարման ներդրված սկզբունքներ, ապա նման ընկերության առավելագույն ծախսը ցուցակվելու համար առաջին տարում կկազմի մոտ $300 հազար (հաշվի առնելով ԱԱՀ-ի արտոնությունները):

Կարեւորագույն հարցը այստեղ կայանում է նրանում, թե որքան գումար է ակնկալում ընկերությունը ներգրավել կապիտալի շուկայից: Եթե խոսքը գնում է ընդամենը $1-2 մլն մասին, ապա ավելի նպատակահարմար է բանկում վարկ վերցնել, իսկ եթե ընկերությունը ձգտում է ներգրավել, օրինակ` $10 մլն, կապիտալի շուկա դուրս գալն ու առաջին տարում այս նպատակով $300 հազ. ներդնելն արդեն արդարացված է:

- 2010թ. հունվարի 1-ից Ֆինանսական հաշվետվողականության միջազգային ստանդարտներով գործելու պահանջը կտարածվի տարեկան 100 մլն դրամից ավել հասույթ ունեցող բոլոր ընկերությունների վրա, իսկ 2010թ-ից նախորդ տարվա ցուցանիշներով 500 մլն դրամից ավել ակտիվներ կամ հասույթ ունեցող բոլոր ընկերությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի: Փաստորեն, բազմաթիվ ընկերություններ, անկախ ցուցակվելու ցանկությունից, տանելու են ցուցակմանը նախորդող ծախսերը: Կակտիվացնի՞ արդյոք այդ փաստը Հայաստանի կապիտալի շուկան:  

- Իհարկե, ցուցակվելու ցանկություն հաջորդ տարվանից կառաջանա շատերի մոտ, բայց պետք չե կարծել, որ ցուցակվելը հեշտ գործընթաց է: Մինչեւ NASDAQ OMX-ի գալը Հայաստան, ցուցակվելը տեւում էր 20 օր, իսկ այժմ` 6 ամիս, որոնց ընթացքում ուսումնասիրվում են ընկերության գործունեության այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են, օրինակ, ընկերության կորպորատիվ կառավարման համակարգը, գործարար ծրագիրը, որն ի դեպ կարող է ճանաչվել ոչ իրատեսական: Մասնավորապես, ներդրողների պաշտպանության նպատակով ուսումնասիրվում է  ընկերության խոշոր սեփականատերերի կառուցվածքը, շուկայում նրանց գործունեության պատմությունը եւ այլն:

Կապիտալի շուկայի մասնակիցներից մեկի մոտ խարդախության բացահայտման դեպքում անհապաղ տուժելու են այս շուկայի բոլոր մասնակիցները: Այդ իսկ պատճառով բորսան կարծես պահապան լինի կապիտալի շուկայի դռան առջեւ: Սա իհարկե չի նշանակում, որ բորսան ահաբեկում է այն ընկերություններին, որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին: Թույլ տալով նման ընկերություններին օգտվել  ազատ շուկայում առեւտրի հնարավորություններից, մենք օգնում ենք նրանց կատարել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի հետագայում համապատասխանեն բոլոր չափանիշներին և ցուցակվեն ֆոնդային բորսայում:

- Նախատեսու՞մ է արդյոք NASDAQ OMX-ը որեւէ համարձակ քալյեր` Հայաստանի ֆոնդային շուկան խթանելու համար:

- NASDAQ OMX-ի առաջին համարձակ քայլը` Հայաստան գալն էր: Բորսան պատրաստ է իրագործել շուկայի ցանկացած ցանկություն, բավարարել ցանկացած պահանջարկ, պետք է միայն օգտվել ընձեռված հնարավորությունից, օգտվել Հայաստանում միջազգային ճանաչում վայելող բրենդի ներկայությունից: Տպավորություն է ստեղծվում, որ բոլորին թվում է, թե NASDAQ OMX-ը պետք է ստեղծի ֆինանսական գործիքներ, մինչդեռ դա շուկայի մասնակիցների գործն է: Այո, բորսան ստեղծում է այնպիսի գործիքներ, ինչպիսիք են ֆյուչերսներն ու օպցիոնները, բայց այս գործիքները կստեղծվեն միայն համապատասխան պահանջարկի դեպքում:

Մեր մոտակա ծրագրերի շարքում են բորսայի առեւտրային համակարգի կատարելագործումը, կենսաթոշակային բարեփոխումները, կենտրոնական դեպոզիտարիայի տեխնիկական համակարգի փոփոխությունը:

Սակայն պետք է հիշել, որ NASDAQ OMX-ը բարեգործական կազմակերպություն չէ: Մենք հասկանում ենք, որ շուկան զարգանում է, եւ այս ընթացքում պատրաստ ենք իրականացնել բոլոր անհրաժեշտ ներդրումները շուկայի զարգացման համար: Իսկ շուկայի զարգացման կարեւորագույն չափանիշը ներդրողների թիվն է, որի աճին խանգարում են հիմնականում մի շարք հանգամանքներ, այդ թվում շուկայի մասնակիցների ոչ բավարար ակտիվությունը և մեր հասարակությունում առկա կարծրատիպերը:

Իսկ կապիտալի շուկայի մնացած չափանիշները` կապիտալիզացիան, գործարքների թվաքանակը, առեւտրի ծավալը եւ գների տատանումը, կարելի է ստեղծել արհեստականորեն, մինչդեռ կապիտալի շուկայի զարգացման միակ իրական չափանիշը ներդրողների թվի աճն է:

- Իսկ որքանո՞վ է ավելացրել արտասահմանյան, եւ այդ թվում սփյուռքահայ ներդրողների վստահությունը NASDAQ OMX-ի մուտքը:

- NASDAQ OMX-ի մուտքից անմիջապես հետո գրանցվեց ներդրողների զգալի աճ, իսկ այնուհետեւ այն դադարեց ճգնաժամի պատճառով, քանի որ բոլորը սկսեցին լուծել իրենց տեղական խնդիրները:

Ներդրողները գիտեն, որ եթե ընկերությունն արդեն ցուցակված է NASDAQ OMX-ում, ապա բավական է ծանոթանալ նրա մենեջմենթի ծրագրին: Ակնկալվում է, որ զարգացած շուկաներում ճգնաժամի ավարտից հետո արտասահմանյան ներդրողների մոտ կվերականգնվի հետաքրքրությունը դրսի շուկաների, այդ թվում Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ:

- Վերջերս խոսվեց հայկական ընկերությունների` Վարշավայի ֆոնդային բորսայում ցուցակվելու ցանկության մասին:

- Չեմ կարող լուրջ վերաբերվել նման խոսակցություններին, բայց եթե հայկական ընկերություններն ուզում են ցուցակվել այնտեղ, ոչ ոք իրենց չի խանգարում: Ինձ համար պարզապես անհասկանալի է այն, թե ինչու ջուր խմելու համար պետք է անցնել գետը:

Վարշավայի ֆոնդային բորսայում եւ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-յում ցուցակման պահանջների ու գործընթացի մեջ տարբերություն չկա: Ի դեպ, Վարշավայում հայկական ընկերություններին անհապաղ հարցնելու են, թե ինչո՞ւ են նրանք եկել Լեհաստան, երբ Հայաստանում կա NASDAQ OMX: Այս դեպքում տրվող առաջին հարցն է. ձեր ընկերությանը վստահու՞մ են տեղի ներդրողները: Եվ եթե այո, ապա ինչու՞ առաջին հերթին չցուցակվել ձեր երկրկում գործող ֆոնդային բորսայում:

Մինչդեռ պետք է հասկանալ, որ NASDAQ OMX-ը բերել է այստեղ իր բրենդը, իրականացնում է Հայաստանի ֆոնդային շուկայի զարգացումը, եւ առաջին հերթին հենց շուկայի մասնակիցը պետք է օգտվի դրանից` անկախ քաղաքական, հայրենասիրական կամ այլ գաղափարներից:

Դիտում՝ 18422
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai