«Արցախ ՀԷԿ»-ը մտադիր չէ փոխել իր ռազմավարական ծրագիրը

20.07.2009 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վահրամ Բեգլարյանի հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանն ու Banks.am պորտալին

- «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի տեղաբաշխման առաջարկը մոտ  4 անգամ գերազանցեց պահանջարկը: Մտնցելու՞ է արդյոք այդ փաստը որեւէ շտկում ընկերության ծրագրերի ու ռազմավարության մեջ:

- «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն մտադրություն չունի փոխելու իր ռազմավարական ծրագիրը եւ բոլոր դեպքերում հասցնելու է շինարարությունը ավարտին: ՀԷԿ-երի շինարարությունը սկսված է եւ ընթանում է արագ տեմպերով:

Ինչպես արդեն հայտնի է, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի առաջնային  հրապարակային տեղաբաշխումն ավարտվել է ընթացիկ տարվա մայիսի 25-ին: 3 285 715 հասարակ անվանական բաժնետոմսից տեղաբաշխվել է 862 074ը: Տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է 905 մլն 177 հազ. 700 դրամ: Այժմ բաժնետոմսերը գտնվում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում ցուցակման փուլում: 

Չնայած այն հանգամանքին, որ տեղաբաշխվել է բաժնետոմսերի 26%-ը, մենք  համարում  ենք բաժանորդագրումը կայացած: Իհարկե, կարելի էր սպասել ավելին, բայց չմոռանանք, որ այս թողարկումն ու տեղաբաշխումը  Հայաստանի կապիտալի շուկայում դարձավ առաջին լայնածավալ  հրապարակային ներդրումային ծրագիրը եւ չունի իր նախադեպը մասնակիցների թվով:

Հաշվի առնենք նաեւ, որ տեղաբաշխումն ընթացավ համաշխարհային  ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում` առաջատար ֆոնդային  ինդեքսների անկման եւ արժույթների փոխարժեքների կտրուկ տատանումների ֆոնին:

- Նախատեսու՞մ եք արդյոք ներգրավել այն միջոցները, որոնք չհաջողվեց ստանալ տեղաբաշխման շնորհիվ, եւ եթե այո, ապա ի՞նչ աղբյուրներից:

- Մենք ներգրավում ենք լրացուցիչ փոխառու միջոցներ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի բանկերից եւ ուղղում ենք դրանք նոր հիդրոէլեկտրակայանների շինարարությանը: Շինարարությանն է ուղղվում նաեւ ընկերության գործունեության ընթացքում ստացված շահույթը, ինչպես նաեւ բաժնետոմսերի տեղաբաշխումից հավաքագրված միջոցները:

- Բաժնետոմսերի հանրային առաջարկի արդյունքներով «Արցախ ՀԷԿ»-ը դարձավ հայկական սակավաթիվ ընկերություններից մեկը, որի բաժնետերերի քանակը գերազանցեց 1000-ը: Ինչպե՞ս է «Արցախ ՀԷԿ»-ը կառուցելու իր հարաբերությունները ներդրողների հետ:

- Տեղաբաշխմանը մասնակցել է 1111 ներդրող` ֆիզիկական եւ  իրավաբանական  անձինք ավելի քան 10 երկրներից: Հաշվի  առնելով, որ  ընկերությունն ունի ավելի քան 1000 բաժնետեր, մենք նախատեսում ենք իրականացնել ընկերության թափանցիկ գործունեություն եւ պարբերաբար մամուլում տեղեկություններ հրապարակել «Արցած ՀԷԿ»-ի ռազմավարական  ծրագրերի մասին:

- Ի՞նչ փուլում են գտնվում նոր ՀԷԿ-երի կառուցման աշխատանքները: Շարունակվու՞մ են շինարարական աշխատանքներն այս պահին:

- «Թրղե-1» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները սկսվել են 2009թ. ապրիլին եւ այս պահի դրությամբ կատարվել են շենքի, ջրատարների, ճնշումային  ավազանի եւ ենթակայանի հարթակի հողային բոլոր աշխատանքները:

Ավարտվել են շենքի ստորգետնյա  բետոնային աշխատանքները, կառուցվել  են պատերի կոնստրուցիաները: Արդեն ԼՂՀ են հասել չինական  արտադրության հիդրոտուրբինները` ընդհանուր 3.0 ՄՎՏ հզորությամբ: Զուգահեռաբար կատարվում են էլէկտրական գծերի կառուցման աշխատանքները` հիդրոկայանը ընդհանուր ցանցին միացնելու նպատակով: Ինչպես եւ նախատեսել էինք, «Թրղե-1» ՀԷԿ-ի շինարարական  աշխատանքները կավարտվեն 2009 թ-ին:

«Մատաղիս-1» եւ «Մատաղիս-2» ՀԷԿ-երի շինարարական  աշխատանքները սկսվել են դեռեւս 2008-ի մայիսին: Կատարված են հողային  բոլոր աշխատանքները, ավարտին են մոտենում «Մատաղիս-1» ՀԷԿ-ի ջրընդունիչ ավազանի կառուցման աշխատանքները :

Շինարարական աշխատանքներն ընթանում են պատշաճ կերպով` համաձայն նախագծի եւ ժամանակացույցի:

- Ե՞րբ կարելի է ակնկալել «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի նոր տեղաբաշխում:

- Ընկերությունը պլանավորում է 2010 թ-ին կազմակերպել բաժնետոմսերի նոր թողարկում, որի հիմնական նպատակը կլինի արտասահմանյան ներդրողներին մեր ծրագրերում ընդգրկելը:


 

Դիտում՝ 22162
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai