“Մենք մեր արժանի տեղը կզբաղեցնենք ՀՀ ֆինանսական շուկայում”

13.04.2009 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

“ՊրոԿրեդիտ Հայաստան”  բանկի գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին

- Մեկ տարի առաջ Դուք ասում էիք, որ ՀՀ-ում գործունեություն սկսելու մասին որոշում կայացնելիս տեսաք այն հնարավորությունները, որոնք տալիս է շուկան փոքր եւ միջին ձեռնարկություններին ու մարդկանց ծառայություններ մատուցելու համար: Այսօր` Հայաստանում աշխատանքը սկսելուց մեկ տարի հետո, ո՞ր չափով եք կարողացել օգտագործել այդ հնարավորությունները:

- Մեկ տարի առաջ, երբ մենք ՀՀ-ում բանկ էինք բացում, մեր հիմնական խնդիրն էր դառնալ թիվ մեկ բանկը փոքր եւ միջին բիզնեսի, ինչպես նաեւ հասարակ քաղաքացիների համար:

Անխոս, հայաստանյան շուկան մեզ քաջածանոթ էր, քանի որ մեր ընկերությունն այստեղ գործում է 1999 թվականից, մենք հետեւում էինք շուկային եւ ընդհանուր տնտեսական զարգացմանը: Նշեմ, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը միշտ է եղել, եւ այստեղ բանկ գործարկելու գաղափարը վաղուց էր հասունացել, քանի որ “ՊրոԿրեդիտը” դինամիկ կերպով զարգանում է ամբողջ աշխարհում: Այո, շուկան մեզ որոշակի հնարավորություններ էր տալիս, քանի որ մինչեւ հիմա դեռեւս շատ մարդիկ ներգրավված չեն բանկային ծառայությունների ոլորտում: Շատերը շարունակում են գումարը պահել տանը, եւ շատ կարեւոր է նվաճել հենց այդ մարդկանց վստահությունը, քանի որ մեր թիրախն երկարաժամկետ համագործակցությունն է եւ երկրում խնայողությունների կուլտուրայի զարգացումը: Նախորդ տարվա ընթացքում մենք ակտիվորեն ներգրավել ենք ինչպես փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների, այնպես էլ ֆիզիկական անձանց: Արդյունքները վկայում են, որ մենք ամուր հիմք ենք ստեղծել հաճախորդների հետ երկարաժամկետ փոխհարաբերությունների կառուցման համար: Մենք փորձել ենք նվաճել հաճախորդների վստահությունը հատկապես արհեստավարժ սպասարկման եւ մեր ապրանքատեսակների մատչելիության հաշվին:

Կարծում եմ, որ մենք մեր լուման ենք ներդրել բանկային ծառայությունների զարգացման գործում, որը բավականաչափ զարգացած չէր հայաստանյան շուկայում` ստեղծելով սպասարկման ջերմ մթնոլորտ եւ հաճախորդներին մատուցելով մատչելի ու թափանցիկ ծառայություններ:

- Դուք նաեւ ասում էիք, որ մտադիր եք ներկայացնել զարգացմանն ուղղված եւ ծառայությունների ողջ փաթեթը տրամադրող բանկի ձեր հայեցակարգը: Այսօր կարելի՞ է խոսել այն մասին, որ ձեր բանկը Հայաստանում մատուցում է նախատեսված ծառայությունների ողջ փաթեթը:

- 2008 թվականը արդյունավետ էր, քանի որ մենք մշակեցինք եւ ներդրեցինք մեր հաճախորդներին անհրաժեշտ ապրանքատեսակների բազային փաթեթը, իսկ վարկային հաճախորդների պահանջների բավարարման համար մշակեցինք մի շարք նորարարություններ: 2009թ. փետրվարից “ՊրոԿրեդիտ Բանկը” սկսեց տրամադրել եւ սպասարկել VISA պլաստիկ քարտերը, որոնց պրոցեսինգը կատարվում է Գերմանիայում: Այո, կարելի է հայտարարել, որ մենք հասել ենք այն ամենին, ինչը նախատեսված էր աշխատանքային առաջին տարվա համար: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ մենք պատրաստվում ենք սահմանափակվել ձեռք բերածով. մենք առաջ ենք շարժվում:

Փորձելու ենք կյանքի կոչել “հարեւան բանկի” մեր հայեցակարգը բոլոր այն մարդկանց համար, ովքեր ապրում կամ աշխատում են մեր մասնաճյուղերից ոչ հեռու: Փորձել ենք նաեւ մատչելի եւ հրապուրիչ լինել հնարավորինս մեծ թվով բնակչության համար: Ինչպես եւ հայտարարել էինք նախկինում, մենք չենք աշխատել եւ ակտիվորեն չենք աշխատելու սպառողական վարկերի շուկայում, քանի որ վարկավորման այդ ոլորտը մեզ համար ամենաառաջնահերթը չենք համարում: Իհարկե, մենք սպառողական վարկեր տրամադրելու ենք, բայց հիմնականում մեզ մոտ հաշիվներ ունեցող հաճախորդներին, ովքեր օգտվում են մեր ծառայություններից: Մենք ակտիվորեն զբաղվել ենք հաճախորդների գրագիտության մակարդակի բարձրացմամբ` ֆինանսական կրթության տեղեկատվական երեկոներ անցկացնելով ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար: Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ կարողանան տարբերակել բանկային ծառայությունները եւ նոր միայն ընտրություն կատարեն:

Մենք ակտիվորեն ձեռնամուխ էինք եղել նաեւ միջին բիզնեսի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներգրավելու գործընթացին, եւ այդ նպատակով “Ցիտադել” բիզնես կենտրոնի շենքում գործարկեցինք “Տերյան” մասնաճյուղը, որը եւ զբաղվում է նրանց սպասարկմամբ: Նրանց համար մշակվել եւ ներդրվել է ծառայությունների հատուկ փաթեթ:

- “ՊրոԿրոդիտ Բանկը” նաեւ հայտարարում էր, որ մտադիր է աջակցել Հայաստանում խնայողությունների կուլտուրայի ներդրմանը: Իհարկե, մեկ տարին փոքր ժամանակահատված է այդ նպատակին հասնելու համար, սակայն, հավանաբար, Դուք արդեն ուենք նախնական տվյալներ:

- Ես որոշ տվյալներ կբերեմ, որոնք ավելի լավ կխոսեն այդ մասին: Մեկ տարվա գործունեության ընթացքում “ՊրոԿրեդիտ Բանկի” ավանդային պորտֆելը կազմեց $9,9 մլն: Մեր ավանդատուների 80%-ի ավանդները $1000-ից փոքր գումարներ են: Կարծում ենք, որ յուրաքանչյուր մարդ, անկախ եկամուտներից, կարող է որոշակի խնայողություններ հավաքել որոշակի կարիքների կամ իր ցանկացած ապրանքը ձեռք բերելու նպատակով: Տնտեսած միջոցները պետք է աշխատեն եւ շահույթ բերեն: Այդ նպատակին հասնելու համար մենք 2008թ. հոկտեմբերին Հայաստանում առաջին անգամ նշեցինք Խնայողությունների միջազգային օրը` սկիզբ դնելով մի ավանդույթի, որն արդեն գոյություն ունի աշխարհի 84 երկրներում: Ինչպես արդեն ասացի, մենք ակտիվորեն ներգրավվել ենք ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների ֆինանսական կրթման գործում: Մեր աշխատակիցները կազմակերպում են տեղեկատվական երեկոներ, որոնց ընթացքում մարդկանց բացատրվում է ավանդների նշանակությունը, քննարկվում են նրանց հետաքրքրող թեմաները: Բարձր դասարանցիների համար մենք կազմակերպում ենք “Սաֆարի արշավներ” դեպի մեր մասնաճյուղեր, որտեղ նրանք տեղում կարող են տեսնել բանկի աշխատանքը եւ տալ իրենց հուզող բոլոր հարցերը: Մենք օգնում ենք նրանց դեռ մանկուց հասկանալ բանկային ծառայությունների նշանակությունն ու խնայողությունների կուլտուրան: Կարծում եմ, շատ մոտ ապագայում մենք զգալի արդյունքների կհասնենք: 

- Հավանաբար, ճգնաժամը որոշակի շտկումներ կկատարի ձեր ծրագրերում: Պատմե’ք, խնդրեմ, դրանց մասին:

- Չեմ կարող ասել, որ մեր ծրագրերը փոխվել են: Մենք նախատեսում էինք նոր մասնաճյուղեր բացել ու շարունակում ենք դրանք բացել, եւ, բնականաբար, ընդունում ու կրթում ենք աշխատակիցներին, ովքեր որակյալ սպասարկում են առաջարկելու մեր հաճախորդներին: Չնայած մենք միշտ շեշտել ենք անձնակազմի ուսուցումը, այս տարի ծրագրում ենք ավելի ակտիվ զբաղվել թրենինգներով: Մենք պետք է հնարավորինս որակյալ խորհրդատվություններ եւ վարկեր տրամադրենք հաճախորդներին:

Կցանկանայի նշել, որ ընդհանուր առմամբ մենք բավականին ամուր ենք կանգնած ոտքերի վրա. “ՊրոԿրեդիտ” խմբի 22 բանկերից ոչ մեկն ակտիվորեն ներգրավված չէ ռիսկային վարկավորման, առավել եւս` արժեթղթերի շուկայում: Մենք փորձելու ենք նվաճել հաճախորդների վստահությունը մեր արհեստավարժությամբ եւ թափանցիկ բանկային ծառայություններով: 

- “ՊրոԿրեդիտ Բանկը” մշակու՞մ է այնպիսի ապրանքատեսակներ եւ ծառայություններ, որոնք կարելի է անվանել հակաճգնաժամային:

- Հակաճգնաժամային առաջին զենքը մեր աշխատակիցներն են: Մենք շարունակում ենք ակտիվ կերպով ներդրումներ կատարել նրանց որակավորումը բարձրացնելու ուղղությամբ: Նրանք սովորում են ինչպես Մակեդոնիայում գտնվող Միջին օղակի մենեջերների տարածաշրջանային ակադեմիայում, այնպես էլ Գերմանիայում գտնվող “ՊրոԿրեդիտ Հոլդինգի” ակադեմիայում: Նաեւ ամբողջ խմբի մակարդակով մշտապես կատարվում է մտքերի, փորձի եւ նորարարությունների փոխանակում:

Չեմ կարող չնշել այն ապրանքատեսակները, որոնք մշակվել եւ ներդրվել են տեղական արտադրողին աջակցելու նպատակով: Ներկայումս ակցիայի շրջանակներում մինչեւ 15 000 000 վարկերը տեղական արտադրողները կարող են ստանալ տարեկան 18% տոկոսադրույքով: Մենք զգալիորեն իջեցրել ենք դոլարային վարկերի տոկոսադրույքները` դրանք դարձնելով հնարավորինս մատչելի: Մեր այն հաճախորդների հետ, որոնց մոտ ի հայտ են եկել որոշակի բարդություններ, աշխատում է մեր աշխատակիցների հատուկ ձեւավորված խումբը, որը փորձում է հաճախորդին օգնել հաղթահարել դժվարությունները: Հիմնական նպատակներից մեկն եղել եւ մնում է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը: Մենք մտադիր ենք բիզնեսի ներկայացուցիչներին օգնել դիմանալ եւ շարունակել կայուն զարգանալ: 

Ավանդային ապրանքատեսակների ոլորտում մենք նաեւ վերանայել ենք որոշ պայմաններ` մեր ապրանքատեսակները դարձնելով էլ ավելի հրապուրիչ: Գարնանային ակցիայի շրջանակներում բնակչությունը կարող է բանկում ներդնել տարեկան միչեւ 12% տոկոսադրույքով ավանդներ, իսկ ավանդի ժամկետն այժմ կարող է սկսվել 1 ամսից:

- Այսօր Հայաստանում շրջանառվում է այն կարծիքը, որ ճնայած լավատեսական հայտարարություններին, իրականում առեւտրային բանկերը կտրուկ կրճատել են վարկավորման ծավալներն ու խստացրել պայմանները: Ի՞նչ փոփոխություններ են կատարվել ձեր բանկում:

- Մենք ոչ միայն չենք կրճատել, այլեւ ակտիվորեն գովազդում եւ տրամադրում ենք վարկեր, իսկ պայմաններն, ընդհակառակը, ավելի մատչելի են դարձել: Շուտով կսկսենք տրամադրել ագրովարկեր, քանի որ այդ ուղղությունը եւս մեզ համար առաջնահերթներից մեկն է: Այնպես որ, մեզ մոտ ոչ թե լավատեսական հայտարարություններ են, այլ իրական մոտեցում: Կարող եք մտնել մեր մասնաճյուղերից ցանկացածը եւ կտեսնեք ինքներդ: ՀՀ շուկայում գործունեության մեկ տարվա ընթացքում “ՊրոԿրեդիտ Բանկը” ներգրավել է 4800 հաճախորդ: Մարտի վերջին բանկի վարկային պորտֆելը կազմում էր $21,4 մլն, որից 97%-ը 50 000 դոլարից փոքր վարկերն են: Դա օրինակելի ցուցանիշ է փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար, ովքեր մեր հիմնական թիրախային խումբն են: Մենք բաց քաղաքականություն ենք վարում եւ շարունակում ենք նրանց ֆինանսավորումը, քանի որ հենց նրանք են ստեղծում աշխատատեղերի ամենամեծ քանակը եւ հանդիսանում են հայաստանյան տնտեսության ողնաշարը: 

- Մեկ տարի առաջ ասվում էր, որ բանկը մեծ ուշադրություն է դարձնելու մարզային մասնաճյուղային ցանցին: Ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, եւ ի՞նչ ծրագրեր ունեք այս տարվա համար:

- “ՊրոԿրեդիտ Բանկն” անցյալ տարի գործարկել է 5 մասնաճյուղ` 4-ը Երեւանում եւ 1-ը Վանաձորում: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում շրջաններում բանկային ծառայությունների մատչելիությանը: “ՊրոԿրեդիտ Բանկի” վանաձորյան մասնաճյուղը արդեն լայն ժողովրդականություն է վայելում մարզում: Մոտ ապագայում մենք մասնաճյուղ կգործարկենք Գյումրիում: Հուսով ենք նաեւ, որ Արտաշատի մեր ապագա մասնաճյուղն ակտիվորեն կներգրավվի ագրովարկավորման գործընթացում: Դրանով մենք չենք սահմանափակվի եւ այսուհետ կզարգացնենք մեր մասնաճյուղերի մարզային ցանցը:

- Ինչպե՞ս եք գնահատում մրցակցությունը ՀՀ բանկային ծառայությունների շուկայում:

- Հայաստանի նման փոքր երկրում գործում է 22 բանկ: Ընդ որում, չեմ կարող չնկատել, որ երկրում բանկային համակարգը բավականին զարգացած է, եւ դա բանկային ծառայությունների շուկան մրցունակ է դարձնում: Մյուս կողմից, ցանկացած առողջ մրցակցություն հանգեցնում է մեծ արհեստավարժության եւ բարելավում է պայմանները հաճախորդների համար: Մենք շատ դրական ենք տրամադրված եւ կարծում ենք, որ մեր արժանի տեղը կզբաղեցնենք Հայաստանի ֆինանսական շուկայում:

 

Դիտում՝ 19808
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai