Բանկերն ունեն $ 700 մլն կանխիկ գումար

05.03.2009 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Երևան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը Հ1-ին «լողացող» փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու հետեւանքով արժույթի եւ պարենային շուկաներում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

–Պրն վարչապետ, ի՞նչ եղավ երեկ։ Ի՞նչ փոփոխություններ իրականացրեց կենտրոնական բանկը։

–Ինչպես արդեն տեղյակ եք, մարտի 3–ին ՀՀ կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ, որ վերադառնում ենք «լողացող» փոխարժեքի քաղաքականությանը։ Վերջին ամիսների ընթացքում բազմիցս կենտրոնական բանկը հայտարարել էր, որ մեր երկիրը «լողացող» փոխարժեքից չի հրաժարվել, պարզապես ժամանակավորապես նախապատվություն է տվել ֆինանսական կայունությանը, ինչն արտահայտվել էր նրանով, որ ֆինանսական շուկաներում ապահովվել էր կայունություն։ Ինչո՞ւ էր նախընտրելի հենց այդ ռազմավարությունը։ Ինչո՞ւ կենտրոնական բանկն այդ անցումային փուլում նախապատվությունը տվեց ոչ թե գների, այլ փոխարժեքի կայունությանը։ Փոխարժեքի կայունության շնորհիվ մենք կարողանում ենք ապահովել, ընդհանուր առմամբ, ֆինանսական համակարգի կայունությունը, եւ մեր տնտեսությունը նախապատրաստվում էր «լողացող» փոխարժեքի անցմանը։

Ի՞նչ է դա նշանակում։ Որոշակի ժամանակահատվածում ազգային արժույթը կայուն տեմպերով արժեւորվում էր դոլարի նկատմամբ, եւ մեր տնտեսությունը համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի հետեւանքով հայտնվել էր այնպիսի վիճակում, որ պետք էր անցում կատարել ազգային արժույթի արժեզրկմանը, եւ անհրաժեշտ էր անցումային փուլ։ Հնարավոր չէր միանգամից տաք ջերմաստիճանից օրգանիզմը տեղափոխել սառը ջերմաստիճանի։ Մեր տնտեսությունը կենդանի օրգանիզմի է նման, եւ եթե այդպիսի անցումներ են կատարվում, պետք է հնարավորություն տալ, որ օրգանիզմը նախապատրաստվի այդ անցմանը, ինչի մասին էլ կենտրոնական բանկը հայտարարություններով հանդես էր գալիս եւ բացատրում իր քաղաքականությունը։ Ի՞նչ է նշանակում նախապատրաստվել այդ անցմանը։

Առաջին հերթին, դա նշանակում էր, որ առեւտրային բանկերը պետք է հզորացնեն իրենց կարողությունները։ Ինչպե՞ս դա դրսեւորվեց։ Վերջին ամիսներին առեւտրային բանկերն առաջին հերթին ավելացրին իրենց կապիտալը՝ 120 մլն դոլարով։ Դա նշանակում է, որ բանկի սեփականատերերը եւս 120 մլն դոլար ներդրեցին իրենց բանկերում, որպեսզի ապահովագրեն իրենց սեփական ավանդատուների գումարները։ Այսինքն, բանկային համակարգի հուսալիությունն ավելացավ եւս 120 մլն դոլարով։ Երկրորդը, առեւտրային բանկերը կարողացան ներգրավել 250 մլն դոլար գումար, որպեսզի ապահովեն իրենց բանկերի կայունությունը, եւ դրանք լիկվիդային դոլարներ են։ Եվ երրորդը՝ այս պահի դրությամբ առեւտրային բանկերն ունեն 700 մլն դոլար կանխիկ գումար, որով կարող են սպասարկել իրենց հաճախորդներին եւ տնտեսությանը։

Այսինքն, առեւտրային բանկերը լավ նախապատրաստված են այս պահի դրությամբ սպասարկելու ամբողջ տնտեսական համակարգը, ինչն անհրաժեշտ էր։

Երկրորդ խնդիրը գոյություն ունի. արդյո՞ք նպատակահարմար չէր, որպեսզի այդ անցումը տաք ռեժիմից սառը ռեժիմի լիներ ոչ թե կենտրոնական բանկի կողմից հայտարարվող փոխարժեքային միջանցքի միջոցով, այլ ամեն օր ազգային արժույթը սահուն արժեզրկվեր, եւ սահուն տեմպերով տեղի ունենար այդ անցումը։ Սա այն հարցն էր, որը մտահոգում է բոլորին եւ, բնականաբար, այն մանրակրկիտ ուսումնասիրվել է կառավարության, կենտրոնական բանկի մասնագետների, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի մասնագետների կողմից։ Խնդիրը հետեւյալն է. այդ անցումը կատարելիս բոլորը վճարում են որոշակի գին, այդ թվում նաեւ՝ պետությունը։ Եվ մենք պետք է այնպիսի անցում կատարեինք արժույթի արժեզրկմանը, որպեսզի նվազագույն հետեւանքներ ունենար բոլորի՝ ե՛ւ տնտեսավարող սուբյեկտների, ե՛ւ քաղաքացիների, ե՛ւ պետության համար։ Սահուն անցման տարբերակը, որը կիրառվել է մի շարք երկրներում, ստեղծում է մի քանի լուրջ ռիսկեր։

Առաջին ռիսկը այն է, թե որ փոխարժեքի շուրջ է ձեւավորվելու իրական հավասարակշռված վիճակը, քանի որ կա անորոշություն։ Երկրորդ բացասական դրսեւորումն այն է, որ շուկայում հայտնվում են սպեկուլյանտներ, որոնք սկսում են սպեկուլյացիաներ անել, որոնք բերում են նրան, որ երկրին չի հաջողվում սահուն անցում կատարել, այսինքն՝ ամեն օր սահուն արժեզրկում իրականացնել։ Արդյունքում պատրաստված չի լինում կենտրոնական բանկը, պատրաստված չեն լինում առեւտրային բանկերը, եւ կորուստները, որ նրանք ունենում են փոխարժեքի սահուն արժեզրկման պայմաններում, շատ ավելի մեծ են լինում։ Մենք տեսանք Ուկրաինայի, Ռուսաստանի փորձը, որոնք ստիպված եղան մեծածավալ ինտերվենցիաներ կատարել արտարժույթի շուկաներում, նրանց չհաջողվեց սահուն արժեզրկում ապահովել։ Վերջ ի վերջո, նրանք ստիպված եղան հայտարարելու, մասնավորապես, Ռուսաստանում, այն միջակայքերի մասին, որում պետք է ռուբլին տատանվի, եւ դա ապահովեց շուկայում կայունություն, եւ դրա շնորհիվ կենտրոնական բանկի ինտերվենցիաները հասցվեցին նվազագույնի։ Քննարկելով այս խնդիրը տարբեր մասնագետների, այդ թվում նաեւ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ մենք ընտրեցինք այն տարբերակը, որի մասին հայտարարեց կենտրոնական բանկը՝ հավասարակշռված փոխարժեքի միջանցքի մասին, որտեղ «լողալու» է 360-380 դրամի շրջանակներում։ Սա ավելի կանխատեսելի է դարձնում միջակայքը ե՛ւ առեւտրային բանկերի, ե՛ւ շուկայի մասնակիցների, ե՛ւ մեր արտահանողների, ե՛ւ ներմուծողների համար։ Եվ նվազագույնի է հասցվում իրարանցումը շուկայում։

-Պրն վարչապետ, համոզված եմ, որ մեր միջին վիճակագրական սպառողին հետաքրքրող առանցքային հարցն այն է, թե ինչ է լինելու վաղը։ Մարդն, ով այսօր գնացել է խանութ եւ գնել հաց, կարագ, ձեթ երեկվանից տարբեր գներով եւ ունի մտավախություն սեփական ընտանիքի, սեփական առօրյայի համար։ Դուք, որպես հանրապետության գործադիր մարմնի ղեկավար, նայելով այս ամենին հասարակ մարդու աչքերով, ի՞նչ կարող եք ասել, ինչպե՞ս կարող եք երաշխավորել կամ ապացուցել, կամ համոզել մարդկանց, որ վաղն ավելի վատ չի լինելու, քան այսօր։

-Նախապատվություն տալով ֆինանսական կայունությանը՝ վերջին ամիսների ընթացքում մենք հնարավորություն ենք ստեղծել, որ ֆինանսական համակարգը նախապատրաստվի տաք ջերմաստիճանից սառը ջերմաստիճանին անցնելուն, բնականաբար, դա հնարավորություն էր, որպեսզի կառավարությունն ինքն էլ նախապատրաստվի այդ նոր ռեժիմներին։ Դա նշանակում է, որ մենք ավարտեցինք մեր բանակցությունները Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, մեր ռազմավարական գործընկերների հետ, որպեսզի հստակ պատկերացում կազմենք, թե առաջիկա 3-4 տարիների ընթացքում ինչպիսին է լինելու մեր երկրի ֆինանսական վիճակը, ինչպիսի կարողություններ ենք ունենալու՝ հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական-տնտեսական ճգնաժամի բոլոր բացասական ազդեցությունները մեր տնտեսության վրա։ Արդյունքում մենք հստակեցրինք մեր միջնաժամկետ ծրագիրը եւ նաեւ այն ֆինանսական օգնության ցուցանիշները, որոնք մեզ անհրաժեշտ են։

Մասնավորապես, երեկ հայտարարությամբ հանդես եկավ Արժույթի միջազգային հիմնադրամը, որը նշեց, որ մենք եկել ենք համաձայնության միջնաժամկետ ծրագրի շուրջ, եւ մենք նրանցից ակնկալում ենք 540 մլն դոլար, ընդ որում՝ 240 մլն-ը մենք կստանանք անմիջապես, մնացածը՝ ըստ եռամսյակների։ Համաշխարհային բանկը հայտարարեց, որ մեզ տրամադրելու է 525 մլն դոլար վարկային միջոցներ, որոնք ուղղվելու են տնտեսության տարբեր ոլորտներ։ Ռուսաստանի Դաշնության վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ, որով հաստատեց, որ Ռուսաստանի կառավարությունը պատրաստ է Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար տրամադրելու, որոնք նույնպես մեզ օգնելու են ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու գործում։ Ես չեմ ուզում թվարկել նաեւ մեր այն գործընկերներին, ում հետ մենք ավարտեցինք մեր բանակցությունները՝ Ասիական բանկը, ՎԶԵԲ–ը, ՍԾՏՀ բանկը, որոնք նույնպես մեզ տրամադրելու են ֆինանսական միջոցներ։ Եվ մենք կարողացանք այս շրջանն օգտագործել նրա համար, որպեսզի հստակեցնենք մեր ծրագրերը։

Վերադառնալով ձեր հարցին՝ նշեմ, որ, ունենալով ֆինանսական այս  միջոցները, բնականաբար, մենք նաեւ իրականացնում ենք որոշակի փոփոխություններ մեր ծախսային քաղաքականության մեջ։ Առաջին հերթին նախապատվությունը տրվելու է մեր սոցիալական ծրագրերին։ Մենք հայտարարում ենք, որ նախապատվությունը տալու ենք թոշակներին, սոցիալական նպաստներին, աշխատավարձերին, որպեսզի չլինեն ուշացումներ, եւ մեր թոշակառուները ժամանակին ստանան իրենց թոշակները, մեր ուսուցիչները ժամանակին ստանան իրենց աշխատավարձերը։ Երկրորդ ուղղությունն այն է, որ մենք ծախսեր ենք իրականացնելու ենթակառուցվածքներում, որոնք ապահովում են մեր երկրի կենսագործունեությունը։ Այդ ծախսերն ունենալու են առաջնային նշանակություն։ Եվ երրորդ՝ մենք այդ գումարներն օգտագործելու ենք խթանելու համար տնտեսական աճը հանրապետությունում, մասնավորապես, օգնելու ենք այն ձեռնարկություններին, որոնք ունեն ժամանակավոր դժվարություններ եւ որոնք ստեղծում են նոր աշխատատեղեր։ Եվ, բնականաբար, ամեն կերպ օգնելու ենք, որպեսզի սոցիալական լարվածությունը մեղմվի եւ որպեսզի առաջացող սոցիալական խնդիրները իրենց բացասական դրսեւորումներով կարողանանք չեզոքացնել։ Այսինքն՝ մեր ռազմավարությունն այդ առումով շատ պարզ է։ Առաջին հերթին, մեր միջոցներն օգտագործելու ենք սոցիալապես անապահով խավերին պաշտպանելու, երկրորդը՝ ենթակառուցվածքների զարգացման համար եւ, երրորդը, խթանելու ենք նոր աշխատատեղերի ստեղծումը։ Լավագույն մեթոդը, որ մեզ առաջարկվում է, եւ որի մասին մենք հրապարակավ հայտարարել ենք, փոքր եւ միջին բիզնեսին օժանդակելն է։

–Պրն վարչապետ, եթե փորձենք հանրագումարի բերել Ձեր պատասխանը, ապա կարո՞ղ ենք ասել, որ սոցիալական ցնցումներ Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու, եւ այդ առումով մենք կարող ենք ապահովագրված լինել։ 

–Անշուշտ, դա մեր գերխնդիրն է, եւ մենք հայտարարել ենք նախկինում եւ այսօր էլ հայտարարում ենք, որ սոցիալապես անապահով խավերն ամբողջ ծավալով իրենց ֆինանսական միջոցներն ստանալու են, եւ ստանալու են ժամանակին։

–Երեկ Երեւանում այնպիսի տպավորություն էր, որ վրա է հասել ոչ թե տնտեսական ճգնաժամը, այլ ներկրողների խրախճանքն էր, այսինքն՝ գները միանգամից եւ ամենուր բարձրացան։ Խոսքը վերաբերում է ե՛ւ բենզինին, ե՛ւ սպառողական ապրանքներին, դա հատկապես նկատվեց երեւանյան շատ հայտնի սուպեր եւ հիպեր մարկետներում։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ հետեւելու են եւ խիստ են լինելու, պատժելու են բոլոր նրանց, ովքեր գներն արհեստականորեն կբարձրացնեն, բայց, այնուամենայնիվ, դրանք բարձրանում են։ Ի՞նչ է լինելու գների հետ։ Պարզ է, որ երեկվա գների բարձրացումն արհեստական էր, եւ դա անբարեխիղճ գործարարների պատճառով էր, բայց, այնուամենայնիվ, գները կբարձրանա՞ն եւ որքա՞ն, ի՞նչ է լինելու առաջիկայում։

–Ընդհանուր առմամբ, պետք է նշենք, որ այսպիսի վարքագիծը մեզ համար նորություն չէր, վերջին տարիների ընթացքում մենք հանդիպել ենք նման վարքագծի. երբ տեղի են ունենում ինչ-ինչ իրադարձություններ, երբեմն տնտեսավարող սուբյեկտները դրսեւորում են աժիոտաժ, փորձում են խուճապ ստեղծել եւ այլն։ Կարծում եմ, որ մոտակա երկու-երեք օրերի ընթացքում այդ իրարանցումային երեւույթներն իսպառ կվերանան։ Այսօր արդեն իսկ մենք տեսնում ենք, որ ֆինանսական շուկայում առեւտրային բանկերը գործարքներ կատարում են նորմալ ռիթմով, որեւիցե խնդիր բանկային համակարգում, ֆինանսական շուկայում չի առաջացել։ Այսօր բորսայում շուրջ յոթ միլիոնի առքուվաճառք է եղել, մեծ մասը առեւտրային բանկերի առուվաճառքն է, այսինքն՝ նրանք ազատվել են, փոխարկում են արտարժույթը, եւ իրենց հաճախորդներին նորմալ սպասարկում են, եւ ֆինանսական հատվածում կայունությունը լինելու է լիակատար ապահովված։ Բնականաբար, ֆինանսական հատվածից այս կայունությունն անցնելու է նաեւ ներկրողներին եւ արտահանողներին, որովհետեւ նրանք աշխատում են հիմնականում առեւտրային բանկերի հետ, փոխարկում են իրենց արտարժույթը, եւ այս կայունությունը, նաեւ փոխարժեքի առումով, անցնելու է տնտեսավարող սուբյեկտներին՝ ներկրողներին եւ արտահանողներին։

Հասկանալի էր, որ ազգային արժույթի 20 տոկոսանոց արժեզրկումն ստիպելու է շատ ներկրողների եւ արտահանողների ճշգրտել իրենց գնային քաղաքականությունը։ Ներկրողները, բնականաբար, ունեն պաշարներ, վերջին տարիներին նրանք աշխատել են իրենց համար բավականին շահութաբեր միջավայրում, քանի որ, հասկանալի է, որ ազգային արժույթի ուժեղացումն ստեղծում է ներկրողների համար բարենպաստ պայմաններ։ Դա նշանակում է, որ նրանք բավարար չափի կարողություններ կուտակել են, եւ այս անցումը նրանց համար չպետք է լինի ցավոտ, սա պետք է լինի սահուն անցում, եւ մոտակա երկու օրերի ընթացքում առավել հստակ գնագոյացման ռեժիմներ կձեւավորվեն նաեւ նրանց մոտ։ Իսկ արտահանողների համար ստեղծվում են առավել բարենպաստ պայմաններ, քանի որ շատ ձեռնարկություններ, որոնք չէին կարողանում աշխատել ազգային արժույթի ուժեղացման պարագայում, ազգային արժույթի թուլացման պայմաններում, նրանց համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ, եւ նրանք կարող են նույնպես զգալ այդ խթանը եւ սկսեն մտածել արտահանման նոր ծավալների ու նոր գների մասին, որոնք իրենց բիզնեսը դարձնում են շահավետ։ Այնպես որ, մենք սպասում էինք, որ նման իրադարձություններ զարգանալու են մեր շուկաներում, դրանք մեր վերահսկողության ներքո են գտնվում։ Հարկային մարմիններն այսօրվա եւ երեկվա ընթացքում ճշտում էին, թե ինչպիսի պաշարներ կան ներկրողների մոտ, որպեսզի գնային սպեկուլյատիվ խաղեր չլինեն։ Պարոն Շահնազարյանը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որ բոլոր ներկրողներին պահելու են ուշադրության եւ վերահսկողության ներքո, եւ եթե նրանք փորձեն գնային չարաշահումների դիմել, կամ շատ բարձրացնել գները, բնականաբար, հարց է առաջանալու, թա ինչո՞ւ են այդ ապրանքները ներմուծել ավելի էժան գներով եւ այսօր վաճառում են շատ ավելի բարձր գներով։ Ուրեմն նրանք ավելի մեծ հարկային պարտավորությունների տակ կարող են հայտնվել, ինչը նրանց էլ ձեռք չի տալիս, քանի որ մի կողմից կկորցնեն իրենց հաճախորդներին, շուկաները, մյուս կողմից էլ կհայտնվեն ավելի բարձր հարկ վճարելու ռիսկի առջեւ։ Դրա համար ամենախելամիտ քաղաքականությունը հավասարակշռված վարքագիծն է։ Սա վերաբերում է նաեւ շարքային քաղաքացիներին։ Մեր կանխատեսած գնաճն այս տարվա համար տատանվում է սպառողական զամբյուղի տեսակետից ութ տոկոսի շրջանակներում, ինչը նախորդ տարվա գնաճային սցենարի կրկնություն է նշանակում, եւ եթե մեր քաղաքացիները կրկնօրինակեն այն, ապա դա կբերի նորմալ վարքագծային կանոնների բոլորի համար։

–Պրն վարչապետ, ինչպես նշեցիք, դրամի 20 տոկոսանոց արժեզրկումն օբյեկտիվորեն պետք է հանգեցնի գների որոշակի փոփոխության նաեւ սպառողական շուկայում։ Ակնհայտ է, որ գների փոփոխության արդյունքում առավելապես տուժելու են սոցիալապես անապահով խավերը, եւ եթե գումարում ենք նաեւ գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագների փոփոխությունը, ապա ակնհայտ է դառնում, որ այդ խավերի համար սոցիալական լարվածության որոշակի ֆոն ստեղծվում է։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը սոցիալական լարվածությունը հնարավորինս մեղմելու համար։

–Դուք ճիշտ եք նկատում, որ էլեկտրաէներգիայի, ջրի, գազի սակագների փոփոխությունները միջին ընտանիքի բյուջեի համար ծախս են նշանակում։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ դա ամսական մոտավորապես 2000 դրամի ավելացում է լինելու։ Մենք 2009 թվականի բյուջեն ծրագրելիս այդ մասին հայտարարել ենք, որ ապրիլից այդ սակագնային փոփոխությունները տեղի են ունենալու եւ մենք մտադիր ենք 14 տոկոս թոշակների ավելացման շնորհիվ չեզոքացնել բացասական ազդեցությունը։ Երկրորդ, մենք մեր ստրատեգիական գործընկերների հետ եկանք համաձայնության, որ գները կբարձրեցվեն առաջին եռամսյակից հետո։ Եվ դա նշանակում է, որ ընտանիքների բյուջեի վրա ազդեցությունը դրանով հասցնում ենք նվազագույնի, քանի որ հիմնականում ցուրտ սեզոնից դուրս ենք գալիս, եւ էլեկտրաէներգիայի ու գազի  ծախսերի ծավալները կտրուկ կնվազեն ապրիլին եւ համադրելի չեն լինի հունվար-փետրվարի ծախսերի հետ։ Դրանով եւ թոշակների բարձրացումով մենք փորձում ենք չեզոքացնել ազդեցությունը։ Հաջորդն այն է, որ ֆինանսական եւ տնտեսական այս դժվարությունները խնդիրներ ստեղծում են, ամեն դեպքում, առավել անապահով խավերի եւ ընտանքիների համար։ Այդ թվում նաեւ՝ մասնավոր տրանսֆերտների նվազումը, ինչը մենք արձանագրել ենք հունվարի ընթացքում՝ շուրջ 20 տոկոս։ Այդ նվազումներն առաջին հերթին նպաստում են անապահով խավերին։ Սա նշանակում է, որ մեր թիրախային սոցիալական քաղաքականությունը պետք է շարունակվի, եւ առաջին հերթին օգնությունը պետք է հասանելի լինի սոցիալապես անապահով 118 հազար ընտանիքներին։ Եթե նրանց թվաքանակն ավելանա, ապա բյուջեից միջոցներն ուղղվելու են, առաջին հերթին, այդ ընտանիքների սոցիալական նպաստներին։

–Պարոն վարչապետ, Դուք ձեր խոսքում ասացիք, որ դրամի արժեզրկումն օգտակար է կամ կարող է օգտակար լինել արտահանողների եւ գործարարների համար. ի՞նչ եք կարծում, այս իրավիճակում որքանո՞վ է հավանական, որ կսկսեն աշխատել ծանր արդյունաբերական գործարանները՝ Ագարակը, Քաջարանը, Ալավերդին եւ միջին գործարարների վրա սա ինչպե՞ս կազդի։

–Դուք տեղյակ եք, որ վերջին ամսվա ընթացքում կառավարությունում տեղի ունեցան հանդիպումներ մեր տնտեսության բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ։ Այսինքն՝ մենք հանդիպումներ ենք ունեցել եւ քննարկել ենք նրանց առջեւ ծառացած խնդիրները եւ այն խնդիրները, որոնք առաջանում են ճգնաժամի հետեւանքով։ Եվ, բնականաբար, մեր ազգային արտադրողների եւ արտահանողների համար մեր փոխարժեքային քաղաքականությունը թիվ մեկ խնդիրն է։ Եթե ազգային արժույթն արժեզրկվի, նրանց համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ, եւ նրանք կսկսեն իրականացնել որոշ ծրագրեր։ Այդ ծրագրերը մենք նրանց հետ մանրամասն քննարկել են, եւ նրանց համար անակնկալ չէր, որ ազգային արժույթը պետք է արժեզրկվեր։ Եվ շատ ծրագրեր, որոնք նրանք սառեցրել էին, այսօր պետք է վերակենդանացնեն։ Երկրորդ, մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություններ, որ այն ձեռնարկությունները, որոնք ունեն ժամանակավոր խնդիրներ, կարող են դիմել օպերատիվ շտաբին եւ ստանալ օժանդակություն ժամանակավոր դժվարությունները հաղթահարելու համար։

Առաջին հերթին, նախապատվությունը տրվում է այն ձեռնարկություններին, որոնց մոտ իսկապես ժամանակավոր են այդ դժվարությունները, որոնք ունեն աշխատող համակարգ, որոնք ունեն արտահանման իրենց շուկաները եւ հազարավոր աշխատողներ։ Մենք օգնում ենք նաեւ այն ձեռնարկություններին, որոնց ծրագրերը նպաստում են այն բանին, որ իրենք էապես հզորացնում են իրենց կարողությունները, ստեղծում աշխատատեղեր եւ արտահանման լուրջ պոտենցիալ ունեն։ Բազմաթիվ ձեռնարկություններ արդեն ստացել են նման աջակցություն, եւ մենք դա արել ենք հրապարակային։ Այդ բոլոր մեր հատկացումները գտնվելու են հանրության վերահսկողության ներքո։

Օպերատիվ շտաբը շարունակում է իր աշխատանքները։ Տասնյակ բիզնես-առաջարկներ շտաբի նիստում քննարկել ենք եւ այդ ձեռնարկություններին օգնելու ենք։ Մի կողմից ստեղծվում են բարենպաստ պայմաններ արտահանողների համար, մյուս կողմից կառավարությունը իր գործիքակազմն օգտագործում է օժանդակելու այդ ձեռնարկություններին, որպեսզի հաղթահարեն ժամանակավոր դժվարությունները եւ հզորացնեն իրենց արտահանման կարողությունները։

–Ակնհայտ է, որ աշխարհում դժվար թե գտնվի մի երկիր, որն օբյեկտիվորեն հենց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում կորուստներ կրած չլինի, եւ տվյալ երկրի քաղաքականության ճկունությունը կամ գրագիտությունը երեւում է այդ կորուստների ծավալներից։ ՀՀ կառավարությունն արդյոք ունի՞ հակաճգնաժամային ռազմավարություն, որը հիմնված կլինի լրջագույն ուսումնասիրությունների, վերլուծությունների, միջազգային փորձի վրա, եւ որը կարող է երաշխավորել, որ մնացած փուլերը նույնպես կարող ենք առանց ցնցումների տանել։

–Բնականաբար, մեր նպատակն այն է, որ այդ ցնցումները հասցնենք նվազագույնի։ Որ այդ ցնցումներն ու խնդիրներն առկա են, դա գաղտնիք չէ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ համաշխարհային տնտեսությունում դեռեւս կայունություն չի նկատվում, անկումը շարունակվում է, եւ այժմ մենք գործ ունենք արդեն երկրորդ ալիքի հետ, որը գալիս է ոչ թե ֆինանսական շուկաներից, այլ իրական հատվածից։ Եվ մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր կորուստները լինեն նվազագույն։ Այդ մասին հայտարարությամբ հանդես եկավ Համաշխարհային բանկը՝ տալով գնահատականներ մեր հարաբերական առավելություններին։ Որո՞նք են դրանք. առաջինը մեր մակրոտնտեսական խիստ արդյունավետ քաղաքականությունն է։ Երկրորդը մեր արտաքին պարտքի ցածր բեռն է, ինչը հնարավորություն էր տալիս այսօր արտաքին պարտքի շնորհիվ մեղմացնել բացասական հետեւանքը, եւ երրորդ առավելությունը բանկային կայուն համակարգն է, որը մենք պետք է օգտագործենք այդ բացասական հետեւանքները չեզոքացնելու համար։ Այն, որ լինելու է դժվարին տարի, գաղտնիք չէ, այն որ մենք նախապատրաստվել ենք այդ դժվարություններին, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի տեխնիկական օժանդակության ներքո պատրաստել ենք ճգնաժամին դիմակայելու ծրագիր, նույնպես գաղտնիք չէ։ Մենք պարբերաբար մեր քաղաքացիներին տեղյակ ենք պահելու ընթացքի մասին, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, եւ մեր ծրագրերը լինելու են հրապարակային, խնդիրները լինելու են հրապարակային քննարկման առարկա, եւ մենք փորձելու ենք համախմբել կառավարության շուրջ բոլոր կարող ուժերին, քննարկելու ենք նրանց հետ մեր ծրագրերը, մեր գործողությունների տրամաբանությունը բոլորի համար պետք է լինի հասկանալի։ Իսկ ձեր միջոցով մենք փորձելու ենք այդ տրամաբանությունը հասցնել մեր քաղաքացիներին։

–Տրամաբանությունից զուրկ հարց, որը հուզում է բնակչությանը. մենք փոխելո՞ւ ենք մեր ազգային արժույթը՝ մտնելով ռուբլու գոտի։

–Դա անտրամաբանական է, իհարկե՝ ոչ, որովհետեւ դա հնարավոր չէ իրականացնել։  Վերջում ուզում եմ ասել, որ, իհարկե, ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջանում են լուրջ խնդիրներ, եւ առաջին հերթին այդ լուրջ խնդիրներն առաջանում են մեր սովորական քաղաքացիների համար։ Եվ կառավարության ռազմավարական մոտեցումը հետեւյալն է. մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի պաշտպանենք սոցիալապես անապահով խավերին եւ ամեն ինչ պետք է անենք, որ այս բեռը դնենք խոշոր բիզնեսի վրա։ Այսինքն, այդ դժվարություններն առաջին հերթին իրենց վրա պետք է վերցնեն մեծահարուստները, խոշոր բիզնեսը եւ վերջում՝ սովորական քաղաքացիները։

Դիտում՝ 11314
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW