Աշխարհը ճգնաժամից հետո

11.02.2009 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

“Վրեմյա նովոստեյ”, 11.02.09

Ֆինասնական ինստիտուտների դերը զարգացած երկրների կյանքում էապես կուժեղանա: ԱՄՆ-ի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա կթուլանա, փոխարենը նկատելի դերակատարում կունենան արեւելյան երկրները: Այս եզրակացությանն են հանգել PricewaterhouseCoopers-ի վելուծաբանները, ովքեր տարածել են “Վաղվան հաջորդող օրը” (The Day After Tomorrow) հետազոտությունը:

Միաժամանակ, նշում են PwC-ի մասնագետները, համաշխարհային ճգնաժամի ընթացքում կուժեղանա պետության նշանակությունն ու հարկային ճնշումը: Թեեւ, վերլուծաբանները շուկայի մասնակիցներին կոչ են անում ուշադրությունը չսեւեռել այժմեական խնդիրներին, այլ մտածել այն հնարավորությունների մասին, որ կունենան երկու-երեք տարի հետո: Որպես հաշվետվության բնաբան` հեղինակները մեջբերում են կատարում “Վաղվա հաջորդ օրը” համանուն ֆիլմից. “Փոթորիկների հիմնական կանոնն այն է, որ նրանք շարունակվում են այնքան ժամանակ, քանի դեռ չի վերանում նրանց ծնած անհավասարակշռությունը”:

Ցավոք, PricewaterhouseCoopers-ի փորձագետները չգիտեն, թե ե՞րբ կվերականգնվի ուժերի հավասարակշռությունը ֆինանսական համակարգում: “Ֆինանսական համակարգի նման ձեւափոխումը նախադեպ չունի, եւ ֆինանսական ճգնաժամի խորացմանը զուգահեռ պարզ է դառնում, որ մնում է սպասել միայն անկանխատեսելիին”, - նշել է Ռուսաստանում PricewaterhouseCoopers-ի ֆինանսական ինստիտուտներին ծառայությունների բաժնի ղեկավար Գորդոն Լաթիմիրը:

“Ֆինանսական ծառայությունների համաշխարհային շուկան էական փոփոխություններ է կրել,- նշվում է հաշվետվությունում: - Արագորեն տեղի է ունենում ֆինանսական ուժերի վերատեղաբաշխում Արեւմուտքից դեպի Արեւելք: Վարկային ճգնաժամի արդյունքում պայթել է “օճառի պղպջակը”, որի հիմքում ընկած էին դեպի ԱՄՆ կողմնորոշված համաշխարհային տնտեսությունում մակրոտնտեսական անհավասարակշռության առկայության հաշվին ստեղծված ներդրումային հոսքերը: Համաշխարհային առեւտրի ու ներդրումների նոր ճանապարհները, որոնք զարգանում են հիմնարար ուժեր հաշվեկշռի այսպիսի տեղաշարժման ազդեցությամբ, արմատապես տարբերվելու են նրանցից, որոնք գոյություն ունեին դեպի ԱՄՆ կողմնորոշված համակարգում”:

Մի շարք տնտեսագետներ, այդ թվում նաեւ` ռուսաստանյան, վաղուց են խոսում այն մասին, որ ԱՄՆ-ը դադարելու է ֆինանսական կենտրոն, իսկ դոլարը` առանցքային տարադրամ լինելուց: Ֆինանսիստ Ջորջ Սորոսն արդեն կոչ է անում ստեղծել ՙնոր փողեր՚` իրեն վարկաբեկած դոլարի փոխարեն: Նրա կարծիքով, այդպիսիք կարող են դառնալ փոխառության հատուկ իրավուքները (Special Drawing Rights), որոնք Արժույթի միջազգային հիմնադրամը օգտագործում է միջպետական հաշվարկների համար:

Այդ գաղափարների հակառակորդները համարում են, որ արեւելյան եւ այլ երկրները ճգնաժամի շրջանում կարող են միայն մուտք գործել խոշոր ամերիկյան ընկերությունների կապիտալ, սակայն կենտրոնը մնալու է ԱՄՆ-ը, քանի որ դա ամենահուսալի եւ դիվերսիֆիկացված տնտեսությունն ունեցող երկիրն է: Դրա լավ ապացույցը շուկայի ներկայիս տրամադրվածությունն է, երբ ներդրողները ձեռք են բերում դոլարներ ու ակտիվներ բացասական մակրոտնտեսական նորությունների յուրաքանչյուր մասնաբաժնից հետո: Կարծիք կա, որի համաձայն` աշխարհի տնտեսական կենտրոնը դառնալու են երկու գերտերություններ` ԱՄՆ-ը եւ Չինաստանը:

PricewaterhouseCoopers-ի վերլուծաբանների կարծիքով, ամբողջ աշխարհի բանկային համակարգերը էական փոփոխություններ են կրելու. “Նոր լանդշաֆտի հիմնական գծերը լինելու են բանկային համակարգի ծավալների կրճատումը` կարգավորման համաժամանակյա խստացմամբ, եւ բանկային բիզնեսի ունիվերսալ մոդելի` առաջին պլան մղվելը: Ստվերային բանկային համակարգը մեծամասամբ չեզոքացվելու է: Իրենց իրացվելիությունը պահպանելու նպատակով կապիտալի շուկայից ուժեղ կախում ունեցող բանկերը, որոնք ավելի շուտ մասնագիտացված էին, քան ունիվերսալ, ստիպված կլինեն վերափոխել իրենց աշխատանքը”:

Ինչպես հայտնի է, անցյալ տարվա սեպտեմբերին վարկային ճգնաժամը ոչնչացրեց ամերիկյան ներդումային բանկերի ինստիտուտը: Ուոլլ-սթրիթի երկու խոշորագույն ներդրումային բանկեր` Goldman Sachs-ը եւ Morgan Stanley-ն ստիպված եղան վերածվել սովորական վարկային կազմակերպությունների:

“Դասական բանկային համակարգի մոդելին կփոխարինի “Նոր դասականությունը”, գրում են  PwC-ի վերլուծաբանները: “Նոր դասականությունը”` հետճգնմաժամային աշխարհի բանկային մոդելը, կլինի ավելի պարզեցված, կողմնորոշված դեպի ռիսկերի կանխարգելում եւ ավելի թափանցիկ, - նշում է Գորդոն Լաթիմիրը: - Շահույթը կպակասի, սակայն ռիսկերի հաշվառմամբ ուրվագծված եկամտաբերությունն այնքան էլ ուժեղ չի ընկնի, քանի որ ռիսկերի մակարդակը բիզնեսի կառույցում եւս կիջնի: Բանկերի վրա կդրվի մեծ պատասխանատվություն` ֆինանսական իրավիճակի վերլուծության անցկացումը, ինչն անհրաժեշտ է վարկային պորտֆելի որակի ապահովման համար”:

PwC-ն կառավարություններից ակնկալում է ավելի լուրջ միջամտություն ֆինանսական համակարգի գործունեությանը. “Այդպիսի միջամտությունն արդեն տեղ է գտել աշխարհի որոշ երկրներում, որտեղ բանկերը, որոնց պետական աջակցություն է տրամադրվում, ճնշումների են ենթարկվում այնպիսի հարցերում, ինչպիսին է հիփոթեքային պարտքերի դիմաց անշարժ գույքի բռնագանձումը, գրավադրված անշարժ գույքի բռնագանձման դիմումը եւ փոքր ու միջին բիզնեսի վարկավորումը: Կարելի է սպասել հակամարտությունների սրման, քանզի կառավարությունները հանրության ցանկությունները հաշվի առնելու նպատակով կսկսեն ազդեցություն գործել բանկերի աշխատանքի այնպիսի ասպեկտների վրա, ինչպիսին է կառավարման համակարգը, հարկումը, դիվիդենտային քաղաքականությունը եւ աշխատավարձի վճարման համակարգը: Բանկային համակարգը փրկելու այդ լայնածավալ ծրագրի իրականացումից հետո հանրությունն ակնկալում է, որ բանկերը շտկումներ կկատարեն իրենց աշխատանքի մեթոդներում` հաշվի առնելով բնակչության ավելի լայն շերտերի շահերը, ոչ թե միայն բաժնետերերինը”: Բացի այդ, կավելանա պետության ազդեցությունը իրենց կողմից աջակցություն ստացող բանկերի բիզնես ռազմավարության վրա:

“Որոշակի ժամակահատված կառավարությունները կմտնեն ֆինանսական հատված, - նշվում է հաշվետվությունում: - Թեեւ իշխանությունները կարող են օգտվել իրենց սեփականության ծավալներն ընդլայնելու հնարավորությունից, սակայն մոտ հեռանկարում խնդիրները չեն կարող լուծվել միայն մասնավոր ներդրողներով, եթե նույնիսկ նրանք տիրապետեն զգալի միջոցների: Ռուզվելտի ՙՆոր ուղղության” համարժեքը 21-րդ դարում այն պետությունն է, որը տարբեր գործիքների միջոցով ֆինանսական համակարգին կապիտալ է տրամադրում: Էական տարբերությունը “Նոր ուղղությունից” զարգացած տնտեսություն ունեցող երկրներում ֆինանսական համակարգի դերի բարձրացումն է: Այդ երկրների գոյատեւման համար կարեւորագույն նշանակություն ունի ֆինասնական համակարգի նկատմամբ քաղաքացիների, գործարարների եւ ներդրողների վստահության աստիճանը”:
 
PwC-ի մասնագետները վստահ են, որ ինստիտուտների մեծամասնությունը անցել է գոյատեւման ռեժիմին, “մինչդեռ նրանց ղեկավարությանն արդեն անհրաժեշտ է որոշումներ ընդունել այն մասին, թե որ ուղղությամբ է զարգանալու բիզնեսը երկու, երեք կամ չորս տարի հետո”:

Դիտում՝ 15378
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW