Արտակ Գեւորգյան. «Լինկ»-ն ընդլայնվում է եւ նոր տեխնոլոգիական լուծումներ խոստանում

25.03.2025 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
«Լինկ» ընկերությունը, որը մասնագիտացած է ֆինանսական կառավարման, բիզնեսի ավտոմատացման եւ ERP համակարգերի ներդրման մեջ, Երեւանում բացել է իր նոր գրասենյակը։ Ընկերությունը նոր տարածք է տեղափոխվել նոր տեսլականով եւ զարգացման ավելի մեծ ակնկալիքներով։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ գրասենյակը նախագծվել է հաշվի առնելով ոլորտի արագ աճն ու տեխնոլոգիական նոր պահանջները։ Այն կնպաստի մասնագիտական պրոդուկտների մշակմանը եւ ծրագրերի արդյունավետ ներդրմանը՝ ապահովելով ավելի հարմարավետ աշխատանքային միջավայր։

«Լինկ»-ի համահիմնադիրներ Արտակ Գեւորգյանն ու Արթուր Մանուկյանը

«Լինկ»-ը հիմնադրվել է 1997 թվականին եւ եղել է Հայաստանում բիզնեսի կառավարման եւ ավտոմատացման համակարգեր առաջարկող առաջին ընկերություններից մեկը։ 2022 թվականին այն միավորվել է «Ռեսալ Սոֆտ» ընկերության հետ։ Ընկերության համահիմնադիրներ Արտակ Գեւորգյանն ու Արթուր Մանուկյանը նշել են, որ միավորման նպատակը երկու ընկերությունների փորձի, տեխնոլոգիական նորարարությունների եւ մասնագիտական ներուժի համախմբումն է։

Այսօր «Լինկ»-ը դիրքավորվում է որպես առաջատար ֆինտեխ ընկերություն, 1С-ի որակավորված ERP եւ ուսուցման որակավորված կենտրոն է, ինչպես նաեւ՝ Microsoft-ի եւ Bitrix24-ի պաշտոնական գործընկեր Հայաստանում։ Արթուր Մանուկյանը նշել է, որ ընկերության լուծումները ներդրված են Հայաստանի ավելի քան 2200 կազմակերպությունում, դրանք խոշոր արտադրական ձեռնարկություններ են, առեւտրի ցանցեր, խանութներ ու ոչ առեւտրային կազմակերպություններ: «Լինկ»-ը օգնում է ընկերություններին թվայնացնել եւ ավտոմատացնել իրենց բիզնես գործընթացները՝ դրանք դարձնելով ավելի արդյունավետ եւ վերահսկելի։

Արթուր Մանուկյանը

Ընկերության նոր, ժամանակակից գրասենյակի բացումը նշանավորվել է նաեւ «Լինկ»-ի եւ «Ռեսալ Սոֆտ»-ի միավորման ավարտով, ինչն ըստ հիմնադիրների՝ կօգնի ընկերությանը նոր մակարդակի բարձրացնել իր գործունեությունը եւ հաճախորդներին առաջարկել ավելի արդյունավետ լուծումներ։

Գրասենյակի բացման արարողությունից հետո «Լինկ» ընկերության համահիմնադիր Արտակ Գեւորգյանը Banks.am-ի հետ խոսել է արժեքների վերանայման, բիզնես միջավայրի խնդիրների եւ ֆինտեխի ապագայի մասին։

- Հաշվի առնելով վերջին փոփոխությունները, ի՞նչ նոր փուլ է սկսվում «Լինկ»-ի համար։

- Վերջին երկու տարում «Լինկ»-ում տեղի ունեցան վերակազմակերպումներ, թիմային մշակույթի փոփոխություններ, հիմա մենք կառուցում ենք կայուն, երկարաժամկետ բիզնես՝ ավելի խորը ուշադրություն դարձնելով հաճախորդի կարիքների վրա։ Սա նշանակում է՝ մեր հաճախորդները ստանում են ոչ միայն տեխնոլոգիական լուծում, այլ նաեւ բիզնես գործընթացների վերանայում, խորհրդատվություն եւ շարունակական զարգացում։ Մեր նպատակն է դառնալ ամբողջ բիզնես-կյանքի գործընկեր, ոչ թե հերթական մատակարար։

- Երբ երկու տարի առաջ «Լինկ»-ն ու «Ռեսալ Սոֆտը» միավորվեցին։ Ի՞նչն էր ամենաբարդը այդ պրոցեսում։

- Ամենաբարդը մարդկային գործոնն էր։ «Ռեսալ Սոֆտը» եւ «Լինկ»-ը տարբերվում էին ոչ միայն պրոդուկտներով, այլ՝ մշակույթով, աշխատանքի մոտեցմամբ, որոշումների ընդունման տեմպով։ Սկզբում շատ բան թվում էր, թե հնարավոր չէ համադրել, բայց ժամանակի ընթացքում հասկացանք, որ հենց այդ տարբերությունն է մեր ուժը։

Որոշ կադրային փոփոխություններ նույնպես անխուսափելի էին։ Ցավով, բայց նաեւ ազնվորեն պետք է նշենք՝ մի մասը չկարողացավ ադապտացվել նոր համակարգին։

Արտակ Գեւորգյանը

Մենք գնահատում ենք բոլոր նախկին գործընկերների ներդրումը, բայց հավատում ենք՝ երկարաժամկետ համագործակցությունը հնարավոր է միայն, երբ կան ընդհանուր արժեքներ։ Այսօր ունենք ավելի համահունչ, երիտասարդ թիմ, ավելի պարզ եւ նպատակներին միտված կառուցվածք։ Միաձուլումը մեզ սովորեցրեց՝ ցանկացած ինտեգրում սկսվում է մշակույթից, ոչ թե պրոդուկտից։

- Ո՞րն է ամենաբարդ փուլը տեխնոլոգիական ընկերություն զարգացնելիս։

- Ամենադժվարը եղել է ոչ թե տեխնոլոգիան կամ թիմ ձեւավորելը, այլ՝ վստահություն շահելը։ Ծրագրային ապահովումների ոլորտում գործընկեր ընտրելը բժիշկ ընտրելու պես մի բան է։ Դու գնում ես նրա մոտ, ում վստահում ես։ Հատկապես այն ընկերությունները, որոնք մինչ մեզ աշխատում էին «թուղթ ու գրիչի» մեթոդով կամ Excel-ով, շատ դժվարությամբ են ընդունում եւ անցնում թվայնացված լուծումների։ 28 տարվա ընթացքում «Լինկ»-ն աշխատել է ավելի քան 2200 գործընկերոջ հետ՝ այդ ընթացքում ձեւավորելով վստահելի գործընկերոջ համբավ։

- Որպես ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ ի՞նչ հիմնախնդիրներ եք տեսնում հայկական բիզնես միջավայրում։

- Մեր ոլորտում երեք հիմնական խնդիր ենք տեսնում, որոնք խոչընդոտում է առաջին հերթին բիզնեսների արագ աճին։ Առաջինը կրթության պակասն է բիզնեսների ղեկավարների մոտ։ Առանց ֆինանսների եւ նոր տեխնոլոգիաների մասին հիմնավոր գիտելիքների շատ առաջ չես գնա այսօրվա աշխարհում։ Երկրորդ խնդիրը մեր ոլորտում որակյալ ծառայություն մատուցողների դեֆիցիտն է։ Ցավալի է, բայց մեր գործընկերների մեծ մասի մոտ այս բլոկը խիստ կաղում է։ Ակտիվ աշխատում ենք մեր ծառայությունների որակը բարելավելու վրա եւ արդեն լուրջ առաջընթաց ունենք։ Երրորդ խնդիրը, կարծում եմ, կայուն եւ թարմացվող ծրագրային ապահովումների դեֆիցիտն է։ Կան լուծումներ, որոնք կայուն կարելի է համարել, բայց դրանք չեն հասցնում տեխնոլոգիաների եւ բիզնեսի պահանջների հետեւից։ Ավելի արագ զարգացող ու թարմացվող ծրագրերն էլ հաճախ հեռու են կայուն համարվելուց։

- Ինչպե՞ս եք Դուք լուծում այս խնդիրները։

- Մենք երեք ուղղությամբ էլ աշխատում ենք։ Առաջին հերթին ակտիվ աշխատում ենք կրթական հարթակի ստեղծման վրա, որը ֆինանսական եւ տեխնոլոգիական կրթություն կառաջարկի մասնագետներին, սկսնակներին եւ բիզնեսմեններին։ Արդեն ունենք մեկնարկած դասընթացներ ու առաջին հաջողությունները։


Ծառայությունների որակի բարելավման նպատակով ներդրել ենք ներքին կառավարման համակարգ, ստանդարտացրել ենք պրոցեսները եւ գործընկերների հետ հաղորդակցումը։ Դե իսկ պրոդուկտների մասով աշխատում ենք միայն ժամանակով ապացուցված եւ արդյունավետ ծրագրային ապահովումների հենքի վրա։ Կարծում եմ, որ մեզ հաջողվել է ընտրել հենց այն ծրագրերը, որոնք կայուն են եւ մշտապես թարմացվող։ Մենք նպատակ ունենք նաեւ պակասեցնել առաջարկվող ծրագրային ապահովումների քանակը, որպեսզի ամեն մեկի վրա ավելի շատ կենտրոնանանք։

- Ի՞նչ մեծ սխալներ եք տեսել բիզնեսներում, երբ խոսքը գնում է թվայնացման մասին։

- Ամենամեծ սխալը թվայնացումն ընդունելն է որպես արտաքին լուծում, ոչ թե ներքին փոփոխության գործիք։ Շատերը մտածում են՝ «գնի՛ր ծրագիրը, ինքը կաշխատի»։ Բայց իրականում՝ եթե ծրագիրը չես կիրառում համակարգված, հստակ պատասխանատվության բաշխումով եւ հետեւողականորեն, ապա լուրջ խնդիրներն անխուսափելի են։ Ինչպես մենք ենք սիրում ասել՝ «Երբ ավտոմատացնում ես քաոսը, ստանում ես ավտոմատացված քաոս»։

Արտակ Գեւորգյանն ու Արթուր Մանուկյանը

Մյուս սխալը բիզնեսի սեփականատերերի ոչ բավարար ներգրավվածությունն է թվայնացման եւ ավտոմատացման պրոցեսներին։ Դրա պատճառը հաճախ ուղղակի գիտելիքի պակասն է։ Բայց հարյուրավոր դեպքեր ենք տեսել, երբ առանց սեփականատիրոջ մասնակցության ներդրվող ծրագիրը դարձել է կիսատ-պռատ աշխատող գործիք, որից հավաստի ինֆորմացիա ստանալ հնարավոր չէ։

- Ձեր ոլորտն ակտիվ զարգանում է Հայաստանում։ Շատ հայկական ստարտափներ սեփական պրոդուկտներն են թողարկում։ Որտե՞ղ է «Լինկ»-ն իր տեղը տեսնում։

- Մեր ամենամեծ առավելությունը, երեւի, այն է, որ կարողանում ենք միավորել տեխնոլոգիան ու բիզնեսի ռեալ կարիքը։ Շատ տեխնոլոգիական ընկերություններ կենտրոնանում են գործիքի վրա՝ լավ ERP, CRM կամ այլ համակարգ, բայց մոռանում են, որ այս ամենը գործիք է կոնկրետ մարդկանց խնդիրները լուծելու համար։ Մյուս կողմից՝ կան խորհրդատվական ընկերություններ, որոնք լավ են վերլուծում խնդիրները, բայց չունեն գործիքները՝ դրանք լուծելու համար։ «Լինկ»-ը միավորում է երկուսը։

- Խոսենք այն մասին, թե ինչ ասել է «ֆինտեխ» ընկերություն եւ ինչո՞ւ է «Լինկ»-ն իրեն դիրքավորում այդ նիշայում։

- Մի կողմից մենք տեխնոլոգիական ընկերություն ենք, որը մշակում է բիզնեսի թվայնացման եւ ավտոմատացման պրոդուկտներ, մյուս կողմից՝ խորհրդատվական ընկերություն ենք՝ մասնագիտացված հաշվապահական, ֆինանսական եւ բիզնես ուղղություններում։ Այս երկուսի համատեղման արդյունքում մենք խոսում ենք միաժամանակ մի քանի լեզվով՝ տեխնոլոգիայի, բիզնեսի եւ ֆինանսների։

- «Լինկ»-ը 27 տարվա պատմություն ունի, դուք հաճախ օգտագործում եք «նոր Լինկ» արտահայտությունը։ Ի՞նչ եք հասկանում «նոր» ասելով։

- «Նոր Լինկ»-ը պարզապես ռեբրենդինգ կամ նոր լոգո չէ։ Դա մշակույթի, մտածողության եւ բիզնես մոդելի ամբողջական վերաիմաստավորում է։ Մենք անցել ենք բարդ, բայց անհրաժեշտ փուլ՝ վերանայել ենք մեր արժեքները, ձեւավորել նոր թիմային միջավայր, հստակեցրել, թե ում ենք ուզում ծառայել եւ ինչ ձեւաչափով։ Սա էլ հենց «նոր Լինկ»-ն է՝ ավելի խորը, բայց պարզ, ավելի պատասխանատու, բայց ճկուն։ Նախկինում մենք հաճախ տրվել ենք շուկայի ճնշումներին՝ փորձելով առաջնորդվել «ամեն ինչ բոլորի համար» սկզբունքով։ Այսօր մենք գիտենք՝ ում ենք օգնում, ինչ ենք առաջարկում ու ինչով ենք տարբերվում։ «Նոր Լինկ»-ն ավելի երիտասարդ է, դինամիկ եւ առաջադեմ։

- Ինչպիսի՞ն եք տեսնում ֆինտեխ ոլորտը Հայաստանում առաջիկա 5 տարիներին։

- Մենք վստահ ենք, որ առաջիկա տարիները ֆինտեխի եւ բիզնեսի ավտոմատացման իրական բում կբերեն Հայաստանում։ Մինչեւ հիմա թվայնացումն ու ավտոմատացումը հիմնականում դիտվել է որպես «լավ է ունենալ» մոտեցում։ Բայց մրցակցությունը սրվում է, թվայնացումը դառնում է բիզնեսի գոյատեւման պայման։

Արտակ Գեւորգյանը

Հարցը միայն նրանում է, թե որ ընկերություններն ավելի արագ կգիտակցեն այս փոփոխությունները եւ կարձագանքեն դրանց։ Մենք արդեն տեսնում ենք այս միտումը. Մեզ շատ են դիմում մեծ, փորձառու ընկերություններ, որոնք ցանկանում ենք վերակազմակերպել իրենց պրոցեսները, հաշվառման տրամաբանությունն ու ֆինանսների կառավարման սկզբունքները։ Դա հաճախ պայմանավորված է լինում օնլայն առեւտրի, օրենքի նորագույն պահանջների անհրաժեշտությամբ, կամ մրցակիցների կողմից նոր տեխնոլոգիական լուծումների ներդրմամբ։

Անի Խչոյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Դիտում՝ 2170
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW