Նարինե Երիցյանը մի քանի ամիս է, ինչ զբաղեցնում է Հայաստանում մսամթերքի արտադրության ոլորտում առաջատար «Աթենք» ընկերության երշիկի արտադրության տնօրենի պաշտոնը։ Նարինեի հետ խոսել ենք աշխատանքի եւ ընտանիքի միջեւ հավասարակշռություն պահելու, մսամթերքի արտադրության ոլորտում նորարարությունների, նաեւ` կին ղեկավար լինելու փորձի մասին։- 2013 թվականին «Աթենք»-ում աշխատանքի ընդունվելիս կպատկերացնեի՞ք, որ մի օր կզբաղեցնեք ընկերության կարեւոր օղակներից մեկի՝ երշիկի արտադրության տնօրենի պաշտոնը: - Չնայած որ մասնագիտությամբ սննդի տեխնոլոգ եմ, ի սկզբանե այլ բնույթի աշխատանքի համար էի դիմել, սակայն ստացվեց այնպես, որ հայտնվեցի արտադրությունում, իսկ այսօր արդեն աշխատում եմ որպես երշիկի արտադրության տնօրեն։ Եթե հակիրճ ասեմ՝ այդ պաշտոնը զբաղեցնելը պատասխանատվություն է։ Հաջողելու համար պետք է ունենալ բարձր մասնագիտական որակավորում, առաջնորդական ձիրք, որոշումներ կայացնելու, խնդիրներ լուծելու եւ կառավարչական հմտություններ ունեցող ղեկավարներից բաղկացած թիմ։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք ունենք այդ թիմը։- Ինչպե՞ս եք կարողանում աշխատանքը կազմակերպել այնպես, որ ոչ թե ղեկավար-աշխատող հարաբերություններ լինեն, այլ՝ թիմային աշխատանք։- Այս հարցում հաջողության հասնելու լավագույն հիմքն անկեղծությունն է։ Եթե անկեղծ ես թիմի հետ եւ հնարավորություն ես տալիս լսելի լինել, այդ կապն ինքնաբերաբար ստեղծվում է։ Մենք այդ պրակտիկան սովորել ենք մեր հիմնադիր պարոն Ադամյանից, եւ դա «Աթենք»-ի մշակույթի մի մասն է դարձել: Դրա շնորհիվ է, որ «Աթենք»-ում սիրում են աշխատանքով հետաքրքրված եւ դրանից հաճույք ստացող մարդկանց, որոնք ազնիվ եւ նվիրված են:- Ի՞նչ է անում «Աթենք»-ը սպառողների պահանջները մրցունակ արտադրանքով բավարարելու համար:- Մրցունակ արտադրանքի առանցքային հատկանիշներն են բարձր եւ կայուն որակը, յուրահատուկ համը, ինչպես նաեւ արտադրության գործընթացում նորարարական մոտեցումները։ Այս ամենն ապահովում է արտադրական եւ տեխնոլոգիական փորձառու թիմը։ Միաժամանակ, արտադրության բոլոր փուլերում գործում է որակի վերահսկողության համակարգ։ Վերջնական արտադրանքը սպառողին է ներկայացվում միայն լաբորատոր ստուգում անցնելուց հետո։Մեր գործարանը հագեցած է եւ շարունակաբար համալրվում է եվրոպական առաջատար ընկերությունների սարքավորումներով, որոնց միջոցով մեր մասնագետներն ապահովում են բարձրորակ արտադրանք։Տարիների աշխատանքի ընթացքում «Աթենք»-ը ձեռք է բերել վստահելի արտադրողի համբավ, ինչը պահելը յուրաքանչյուր աթենքցու ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքն է։- Ո՞րն է վերջին նորարարությունը մսամթերքի արտադրության ոլորտում, որի մասին կարող եք պատմել։- Մեր վերջին նորույթը Atenk Prime պրեմիում շարքն է։ Մսային սեթի գաղափարը նորամուծություն է Հայաստանում։ Այդպիսով հյուր գնալու նոր մշակույթ ենք առաջարկում մարդկանց։ Հաճախորդների արձագանքից հասկացանք, որ նմանատիպ ապրանքի կարիք կար։ Սեթում ներառված են իսպանական, իտալական դասական հում ապխտած եւ հում չորացրած ուտեստներ։ Շուտով սպառողին կներկայացվի գրիլ նրբերշիկների միանգամից 4 տեսակ։ - Որո՞նք են ընկերության առաջիկա արտադրական նպատակները։- Այս պահին մեզ մոտ գերհզոր գործարանի կառուցման աշխատանքներ են իրականացվում, որի շահագործումը նախատեսում ենք 2025 թվականին։ Գործարանի շահագործման հետ մեկտեղ, բնականաբար, մեծանալու են արտադրական հզորությունները եւ ծավալները, ինչը հնարավորություն կտա ավելացնել նոր արտադրատեսակներ եւ պահպանել ոլորտի առաջատարի դիրքը։ Գետամեջի գործարան․Աթենք Լուսանկարը՝ «Աթենք» Նոր գործարան տեղափոխվելու գործընթացում մեր բոլոր ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը գրեթե կրկնակի աճելու է, ուստի մոտակա մեկ տարին մեզ մոտ ներքին փոփոխությունների եւ ադապտացիայի շրջան կլինի, ինչը էներգիայի եւ ռեսուրսների կենտրոնացում է պահանջելու: Վստահ եմ, որ պատվով կհաղթահարենք այս մարտահրավերներով լի, բայց միաժամանակ հետաքրքիր շրջանը։- Մեծ ընկերությունների կողքին գրեթե միշտ մեծ հաջողություններ են քայլում, բայց լինում են նաեւ դժվարություններ։ Ինչպե՞ս եք հաղթահարում դրանք։- Փորձը ցույց է տվել, որ դժվարություններն առաջանում են հիմնականում այն դեպքերում, երբ անհատը կամ ընկերությունն արագ չի արձագանքում փոփոխություններին։ Մենք գիտենք, որ դժվարությունների հաղթահարման համար պետք է ճկուն լինել եւ ամուր հիմքեր ունենալ, ուստի հենվում ենք ընկերության ուժեղ կողմի վրա, իսկ «Աթենք»-ի ուժեղ կողմը մարդիկ են։ - Ինչպե՞ս եք համատեղում աշխատանքն ու ընտանիքը։- Այս հարցում ինձ շատ են օգնել մեր հիմնադիր Պետրոս Ադամյանի խորհուրդները։ Գուցե զարմանալի հնչի, սակայն առաջին անգամ էի տեսնում կազմակերպություն, որի հիմնադիրը աշխատակցին խորհուրդ է տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ եւ փորձել աշխատանքային առօրյան տուն չտանել։ Կարծում եմ, կյանքը լիարժեք է, երբ կարողանում ես հավասարակշռություն պահել ընտանիքի եւ աշխատանքի միջեւ։ Tweet Դիտում՝ 25165