Աշխարհում տարածված համավարակի արդյունքում մեր երկրում շուրջ 2 ամիս հայտարարված արտակարգ դրության պայմաններում եղել են կազմակերպություններ, որոնք, չնայած դժվարություններին` ելնելով իրենց գործունեության առանձնահատկությունից, աշխատել եւ նույնիսկ նախաձեռնել են համարձակ ծրագրեր: Մսամթերք արտադրող հայաստանյան «Աթենք» ընկերությունը դրանցից մեկն է:Ճգնաժամային իրավիճակում կառավարման գործունեության արդյունավետության ապահովման եւ թիմին մոտիվացնելու գործում մեծ է ղեկավարի անձի դերը:Կյանքի տարբեր փուլերում արդյունավետ որոշումների կայացման եւ ճգնաժամը որպես հնարավորություն օգտագործելու մասին զրուցել ենք «Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանի հետ:- Պարո՛ն Ադամյան, «Աթենք»-ն այն եզակի ընկերություններից է, որ համավարակի տարածումից եւ արտակարգ դրություն հայտարարվելուց հետո էլ շարունակեց արտադրական գործընթացը: Բացի այդ՝ հանդես եկաք նաեւ աջակցության ծրագրերով: Խոսենք այս պայմաններում Ձեր գործունեության եւ սահմանված առաջնահերթությունների մասին: - Երկրի, պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարումն ավելի դյուրին է դառնում միասնական պայքարի եւ համախմբվածության շնորհիվ: Սա գիտակցելով, այո´, չենք դադարեցրել մեր արտադրամասերի գործունեությունը եւ, իհարկե, աշխատանքները կազմակերպվել են սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին ու նորմերին համապատասխան: Այս պայմաններում ոչ միայն չդադարեցրեցինք մեր գործունեությունը, այլեւ շարունակեցինք ներկայանալ համարձակ նախագծերով:Հպարտությամբ ուզում եմ նշել, որ մարտի 15-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բացեցինք «Աթենք» ընկերության 2-րդ ֆիրմային խանութը եւ արդեն որոշված է երրորդ խանութի վայրը: Սպառման ծավալները ցույց են տալիս, որ հայկական արտադրության մսամթերքը պահանջված է մեր հարեւան երկրում: Լուսանկարը՝ «Աթենք» Մեր քաղաքացիների անվտանգությունն ու գնումներ կատարելու հարմարավետությունն ապահովելու համար սեղմ ժամկետներում գործարկեցինք «Աթենք»-ի ֆիրմային առցանց խանութը, որը հնարավորություն է տալիս առանց տանից դուրս գալու, արագ ձեռք բերել թարմ մսամթերք։Աջակցության ծրագրերին մասնակից լինելու մասին երկար խոսել չէի ցանկանա. այս դժվարին օրերին յուրաքանչյուրս պարտավոր ենք աջակցել ու օգնել ուժերի ներածին չափով՝ միանալով մեկուսացված քաղաքացիներին սննդով ապահովելու ծրագրին: Մեզ համար սկզբունքային էր տարեցների նկատմամբ մեր խորը հարգանքն ու հոգատարությունն ինչ-որ կերպ արտահայտելը, այդ պատճառով «Եղե´ք առողջ» մակագրությամբ մսամթերքի փաթեթները հատուկ իրենց համար էինք պատրաստել, ուզում էինք, որ այդ փոքր օգնության միջոցով մեր ամենակարեւոր մաղթանքն ու ցանկությունը տեղ հասներ, եւ իմանային, որ մենք իրենց կողքին ենք: Ինքս առանձնահատուկ վերաբերմունք ունեմ տարեցների նկատմամբ. մեծացել եմ հայկական ավանդական ընտանիքում, որտեղ մեծի հանդեպ հարգանքն ու հոգատարությունը եղել են առաջին տեղում: Այդ արժեքները փորձել եմ սերմանել նաեւ երեխաներիս մեջ: Նրանք տեսնում են իմ եւ ծնողներիս հարաբերությունները: Չնայած նրան, որ հայրս ու մայրս մեզնից առանձին են ապրում, բայց մինչեւ հիմա էլ ընդմիջման ժամին ես գնում եմ նրանց տուն՝ մորս ձեռքերով պատրաստածը համտեսելու եւ միասին ճաշելու համար: Հաճախ ենք ամբողջ ընտանիքով հավաքվում ընթրիքի սեղանի շուրջ: Ծնողներս էլ հազվադեպ են մենակ մնում, որովհետեւ թոռներից առնվազն մեկը միշտ նրանց տանն է:- Ինչպես նշեցիք, մեծացել եք հայկական ավանդական ընտանիքում: Կպատմե՞ք Ձեր ընտանիքից, մանկությունից: - Ծնվել, մեծացել եմ ուսուցիչների ընտանիքում: Երեք որդիներից միջնեկն եմ: Մանկությանս տարիների իմ ամենաջերմ հիշողություններն են աղմկոտ բակերում երեկոյան խաղերը, պապենական գյուղում անցկացրած ամառային արձակուրդները եւ ընտանեկան ուրախ հավաքույթները: Շատ էի սիրում կարդալ: Տանը մեծ գրադարան ունեինք, իսկ ընթերցանության եւ գրքերի նկատմամբ ունեցած սերը ծնողներիս շնորհիվ եմ ձեռք բերել։ Արկածային գրականության սիրահար էի, կարդում էի ու մտածում մարդու անսահման հնարավորությունների, մեծ երեւակայության, շրջապատող աշխարհի, արտաքին միջավայրի հետ մարդկության հարաբերությունների մասին: Խորհում էի, եւ ինչպես գրքերում, այնպես էլ դրանցից դուրս, փորձում էի փնտրել շատ հարցերի պատասխաններ: Ինձ թվում էր, որ ապագաս հումանիտար բնագավառում է՝ փիլիսոփայություն, հասարակագիտություն, կառավարում... բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց. ես հայտնվեցի «թվերի աշխարհում»: Պետրոս Ադամյանը Լուսանկարը՝ «Աթենք» Սովորել եմ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում: Հայրս միշտ ասում էր, որ մաթեմատիկան է ամեն ինչի ապագան ու հիմքը: Հետո ավարտել եմ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Ես էլ, եղբայրներս էլ ստացել ենք մաթեմատիկական կրթություն, բայց տարբեր ոլորտներում ենք աշխատում, ունենք տարբեր նախասիրություններ: Ես ավելի շատ ունեմ հումանիտար հակվածություն, մեծ եղբայրս՝ մաթեմատիկական, սիրում է ամեն ինչ հաշվարկել, իսկ կրտսերը միանգամայն այլ բնագավառում է՝ շինարար է: Կարծում եմ, երեքիս տարբեր լինելու, բայց միեւնույն ժամանակ միմյանց շատ լավ հասկանալու արդյունքում է միասին աշխատելը հաջողվել, յուրաքանչյուրս իր տեղում է, եւ անում է այն, ինչ պետք է. մենք միմյանց փոխլրացնում ենք: Իհարկե, ես միանշանակ չեմ ափսոսում կամ զղջում, որ բնագիտական ուղղվածությամբ կրթություն եմ ստացել, որովհետեւ հետագայում դա ինձ շատ է օգնել:- Երբ առաջին անգամ սկսեցիք գործարարությամբ զբաղվել, Հայաստանի համար ճգնաժամային տարիներ էին. կարելի է ասել՝ արդեն ճգնաժամեր հաղթահարելու փորձ ունեք: Խոսենք Պետրոս Ադամյան բիզնեսմենի եւ Ձեր անցած ուղու մասին։ Կա՞ն արդյոք համեմատականներ ներկա ճգնաժամային իրավիճակի հետ:- Այդ ժամանակ բավականին երիտասարդ էի, պատանեկության արկածախնդրությունը չէր մարել: Անընդհատ նորություններ փնտրելու, գտնելու, բացահայտումներ անելու հետքերով 1993 թվականին մեկնեցի Ուկրաինա: Ավագ եղբայրս արդեն այնտեղ էր։ Սկզբում լուրջ բիզնես սկսելու նպատակ չի էլ եղել. երիտասարդ տղաներ էինք, որոշել էինք ինքնուրույն վաստակել եւ ապրել այնպես, ինչպես ուզում ենք (ժպտում է-խմբ.): Ուկրաինայում որոշ ժամանակ առեւտրով ենք զբաղվել. տարբեր ապրանքներ էինք գնում, մի քաղաքից մյուսը տեղափոխում: Մի քանի տարի Ուկրաինայում մնացինք, աշխատում էինք եւ անգամ հասցնում ծնողներիս օգնել: Հետո եղբայրներս Հայաստան վերադարձան, եւ ես մնացի միայնակ: Սա բեկումնային պահ էր ինձ համար. հասկացա, թե ինչ է նշանակում լինել մենակ՝ չունենալով ապրուստի միջոց, հասկացա նաեւ հույսը սեփական ուժերի վրա դնելու կարեւորությունն ու գինը: Ընդամենը 23 տարեկան էի, եւ այդ ժամանակ ինքս իմ մեջ վճռեցի նվիրել ինձ աշխատանքին։ Սկսեցի մտածել եւ գործել բիզնեսմենի պես, փնտրել ճիշտ լուծումներ, սովորել կարեւոր եւ արդյունավետ որոշումներ կայացնել: Շատ նպատակներ ունեի, որոնցից հրաժարվել չէի պատրաստվում, մնում էր միայն գործել: Ինձ համար բանաձեւ գտա. եթե նպատակ ունես ինչ-որ բաների հասնել, ապա պետք է լինես համբերատար, պատրաստ ցանկացած դժվարության, ինքդ քեզ համար դա դարձնես փորձության ինչ-որ տեսակ կամ վերածես այն խաղի եւ հստակ քայլերով առաջ գնաս` այն հաղթահարելու. պետք է զբաղվես նրանով, ինչը սիրում ես, ու պետք է սիրես այն, ինչով զբաղվում ես: Այս բանաձեւով առաջնորդվում եմ մինչ օրս: Այո,ամեն ինչ սկսվում է այն պահից, երբ հույսդ քեզ վրա ես դնում…Հետո կրտսեր եղբորս հետ միասին ուկրաինական խոշոր քաղաքներից մեկում ստեղծեցինք «Հայկական խոհանոց» եւ առաքում կազմակերպեցինք: Բավականաչափ խոշոր բիզնես էր: Ու, թեեւ ապագան այնտեղ ավելի հրապուրիչ էր թվում, սակայն 2003 թվականին կնոջս հետ վերադարձանք Հայաստան: Որոշել էինք լուրջ ներդրումներ անել եւ մեր գործունեության ապագան Հայաստանում էինք պատկերացնում: Հայրենիք գալու մեկ պատճառ էլ ունեի. ամուսնացել, ստեղծել էի իմ ընտանիքն ու արդեն պասում էինք առաջնեկիս: Չէի ուզում, որ նա այլ երկրում ծնվեր եւ մեծանար. այլ հողում դու օտար ես: Լեզվամտածողության, մշակույթների տարբերություններ կան, ու չկան մեզ առաջնորդող կարեւոր ու թանկ ավանդույթներն ու արժեքները… Հայրենիք վերադառնալուց հետո ես եւ եղբայրներս արդեն ունեինք բավականին փորձ, գիտելիքներ, կապեր եւ որ ամենակարեւորն է՝ գործելու, նորը ստեղծելու ցանկություն: Հիմնեցինք «Ադամիում» ընկերությունը եւ սկսեցինք Հայաստան ներմուծել տարբեր հայտնի ապրանքանիշեր՝ «Sandora», «Садочок», «Хортица», «Царская», «Зеленая марка» ՝ դառնալով Հայաստանում դրանց պաշտոնական ներկայացուցիչը: Կարճ ժամանակում մեծ հաջողություններ գրանցեցինք: Արդեն մտածում էինք նոր նախագծեր ձեռնարկելու մասին եւ մեր մտքում առաջինը հայրենական արտադրության պատմություն կերտելն էր: Գիտակցում էինք, որ վաճառք իրականացնելուց հետո արտադրություն սկսելը բարդ եւ պատասխանատու քայլ էր, բայց որոշեցինք ռիսկի դիմել...2009 թվականին ձեռք բերեցինք «Աթենք» ընկերությունը, եւ մեր գործունեության համար սկսվեց նոր շրջափուլ: Շատ բան հիմնովին փոխեցինք․գործարանը համալրեցինք եվրոպական ստանդարտներին համապատասխան սարքավորումներով, վերազինեցինք անհրաժեշտ տեխնիկայով եւ աստիճանաբար ավելացրեցինք արտադրական հզորությունները: Ինքս բավականին գրքեր կարդացի արտադրության եւ արտադրական տեխնոլոգիաների վերաբերյալ, հիմնական ժամանակս անցկացնում էի արտադրությունում՝ անձամբ վերահսկելով արտադրական բոլոր գործընթացները։ Ի վերջո, նաեւ պատվի հարց էր. Հայաստանում մսամթերքի արտադրության մշակույթի հիմք էր դրվում եւ ձեւավորվում էին նոր մոտեցումներ: Այսօր, երբ հետ եմ նայում, վերհիշում եմ եւ ուրախություն ապրում, որ ճիշտ որոշումների արդյունքում կարողացել ենք խուսափել լուրջ կորուստներից, շարունակել ենք պայքարել՝ ավելի զարգացնելով եւ խթանելով արտադրությունը։ «Աթենք» ընկերության մեծ թիմի հետ միասին հաստատուն քայլերով գնում ենք դեպի զարգացում՝ նպատակ ունենալով մեր տեղական արտադրանքը ճանաչելի դարձնել նաեւ միջազգային շուկայում: Հպարտությամբ ուզում եմ նշել, որ մսամթերքի արտադրության ամենախոշոր ձեռնարկությունն ենք Հայաստանում, տարիներ շարունակ ՀՀ խոշոր 100 հարկատուների ցանկում ենք: Ունենք 600-ից ավելի աշխատակից։ Այսօր արդեն ունենք մսամթերքի մեկ տասնյակից ավել մասնագիտացված ֆիրմային խանութ, եւ դեռ շարունակում ենք ընդլայնվել:Պատրաստ ենք եւ մեծ ցանկություն ունենք մեր անցած ուղին, կուտակած փորձն ու հմտությունները փոխանցել երիտասարդ սերնդին՝ օգնելով կերտել իրենց ապագան, ստեղծել պայմաններ հայրենիքում մնալու, արարելու, մեր երկիրը զարգացնելու համար։ Մենք ունենք շատ տաղանդավոր, խելացի, նպատակասլաց, ստեղծարար եւ ճկուն երիտասարդություն: Ինքս հինգ երեխայի հայր եմ եւ տեսնում եմ այդ հատկանիշները նաեւ նրանց մեջ, ինչն ինձ ոգեւորում է. հասկանում եմ, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է։- Իսկ ինչպիսի՞ն է հինգ զավակ ունեցող Պետրոս Ադամյանը որպես հայր. ինչպե՞ս եք համատեղում աշխատանքն ու ընտանիքը: Հասցնու՞մ եք բավականաչափ ժամանակ տրամադրել ընտանիքին, երեխաներին:- Նախկինում չէի հասցնում, հիմա արդեն փորձում եմ պահել ներդաշնակությունն ու հավասարակշռությունը, ինչն ամենաբարդն է, որովհետեւ կշեռքի նժարներին դրված երկու արժեքներ էլ կարեւոր են՝ եւ´ ընտանիքը, եւ´ աշխատանքը: Ծանրաբեռնված աշխատանքի, անընդհատ շարժման մեջ լինելու պատճառով հաճախ մենք չենք կարողանում պարզապես ապրել: Մենք չենք կարողանում հասկանալ մեր առաջնահերթությունները, ամենօրյա զբաղվածության քաոսում հաճախ մոռանում ենք ընտանիքի, ընկերների հետ ժամանակ անցկացնելու անհրաժեշտության մասին: Հիմա ես գիտակցում եմ այս ամենը, դրա համար կյանքում ամենագլխավորը համարում եմ հենց ապրելը:Որպես հայր փորձում եմ չսահմանափակել երեխաներիս, ուզում եմ ազատ լինեն, գիտակցեն, որ ունեն ընտրելու հնարավորություն եւ պետք է պատասխանատվություն կրեն իրենց ընտրության համար: Շատ կարեւոր է իրենց համար լավ օրինակ լինելը: Փորձում եմ իմ օրինակով երեխաներիս սովորեցնել գնահատել իրական արժեքները, ունենալ կյանքի հանդեպ սեր, նպատակասլացություն, պայքարելու ձգտում, միմյանց աջակից լինելու եւ հոգսը կիսելու ունակություն, պատրաստ լինել կյանքի տարբեր փուլերում կայացնել կարեւոր որոշումներ եւ այդ որոշումների հետ լինել ներդաշնակ: - Պարոն Ադամյան, ինքներդ երիտասարդ եք եղել, երբ որոշիչ քայլեր եք արել եւ սկսել գործարարությամբ զբաղվել: Վերլուծելով Ձեր անցած ուղին, փորձն ու գիտելիքները՝ ի՞նչ խորհուրդներ կտաք մեր երիտասարդ սերնդին:- Շատ կցանկանայի, որ մեր երիտասարդությունը երբեք չդադարի լինել փնտրող, ձգտող, համարձակ եւ, իհարկե, երբեմն ռիսկի դիմի եւ իր ամբողջ ներուժն ուղղի դեպի ինքնաճանաչողություն:Իսկ դա հնարավոր է, երբ հույսդ դնում ես քո վրա, երբ ապավինում ես սեփական ուժերիդ: Այդ ժամանակ է, որ նպատակիդ առջեւ հայտնվելով դեմ դիմաց՝ փնտրում ես լուծումներ, հասկանում քո ուժեղ եւ թույլ կողմերը, զգում ես նոր գիտելիքների ձեռք բերման անհրաժեշտությունը ու չես վախենում ռիսկի դիմելուց, սխալվելուց, հասկանում ես, որ դրանք ծնում են նոր հնարավորություններ:Մենք պետք է սովորենք ապրել նոր իրականությունում: Բոլորս արդեն աստիճանաբար անցնում ենք բնականոն կյանքի՝ ամեն պահի պատրաստ ճգնաժամի, շրջադարձային փոփոխությունների եւ անսպասելի զարգացումների՝ հասկանալով, որ մեզանից եւ ոչ մեկը երաշխավորված եւ պաշտպանված չէ դրանց հետեւանքներից: - Պարոն Ադամյան, ըստ Ձեզ ճգնաժամը փորձություն է, թե՞ հնարավորություն :- Հաջողության են հասնում այն ընկերությունները, որոնք ճկուն են եւ արագ փոփոխվող: Երբեմն պետք է լինում հրաժարվել փորձված, երկար տարիներ իրենց արդարացրած եւ արդյունավետ բիզնես մոտեցումներից: Պետք չէ վախենալ ճգնաժամերից, պետք է պատրաստ լինել կտրուկ փոփոխությունների, նույնիսկ, եթե անհրաժեշտ լինի հիմնահատակ քանդել հինը՝ նորն ավելի ամուր հիմքերի վրա կառուցելու համար: Եթե ոչ ճգնաժամային իրավիճակում մենք մեզ կարող էինք թույլ տալ չշտապել, վարանել, հետաձգել որոշումները, ապա ճգնաժամը ստիպում է կողմնորոշվել եւ գործել արագ։Յուրաքանչյուր ճգնաժամ նոր մարտահրավեր եւ նոր հնարավորություն է։ Tweet Դիտում՝ 19679