Մսամթերք արտադրող հայկական «Աթենք» ընկերությունն արդեն 30 տարեկան է։ Ընկերության ղեկավար Պետրոս Ադամյանի հետ ամփոփել ենք 30 տարիները, զրուցել ազգային բրենդ ղեկավարելու, ոլորտում նոր մշակույթ բերելու, նոր կառուցվող գործարանի եւ այլ կարեւոր թեմաների մասին։ - Ճանապարհորդենք 30-ամյա «Աթենքի» պատմության էջերով. եթե «Աթենքը» բաժանենք շրջափուլերի, ապա որ շրջափուլն ինչպե՞ս կանվանեք։ - «Աթենքը» զարգացման հետաքրքիր ճանապարհ է անցել, եւ ընկերության զարգացման հետ միասին աճել ու կատարելագործվել ենք մենք, մեր ամբողջ թիմը, նաեւ ես՝ որպես ղեկավար։ Մինչեւ «Աթենքը», երեք եղբայրներով «Ադամիում» ընկերությունն էինք հիմնել, Հայաստան էինք ներմուծում հայտնի ապրանքանիշերի արտադրանքը։ Կարճ ժամանակում մեծ հաջողություններ գրանցեցինք, նոր նախագծեր ձեռնարկելու մասին էինք մտածում։ Մեզ համար արդեն առաջնային էր հայրենական արտադրության պատմություն կերտելն ու դրա մի մասը դառնալը։ 2009 թվականին ձեռք բերեցինք «Աթենք» ընկերությունը, եւ մեր գործունեության համար նոր շրջափուլ սկսվեց։ Մեզ համար առաջին ու բարդագույն փուլերից մեկը հենց այդ ժամանակաշրջանն է եղել։ Այդ փուլում հասկացանք, որ վաճառքից արտադրություն ճանապարհը հեշտ չի լինելու, եւ սկսեցինք լրջորեն աշխատել արտադրական ամբողջ պրոցեսի ուղղությամբ։ Միջազգային լավագույն փորձն ուսումնասիրեցինք, եվրոպական առաջատար գործարաններում եղանք, տեսանք՝ ինչպես են աշխատում, ինչ մոտեցումներով, անձամբ մասնագիտական բազմաթիվ գրքեր կարդացի։ Փորձում էինք հասկանալ՝ ինչպես կարող ենք առավելագույն բարձր մակարդակի հասցնել արտադրությունը։ Նոր, մասնագիտացած սարքավորումներ ու տեխնոլոգիաներ ձեռք բերեցինք, աշխատեցինք գործարանի հագեցվածության, աշխատակազմի վերապատրաստման վրա։ Հաջորդ փուլը կանվանեի «Աթենքի» կառավարման նոր համակարգի ներդրման փուլ։ Որպեսզի պատկերացնեք, թե այդ տարիներին ինչպես էին աշխատում նման ընկերությունները, ընդամենը ներկայացնեմ այն, ինչ առկա էր. կար մեկ արտադրամաս, մեկ պատասխանատու եւ արտադրամասի բոլոր աշխատակիցները ենթարկվում էին այդ պատասխանատուին՝ իրականացնելով այն աշխատանքները, որոնց կարիքը կար այդ պահին։ Բայց վաճառքի ու արտադրության ծավալների աճին զուգահեռ հասկացանք, որ պետք է գործել համակարգային, քանի որ քաոտիկ միջավայրն արդեն չէր կարողանում սպասարկել վաճառքի ծավալները։ Մենք արտադրությունը բաժանեցինք տեղամասերի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր պատասխանատուն եւ իր հստակ գործառույթները։ Տեղամասերի հստակ եւ շղթայաձեւ աշխատանքի շնորհիվ ստացանք համակարգ, որն արդեն պատրաստ էր ավելի մեծ ծավալներ սպասարկելու։ Ունեցել ենք փուլ, երբ մեր կոմերցիոն համակարգում ենք փոփոխություններ կատարել, որովհետեւ անհրաժեշտ էր համաչափ իրականացնել արտադրությունն ու վաճառքը, որպեսզի մեկը մյուսի պատճառով չտուժեր։ Թվում է՝ այս ամենն ինքնին բնական փուլեր ու գործընթացներ են, օրինակ՝ արտերկրի խոշոր ընկերությունների համար, բայց Հայաստանում մսամթերքի արտադրության շուկայում միանգամայն այլ պատկեր էր։ Գիտե՞ք, թե ինչպես էր իրականացվում արտադրանքի բաշխումն այդ ժամանակ. մի քանի մեքենաներ անկանոն ձեւով տարբեր վաճառակետեր էին տանում արտադրանքը, եւ նրանց միակ խնդիրը արտադրանքը սպառելն էր։ Մենք ամբողջական ցանց ու համակարգ ներդրեցինք։ Արդեն երկար տարիներ իրականացնում ենք վաճառակետերի սպասարկում նախնական պատվերի հիման վրա։ Կան շատ վաճառակետեր, որոնք ամեն օր ստանում են թարմ մսամթերք, եւ սա փոփոխությունների մի մասն է միայն, որն իրականացրել ենք։ Լուսանկարը՝ «Աթենք» «Աթենքի» հետ ճանապարհը սկսել ենք 40-45 աշխատակցով, ունեինք ընդամենը առաքման 5-6 մեքենա։ Այսօր առաքումն իրականացվում է 100-ից ավելի մեքենաներով, միայն վաճառքի բաժինը 250 աշխատակից ունի, ամբողջ թիմը 900 հոգուց է բաղկացած, ունենք 28 ֆիրմային խանութ Հայաստանում, 4-ը՝ Վրաստանում։ Ի դեպ, Վրաստանում մեր արտադրանքը մեծ պահանջարկ ունի, ու հաճախորդները մեծամասամբ վրացիներն են։ Հայաստանյան մսամթերքի արտահանման ոլորտն ինքնին շատ զարգացած չէ, սակայն ունի դրա մեծ ներուժը։ Բայց անգամ այդ պայմաններում մենք ոլորտի արտահանման շուկայում մեծ մաս ենք կազմում՝ ավելի քան 35 տոկոս։ - Կարելի է՞ ասել, որ «Աթենքը» մսամթերքի արտադրության ոլորտում նոր մշակույթ բերեց։ - Անհամեստություն չթվա, բայց այո։ Շատ ավելի բարդ է, երբ դու առաջատար ես եւ գիտես, որ ինքդ ես հաճախ ոչ միայն քո, այլեւ մյուս ընկերությունների համար սահմանում շատ բարձր նշաձող։ Սա ստիպում է անընդհատ ձգտել կատարելագործման։ Այն ամբողջ համակարգը, որի մասին խոսեցինք, ինքնին նոր մշակույթ էր, հատուկ սառնարանային մեքենաներով առաքում իրականացնելը նոր մշակույթ էր, վաճառակետերի ամենօրյա սպասարկումը, ֆիրմային խանութների գործարկումը եւս նորույթ էին։ Ֆիրմային խանութները միանգամայն այլ կերպ ազդեցին թե՛ ոլորտի եւ թե՛ սպառման մշակույթի վրա։ Ֆիրմային խանութների շնորհիվ մենք հաճախորդներին ավելի լայն տեսականի եւ ընտրության ավելի մեծ հնարավորություն ենք տալիս, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ խորհրդատվություն՝ ինչպես ճիշտ պահպանել մսամթերքը, ինչ պայմաններում եւ այլն։- Ճիշտ է, «Աթենք»-ի ղեկավարումը ստանձնել եք ընկերության հիմնումից քիչ ավելի ուշ, այդուհանդերձ, Դուք արդեն 30-ամյա պատմություն ունեցող ընկերության ղեկավար եք։ Ի՞նչ է նշանակում լինել ազգային բրենդ համարվող ընկերության ղեկավար։ - Երբ զբաղված ես լինում ամենօրյա աշխատանքով, երբ գիտես, որ քո անելիքը նվիրված, պատասխանատու ու համակարգված աշխատանքն է, հաճախ չես էլ նկատում, թե ինչ մեծ ու նշանակալի է այդ ամենը։ Հետո, երբ մի պահ հետհայացք ես գցում, գիտակցում ես, թե ինչ է ստեղծվել ու ստեղծվում այդ ամենօրյա աշխատանքով, եւ արդեն մեծ պատասխանատվության զգացում ես ունենում։ Այս տարիների ընթացքում մի կարեւոր բան եմ հասկացել. երբ ցանկացած խնդրի դեպքում առաջին հերթին մտածում ես սպառողի մասին, ու երբ առաջին պլան են մղվում իր կարիքները, ցանկացած հարց շատ ավելի արագ ու արդյունավետ է լուծվում։ Նաեւ սա է պատասխանատվությունը՝ սպառողի, քո աշխատանքի ու երկրի նկատմամբ։ - Ո՞րն է եղել այն մոտիվացիան կամ շարժիչ ուժը, որը երբեք թույլ չի տվել Ձեզ հանձնվել։ - 30 տարի առաջ նպատակներն այլ էին, հետեւաբար, յուրաքանչյուր փուլում տարբեր է նաեւ մոտիվացիան։ Հանձնվելու մասին, կարելի է ասել, երբեւէ չեմ էլ մտածել։ Դա այլ կերպ կոչվում է սեր ու մեծ հետաքրքրություն դեպի աշխատանքդ։ Ինչ վերաբերում է մոտիվացիաների զարգացման փուլերին, ապա լինում է շրջան, երբ քեզ համար առաջնայինն ընտանիքիդ ու սիրելի մարդկանց բարեկեցությունն ապահովելն է, հետո գալիս է փուլ, երբ պետք է ինչ-որ բան ապացուցես ոչ միայն այլոց, այլեւ առաջին հերթին ինքդ քեզ, ապա հասարակության ու երկրի մակարդակով որեւէ մնայուն արժեք ստեղծելու մոտիվացիան է առաջին պլան մղվում։ Լուսանկարը՝ «Աթենք» Կարեւոր մոտիվացիա է նաեւ մարդկանց հետ պարզ, հասարակ շփումը, որից միշտ ինչ-որ բան սովորում ես։ Վերջում արդեն քո արածից հաճույք ստանալու ու վայելելու փուլն է. գալիս է մի պահ, երբ շահույթն այլեւս մոտիվացիա չէ։ Սրանք գիտակցական տարբեր մակարդակներ են, զարգացման ու ինքնաճանաչման փուլեր, որոնք ես բացահայտել եմ «Աթենքի» շնորհիվ։ «Աթենքն» իմ ինքնազարգացման, ինքնարտահայտման ու ինքնադրսեւորման հիմքն է։ - Փաստացի պատասխանեցիք նաեւ «Ի՞նչ է «Աթենքը» ձեզ համար» հարցին: - (Ծիծաղում է,-խմբ.) Այո, կարծում եմ՝ դա ակնհայտ է, որովհետեւ աշխտանքն է ձեւավորում մարդուն։ «Աթենքն» ինձ օգնել է ձեւավորվել որպես թիմակից, որպես ղեկավար ու պարզապես որպես անհատ։ - Հայտնի ճշմարտություն է, որ ընկերությունների զարգացման հիմքում հենց թիմն է։ Ի՞նչ է անհրաժեշտ լավ թիմ ձեւավորելու եւ այն պահելու համար։- Վստահություն եւ հավատ թիմի նկատմամբ։ Ես միշտ հավատացել եւ հավատում եմ իմ թիմակիցներին։ Ամենակարեւոր հատկանիշը, որ պետք է ունենա աշխատակիցը, հետաքրքրվածությունն է իր աշխատանքի նկատմամբ, անկախ նրանից, թե ինչ աշխատանք է անում։ Կարծում եմ՝ հենց այդ հետաքրքրվածությունն է հետագայում վերածվում մեծ սիրո դեպի աշխատանքը։ Շատ կարեւոր է, որ մարդը, անկախ իր պաշտոնից կամ հաստիքից, իր աշխատանքն անի սիրով ու նվիրվածությամբ, գիտակցի, որ ցանկացած աշխատանք պետք է անել լավ ու պետք է ներդնել առավելագույն ջանքեր։ Եվ հավատացեք, որ այդ պարագայում նա միանշանակ հաջողություններ գրանցելու է, իր աշխատանքը բարձր է գնահատվելու եւ դառնալու է նաեւ ընկերության հաջողությունը։ Պետք է հնարավորություն տալ ինքնադրսեւորման, չսահմանափակել ու շրջանակների մեջ չդնել հատկապես երիտասարդներին։ Նրանք ունեն շատ մեծ էներգիա, չեն վախենում փորձություններից ու մարտահրավերներից, եւ դրա շնորհիվ հեշտությամբ են առերեսվում ցանկացած խնդրի եւ արդյունավետ լուծումներ են տալիս։ Միշտ փորձում եմ իմ ուժեղ կողմերը ներկայացնել, իմ փորձով ու գիտելիքներով աջակցել նրանց, բայց ոչ երբեք՝ ճնշել ու սահմանափակել։ Գիտելիքն ու էներգիան մեզ մոտ փոխլրացնում են միմյանց, հարուստ փորձառության եւ նորարական մոտեցումների միախառնման արդյունքը երբեմն շատ տպավորիչ է լինում։ Նաեւ շատ կարեւոր է երբեք չդադարել փորձել. ընկերությունը ծերանում է այն ժամանակ, երբ դադարում է նոր բաներ փորձելու անընդհատ գործընթացը։ Եվ այս արժեքներն «Աթենքում» բոլորն են կրում։ «Աթենքը» նաեւ կադրերի դարբնոց է։ Մենք հաջողության բազմաթիվ պատմություններ ունենք, երբ մեր աշխատակիցները կարիերայի աճ են գրանցել, իրենց նվիրվածության ու աշխատանքի նկատմամբ սիրո շնորհիվ նոր բարձունքներ նվաճել։ Ինչպես նշեցի, մյուս կարեւոր գործոնը աշխատանքի նկատմամբ հետաքրքրվածությունն է, որը, միանշանակ, կայանալու եւ հաջողելու գրավական է։ Եվ, վերջապես, ինձ համար չափազանց կարեւոր է, որ մեր թիմի յուրաքանչյուր անդամ հպարտությամբ ներկայանա, որ ինքը «Աթենքի» աշխատակից է:- Փորձառու ղեկավարները սովորաբար հեշտությամբ են նախանշում ընկերության զարգացման հետագա տարիները։ Ի՞նչ է սպասվում «Աթենքին», եւ ու՞ր է շարժվում ընկերությունը։ Այս պահին մեզ մոտ նոր գործարանի կառուցման ակտիվ աշխատանքներ են ընթանում, շահագործումը նախատեսում ենք 2024 թվականի դեկտեմբերին։ Իր մասշտաբներով եւ հագեցվածությամբ գործարանը եզակի է լինելու։ Լուսանկարը՝ «Աթենք» Գործարանի շահագործման հետ մեկտեղ, բնականաբար, մեծանալու են մեր արտադրական հզորություններն ու ծավալները, նոր աշխատատեղեր են ավելանալու։ Նոր գործարան գործարկելն իրականում այնքան էլ հեշտ գործընթաց չէ, ուստի բացումից հետո մենք մեր առջեւ դեռեւս խնդիր ենք ունենալու արտադրությունն ամրապնդելը։ Դրանից հետո արդեն, կարծում եմ, կարող ենք խոսել ավելի հեռահար նպատակների, արտահանման նոր ծավալների եւ ուղղությունների մասին։ Ինչ էլ լինի, վստահ եմ, որ «Աթենքը» շարունակելու է իր արդեն 30-ամյա հաղթարշավը։ Tweet Դիտում՝ 78262