Պետրոս Ադամյան. «Աթենք»-ը նոր գործարան է կառուցում
11.09.2020 | 10:10
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հարցազրույցներ /



Օրերս տեղեկացանք, որ մսամթերք արտադրող հայաստանյան առաջատար «Աթենք» ընկերությունը կառուցում է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նոր, ընդարձակ գործարան: Նախագծի առանձնահատկությունների, ներդրումների եւ ընթացիկ աշխատանքների մասին զրուցել ենք «Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանի հետ:
- Պարո´ն Ադամյան, արտակարգ դրության պայմաններում բազմաթիվ ընկերություններ կանգնեցին ճգնաժամի առջեւ: «Աթենք» ընկերությանը որքանո՞վ է հաջողվել դիմակայել կամ հաղթահարել տնտեսական մարտահրավերները:
- Իրականում, չկա գործունեության ոլորտ, որը չի կրել այս ճգնաժամի հետեւանքները: Իհարկե, որոշ ոլորտներ ավելի շատ, որոշները՝ քիչ, որոշներն անգամ ամբողջությամբ դադարեցրեցին իրենց գործունեությունը: Ճգնաժամը չի շրջանցել եւ ոչ մի բիզնեսի՝ այդ թվում նաեւ «Աթենք» ընկերությանը:
Մենք առաջին անհրաժեշտության սպառման եւ պահանջված պրոդուկտ` մսամթերք ենք արտադրում եւ այս ընթացքում մեզ համար առաջնային էր ամեն գնով արտադրության գործընթացն անգամ մեկ օրով չդադարեցնելը: Սակայն մի շարք օբյեկտիվ պատճառներով սպառման ծավալների փոփոխություն նկատվեց: Հատկապես ամենաշատ վնասներ կրած հյուրանոցային եւ ռեստորանային ոլորտների չգործելն ուղղակիորեն ազդեցություն ունեցավ մեր մեծածախ վաճառքների վրա, քանի որ բազմաթիվ կազմակերպությունների համար մսամթերքի մատակարար ենք: Դրանից բացի, իր ազդեցությունն ունեցավ նաեւ զբոսաշրջության ոլորտի չգործելը:
Սակայն, ինչպես բազմիցս նշել եմ, ճգնաժամը նաեւ նոր հնարավորություն է: Եվ մենք բիզնեսի համար այս դժվարին փուլում փորձեցինք օգուտ քաղել «հարաբերական դադարից» ու մեր գործողություններն ուղղել ընկերության կառուցվածքային փոփոխություններին, ռազմավարական եւ երկարաժամկետ ծրագրերին:
Կարեւորն այն է, որ մենք մեր զարգացման ու աճին նպաստող ծրագրերը եւ ռազմավարությունը չենք փոխվել: Շարունակելու ենք ընդլայնել մեր արտադրության ծավալները, ֆիրմային խանութների ցանցն ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում: Համավարակի սկսելուց առաջ` մարտ ամսին, Թբիլիսիում բացեցինք «Աթենք»-ի երկրորդ ֆիրմային խանութը, նախապատրաստվում էինք գործարկել նաեւ երրորդը, սակայն հասկանալի պատճառով այն հետաձգվեց: Սահմանները բացվելուն պես՝ դա առաջին ծրագրերից է լինելու, շարունակելու ենք նաեւ արտահանման գործընթացները:
Այսօր մեր ամենամեծ ու ռազմավարական քայլը «Աթենք» ընկերության արտադրության հզորությունների ավելացման նպատակով նոր գործարանի կառուցումն է:
- Արդյոք ռիսկային չէ՞ ներկա փուլում խոշոր ներդրումներ իրականացնելն ու նոր գործարան հիմնելը։ Ինչո՞վ էր պայմանավորված նման որոշումն այս շրջանում:
- Մեզ համար միշտ էլ առաջնային ու թիրախային է եղել ներքին շուկան: Մինչ օրս մենք նպատակ ենք ունեցել բավարարել ներքին շուկայի պահանջարկը՝ առաջարկելով միայն թարմ ու բարձրորակ արտադրանք: Ժամանակի ընթացքում, արտադրական հզորություններն ավելացնելով նաեւ փորձեցինք դուրս գալ արտաքին շուկաներ:
Ե´վ ներքին, եւ´ արտաքին պահանջարկը բավարարելու, հայկական արտադրության մսամթերքն ավելի մեծ ու հեռանկարային շուկաներում ներկայացնելու նպատակով դեռեւս նախորդ տարի ներդրումներ կատարելու եւ նոր գործարան հիմնելու որոշում ընդունեցինք: Մեր ընկերության՝ 2020 թվականի ռազմավարական հիմնական նպատակներն ուղղված են դեպի Վրաստան եւ Ռուսաստանի Դաշնություն արտահանման գործընթացների ակտիվացմանը: Նոր գործարանի հիմնումը կնպաստի մեր գործունեության աշխարհագրության ընդլայնմանը:
- Որքա՞ն է կազմում ներդրումների ընդհանուր ծավալը։ Ինչո՞վ է տարբերվելու «Աթենք»-ի նոր գործարանը նախորդներից կամ շուկայում առկա մյուսներից։
- Նոր գործարանի կառուցումը նախատեսվում է Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում: Այն Երեւանի Ծարավ Աղբյուրում գտնվող երշիկների մեր արտադրամասից կրկնակի մեծ է լինելու. ընդհանուր մակերեսը 18-20 հազ. քմ է:
Կառուցվող գործարանի հզորությունը շատ ավելի մեծ է լինելու, քան «Աթենք»-ի երկու գործարաններինը, եւ այդ հզորությունը կատարելագործելու, տեխնիկական հագեցվածությունն ապահովելու նպատակով եվրոպական առաջատար ընկերություններից ներմուծելու ենք նոր սերնդի սարքավորումներ ու հոսքագծեր: Դրա համար իրականացնելու ենք շուրջ 7-8 մլրդ դրամի ներդրում:
Եթե գործարանն աշխատի իր ողջ ներուժով ու հզորությամբ, ապա մենք կկարողանանք սպասարկել ներքին շուկան՝ միաժամանակ իրականացնելով մեծածավալ արտահանում, ինչպես նաեւ կստեղծենք մոտ 300 նոր աշխատատեղ:
Նոր գործարանը թույլ կտա ընդունել Ռուսաստանի Դաշնության խոշոր առեւտրային ցանցերի բոլոր պատվերները՝ միեւնույն ժամանակ ապահովելով ներքին շուկայի պահանջարկը:
Որակի բարձր երաշխիքն ապահովելու եւ մսամթերքի արտադրության ավանդույթները նոր մակարդակի բարձրացնելու համար մենք գործարանը կառուցելիս հաշվի ենք առնելու յուրաքանչյուր մանրուք՝ հետեւելով աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, նորություններին եւ առաջատար միտումներին: Սակայն նոր գործարանում էլ շարունակելու ենք նաեւ ավանդական տեխնոլոգիաներով արտադրությունը, որն «Աթենք» ընկերության առավելություններից մեկն է, եւ որով մենք հնարավորություն ունենք ներկայացնել մսամթերքի արտադրության հայկական ավանդույթները, համն ու հոտը:
Մեր նոր գործարանի ստեղծման հիմքում նաեւ մեծ ու հավակնոտ նպատակ է. հայկական արտադրության մսամթերքը դարձնել ճանաչելի եւ մրցունակ ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանը՝ մսամթերքի արտադրության ուրույն ձեռագիր ունեցող առաջատար երկրներից մեկը: Ասեմ, որ այս ամենի համար մենք ունենք մեծ ներուժ, որովհետեւ մեր արտադրանքն իր որակով ոչնչով չի զիջում եվրոպական մսամթերքին, ինչի մասին փաստում են մեր կողմից պարբերաբար հրավիրվող եվրոպացի տեխնոլոգները:
- Ի՞նչ փուլում են աշխատանքներն այսօր։ Ե՞րբ եք նախատեսում գործարանի շահագործումը։
- Այս պահին սկսվել եւ շարունակվում են շինարարական աշխատանքները: Միջազգային չափանիշներին համապատասխան նման գործարանի կառուցումը երկար ժամանակ եւ ճշգրիտ հաշվարկներ է պահանջում, ուստի գործարանի շահագործումը նախատեսում ենք 2023 թվականին: Գործարանի նախագիծը ներառում էր նաեւ 10,000 քմ մակերեսով սառցարանային տնտեսություն, որից 5000-ն արդեն իսկ շահագործվում է:
Առաջիկայում նախատեսում ենք նաեւ անձնակազմի համալրում եւ վերապատրաստում: Միջազգային փորձի փոխանակումը որակյալ արտադրանք ստեղծելու եւ ոլորտը զարգացնելու ամենակարեւոր ներդրումն է:
Հույս ունենք, որ նոր գործարանի կառուցումն ու արտադրության ընդլայնումը կնպաստի ինչպես ոլորտի, այնպես էլ Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Վերջին լուրեր
25.04.2025 | 17:48 Նորություններ
25.04.2025 | 16:36 Նորություններ
25.04.2025 | 16:02 Նորություններ
Բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերն աճել են
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: