Թրամփի ծրագրերը կհանգեցնեն գնաճի` 1970-ականների օրինակով

25.05.2024 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ, Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի տնտեսագիտության պատվավոր պրոֆեսոր Մորիս Օբսթֆելդի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Մորիս Օբսթֆելդ

Եթե անցած երեք տարիները մեզ ինչ-որ բան են սովորեցրել, ապա դա այն է, որ ցածր գնաճը ինքնըստինքյան հասկանալի երևույթ չի կարելի համարել: Թեև ԱՄՆ-ի գնաճը մնում է Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) գների կայունության համար նախատեսված 2% թիրախից բարձր, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները քննարկում են դրամավարկային քաղաքականության նոր ու վտանգավոր մի մոտեցում: Եթե այն իրականացվի Թրամփի երկրորդ նախագահության ժամանակ, այն կչեղարկի տասնամյակների քրտնաջան աշխատանքը, որը թույլ տվեց ԴՊՀ-ին 2022-ից ի վեր կրճատել տարեկան գնաճը գրեթե չորս տոկոսային կետով ու հասցնել մոտ 3%-ի՝ իրական տնտեսության համար քիչ ծախսերով կամ առանց ծախսերի:

Թրամփի խորհրդականները, ըստ լուրերի, քննարկում են երկու փոխլրացնող քաղաքական փոփոխություններ: Առաջարկներից մեկն է ուժեղացնել նախագահի անմիջական վերահսկողությունը ԴՊՀ-ի տոկոսադրույքների մասին որոշումների և կանոնների ընդունման վրա: Միաժամանակ Թրամփի առևտրային թիմը՝ ԱՄՆ առևտրային նախկին ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի գլխավորությամբ, ակնհայտորեն ցանկանում է թուլացնել դոլարի փոխարժեքը:

Թրամփի մի քանի խորհրդականներ հերքել են, որ դոլարը արժեզրկելու ծրագիր կա, բայց Թրամփի առաջին ժամկետի ընթացքում ակնհայտ էր նրա նախապատվությունը ցածր տոկոսադրույքների և ավելի թույլ արժույթի նկատմամբ: Առաջարկվող քաղաքականության արդյունքում նրան հեշտ կլինի տապալել ԴՊՀ-ի անկախությունը և հասնել այդ երկու նպատակներին: Արդյունքը հզոր գնաճային կոկտեյլ կլինի:



Թրամփը ցանկանում է թուլացնել դոլարը, քանի որ համոզված է, ինչպես և Լայթհայզերը, որ դոլարը «չափազանց ուժեղ է»: Սա իր հերթին թանկացնում է ԱՄՆ արտահանումը արտաքին շուկաներում, իսկ ներմուծումն ավելի էժան է դարձնում ամերիկացի սպառողների համար, ինչի հետևանքով առաջանում է առևտրային մեծ դեֆիցիտ: Ե՛վ Թրամփը, և՛ Լայթհայզերը սա խնդրահարույց են համարում, քանի որ եթե չկա հավասարակշռված առևտուր, երբ ներմուծումն արժեքով հավասար է արտահանմանը, ԱՄՆ-ն ֆինանսավորում է իր առևտրային դեֆիցիտը՝ պարտք վերցնելով կամ զիջելով ներքին ակտիվները օտարերկրյա կազմակերպություններին:

Բայց սա առևտրի և տնտեսության կարճատես, տասնյոթերորդ դարի ըմբռնում է: Իրականում, փողի ներհոսքը, որը պահպանում է առևտրային դեֆիցիտը, կարելի է օգտագործել նոր գործարաններ կառուցելու, ԱՄՆ-ի առկա ակտիվներն ավելի լավ օգտագործելու կամ նոր ներքին ներդրումների և ձեռնարկությունների ֆինանսավորման համար՝ դրական ազդելով ամերիկյան աշխատողների և ընկերությունների վրա:

Անշուշտ, կարելի է պնդել, որ ավելի ցածր առևտրային դեֆիցիտը մեծացնում է ԱՄՆ-ի արտադրանքի պահանջարկը՝ ստեղծելով աշխատատեղեր: Բայց քանի որ ԱՄՆ-ն արդեն լիարժեք զբաղվածություն ունի, ԴՊՀ-ն պահպանում է բարձր տոկոսադրույքներ՝ պահանջարկը զսպելու և գնաճը նվազեցնելու համար: Թեև ԴՊՀ-ին այդ գործում օգնեց ուժեղ դոլարը, ավելի թույլ արժույթը կունենա հակառակ ազդեցությունը: Ավելին, ինչպես Թրամփի և Լայթհայզերի նախընտրած ներմուծման մաքսատուրքերը, այնպես էլ թույլ դոլարը կվնասի սպառողներին՝ բարձրացնելով ներմուծվող բաղադրիչներ պարունակող ապրանքների գները:

Նույնիսկ եթե թույլ դոլարը և հավասարակշռված առևտուրը արժեքավոր նպատակներ լինեին, դրանց հասնելու քաղաքականության տարբերակներն անիրագործելի են կամ նույնիսկ վնասակար: Օրինակ, ԱՄՆ գանձապետարանը և ԴՊՀ-ն կարող են գնել արտարժույթով արժեթղթեր և վաճառել դոլարով արտահայտված պարտատոմսեր: Բայց հաշվի առնելով, որ արտարժույթի շուկայի օրական շրջանառությունը մոտ 8 տրիլիոն դոլար է, այդ գնումները պետք է իրականացվեն լայնածավալ մասշտաբով, ինչը կհանգեցնի ԱՄՆ կառավարության հաշվեկշռում հսկայական կորուստների, եթե դոլարն ամրապնդվի:

Արժութային շուկայի միջամտությունը ավելի արդյունավետ կլիներ, եթե Ամերիկայի դաշնակիցներն աջակցեին դրան, ինչպես աջակցեցին 1985-ի Պլազայի համաձայնագրին: Բայց եթե Ճապոնիայի և Կորեայի պես երկրները անհանգստացած են իրենց արժույթների թուլությամբ, մյուսները մտահոգված չեն, և նրանց պետք կլինի համոզել: Նման միջազգային համագործակցության ջանքերը հազիվ թե հաջողվեն, երբ Թրամփը սպառնում է դուրս գալ ՆԱՏՕ-ից:



Թույլ արժույթ ունեցող երկրների վրա մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ սպառնալիքները է՛լ ավելի մեծ անորոշություն կառաջացնեն համաշխարհային առևտրում՝ վնաս հասցնելով ներդրումներին և աճին: Ավելին, կասկածելի է, որ այս քայլերից որևէ մեկը զգալիորեն կբարելավի ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշիռը։

Տոկոսադրույքների ճշգրտումը դոլարի արժեքի վրա ազդելու ավելի հուսալի միջոց է: Բայց հաշվի առնելով, որ օտարերկրյա կենտրոնական բանկերը դժվար թե բարձրացնեն տոկոսադրույքները և ռեցեսիայի վտանգի առաջ կանգնեցնեն իրենց տնտեսությունները՝ Թրամփին հարմարվելու համար, ԴՊՀ-ն ստիպված կլինի ժամանակից շուտ իջեցնելու տոկոսադրույքները: Այս ռազմավարությունը կլինի գնաճային և դատապարտված է ձախողման, քանի որ բարձր ներքին գները կչեզոքացնեն օտարերկրյա գնորդների ծախսերի հնարավոր խնայողությունները, որոնք հակառակ դեպքում կապահովել թույլ դոլարը: Այնուամենայնիվ, սա կարող է լինել նվազագույն դիմադրության ուղին, եթե Թրամփին հաջողվի ավելի խիստ նախագահական վերահսկողություն հաստատել ԴՊՀ-ի քաղաքականության վրա, թեև դա կարող է նույնքան հեշտությամբ վատթարացնել ԱՄՆ առևտրային հաշվեկշիռը, որքան և բարելավել:

Դոլարը թուլացնելու և ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը նվազեցնելու հուսալի միջոցը դաշնային կառավարության հսկա հարկաբյուջետային դեֆիցիտի կրճատումն է, ինչը հնարավորություն կտա ԴՊՀ-ին ավելի շուտ իջեցնել տոկոսադրույքները՝ միաժամանակ վերահսկելով գնաճը: Այս քաղաքականությունը երկարաժամկետ օգուտներ կբերի ԱՄՆ-ին և համաշխարհային տնտեսությանը, բայց գործնականում չունի քաղաքական աջակցություն ո՛չ դեմոկրատների, ո՛չ հանրապետականների, այդ թվում՝ Թրամփի կողմից:

Քանի որ համաշխարհային գնաճը կտրուկ աճեց Քովիդ-19 համաճարակից հետո, որոշ դիտորդներ վախեցան, որ վերադառնում են 1970-ականները, երբ բարձր, կայուն գնաճը տնտեսական կյանքն անկանխատեսելի ու սթրեսային դարձրեց տնային տնտեսությունների և ձեռնարկությունների համար: Այն ժամանակ գների կայունությունը վերականգնելու համար խոր միջազգային տնտեսական ճգնաժամ պահանջվեց: Այս անգամ, սակայն, գնաճն արագորեն իջավ առանց ճգնաժամի անհրաժեշտության, քանի որ մատակարարման շղթայի ճնշումները թուլացան, և ԴՊՀ-ն և մյուս կենտրոնական բանկերը վճռականորեն բարձրացրին տոկոսադրույքները՝ պահանջարկը զսպելու համար:



Այս հաջողության մեջ առանցքայինն այն էր, որ շուկաների երկարաժամկետ գնաճային սպասումները մնացին խարսխված: Կենտրոնական բանկերի գործողությունները, տասնամյակների ընթացքում նրանց հետևողական արդյունքներն ու ինստիտուցիոնալ անկախությունը վստահություն ներշնչեցին, որ գնաճը մեղմելու ջանքերը արդյունավետ կլինեն:

Այս դրական զարգացումները անհնարին կլինեին մի աշխարհում, որտեղ դրամավարկային քաղաքականությունը քաղաքականացված է, գտնվում է նախագահական հսկողության ներքո և կենտրոնացած է դոլարի արտաքին արժեքի, այլ ոչ շատ ավելի կարևոր ներքին արժեքի վրա: ԴՊՀ-ի և դոլարի վերաբերյալ Թրամփի ծրագրերը միակողմանի ուղեգիր են դեպի 1970-ականների գնաճային քաոս:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:


Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 2168
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW