Գործակցելով ՎԶԵԲ-ի հետ` Visa-ն Հայաստանում կխթանի ՓՄՁ-ները, կանանց հզորացումը եւ թվային վճարումները

23.05.2024 | 15:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Banks.am-ի բացառիկ հարցազրույցը Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեի հետ ՎԶԵԲ-ի հետ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ:

- Որո՞նք են Հայաստանում Visa-ի ու Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ստորագրած փոխըմբռնման հուշագրի հիմնական ուղղությունները: Ի՞նչը կլինի այս համաձայնագրի հիմնական արդյունքը, որը կազդի Հայաստանի թվային ապագայի վրա:

- Visa-ի համար պատիվ է համագործակցել այնպիսի նշանավոր կազմակերպության հետ, ինչպիսին ՎԶԵԲ-ն է: Մենք ակնկալում ենք, որ այս գործընկերությունը էական օգուտ կբերի հայ հասարակությանը՝ ոչ միայն մեր գործընկերներին եւ հաճախորդներին, այլ նաեւ երկրին՝ խթանելով տնտեսական առաջընթացը: Փոխըմբռնման հուշագիրը կենտրոնանում է մեր ընդհանուր ռազմավարական ոլորտների վրա՝ ՓՄՁ-ների հզորացում, տնտեսական ու ֆինանսական ներառման խթանում եւ ենթակառուցվածքների ու հանրային հատվածի զարգացում:


Այս համագործակցության շրջանակներում մենք կիսվելու ենք գիտելիքներով ու փորձով՝ զարգացնելու ֆինանսական գրագիտությունը, օգնելու թվայնացնել քիչ զարգացած բիզնեսները, համայնքները, մարզերը եւ ոլորտները, ինչպես նաեւ խթանելու ենք ծառայությունների թվայնացումը, ներառյալ GovTech-ը եւ հանրային տրանսպորտը:

Մենք ձգտում ենք արագացնել Հայաստանի ու ՎԶԵԲ-ի տարածաշրջանի այլ երկրների թվային փոխակերպումը եւ կայուն ու ներառական տնտեսական աճը։

- Visa-ն համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ՝ հզորացնելու եւ խթանելու կանանց ձեռներեցությունը «She's Next Powered by Visa» նախաձեռնության միջոցով: Ինչպե՞ս հուշագիրը կաջակցի այս գործընկերությանը:

- Visa-ում մենք հավատում ենք ներառական տնտեսությունների զարգացմանը, որտեղ բոլոր համայնքները կարող են հավասարապես նպաստել եւ առավելագույնի հասցնել իրենց ներուժը: Մասնավորապես, կենտրոնանում ենք կանանց հզորացման վրա: Համաշխարհային բանկի վերջին զեկույցը ցույց է տալիս բոլոր երկրներում կանանց եւ տղամարդկանց միջեւ առկա հնարավորությունների մշտական բացը, որը, եթե կամրջվի, կարող է 20%-ով ավելացնել համաշխարհային ՀՆԱ-ն:


Փոքր եւ միջին ձեռնարկությունները, որոնք կազմում են համաշխարհային բիզնեսի մոտ 90%-ը եւ զբաղվածության ավելի քան 50%-ը, կարեւոր դեր են խաղում տնտեսական զարգացման խթանման գործում: Զարգացող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, նրանց մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում կարող է հասնել 40%-ի: Այս վիճակագրությունն ընդգծում է ՓՄՁ-ներին, հատկապես կանանց պատկանող ընկերություններին աջակցելու կարեւորությունը: 2021թ-ին Visa-ն Հայաստանում ներդրեց մեր համաշխարհային նախաձեռնությունը՝ She’s Next Empowered by Visa: 2019 թվականին սկսված այս արշավը կարեւոր նշանակություն է ունեցել հազարավոր կին ձեռներեցներին անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով զինելու, ինչպես նաեւ ներդրումները հասանելի դարձնելու առումով:

Քանի որ հուշագրի առանցքում կանանց հզորացումն է, Visa-ի եւ ՎԶԵԲ-ի համագործակցությունը զգալիորեն կավելացնի մեր ջանքերը հայ կին ձեռներեցներին օգնելու գործում: 2024թ. մարտին, նշելով մեր համագործակցության մեկնարկը, Visa-ն եւ ՎԶԵԲ-ն անցկացրեցին «Կանայք Հայաստանի բիզնեսում» խորագրով պանելային քննարկում Երեւանում, որը կենտրոնացել էր երկրի տնտեսության մեջ կանանց մասնակցության վրա:


Հիմնվելով զարգացող շուկաներում ներդրումներ կատարելու ՎԶԵԲ-ի մեծ փորձի վրա՝ զուգորդված վճարային տեխնոլոգիաների եւ ՓՄՁ-ի կարիքների ոլորտում Visa-ի փորձառության հետ՝ մենք նպատակ ունենք հայ կին ձեռներեցներին աջակցել թվային եւ ֆինանսական գրագիտության եւ ֆինանսավորման ձեռք բերման մեջ, ինչն անհրաժեշտ է իրենց բիզնեսը սկսելու, աշխատացնելու եւ զարգացնելու համար:

- Թվային փոխակերպումն արդեն որոշ ժամանակ է ինչ Հայաստանի օրակարգում է: Ինչպե՞ս նման նշանավոր կազմակերպությունների միջեւ համագործակցությունը կնպաստի այս գործընթացի ծավալմանը:

- Թվային փոխակերպումը Visa-ի համար առաջնահերթություն է իր ներկայության բոլոր շուկաներում, քանի որ մենք համարում ենք թվային հասանելիությունը տնտեսական հզորացման եւ ֆինանսական ներառման համար հիմնարար նշանակություն ունեցող ուղղություններից մեկը: ՎԶԵԲ-ի հետ համատեղ մեր գործընկերությունը նպատակ ունի թվային հզորացում ապահովել փոքր եւ միջին բիզնեսի համար: Մենք ակնկալում ենք, որ թվային վճարումները կհեղափոխեն ՓՄՁ-ների համար վճարումներ կատարելու եւ ստանալու, նոր շուկաներ հասնելու եւ աճելու հնարավորությունները: Բացի այդ, մենք մեր ջանքերը կկենտրոնացնենք թվային վճարումների միջոցով ստվերային տնտեսությունը մեղմելու վրա։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ թվայնացումը նպաստում է ոչ միայն տնտեսական թափանցիկության բարձրացմանը, այլեւ բարեկեցության աճին: Համաձայն 2021թ.-ին անցկացված համաշխարհային ուսումնասիրության, էլեկտրոնային գործարքների ավելի լայն տարածումը 2015-2019 թվականներին ավելացրել է իրական ՀՆԱ-ն 245 միլիարդ դոլարով:

Ուսումնասիրված 70 երկրներում եւ տարածքներում բանկային քարտերի օգտագործման յուրաքանչյուր 1% աճը հանգեցրել է ապրանքների եւ ծառայությունների սպառման տարեկան մոտ $ 67 միլիարդ աճի: Հաշվի առնելով, որ 2024թ.-ի դրությամբ Հայաստանի ոչ ֆորմալ տնտեսության չափը գնահատվում է մոտ 39%, ինչը համարժեք է մոտավորապես $ 27 մլրդ ՊՄԳ ՀՆԱ-ին, տնտեսական աճի ներուժը զգալի է:

GovTech-ը եւ խելացի քաղաքների ենթակառուցվածքը կլինեն մեր գործընկերության մյուս հիմնական ոլորտները: Սա ներառում է արդյունավետ եւ թափանցիկ սպասարկման խթանում էլեկտրոնային վճարումների ընդունման եւ առաքման, ինչպես նաեւ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թվային լուծումների ներդրման միջոցով:

Վստահ եմ, որ պետական-մասնավոր այս համագործակցությունը զգալիորեն կարագացնի

Դիանա Կիգուրաձեն

Հայաստանի թվային փոխակերպումը։ Հանրային հատվածը վստահություն է հաղորդում այս նախաձեռնությանը, մինչդեռ մասնավորը առաջընթաց է ապահովում տեխնոլոգիայի եւ փորձաքննության միջոցով:

- Հաշվի առնելով Visa-ի նշանակալի դերը Հայաստանի անկանխիկ եւ թվային տնտեսության զարգացման գործում, կարեւոր է հասկանալ Visa-ի մոտեցումն այս նպատակին հասնելու համար: Կարո՞ղ եք նշել այն ոլորտները կամ ռազմավարությունները, որոնց վրա Visa-ն ներկայում կենտրոնանում է Հայաստանում:

- Ավելի քան երկու տասնամյակ Visa-ն Հայաստանում կարեւոր դերակատար է եղել: Այն առանցքային դեր է ունեցել վճարումների նորարարության եւ թվային փոխակերպման խթանման գործում: Մեր ջանքերը հատկապես ազդեցիկ են եղել թերներկայացված եւ թերսպասարկվող համայնքներին տնտեսական հասանելիություն ապահովելու առումով: Հայաստանում ֆինանսական ներառականությունը խթանելու մեր հանձնառությունը մնում է անփոփոխ: Հատկանշական է, որ Visa-ն գերազանցել է 2020 թվականի իր նպատակը՝ թվային կերպով հզորացնել 50 միլիոն փոքր եւ միջին ձեռնարկություններ ամբողջ աշխարհում, այդ թիվը հասցնելով 67 միլիոնի: Ավելին, մենք ռազմավարական ուշադրություն ենք դարձնում կանանց եւ ՓՄՁ-ների հզորացմանը:

«She’s Next» արշավի մեկնարկով մենք նպատակ ունենք էլ ավելի ընդլայնել մեր ջանքերը՝ հայ կին ձեռներեցներին անհրաժեշտ գործիքներով եւ հմտություններով զինելու համար: Visa-ն կշարունակի համագործակցել Հայաստանի ֆինանսական հաստատությունների, կառավարության եւ Կենտրոնական բանկի հետ՝ ճանապարհ հարթելով դեպի անկանխիկ ապագա Հայաստանի անցման համար:
Դիտում՝ 4727
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW