Ավելի քան 270 կազմակերպության ֆինանսական տվյալներ՝ մեկ ինտերակտիվ հարթակում

22.05.2024 | 23:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#GP Management Advisory #Գագիկ Գրիգորյան
Աուդիտի ենթարկված ավելի քան 270 հայկական կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները, մասնավորապես՝ ֆինանսական դրության եւ արդյունքների մասին տեղեկատվությունն այսուհետ կարելի է գտնել մեկ միասնական հարթակում, որը մշակել է GP Management Advisory ընկերությունը:

Banks.am-ի հետ զրույցում ընկերության հիմնադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը պատմել է GP Management Advisory-ի մատուցած ծառայությունների եւ նման հարթակներ ստեղծելու անհրաժեշտության ու նպատակի մասին:

Արտաքին աուդիտ, խորհրդատվություն, տեղեկատվական բազաներ

GP Management Advisory խորհրդատվական ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով խորհրդատվական եւ հավաստիացման (աուդիտի) այնպիսի ծառայություններ մատուցել, որոնք միտված են ընկերություններում հավելյալ արժեքի ստեղծմանը: Մատուցվող ծառայությունների շրջանակը ներառում է արտաքին աուդիտ եւ բիզնես խորհրդատվություն, ինչպիսիք են ներքին վերահսկողության համակարգի վերանայումը եւ ներդրումը, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼԱՖ) դեմ պայքարի եւ ներքին աուդիտի գործառույթների պատվիրակումը: Մեզ համար առաջնային է որակյալ ծառայությունների մատուցումը, որի համար ներդրել ենք միջազգային ISO 9001:2015 Որակի կառավարման ստանդարտը: Այն աշխարհում ամենատարածվածն է, որի հիման վրա ընկերություններում կառուցվում է որակի կառավարման համակարգը (QMS): Այս ստանդարտի կիրառումը նշանակում է, որ ընկերության կողմից ներդրված ընթացակարգերը բավարար համապարփակ են մատուցվող ծառայությունների ողջ շղթայում որակի հետ կապված ռիսկերը կառավարելու համար:

Ի լրումն որակի կառավարման համակարգի, ընկերությունում ներդրել ենք նաեւ ISO 27001:2022 Տեղեկատվական անվտանգության ստանդարտը՝ հաշվի առնելով մեր հիմնական հաճախորդների տվյալների զգայունությունը: Այս ստանդարտն էլ միտված է ապահովել ընկերությունում տեղեկատվական ակտիվների հուսալի կառավարում:

GP Management Advisory-ն ակտիվորեն ներգրավված է հետազոտական աշխատանքներում, որոնց իրականացման ընթացքում մեր կողմից ստեղծվել են բաց հասանելիությամբ տեղեկատվական բազաներ, որտեղ կարելի է գտնել ուսումնասիրություններ Հայաստանի մակրոտնտեսության, էներգետիկ ոլորտի, բանկային համակարգի, անշարժ գույքի շուկայի մասին եւ այլն:

Ավելի քան 270 կազմակերպության տվյալներ՝ մեկ հարթակում  

Վերջերս մշակել ենք ինտերակտիվ հարթակ, որտեղ հավաքագրված են ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց ֆինանսական հաշվետվությունների տվյալները, մասնավորապես՝ ֆինանսական դրության եւ ֆինանսական արդյունքների մասին տեղեկատվությունը:

Այսպիսի հարթակի ստեղծման անհրաժեշտությունը կար: Օրինակ, եթե մարդ ցանկանում է ինչ-որ ոլորտի, կազմակերպության վերաբերյալ պատկերացում կազմել, կարիք էր ունենում համապատասխան աղբյուրներում գտնել իրեն հետաքրքրող կազմակերպությանը վերաբերող տվյալները, PDF ֆայլից դրանք տեղափոխել Excel եւ ուսումնասիրություններ անել: Մենք այդ աշխատանքն արդեն արել էինք եւ որոշեցինք «ագահ չգտնվել», ուսումնասիրությունները տեղադրել բաց հասանելիություն ունեցող մեր հարթակում, որը մեզանից բացի՝ կարող է օգտակար լինել հետազոտողներին, կազմակերպություններին, որոնք ցանկանում են գնահատել իրենց դիրքը շուկայում, ուսանողներին, որոնք հետազոտական աշխատանքներ են կատարում եւ այլն: Մեր հիմնական դրդապատճառն է ստեղծել բաց հասանելիությամբ տեղեկատվություն, որը կարող է նաեւ տեսականորեն օգնել մեր տնտեսությունն ավելի լավ հասկանալու կամ ուսումնասիրություններն ավելի լավ իրականացնելու համար:



Հարթակն իր բնույթով բացառիկ է, քանի որ նմանատիպ տեղեկատվական բազա չկա. այն պարունակում է 2019-2022թթ. ավելի քան 270 կազմակերպության տվյալներ` ըստ ոլորտների: Հարթակը ներառում է ֆինանսական արդյունքների եւ ֆինանսական դրության հաշվետվությունների, ինչպես նաեւ դրանց հիման վրա հաշվարկված մի շարք ցուցանիշներ: Այս պահին ներառված են միայն այն կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները, որոնք բաց հասանելիությամբ հրապարակված են: Սակայն, եթե կան կազմակերպություններ, որոնց տվյալները ներառված չեն, նրանք կարող են կապ հաստատել մեզ հետ էլեկտրոնային փոստով, որից հետո մենք կհամալրենք հարթակի տվյալները:

Հարթակի առավելություններից է ինտերակտիվ լինելը, մասնավորապես՝ այն հնարավորություն է տալիս օգտագործողներին ընտրել անհրաժեշտ կազմակերպությունը, տարին, ոլորտը, ինչպես նաեւ տեղեկատվության խումբը: Այն զարգացման մի քանի փուլեր է ենթադրում, այսինքն՝ ըստ պահանջարկի կարող ենք ավելի խորը եւ թիրախավորված ուսումնասիրություններ կատարել:

Այլ ինտերակտիվ հարթակներ

GP Management Advisory ընկերության կայքում կարելի է գտնել նաեւ այլ ինտերակտիվ հարթակներ՝ մակրոտնտեսական ցուցանիշներն ամփոփող, բանկային համակարգի, անշարժ գույքի շուկայի ցուցանիշներ պարունակող եւ այլն: Բոլոր մշակված ինտերակտիվ հարթակները բաց հասանելիությամբ են եւ մշտապես թարմացնում ենք:

Այսպիսի հարթակների մշակմամբ ցանկանում ենք նպաստել տվյալների կարգավորված ներկայացմանը՝ բաց հասանելիության ձեւաչափով: Կարծում եմ՝ սա կարող է դրական ազդել թափանցիկության բարձրացման վրա, ինչպես նաեւ նվազեցնել այլ հետազոտողների կողմից տվյալների հավաքագրման եւ դրանց նախնական ուսումնասիրության վրա կատարվող ծախսերը:

ՓԼԱՖ-ի դեմ պայքարի գործառույթ

Ունենք մի հետաքրքիր պրոդուկտ եւս: ՓԼԱՖ-ի դեմ պայքարի գործառույթի իրականացման շրջանակում մշակել ենք verification.am հարթակը, որը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել հաճախորդների հեռահար նույնականացման եւ ներգրավման գործընթացն ու ավտոմատ կերպով ստուգել՝ արդյո՞ք վերջիններս ներգրավված են պատժամիջոցների ցանկերից որեւէ մեկում թե ոչ, կամ հանդիսանո՞ւմ են քաղաքական ազդեցություն ունեցող անձ թե ոչ:

Արփի Ջիլավյան
Դիտում՝ 4898
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW