Մեծ տեխնոլոգիական ընկերությունների մեծ պարտությունը

23.03.2024 | 08:38 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Համաշխարհային բանկի նախկին գլխավոր տնտեսագետ, ԱՄՆ նախագահի տնտեսական խորհրդականների խորհրդի նախկին նախագահ, տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Ջոզեֆ Շտիգլիցի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Ջոզեֆ Շտիգլից

Անցյալ տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վրդովեցրեց խոշոր տեխնոլոգիական ընկերություններին եւ բոլոր նրանց, որոնք շահույթ են ստանում մեր անձնական տվյալներից՝ հրաժարվելով առաջարկից, որը կխախտեր տվյալների գաղտնիությունը, առցանց քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները եւ մրցակցության երաշխիքները: Ամերիկացիների տվյալների անվտանգության վերաբերյալ Բայդենի նոր հրամանագիրը ցույց է տալիս, որ լոբբիստները անհանգստանալու հիմքեր ունեին:

Տասնամյակներ շարունակ տվյալների բրոքերները եւ տեխնոլոգիական հարթակները առանց որեւէ վերահսկողության կամ սահմանափակումների օգտագործում էին ամերիկացիների անձնական տվյալները, սակայն Բայդենի վարչակազմը հայտարարեց, որ արգելելու է որոշակի տեսակի տվյալների փոխանցումը Չինաստան եւ այլ կասկածելի երկրներ: Սա փոքր, բայց կարեւոր քայլ է ամերիկացիների անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ՝ ի լրումն կառավարական տվյալների:

Ավելին. հրամանագիրն, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ քաղաքական որոշումների նախադրյալ կդառնա: Ամերիկացիներին արդարացիորեն անհանգստացնում է այն ամենը, ինչ տեղի է ունենում առցանց, եւ նրանց մտահոգությունները չեն սահմանափակվում գաղտնիության խախտումով, այլ տարածվում մի շարք այլ թվային վնասների, ինչպիսիք են սխալ եւ կեղծ տեղեկատվությունը, սոցիալական մեդիայի պատճառով դեռահասների շրջանում տագնապը եւ ռասայական ատելության հրահրումը:

Ընկերությունները, որոնք գումար են վաստակում մեր տվյալներից (ներառյալ բժշկական, ֆինանսական եւ աշխարհագրական տեղեկությունները) տարիներ շարունակ փորձել են «տվյալների ազատ հոսքը» նույնացնել խոսքի ազատության հետ: Բայդենի վարչակազմի կողմից հանրային շահերի պաշտպանությունը նրանք կփորձեն ձեւակերպել, որպես լրատվական կայքերի հասանելիությունը փակելու, ինտերնետը սահմանափակելու եւ անձնիշխանությունը հզորացնելու փորձ: Դա անհեթեթություն է:

Տեխնոլոգիական ընկերությունները գիտեն, որ եթե բաց, ժողովրդավարական բանավեճ լինի, թվային անվտանգության մասին սպառողների մտահոգությունները շատ ավելի կարեւոր կլինեն իրենց շահույթի մասին մտահոգություններից: Այդ պատճառով լոբբիստները փորձում էին շրջանցել ժողովրդավարական գործընթացը: Նրանց մեթոդներից մեկն է պահանջել առեւտրային անհասկանալի դրույթներ, որոնք ուղղված են սահմանափակելու այն քայլերը, որոնք Միացյալ Նահանգները եւ այլ երկրներ կարող են ձեռնարկել անձնական տվյալները պաշտպանելու համար:

Ջոզեֆ Շտիգլիցը


Կարծես թե ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահը պետք է պաշտպանի ամերիկացիների գաղտնիությունը եւ ազգային անվտանգությունը, որոնք կարող են վտանգվել՝ կախված այն բանից, թե ինչպես եւ որտեղ են մշակվում եւ պահվում մեր բոլորի կողմից ստեղծված հսկայական քանակությամբ տվյալները: Այդուհանդերձ զարմանալիորեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում էր արգելել ԱՄՆ-ին սահմանափակում դնել որեւէ երկիր «տեղեկատվության, ներառյալ անձնական տվյալների անդրսահմանային փոխանցման» վրա, եթե նման փոխանցումը կապված է ԱՄՆ-ում կամ համաձայնագիրը ստորագրող այլ երկրում գործող ներդրողի կամ ծառայություններ մատուցողի բիզնեսի հետ:

Թրամփի վարչակազմի առաջարկը՝ ներառելու այս կանոնը Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում, նախատեսում էր մեկ բացառություն, որն իբր թույլ կտար որոշակի կարգավորում «հանրային քաղաքականության անհրաժեշտ եւ օրինական նպատակին հասնելու համար», բայց այն գրված էր այնպես, որ գործնականում չգործի: Մեծ տեխնոլոգիական ընկերությունների լոբբիստները նշում են այս բացառությունը ի պատասխան իրենց մեծ առաջարկի քննադատությանը, բայց դրույթի լեզուն ԱՀԿ «Ընդհանուր բացառություն»-ից է, որը ձախողվել է կիրառման 48 փորձից 46-ում:

Անդրսահմանային տվյալների կարգավորման արգելքը չորս առաջարկներից մեկն էր, որոնք խոշոր տեխնոլոգիական ընկերությունների լոբբիստները համոզեցին Թրամփի պաշտոնյաներին մտցնել Հյուսիսային Ամերիկայի ազատ առեւտրի վերանայված համաձայնագրի մեջ եւ առաջարկել ԱՀԿ-ի բանակցություններում: Գաղտնի ժարգոնով գրված եւ առեւտրային համաձայնագրի հարյուրավոր էջերի մեջ թաղված՝ այս դրույթները ապակողմնորոշող ձեւով կոչվում են «թվային առեւտրի» կանոններ:

Արգելելով կառավարություններին որոշակի քաղաքականություն որդեգրել՝ առաջարկի արդյունաբերական պայմանները սպառնում էին ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական ջանքերին՝ հակազդելու տեխնոլոգիական ընկերությունների կողմից սպառողների, աշխատողների եւ փոքր բիզնեսի չարաշահումներին: Նրանք խարխլում էին նաեւ ԱՄՆ կարգավորող գործակալությունների աշխատանքը, որոնք պատասխանատու են մեր գաղտնիության եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանության եւ հակամենաշնորհային քաղաքականության իրականացման համար: Փաստորեն, եթե ԱՀԿ-ում ուժի մեջ մտնեին Թրամփի ժամանակաշրջանի կանոնները, որոնք արգելում են կառավարության սահմանափակումները տվյալների հոսքի վրա, դրանք արգելք կհանդիսանային Բայդենի վարչակազմի տվյալների անվտանգության նոր քաղաքականության համար:

Քչերն էին գիտակցում, որ Թրամփի ժամանակաշրջանի առաջարկը նույնիսկ գոյություն ուներ, բացառությամբ, իհարկե, լոբբիստների, որոնք լռելյայն ղեկավարում էին առեւտրային բանակցությունները: Թեեւ ԱՄՆ-ի ոչ մի նախկին առեւտրային համաձայնագիր չուներ դրույթներ, որոնք վերացնում են գործադիր իշխանության եւ Կոնգրեսի լիազորությունները տվյալների կարգավորման նկատմամբ, թվային հարթակներին հանկարծ տրվելու էին հատուկ գաղտնիության իրավունքներ: Ալգորիթմային գնահատումների եւ արհեստական բանականության նախնական զննումների տեսակները, որոնք Կոնգրեսն ու գործադիր գործակալությունները համարում են կարեւոր հանրային շահերը պաշտպանելու տեսանկյունից, կարգելվեին:

2020-ի ընտրություններում Թրամփի պարտությունից հետո ոլորտի լոբբիստները դեռ հույս ունեին նորմալացնել այս աննորմալ կանոնները: Նրանք ծրագրում էին նույն դրույթներն ավելացնել Բայդենի վարչակազմի համաձայնագրին, որը կոչվում էր Հնդկա-խաղաղօվկիանոսյան տնտեսական շրջանակ: Բայց լոբբիստներին հետեւելու փոխարեն, Բայդենի պաշտոնյաները Կոնգրեսի հետ միասին պարզեցին, որ Թրամփի վարչակազմի առաջարկները համատեղելի չեն թվային գաղտնիության, մրցակցության եւ կարգավորման համար Կոնգրեսի եւ վարչակազմի նպատակների հետ:

Ջոզեֆ Շտիգլիցը


Այժմ մենք հասկանում ենք, թե ինչու էին տեխնոլոգիական լոբբիստներն այդքան բորբոքվել, երբ Բայդենի վարչակազմը որոշեց չաջակցել Թրամփի առաջարկին: Նրանք գիտակցեցին, որ մի կողմ նետելով խոշոր տեխնոլոգիական ընկերությունների «թվային առեւտրի» ձեռնաշղթաները՝ Բայդենի վարչակազմը վերահաստատում է իր կարգավորիչ լիազորությունները խոշոր հարթակների ու տվյալների բրոքերների նկատմամբ, որոնք քաղաքական ողջ սպեկտրի կարծիքով չափազանց մեծ իշխանություն ունեն: Առեւտրային համաձայնագրերը վատ համբավ ունեն կորպորատիվ լոբբիստների հենց այսպիսի վարքագծի պատճառով:

ԱՄՆ-ում պետք է լուրջ բանավեճ սկսվի այն մասին, թե ինչպես լավագույնս կարգավորել տեխնոլոգիական ընկերությունները եւ ինչպես պահպանել մրցակցությունը՝ միաժամանակ կանխելով թվային վնասները, որոնք քաղաքական բեւեռացում են հրահրում եւ խարխլում ժողովրդավարությունը: Ակնհայտ է, որ բանավեճը չպետք է սահմանափակվի այդ ընկերությունների կողմից առեւտրային համաձայնագրերի մեջ գաղտնի ներդրված խոչընդոտներով: ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցիչ Քեթրին Թայը միանգամայն ճիշտ է՝ ասելով, որ «քաղաքականության սխալ գործելակերպ» կլինի ամրագրել այս հարցերի շուրջ սահմանափակող առեւտրային կանոնները՝ նախքան ԱՄՆ կառավարությունը կձեւավորի սեփական մոտեցումը:

Անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում ունեք մեծ տեխնոլոգիական ընկերությունների կարգավորման վերաբերյալ (արդյոք հակամրցակցային պրակտիկան եւ սոցիալական վնասները պետք է սահմանափակվեն թե ոչ)՝ յուրաքանչյուր մարդ, որը հավատում է ժողովրդավարությանը, պետք է ողջունի Բայդենի վարչակազմը, որ հրաժարվում է «սայլը ձիուց առաջ դնել»: ԱՄՆ-ը, ինչպես մյուս երկրները, պետք է ժողովրդավարական ճանապարհով որոշի իր թվային քաղաքականությունը: Եթե դա տեղի ունենա, կարծում եմ, որ արդյունքը շատ հեռու կլինի այն բանից, ինչին ձգտում են այդ ընկերություններն ու նրանց լոբբիստները:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:


Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 2821
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai