Կենտրոնական բանկերը պետք է ազնվորեն խոսեն իրենց կորուստների մասին

19.03.2024 | 09:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Սիթիբանկի նախկին գլխավոր տնտեսագետ եւ Անգլիայի բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեի նախկին անդամ Վիլեմ Բյութերի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Եվրոպական կենտրոնական բանկը վերջերս զեկուցեց 2004 թվականից ի վեր իր առաջին տարեկան գործառնական վնասի մասին: 2023 թվականին բանկի վնասները կազմել են 1,3 մլրդ եվրո՝ ֆինանսական ռիսկերի գծով պահուստից 6,6 մլրդ եվրո հատկացնելուց հետո: Այս կորուստը հաշվառելիս ԵԿԲ-ն ապավինում է նույն ապակողմնորոշիչ հորինվածքին, ինչ ԱՄՆ Դաշնային պահուստային խորհուրդը (ԴՊՀ), որը մեծ կորուստների հետ գործ ունենալու համար ստեղծել է «հետաձգված ակտիվներ» կատեգորիան:

Ինչպես բացատրում է ԵԿԲ-ի մամուլի հաղորդագրությունը, այս կորուստը «կփոխանցվի ԵԿԲ-ի հաշվեկշռին եւ կհաշվանցվի ապագա շահույթից»: Սա նշանակում է, որ կորուստը մուտքագրվել է որպես դրական ակտիվ, թեեւ խելամիտ կլիներ այն մուտքագրել որպես բացասական չբաշխված շահույթ բաժնետերերի կապիտալում՝ հաշվեկշռի պարտավորությունների հատվածում: Ընդհանուր զուտ սեփական կապիտալը (վճարված կապիտալի գումարը, ֆինանսական ռիսկերի եւ ընդհանուր պահուստային ֆոնդերում պահվող ցանկացած գումարը, վերագնահատման հաշիվները, նախորդ տարիների կուտակված վնասը եւ տարվա ամբողջ շահույթը/(վնասը)) պետք է լինի հաշվեկշռի պարտավորությունների մասում:

ԴՊՀ-ը նույնպես մուտքագրում է իր հաշվեկշռի կորուստները (որոնք կնվազեցնեին իր զուտ կապիտալը շեմային արժեքից) կա՛մ որպես դրական ակտիվ («հետաձգված ակտիվ»), կա՛մ որպես բացասական պարտավորություն: Իրենց իսկ խոսքերով.

«Դաշնային պահուստի ակտը պահանջում է, որ պահուստային բանկերը ավելցուկային եկամուտները փոխանցեն ԱՄՆ գանձապետարան՝ գործառնական ծախսերը, շահաբաժինների վճարումները եւ ավելցուկը պահպանելու համար անհրաժեշտ գումարները փակելուց հետո: Այն ժամանակահատվածում, երբ շահույթը բավարար չէ այդ ծախսերը հոգալու համար, գրանցվում է հետաձգված ակտիվ: Հետաձգված ակտիվը զուտ շահույթի գումարն է, որը պահուստային բանկերը պետք է իրականացնեն՝ նախքան կվերսկսեն դրամական փոխանցումները ԱՄՆ գանձապետարան»:

Հետեւելով այս տրամաբանությանը, ինչո՞ւ թույլ չտալ բաժնետերերին պատկանող մասնավոր ընկերությանը հաշվեկշռում ներառել կորուստները (որոնք ընկերության կապիտալը նվազեցնում են որոշակի շեմից) որպես հետաձգված ակտիվ (կամ բացասական պարտավորություն): Ի վերջո, մասնավոր ընկերությունը պարտավոր է ավելցուկային շահույթը փոխանցել իր բաժնետերերին՝ գործառնական ծախսերը, պարտքի սպասարկումը եւ ավելցուկը պահպանելու համար անհրաժեշտ գումարը հաշվառելուց հետո: Կորպորատիվ հետաձգված ակտիվը կլինի ապագա զուտ շահույթի գումարը, որը ընկերությունը պետք է իրականացնի, նախքան կվերսկսի իր բաժնետերերին վճարել շահաբաժինները: Ակնհայտ է, որ սա տնտեսական եւ ֆինանսական անհեթեթություն է:

Վիլեմ Բյութերը


ԵԿԲ-ն գոնե պատշաճ կերպով զեկուցում է շահույթի/վնասի մասին, երբ բացահայտում է իր ընդհանուր զուտ կապիտալի փոփոխությունները: Զուտ կապիտալը 2022-ի վերջին կազմել էր 51,6 մլրդ. եվրո, իսկ 2023-ի վերջին՝ 44,5 մլրդ: ԵԿԲ-ի եւ ԴՊՀ-ի արժեթղթերի մեծ մասը գնահատվում է ոչ թե շուկայական գներով, այլ ըստ ամորտիզացված (պատմական) արժեքի: ԵԿԲ-ի դեպքում սա ներառում է բոլոր ֆինանսական գործիքները, որոնք պահվում են դրամավարկային քաղաքականություն իրականացնելու համար: 2023-ի վերջում ԵԿԲ-ի կողմից Արժեթղթերի շուկաների, Ակտիվների գնման եւ Համաճարակի շտապ գնման ծրագրերով տնօրինվող արժեթղթերի շուկայական արժեքը 39,9 մլրդ. եվրոյով պակաս էր ամորտիզացված արժեքից, ինչի արդյունքում ԵԿԲ-ն ուներ 4,6 մլրդ. եվրոյի դրական կապիտալ՝ շուկայական արժեքով գնահատված ակտիվներով: 2022-ի վերջին շուկայական արժեքով բացասական կապիտալը կլիներ 7,9 մլրդ. եվրո:

Իրական արժեքից այս զեղչերը զարմանալիորեն ցածր են: Ես չկարողացա տեղեկանալ Եվրոհամակարգի կուտակային չիրացված կորուստների մասին, սակայն ԴՊՀ-ի կուտակային չիրացված կորուստները իր Համակարգի բաց շուկայի հաշվի (SOMA) պահուստներում 2023-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմում էին 1,3 տրլն. դոլար: Այդ ամսաթվի դրությամբ հետաձգված ակտիվը կազմում էր 105,9 մլրդ. դոլար: ԴՊՀ-ի ընդհանուր պահուստային բանկի կապիտալը՝ 42,7 մլրդ. դոլար, հետեւաբար, վերածվում է «իրական արժեքի եւ չհետաձգված ակտիվի»՝ 1,365,1 մլրդ. դոլար:

Ի՞նչ են ասում կենտրոնական բանկերը սրա մասին: Ըստ ԵԿԲ-ի, այն «կարող է արդյունավետ գործել եւ կատարել գների կայունության պահպանման իր առաջնային մանդատը՝ անկախ կորուստներից»: ԴՊՀ-ը ոչ միայն նույնն է ասում, այլեւ ավելացնում, որ կորուստները չեն սպառնում իր վճարունակությանը. «Բացասական զուտ եկամուտը եւ համապատասխան հետաձգված ակտիվի ստեղծումը չեն ազդում Դաշնային պահուստի՝ դրամավարկային քաղաքականություն վարելու կամ ֆինանսական պարտավորությունները կատարելու վրա»:

Եվ դա այդպես է, քանի որ ԵԿԲ-ը եւ ԴՊՀ-ը արտարժույթով արտահայտված չնչին պարտավորություններ ունեն եւ միշտ կարող են ազգային արժույթ տպել՝ իրենց ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Բայց եթե կորուստները բավականաչափ մեծ են (1,3 տրիլիոն դոլար իրականացրած կորուստը լուրջ բան է), ապա անվճարունակությունից խուսափելու համար պահանջվող սենյորաժը (եկամուտը փողի էմիսիայից) կարող է սպառնալ գների կայունությանը:

Նույն կերպ էլ, եթե կորուստները բավականաչափ մեծ են, Կենտրոնական բանկը կարող է կատարել իր ֆինանսական պարտավորությունները եւ ապահովել գների կայունությունը միայն իր իրական սեփականատեր(ներ)ից ֆինանսական փոխանցում ստանալով: ԴՊՀ-ի դեպքում սա ԱՄՆ գանձապետարանն է, ԵԿԲ-ի դեպքում՝ եվրոգոտու անդամ-պետությունների 20 կենտրոնական բանկերը եւ դրանց իրական սեփականատերերը (այսինքն՝ երկրի հարկաբյուջետային մարմինները):

Վիլեմ Բյութերը


Բայց ԱՄՆ գանձապետարանը չունի ֆինանսական հակաճգնաժամային կամ վերակապիտալացման պայմանագիր ԴՀՊ-ի հետ (ի տարբերություն Անգլիայի բանկի, որն օրինակելի վերակապիտալացման համաձայնագիր ունի Նորին մեծության Գանձապետարանի հետ): Նմանապես, եվրոգոտու ազգային կենտրոնական բանկերը կարող են ունակ չլինել վերակապիտալացնել ԵԿԲ-ն՝ առանց մեծացնելու իրենց սենյորաժը, որը կսպառնա գների կայունությանը (քայլ, որը պետք է թույլատրի ԵԿԲ Կառավարման խորհուրդը): Ավելին, անհայտ են եվրոգոտու ազգային հարկաբյուջետային իշխանությունների պատրաստակամությունն ու կարողությունը՝ օգնելու իրենց կենտրոնական բանկերին եւ ԵԿԲ-ին:

Ե՛վ ԵԿԲ-ը, եւ՛ ԴՊՀ-ը պետք է հրաժարվեն հետաձգված ակտիվների անհեթեթությունից, վերակապիտալացման պայմանագրեր մշակեն իրենց սեփականատերերի հետ եւ պատրաստվեն մեծ իրացված կորուստների:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:

Copyright: Project Syndicate, 2023.
www.project-syndicate.org
Դիտում՝ 1206
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai