Robust Armenia-2024 կոնֆերանս. Կայուն զարգացումը անկայուն միջավայրում

07.03.2024 | 13:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Մարտի 6-ին Մեդիամաքս մեդիա-ընկերությունը եւ Skill Marketing Company-ն անցկացրեցին առաջին Robust Armenia կոնֆերանսը՝ «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրի ներքո:

Robust Armenia-ն հիմնադրվել է որպես ամենամյա կոնֆերանս, որը հարթակ է դառնալու Հայաստանի կայուն զարգացման հարցերը մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից քննարկելու համար: Ամենամյա կոնֆերանսից բացի, տարվա ընթացքում տեղի են ունենալու են նաեւ այլ միջոցառումներ, որոնց ընթացքում տարբեր ձեւաչափերով շարունակվելու է կայուն զարգացման հարցերի քննարկումը:

Robust Armenia 2024 կոնֆերանսի գործընկերներն էին Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, Կոնվերս Բանկը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, Յունիբանկը, Գրանթ Թորնթոն Քնսալթինգը, Green Rock Management Group-ը, Philip Morris International-ը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:

Կոնֆերանսի գլխավոր խոսնակն էր Do Something! կազմակերպության համահիմնադիր եւ նախագահ Ջոն Դին:

Banks.am-ը ներկայացնում է հատվածներ կոնֆերանսի խոսնակների ելույթներից:

Կայուն զարգացման օրակարգը՝ բիզնեսում

Ռայիսա Բաբայան, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բնապահպանական եւ սոցիալական ռիսկերի գծով (ESG-ԲՍԿ) պատասխանատու

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը որդեգրել է քաղաքականություն, որը համահունչ է կայուն զարգացմանը եւ ԲՍԿ (բնապահպանական, սոցիալական եւ կառավարման) չափորոշիչներին: Սա կարող է ապահովել մրցունակություն, քանի որ առանց «կանաչ» օրակարգի, ԲՍԿ չափորոշիչների պահպանման, անհնար է ապագան եւ բարեկեցությունը:

Ռայիսա Բաբայանը

Մեր բանկի կողմից ֆինանսավորումը էլեկտրամեքենաներ ձեռք բերելու եւ էներգախնայող շենքերի շինարարության գործում կարող է նպաստել ռիսկերի մեղմմանը։ Սա նաեւ կօգնի պետությանը՝ առաջ տանելու «կանաչ» օրակարգը:

Ազատ Մանուկյան, Գրանթ Թորնթոն Քնսալթինգ, բաժնետեր

Հասկանալու համար, թե ինչու է այսօր կայուն զարգացումը որպես օրակարգ արագ զարգանում եւ մտնում բիզնես, պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում միջազգային հարթակներում: Այսօր նկատվում է կապիտալի շարժ դեպի կայուն զարգացման ոլորտ, կայուն զարգացման նախագծեր:

Ազատ Մանուկյանը

Օրենսդրական բազան եւս կարող է նպաստել այս օրակարգի զարգացմանը, բայց բիզնեսը եւս պետք է գիտակցի այն ազդեցությունը, որը ինքն է թողնում եւ արձագանքի մարտահրավերներին։

Աննա Սալոմե, Green Rock Management ընկերության մարքետինգի տնօրեն

Green Rock Management-ը ցանկանում է իր օրինակով ցույց տալ, որ բիզնեսը կարող է նախաձեռնող լինել, անգամ օրենսդրական կանոնակարգումից, պետության միջամտությունից անկախ՝ ինքնուրույն իրականացնել կարեւոր նախագծեր:

Աննա Սալոմեն

Մենք մի շարք բիզնես եւ սոցիալական նախագծեր ենք իրականացնում Երեւանում եւ Դիլիջանում: Դիլիջանում կառուցում ենք բազմաֆունկցիոնալ մեծ համալիր, որն ունենալու է տարբեր բիզնես ուղղություններ: Բայց մեզ հետաքրքրում է տարածքների զարգացումն առհասարակ, ինչի նպատակով էլ նախաձեռնել ենք Դիլիջանի կայուն զարգացման մի շարք նախագծեր։

Իրինա Ժուկովա, Philip Morris International ընկերության կայուն զարգացման ռեգիոնալ կառավարիչ

Մեզ համար կայունությունը մեր բիզնես ռազմավարության առանցքն է: Մենք օգնում ենք ընկերություններին ներդնել բիզնես կայունության ռազմավարություն եւ վստահ լինել, որ իրականացնում են ճիշտ կառավարում։ Կայունությունը պահանջում է միջֆունկցիոնալ համագործակցություն, եւ մեզ համար շատ կարեւոր է ունենալ այդպիսի համագործակցություն։

Իրինա Ժուկովան

Philip Morris International-ը գիտահետազոտական կենտրոն (PMI Science) ունի երեք երկրում, որոնցից մեկը Հայաստանն է: Այստեղ կենտրոն ունենալը պայմանավորված է նրանով, որ հավատում ենք այն հիմնարար գիտությանը, որն այստեղ կա: Հայաստանը մեզ գրկաբաց ընդունեց, այսինքն՝ երկիրը բաց էր միջազգային ներդրողների առջեւ եւ ուներ լավ գիտական բազա: Սա եւս չափանիշ էր մեզ համար: 5 տարվա ընթացքում հայաստանյան PMI Science կենտրոնում ներդրվել է շուրջ $20 մլն։

Հայաստանը նաեւ առաջամարտիկներից է թափոնների կառավարման մեր ծրագրերում:

Աննա Սաղաբալյան, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ կայուն զարգացման գծով փոխտնօրեն

Ընկերություններն այսօր ավելի հաճախ են ներգրավում մասնագետների ԲՍԿ ոլորտում։ Երեք ուղղություններ կան, որոնք ստիպում են ընկերություններին այս օրակարգը ներառել իրենց աշխատանքում՝ արտաքին ճնշումը թե՛ հանրության, թե՛ բաժնետերերի կողմից, օրենսդրական կարգավորումը եւ նախաձեռնությունը՝ մրցունակության բարձրացման նպատակով։

Աննա Սաղաբալյանը

ԲՍԿ միջոցներին հետեւելը ֆինանսապես շահեկան է, եթե ջանքերն ուղղվեն ճիշտ ուղղությամբ։ Այսօր «Կանաչ» օրակարգի ֆինանսավորումը դառնում է էլ ավելի կարեւոր։ Մեր ոլորտում 10 տարի հետո ֆինանսավորման այլ տեսակ առհասարակ չի լինի։

ԲՍԿ ռազմավարությունը՝ ընկերություններում

Ռայիսա Բաբայան

Մեր բանկի ԲՍԿ ռազմավարության նպատակն է հնարավորինս կառավարել, մեղմացնել մեր վարկառուների գործունեությունից առաջացող ազդեցությունները, ինչպես նաեւ դրանով կարգավորել մեր իսկ գործունեության հետքը, օրինակ՝ թափոնների կառավարումը:

Աննա Սալոմե

Մեր ռազմավարությունը մեկ նախադասությամբ կարող ենք սահմանել այսպես՝ հասնել էներգախնայող շինարարության, համապատասխանել «կանաչ» շենքերի բոլոր չափանիշներին, ինչպես նաեւ մաքսիմալ վերահսկել մեր գործունեության «հետքը»:

Ազատ Մանուկյան

ԲՍԿ ռազմավարության տեսանկյունից խորհրդատվական բիզնեսի ազդեցությունն ավելի շատ սոցիալական ասպեկտների վրա է, որը որոշակի ազդեցություն ունի նաեւ շրջակա միջավայրի վրա: Մենք ավելի շատ ազդեցություն ունենք տնտեսության կայուն զարգացման եւ կրթական նպատակների ուղղությունների վրա:


Մեր ռազմավարությունն է՝ նպաստել տնտեսության աճին՝ ներդրում կատարելով մեր աշխատակիցների կրթության մեջ՝ դրանով ապահովելով մեր պոտենցիալ հաճախորդների եւ ավելի լայն բիզնես հանրույթում կայուն զարգացման օրակարգը առաջ տանելն ու սպասարկելը:

«Հայաստան 100», մարտահրավեր-առաջարկ

Ջոն Դի, Do Something! Կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն

Հայաստանում ես հայտնի եմ այն աշխատանքով, որն արել եմ Rock Aid Armenia-ի շրջանակում, բայց հիմնական գործը, որով զբաղվում եմ՝ ձեռնարկությունների հետ աշխատանքն է շրջակա միջավայրի ոլորտում:

Ջոն Դին

Հայաստանին մարտահրավեր եմ առաջարկում` մինչեւ 2035 թվականը 100%-ով անցնել վերականգնվող էներգիայի։ Հեշտ կլինի, եթե որոշեք այսպես անել, որովհետեւ խոշոր բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները էժան փող կհատկացնեն Հայաստանին։ Պետք չէ մտահոգվել ծախսերի մասին, արեւն անվճար է, միշտ լինելու է, քամին՝ եւս։ Հայաստանը պետք է հետեւի այս խորհրդին, ձերբազատվի գազի օգտագործումից եւ ամեն ինչ էլեկտրականացնի։

«Կայուն զարգացումը անկայուն միջավայրում»

Արթուր Մխիթարյան, Կոնվերս Բանկի գործառնական դեպարտամենտի տնօրեն

Մինչեւ 2020 թվականն էլ բոլորը մտածում էին տեխնոլոգիաների օգտագործման, բիզնես պրոցեսների ավելի օպտիմալ կազմակերպման մասին, բայց 2020 թվականը ստիպեց, որ բիզնեսներն ավելի արդյունավետ ուղիներ գտնեն պրոցեսների կառուցման համար։ Անկայուն իրավիճակներում ստիպված ես լինում գտնել ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կլինեն արդյունավետ եւ հարմար բոլորի համար, այս դեպքում՝ ոչ միայն բիզնեսի, այլ նաեւ հաճախորդի, միջավայրի եւ հասարակության համար։


Արթուր Մխիթարյանը

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում վստահությունը դեպի բիզնեսը շատ դեպքերում ավելի բարձր է, քան կառավարությունների, պետական մարմինների հանդեպ, քանի որ բիզնեսն ավելի կայուն, հետեւողական որոշումներ է կայացնում։

Լեւոն Գրիգորյան, Յունիբանկի համապատասխանության գծով տնօրեն

Ամենամեծ ձեռքբերումներից մեկը հեռավար աշխատելու մշակույթի ներդրումն է, որն ավելի ճկուն դարձրեց աշխատանքային ռեժիմը։

Լեւոն Գրիգորյանը

Հաճախորդների առումով էլ ձեռքբերումը վստահության ավելացումն է։ Ճակատագրական այս 4 տարիների ընթացքում մենք ոչ միայն չկորցրեցինք հաճախորդներ, այլ ներգրավեցինք հավելյալ միջոցներ, ինչի մասին խոսում են թվերը, օրինակ՝ ավանդային պորտֆելի 35% աճը, թողարկված պարտատոմսերի տեղաբաշխումը հաշված օրերի ընթացքում։ Փետրվարին մենք շուրջ 2 մլրդ դրամի պարտատոմս տեղաբաշխեցինք։

Արմեն Ստեփանյան, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն

Կորոնավիրուսի համավարակը շատ հանքարդյունաբերական կազմակերպություններ համարում են թեստ կամ ցուցիչ։ Հանքարդյունաբերությունը «շանս» ունեցավ ցույց տալ, որ խոսքից անցնում է գործի։ Մեծ կազմակերպություններն օրինակելի վարք ցուցաբերեցին եւ կանգնեցրեցին արտադրությունը, ցույց տվեցին, որ մարդու կյանքն իսկապես կարեւոր է։

Արմեն Ստեփանյանը

44-օրյա պատերազմը հերթական փորձությունն էր, որով Հայաստանն անցավ, հանքարդյունաբերությունը եւս ուղղակի եւ անուղղակի առնչվեց դրան։ Կառավարության հետ ուս-ուսի աշխատում էինք՝ թե մեքենաներ, բուժօգնություն տրամադրելով, թե նյութեր մատակարարելով։ Անկախ խնդիրներից՝ հանքարդյունաբերող բոլոր ընկերությունները կարողացան անցնել այս ճգնաժամը, դրան հաջորդեցին անվտանգային խնդիրները, որոնց մեր ոլորտը եւս անմաս մնալ չի կարող։

Բոլոր մարտահրավերները ԶՊՄԿ-ն հաղթահարել է հարաբերական հաջողություններով։ Ցանկացած մարտահրավեր նոր հնարավորություններ է ստեղծում, ցույց է տալիս ընկերությունների բացերը։

Ֆինանսավորում «կանաչ» ընկերություններին

Արթուր Մխիթարյան

Կոնվերս Բանկը վերջին 2-3 տարում ձեւավորել է մոտ 5 միլիարդ դրամանոց պորտֆել, որով, օրինակ, ֆինանսավորել է առաջին ֆոտովոլտային էլեկտրակայանը, մեծ ծավալով էներգաարդյունավետ հիփոթեքային վարկավորում է իրականացրել, ֆինանսավորել առավել կայուն զարգացող ագրոոլորտը։


Եթե միջազգային շուկաներում ներդրողների վարքագիծը դիտարկենք ESG տեսանկյունից, ապա կտեսնենք, որ ըստ որոշ հետազոտությունների, մոտ 80%-ը, բացի բարձր եկամտաբերությունից, նաեւ դիտարկում են, թե ներդրվող ընկերությունը որքանով է «կանաչ»։ Եթե եկամտաբերությունը բարձր է, բայց ընկերությունը «կանաչ» չէ, ապա հրաժարվում են ներդրումներ անել։ Բանկերը՝ լինելով գլոբալ տնտեսության մաս, ֆինանսավորումները պետք է նույն կերպ անեն։

Լեւոն Գրիգորյան

Յունիբանկն ունի Green Bond Framework հայեցակարգը։ Մեր թողարկվելիք Green Bond-երը ներգրավված միջոցները 100%-ով ուղղելու էներգաարդյունավետութան բարձրացման, գյուղատնտեսության ոլորտում բնական ռեսուրսների ճշգրիտ օգտագործման, ջրային ռեսուրսների մաքրման համար։ Ունենք հավակնոտ նշաձող, որին ձգտում ենք հասնել։

Թափանցիկ եւ մաքուր հանքարդյունաբերություն

Արմեն Ստեփանյան

Թափանցիկություն ու վստահությունը հանքարդյունաբերության ոլորտի հանդեպ երկու ամենակարեւոր մարտահրավերներից են։ Թափանցիկության ապահովման տարբեր գործիքներ կան եւ հանրային հաշվետվողականությունը դրանցից մեկն է։ ԶՊՄԿ կայուն զարգացման հաշվետվությունը, որը հրապարակում ենք երկրորդ տարին անընդմեջ, դրա վառ օրինակն է։ Դրանում համարձակ խոսում ենք թե մեր ձեռքբերումների, թե խնդիրների մասին։ Աշխարհում ամենաթիրախավորված ոլորտներից մեկը հանքարդյունաբերությունն է ու դրա վերաբերյալ կարծրատիպեր ու միֆեր շատ են շրջանառվում։


Մենք առաջամարտիկը չենք եղել կայուն զարգացման հաշվետվություն հրապարակելուց, «Լիդիան Արմենիա» ընկերությունը դեռեւս 2016-2017 թվականներին նույնիսկ շինարարությունների փուլում է հաշվետվություններ ներկայացրել, սակայն առաջամարտիկ ենք մեկ այլ ձեւաչափով՝ TCFD-ի առաջարկություններով, որոնց հիման վրա կատարել ենք հետազոտություն եւ արդյունքները ներառել ESG հաշվետվության մեջ։

Ջոն Դի, Do Something! Կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն

Աշխարհում կան լավ եւ վատ հանքարդյունաբերողներ։ Շատ ընկերություններ Ավստրալիայում մեծ ջանքեր են գործադրում եւ ամենամեծ հանքարդյունաբերողը 100%-ով վերականգնվող էներգիա է օգտագործում։ Մենք բոլորս միասին աշխատում ենք լավագույն արդյունքի հասնելու համար։ Աշխարհում կան հանքարդյունաբերական ընկերություններ, որոնք արհամարհում բնապահպանական օրենքները։ Հայաստանը կարող է դիտարկել լավագույն փորձը, նյութեր կան, որոնք պետք է անպայման ունենալ, որպեսզի անցում կատարել ավելի մաքուր բիզնեսի։ Հանքարդյունաբերական ոլորտը պետք է մաքուր աշխատի, հաջողության հասնի, համագործակցի իր հաճախորդների հետ, որ ինչ-որ բան փորելու պահից մինչեւ ապրանքի վերածելու պահը ամեն ինչ արվի շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն թողնելով։

Անի Խչոյան, Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան
Դիտում՝ 6995
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai