Կենտրոնական բանկերի 2% թիրախը ոչ թե վերջնագիծ է, այլ նոր մարաթոնի սկիզբ

06.03.2024 | 18:08 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Բոկոնիի համալսարանի Եվրոպական քաղաքականության մշակման ինստիտուտի տնօրեն Դենիել Գրոսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

2024 թվականի սկզբին ֆինանսական շուկաների տրամադրությունները կտրուկ փոխվեցին: ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի եւ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից ավելի քան մեկ տարվա ագրեսիվ տոկոսադրույքների բարձրացումից հետո ներկայում քննարկվում է, թե երբ (ոչ թե «արդյոք») կենտրոնական բանկերը կիջեցնեն տոկոսադրույքները: ԱՄՆ-ում եւ եվրոգոտում գնաճը գրեթե նույնքան արագ իջավ, որքան բարձրացել էր, եւ այժմ մոտ է կենտրոնական բանկերի 2% նպատակային ցուցանիշին:

Որոշելու համար, թե գնաճն իրոք հաղթահարվել է, նախ պետք է հասկանանք, թե ինչու էր այն աճել։ Բացատրությունը կարող է ակնհայտ թվալ: Բոլորը «գիտեն», որ 2022-23 թվականներին գնաճի պատճառը արտաքին գործոններն էին, հատկապես մատակարարման շղթաների խափանումները եւ էներգակիրների գների բարձրացումը, որոնք հիմնականում առաջացել էին COVID-19 համաճարակի եւ Ուկրաինայի պատերազմի հետեւանքով: Բայց նույնիսկ հպանցիկ հայացքը բավական է հասկանալու համար, որ այս բացատրությունը թերի է:

Էներգիայի եւ մատակարարման խնդիրները, որոնց հաճախ վերագրվում է գնաճը, կարճատեւ էին: Հում նավթի գները ընդամենը մի քանի ամիս հետո իջան ուկրաինական պատերազմին նախորդող մակարդակին, իսկ մատակարարման պակասը, որը հատուկ էր հետհամաճարակային դարաշրջանին, 2023-ի ընթացքում վերացավ: Եթե խնդիրը միայն այդ ցնցումները լինեին, գները կտրուկ կաճեին, հետո արագ կնվազեին, իսկ գնաճի բացասական տեմպերը կպահպանվեին:

Բայց այդպես չեղավ: Թեեւ 2022 թվականին էներգիայի եւ որոշ ապրանքների գները նվազեցին, մյուս գների մեծ մասը շարունակեց աճել: Հատկանշական է, որ կրկնակի ցնցումը չպետք է ազդեր ծառայությունների գների վրա, քանի որ ծառայությունների հիմքում աշխատուժն է եւ, հետեւաբար, դրանք հիմնականում կախված են աշխատավարձից, ոչ թե էներգիայի գներից: Այնուամենայնիվ ծառայությունների գները անշեղորեն աճում են:



Երբ էներգակիրների գները բարձրանում են, կենտրոնական բանկերը ծանր ընտրության առջեւ են հայտնվում: Սպառողական գների ինդեքսը կարող է կայուն մնալ միայն այն դեպքում, երբ մյուս գները (հիմնականում ծառայությունների գները), նվազեն: Սակայն տնտեսագետներն ու կենտրոնական բանկերը համակարծիք են, որ աշխատավարձերի իջեցումը չափազանց դժվար գործ է: Աշխատավարձերի նվազման նկատմամբ այս կոշտ մոտեցումը հիմնավորում է այն փաստարկը, որ կենտրոնական բանկերը չպետք է պատասխանատվություն կրեն էներգակիրների գների աճով պայմանավորված գնաճի համար:

Վերջին զարգացումները վիճարկում են այս տրամաբանությանը: COVID-19 համաճարակին նախորդող տարիներին ԱՄՆ-ում ծառայությունների գներն աճում էին տարեկան մոտ 2-3%-ով, սակայն երկարաժամկետ օգտագործման ապրանքների գները միջին հաշվով ամեն տարի մի փոքր նվազում էին, ինչի արդյունքում միջին գնաճը կազմում էր մոտ 2,5 %: Ծառայությունների կայուն, բայց չափավոր գնաճի եւ ապրանքների գների աննշան անկման այս համակցությունը պահպանվեց նավթի գների հանկարծակի աճի ժամանակ, օրինակ, 2008 եւ 2013 թվականներին: Այսպիսով, քիչ հավանական է, որ ծառայությունների գների վերջին աճը (2022-23-ին այն բարձրացավ 7%-ով) պայմանավորված էր ընդամենը նավթի գնի շոկով:

Անշուշտ, էներգակիրների գները կարող են բացատրել եվրոգոտու ընդհանուր գնաճի մեծ մասը: Բնական գազի գները 2022 թվականին Եվրոպայում կտրուկ աճեցին: Թեեւ հետագայում գազի գները նվազել են, դրանք ավելի քան երկու անգամ բարձր են, քան ուկրաինական պատերազմից մեկ տարի առաջ: Այդ պատճառով աճել են ոչ միայն ջեռուցման ծախսերը, այլեւ բազում արդյունաբերական գործընթացների, սննդի արտադրության ծախսերը եւ այնպիսի ծառայությունների, ինչպիսիք են կացարան տրամադրելը:

Այսպիսով, էներգիայի գնի շոկը, հավանաբար, ավելի ուժեղ եւ երկարատեւ ազդեցություն թողեց Եվրոպայում սպառողական զամբյուղի շատ բաղադրիչների՝ հատկապես սննդի եւ որոշ ծառայությունների գների վրա: Բայց էներգակիրների գները նվազեցին, իսկ ծառայությունների գները՝ ոչ: Անցած տարվա ընթացքում եվրոգոտու վեց տոկոսանոց «դեզինֆլյացիայի» մեկ քառորդից պակասը պայմանավորված է ծառայություններով: Մինչդեռ ԱՄՆ-ում ծառայությունների գնաճը հասնում է մոտ 5%-ի:



Հարցն այն է, թե ինչու են էներգիայի եւ ապրանքների գները հետեւել ավանդական հետագծին (սկզբում բարձրացել, հետո իջել), բայց ծառայությունների ոլորտը շարունակում է տառապել գնաճից: Համոզիչ բացատրություններից մեկը տնտեսագետների լեզվով «ռացիոնալ անուշադրությունն» է. երբ գնաճը ցածր է եւ երկար ժամանակ կայուն, ռացիոնալ մտածողները չեն անհանգստանում գների մասին: Արդյունքում էներգիայից բացի՝ աշխատավարձերը եւ այլ ապրանքների գները կարող են մնալ կայուն, նույնիսկ եթե էներգակիրների գները որոշ չափով տատանվում են, ինչպես եղավ մինչեւ 2019 թվականը:

Այս հավասարակշռությունը խախտվում է, երբ կտրուկ աճում է էներգիայի կամ որեւէ այլ կարեւոր ռեսուրսի գինը: 2022-ին էներգակիրների գների աճը (եւ դրա պատճառ հանդիսացած խոշոր աշխարհաքաղաքական իրադարձությունը) ստիպեցին մարդկանց ուշադրություն դարձնել գներին: Երբ որոշ խիստ տեսանելի գներ, ինչպիսիք են օգտագործված մեքենաների գները, մի քանի ամսում բարձրացան գրեթե 50%-ով, ինչը պայմանավորված էր հետհամաճարակային աճող պահանջարկով եւ մատակարարման շղթաների խաթարմամբ, գնաճը տնտեսվարողների աչքում առաջին պլան տեղափոխվեց:

Երբ ընկերություններն ու աշխատողները մեծ ուշադրություն են դարձնում գնաճին, նրանք ավելի հաճախ են փոփոխում իրենց գները եւ աշխատավարձի պահանջները: Դրանով է բացատրվում, թե ինչու էներգետիկայի ու մեքենաների ոլորտից գնաճը տարածվեց ողջ տնտեսության վրա: Կենտրոնական բանկերը, հատկապես ԵԿԲ-ն, 2022-ին դանդաղ գիտակցեցին այս փոփոխությունը եւ հասկացան, որ այլեւս չեն կարող ապավինել վերջին տասնամյակի բարենպաստ իրավիճակին, երբ նավթի գների խոշոր տեղաշարժերը սահմանափակ ազդեցություն ունեցան գնաճի վրա:

Պարզապես մի քանի ամսով 2% թիրախին հասնելը բավարար չի լինի այն նպատակի համար, որին պետք է իրականում ձգտեն կենտրոնական բանկերը. տնտեսություն, որտեղ աշխատողներն ու արտադրողները մոռանում են գնաճի մասին:

Այսպիսով, կենտրոնական բանկերի առջեւ ծառացած մարտահրավերը ոչ այնքան գնաճը 3%-ից 2%-ի հասցնելն է (դեզինֆլացիայի մրցավազքի «վերջին մղոնը»), այլ պահպանելն է այնքան երկար, որ մարդիկ այլեւս չանհանգստանան, որ վաղը գները նորից կաճեն: 2% թիրախը ոչ թե վերջնագիծ է, այլ նոր մարաթոնի սկիզբ:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:


Copyright: Project Syndicate, 2023.
www.project-syndicate.org
Դիտում՝ 1946
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai