Տնտեսությունը հասարակությունից վեր դասելու վտանգավոր փորձի հետեւանքները

17.02.2024 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Քեմբրիջի համալսարանի փորձառական իրավական հետազոտությունների դոցենտ Անթարա Հալդարի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

1944 թվականին, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմը մոտենում էր ավարտին, աքսորյալ հունգարացի տնտեսական սոցիոլոգ Կառլ Փոլանյին հրատարակեց «Մեծ փոխակերպումը» տրակտատը, որտեղ քննարկում էր, թե ինչ վտանգավոր է փորձել տարանջատել տնտեսական համակարգերը հասարակությունից: Ութսուն տարի անց Փոլանյիի նախազգուշացումը շուկայական տնտեսության մասին, որն անջատվել է մարդկային կարիքներից եւ հարաբերություններից, կարող է նախախնամական լինել: Ապագան, որը նա գուշակում էր, չափազանց նման է Մերի Շելիի նկարագրած «Ֆրանքենսթայն»-ին, որտեղ բժշկի արարածը կորցնում է գլուխը եւ հարձակվում է իր ստեղծողի վրա:

Այդ ապագան գուցե արդեն իրականություն է: 2024 թվականին՝ պատմության մեջ ամենամեծ ընտրական տարում, տասնյակ երկրներում մարդիկ, որոնք կազմում են աշխարհի բնակչության կեսը, քվեարկության կգնան։ Ցանկում են աշխարհի երկու խոշորագույն դեմոկրատական երկրները (Հնդկաստանն ու Միացյալ Նահանգները) եւ ամենաբնակեցված երեք երկրները (Ինդոնեզիան, Պակիստանն ու Բանգլադեշը): Եվրամիությունն էլ, որը բնակեցված է 27 երկրների մոտ կես միլիարդ մարդկանցով, խորհրդարանական ընտրություններ կանցկացնի:



Մեկնաբաններից եւ փորձագետներից շատերն այս գլոբալ համաժամանակությունը դիտարկում են որպես հանրաքվե հետպատերազմյան գլոբալ կարգի վերաբերյալ: Նախնական գնահատականներն առայժմ բարենպաստ չեն: Ոմանք պնդում են, որ աշխարհը «ժողովրդավարության անկում» է ապրում՝ վկայակոչելով ազատության մակարդակի նվազումը, հետընթացը դեպի ավտորիտարիզմ եւ հարձակումները ազատ ու արդար ընտրությունների վրա: Բնականաբար, այս ամենը հարց է առաջացնում, թե ինչպես մենք հետսառըպատերազմյան շլացուցիչ հույսից (որը Ֆրենսիս Ֆուկույաման, ինչպես հայտնի է, անվանել էր «պատմության ավարտ») հասանք մինչեւ այսօրվա խոր հիասթափությունը:  

Թեեւ ժողովրդավարությունը, անկասկած, զոհ է գնացել վատ դերակատարներին՝ Ռուսաստանից մինչեւ Բանգլադեշ եւ Պակիստան, ներկայիս հիվանդությունը ավելի խորն է եւ ավելի հիմնարար, քան արդար ընտրությունների եւ խոսքի ազատության տագնապալի հետընթացը: Այնպիսի առաջնորդները, ինչպիսիք են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը հերթական ընտրություններում հավանաբար կառաջադրվի որպես հանրապետականների նախագահական թեկնածու, եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որը հունվարին ոչ պաշտոնապես սկսեց իր քարոզարշավը՝ բացելով վիճահարույց հինդուական տաճարը Այոդհյայում, կարծես թե իրոք ժողավրդականություն են վայելում: Նրանց ամբոխահաճությունն ու բեւեռացնող օրակարգերը կարծես արտահայտում են համաշխարհային հոգու ինչ-որ իրական բան: Բայց ի՞նչ:



Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհին հավերժական խաղաղություն եւ բարգավաճում էին խոստացել. առաջինն ապահովելու էր քաղաքական լիբերալիզմը (մասնավորապես՝ ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը), իսկ երկրորդը՝ նեոդասական տնտեսագիտությունը (տնտեսագիտության խիստ բարդ քանակական տարբերակը, որը կարող է որդեգրել ցանկացած հասարակություն): Բայց փոխարինելով մարդկային գործոնը անտեսանելի ձեռքով՝ այս մոդելները զուտ ընթացակարգային էին՝ առանց քաղաքականության, արժեքների եւ զգացմունքների: Դրանք գովազդում էին որպես պատրաստի համակարգեր, որոնց պետք չէ համայնք կամ ղեկավարություն, պետք է միայն անսահման անհատական բանականություն եւ համատեքստի նվազագույն ներգրավվածություն կամ ճանաչում:

Այս մոտեցման խնդիրն այն է, որ անտեսվում էր Փոլանյիի հիմնական գաղափարը. տնտեսությունը չի կարելի, իր խոսքերով, «զատել» հասարակությունից: Արդյունաբերական հեղափոխությունից հետո, պնդում էր նա, մենք ձեռնամուխ եղանք վտանգավոր փորձի՝ տնտեսությունը վեր դասել հասարակությունից եւ մարդկանց իջեցնել ապրանքների մակարդակին: Արդյունքում ստացվեց մի արարած է, որը գոյութենական վտանգ է ներկայացնում իր ստեղծողների համար:

Այս տեսանկյունից  հետպատերազմյան աշխարհակարգի հավանական մերժումը այս տարի չպետք է զարմացնի. այդ պատումի տարրերը վերջին տասնամյակներին ավելի ու ավելի ակնառու են: 1990-ականներին գլոբալիզացիայից դժգոհության հիմքերը մեկնաբանվում էին որպես աշխարհագրորեն սահմանափակ երեւույթ. հետ մնացած տարածաշրջանների «աճի ցավեր»: 2000-ականների սկզբին զարգացած երկրներում սկսեցին ի հայտ գալ խնդիրներ, որոնք ժամանակին սահմանափակված էին զարգացող աշխարհով. աճի անկում, մոլեգնող անհավասարություն, ձախողված ինստիտուտներ, քաղաքական համաձայնության բացակայություն, կոռուպցիա, զանգվածային բողոքի ցույցեր եւ աղքատություն: Բազում նախազգուշացումները աննկատ մնացին. 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, 2009-ին սկսած եվրոգոտու պետական պարտքային ճգնաժամը եւ 2016-ին Միացյալ Թագավորության «Բրեքսիտ» հանրաքվեն:



Ամբոխահաճությունը հասկանալու գիտական ջանքերը միայն սահմանափակ հաջողություն են ունեցել, քանի որ փորձում են բանականության ոսպնյակով քննել ըստ էության զգացմունքային արձագանքը. առհավական վախեր ու բնազդներ, որոնք առաջացել են ինքնությունը, վստահությունը եւ համայնքը երկար ժամանակ անտեսելուց: Ողջ աշխարհում ամբոխահաճո առաջնորդները դիրքեր են գրավում՝ հրաժարվելով փորձագետների կողմից առաջ քաշված տնտեսագիտական փաստարկներից եւ վկայակոչելով նատիվիստական թեմաներ՝ խորհրդապաշտություն եւ մոգություն, որոնք, ըստ գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերի, կապիտալիզմը վճռականորեն ճնշել էր:

Ողբերգությունն այն է, որ հետպատերազմյան ազատական կարգի ճարտարապետների մասին գերիշխող ամբոխահաճո պատումի մեջ (որ նրանք խենթ գիտնականներ էին, որոնք կորցրել էին վերահսկողությունը իրենց ստեղծածի նկատմամբ) որոշ ճշմարտություն կա: Բայց մեր պատմությունը կարող էր այլ ավարտ ունենալ: Ինչպես «Ֆրանքենսթայն»-ում, եթե ընդունեինք, որ հրեշը (այս դեպքում՝ հետպատերազմյան տնտեսությունը) ունակ է նուրբ զգացմունքների, կկարողանայինք փոխել նրա վարքագիծը: Այս տարի պետք է արթնացման կոչ լինի քաղաքականություն մշակողների համար, որպեսզի ուշադրություն դարձնեն Փոլանյիի 80 տարի առաջվա ուղերձին. ոչ մի տնտեսություն գոյություն չունի այն հասարակությունից դուրս, որը ստեղծել եւ պահպանում է այն:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:


Copyright: Project Syndicate, 2023.
www.project-syndicate.org
Դիտում՝ 2206
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai