Արժեթղթերում ներդրումների ոլորտը ՀՀ-ում սրընթաց զարգանում է. Apricot Capital-ի տարվա ամփոփումը

27.12.2023 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Apricot Capital #Վաչիկ Գեւորգյան
Apricot Capital ներդրումային ընկերությունն ամփոփում է 2023 թվականը. թարմացված հավելված, ներդրումային նոր գործիքներ, նոր հնարավորություններ, համագործակցություններ եւ առաջիկա նախագծեր։ Ընկերության գործադիր տնօրեն Վաչիկ Գեւորգյանը ներկայացնում է տարվա ձեռքբերումները, հետաքրքիր նորություններն ու 2024-ի նպատակները։

Apricot Capital հավելվածի կատարելագործում. նոր գործիքներ եւ հնարավորություններ հաճախորդների համար

Apricot Capital-ը 2022-ին է հիմնադրվել, եւ 2023-ի սկզբին ընկերությունը, փաստացի, մի քանի ամիս էր գործունեություն ծավալում։ Բայց մենք շատ արագ էինք զարգանում եւ ընդլայնվում նաեւ թիմով, ուստի 2023-ի սկիզբը մեզ համար նշանավորվեց ավելի մեծ ու ընդարձակ գրասենյակ տեղափոխվելով։

Տարվա ընթացքում բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ, միջոցառումներ եւ փոփոխություններ տեղի ունեցան։ Այս տարի մեր հաճախորդների թիվն աճեց ավելի քան հինգ անգամ, ինչը բավականին տպավորիչ եւ պարտավորեցնող արդյունք է։

Apricot Capital-ի հավելվածում եւ ընդհանուր հարթակում մի շարք գործիքներ, հնարավորություններ ու նորություններ ավելացրեցինք այս տարի։ Նախեւառաջ, մեր հավելվածը միացավ ամերիկյան խոշորագույն շուկային, ինչի շնորհիվ մենք արդեն ծածկում ենք բաժնետոմսերի շուկայական կապիտալիզացիայի ավելի քան 95 տոկոսը։

Հավելվածում նաեւ ավելացրեցինք արտարժույթի առեւտրի հնարավորությունը, եւ այժմ մեր հաճախորդները Apricot Capital-ի հավելվածով շահավետ պայմաններով իրական ժամանակի ռեժիմում կատարում են արտարժութային փոխարկումներ հիմնական արժութային զույգերով (ԱՄՆ դոլար, եվրո, բրիտանական ֆունտ, շվեյցարական ֆրանկ եւ այլն) միջազգային քրոս փոխարժեքներով, իհարկե՝ անկանխիկ տարբերակով։ Բացի դա՝ ավելացրեցինք նաեւ հավելվածի միջոցով ՀՀ պետական պարտատոմսեր ձեռք բերելու հնարավորությունը։ Այս պահին նաեւ ակտիվորեն աշխատում ենք Հայաստանի ֆոնդային բորսայի հետ, որ մեր համակարգը միանա բորսային, առավելագույն թվայնացված ու ավտոմատ կերպով մեր հաճախորդների հայտերն ինքնաշխատ եղանակով հասցեագրվեն բորսային ու գործարքը գրանցվի այնտեղ։  

Հավելվածում նաեւ ավելացրեցինք մարժային առեւտուր իրականացնելու հնարավորությունը։ Մարժային առեւտուրը լայնորեն ընդունված ֆինանսական պրակտիկա է ամբողջ աշխարհում, սկսել է տարածում գտնել նաեւ Հայաստանում։ Եվ մենք, այդ ծառայությունը մեր հարթակում ակտիվացնելով, մեր հաճախորդներին հնարավորություն ենք տալիս մարժային առեւտրի միջոցով հասանելիություն ունենալ միջազգային հեղինակավոր ներդրումային ընկերությունների արժեթղթերին։

Մյուս կարեւոր փոփոխությունը բավականին վերջերս իրականացրեցինք՝ Apricot Capital-ում ներդրեցինք հաշիվների բացման առցանց ընթացակարգ։ Այսուհետ, գրասենյակ այցելելու, թղթային հայտեր լրացնելու փոխարեն, հաշվի բացման ողջ գործընթացը հնարավոր է իրականացնել առցանց տարբերակով։ Կայքում ընդամենը մի քանի պարզ եւ հաջորդական քայլերի միջոցով, ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական ու իրավաբանական անձինք կարող են ունենալ իրենց բրոքերային հաշիվը։ Այս որոշումն իր դրական արդյունքները տվեց, եւ մենք ամեն օր հաշիվների բացման նոր հայտեր ենք ստանում։

Հաշվի առնելով ներդրումների նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությունը, որոշեցինք ՀՀ ռեզիդենտների համար ներդրումային փորձ ձեռք բերելն ավելի հասանելի դարձնել եւ հաշվի ստեղծման համար նախատեսված նվազագույն սահմանաչափը 500 000 ՀՀ դրամից դարձրեցինք 100 000 ՀՀ դրամ։ Ի թիվս մեր այլ առավելությունների, մասնավորապես՝ բրոքերային հաշիվների սպասարկման տարեկան վճարների բացակայություն, գործարքների կատարման շատ ցածր միջնորդավճարներ, գործարքների իրականացում իրական ժամանակի ռեժիմում, այս հնարավորությունը եւս ուղղված է մեր հաճախորդների հարմարավետությանը, ներդրումային պրակտիկայի տարածմանը։

2023-ը՝ակտիվ, բուռն եւ հագեցած տարի

2023-ը բուռն եւ հագեցած էր Apricot Capital-ի համար։ Ապրիլին մասնակցեցինք Doing Digital Forum-ին։ Այն շատ լավ հնարավորություն էր ինչպես մեզ, այնպես էլ ոլորտի այլ առաջամարտիկների համար, որոնք պատրաստակամ են ֆինանսների ոլորտը թվայնացնելու, ֆինթեքը զարգացնելու եւ հետաքրքիր գաղափարներով կիսվելու համար։ Ֆորումը փորձի եւ գիտելիքների փոխանակման հնարավորություն էր բոլոր մասնակիցների համար, վստահ եմ նաեւ, որ արդյունքում նոր համագործակցություններ են ձեւավորվել։

Հաջորդիվ տեղի ունեցավ Եվրոպական եւ ասիական ֆոնդային բորսայի կողմից իրականացվող ConFEAS 2023 համաժողովը, որի ներդրումային գլխավոր գործընկերը Apricot Capital-ն էր։ Համաժողովի նպատակն էր ոլորտի առաջատար մասնագետներին հրավիրել Երեւան՝ փորձի փոխանակման եւ նոր ծանոթություններ հաստատելու համար: Նախորդ տարիներին կոնֆերանսը կազմակերպվել էր Աբու Դաբիում եւ Բուխարեստում, եւ Հայաստանն առաջին անգամ էր հյուրընկալում մոտ 20 երկրի 40 բանախոսներին։ ConFEAS-ը եւս շատ լավ հնարավորություն էր ոլորտի միտումներով, հեռանկարներով եւ նորություններով միմյանց հետ կիսվելու, առաջատար մասնագետների հետ շփվելու համար։

Տարվա ընթացքում մի շատ կարեւոր միջոցառում եւս կազմակերպեցինք՝ «Ներդրումներ. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ եւ ինչպե՞ս» թեմայով դասընթացը ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Apricot Capital-ի նպատակներից մեկն է տարածել ու հասանելի դարձնել ներդրումային գործիքներն ու ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ մարդիկ կկարողանան ինքնուրույն կատարել ներդրումներ եւ արդյունավետ կառավարել իրենց խնայողությունները։ Իրազեկվածության համատեքստում շատ կարեւոր ենք համարում ԶԼՄ-ների, մեդիայի հետ համագործակցությունն ու նրանց ներգրավվածությունը, եւ այդ պատճառով էլ որոշեցինք նախաձեռնել դասընթացը։ Միջոցառումը նշանակալի էր թե՛ մեզ ու թե՛ ոլորտի համար։

Կրթությունն ու մասնագիտացած կադրերի ապահովումը՝ որպես Apricot Capital-ի առաջնահերթություններ

Հատկապես ներդրումային ընկերությունների համար այսօր որակյալ կադրեր ունենալն առաջնային խնդիր է։ Մեզ համար շատ կարեւոր է, որ երիտասարդները հենց ուսանողական տարիներից հնարավորություն ունենան ծանոթանալու այս ոլորտի եւ նման ընկերություններում աշխատելու նրբություններին։ Եվ որպեսզի կարողանանք նրանց փոխանցել մեր փորձն ու գիտելիքները, նախատեսում ենք կրթության ոլորտում մի շարք ծրագրեր իրականացնել։ Այս տարի դրան ուղղված երկու կարեւոր քայլ արդեն իսկ արել ենք ՝ համագործակցության հուշագրեր ենք կնքել Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ։ Որոշել ենք միավորել մեր հնարավորություններն ու ռեսուրսները համատեղ ծրագրեր իրականացնելու, ուսանողներին կրթելու եւ հետագայում աշխատանքով ապահովելու համար։  Մեզ մոտ արդեն իսկ բազմաթիվ հաջողված փորձեր ունենք, երբ ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան մեզ մոտ անցնելուց հետո, դառնում են Apricot Capital-ի թիմակից։ Հուսով եմ, որ դա շարունակական կլինի։ Հատկապես այն համատեքստում, որ մենք շատ արագ ենք զարգանում. տարին մեկնարկել էինք ընդամենը 10 թիմակցով, այսօր արդեն 30-ն ենք։ Սա, կարծում եմ, էական փոփոխություն եւ ձեռքբերում է։ Բուհ-մասնավոր հատված համագործակցությունները շարունակվելու են։

Տարվա ընթացքում մեր թիմակիցները տարբեր համաժողովների, դասընթացների են մասնակցել արտերկրում՝ եվրոպական երկրներում, ԱՄԷ-ում եւ ԱՄՆ-ում։ Գիտելիքների կատարելագործումը, փորձի փոխանակումը, միջազգային միտումներին հետեւելն ու դրանք Հայաստանում հասանելի դարձնելը մեզ համար առաջնային են։

Արժեթղթերի գլոբալ շուկաներից՝ Հայաստան. Ոլորտը սրընթաց զարգացման փուլում է

Տարին բարենպաստ է եղել ինչպես միջազգային, այնպես էլ տեղական շուկայի համար։ Ճիշտ է, տարվա սկզբին որոշակի մտավախություններ ու բացասական կանխատեսումներ կային՝ կապված բարձր տոկոսադրույքների ու գնաճի հետ։ Սակայն Կենտրոնական բանկերը համապատասխան քայլերով կարողացան կայունացնել դաշտն ու տարին բարեհաջող ընթացավ։ Գլոբալ տնտեսությունը շարունակում է աճ գրանցել։

Ներդրումային թոփ ընկերությունների «հրաշալի յոթնյակը» պահպանում է իր դիրքերը. Apple, Microsoft, Amazon, Tesla, Nvidia, Google, Meta-ն շարունակում են լինել ներդրումների համար ցանկալին ու պահանջվածները։ Մի հետաքրքիր փաստ. արհեստական բանականությունը դրական ազդեցություն ունեցավ արժեթղթերի շուկայի վրա: ChatGPT-ի եւ նմանատիպ այլ գեներատիվ արհեստական բանականության շուրջ տարածվող աղմուկն ուղղորդեց ընկերություններին միլիարդներ ներդնել տեխնոլոգիական ոլորտում։ Տեխնոլոգիական հսկաներ, ինչպիսին են` Microsoft-ը եւ Alphabet-ը, ներդրողների AI տիրույթ մուտք գործելուն պես գրանցեցին ռեկորդային աճ։ Թերեւս, ամենամեծ հաղթողը, այնուամենայնիվ, գերժամանակակից միկրոչիպեր արտադրող Nvidia-ն էր: Հունիսին այն դարձավ ամերիկյան յոթերորդ ընկերությունը, որի շուկայական արժեքը գերազանցեց 1 տրիլիոն դոլարը:

Ի ուրախություն բոլորիս՝ Հայաստանում եւս ներդրումային ոլորտը բավականին արագ է զարգանում։ Շուկայում արդեն տարբեր ընկերություններ կան, հասարակությունն արդեն իսկ որոշակի գիտելիքներ ու պատկերացումներ ունի ոլորտի մասին։ Մեր հաճախորդները մեզ մոտ գալիս են արդեն իսկ մասնագիտացած հարցադրումներով, ինչը վկայում է, որ ակտիվ հետեւում են դաշտին, այլ ընկերությունների գործունեությանն ու առաջարկներին եւ ուզում են գտնել իրենց համար վստահելի ու կայուն ներդրումային ընկերություն։

Խոստումնալից 2024. Նպատակներ, առաջիկա քայլեր, զարգացման տեսլական

2023-ի համար մեր առջեւ դրված նպատակներն ամբողջությամբ իրականացրել ենք։ Կանխատեսվում է, որ 2024-ն էլ ավելի բարենպաստ տարի է լինելու ներդրումների համար՝ հատկապես փոքր եւ միջին կապիտալիզացիայով ընկերությունների դեպքում։ Ուստի գալիք տարին եւս մեզ համար ակտիվ եւ ընդլայնված գործունության տարի է լինելու։

2024-ին շարունակելու ենք աշխատել մեր հավելվածի կատարելագործման եւ նոր գործիքներ ավելացնելու ուղղությամբ։ Փորձը ցույց տվեց, որ հաճախորդների հարմարավետության համար ավելի ճիշտ է՝ ինքներս զարգացնենք մեր ծրագրային ապահովումը։ Արդեն իսկ սկսել ենք ներքին (insource) IT թիմի հավաքագրման աշխատանքները, որպեսզի ծրագիրը զարգացվի մեր շուկայական, հարկային ու հաշվապահական առանձնահատկություններին առավելագույնս համապատասխան։ Սա երկարաժամկետ ներդրում է, եւ, միանշանակ, իր արդյունքները տալու է։ Նաեւ նախատեսում ենք նոր գործիքներ եւ շուկաներ ինտեգրել՝ չինական, հնդկական, որոնք մեծ ներուժով շուկաներ են։

Ակնկալում ենք ներդրումների, դրանց նկատմամբ հետաքրքրության շատ ավելի մեծ աճ։ Հայաստանի շուկան մեծ պոտենցիալ ունի։ Կարեւոր է արձանագրել, որ ֆինանսական գրագիտությունը մարդկանց մոտ զարգանում է, եւ նոր տեխնոլոգիաների, տեղեկատվության հասանելիության ու, իհարկե, ռազմավարական աշխատանքի շնորհիվ մենք հաջորդ տարի կունենանք էլ ավելի տպավորիչ արդյունքներ։
Դիտում՝ 11522
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai