“Կգա պահը, երբ բանկերը կգնան միաձուլման ճանապարհով”

16.12.2008 | 22:29 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Երեւան /Մեդիամաքս/. “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ի բաժնետեր Գուրգեն Հակոբյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին

- Այսօր տարբեր գնահատականներ ու կանխատեսումներ են հնչում Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի ազդեցության վերաբերյալ: Կցանկանայինք լսել Ձեր կարծիքը:

- Վերջին ամիսներին զարգացած եւ զարգացող երկրների տնտեսություններում տեղի ունեցող իրադարձությունները չէին կարող չազդել Հայաստանի վրա: Այսօր կարելի է խոսել Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի սահմանափակ ազդեցության մասին: Դա նախեւառաջ դրսեւորվում է վարկային միջոցների թանկացմամբ (միջինը 3-4 տոկոսային կետով) եւ փոխառուների նկատմամբ վարկատուների պահանջների խստացմամբ:

Որոշ բարդություններ են ծագել նաեւ արդյունաբերական հատվածում` կապված համաշխարհային շուկաներում գնանկման հետ: Որոշ ձեռնարկություններ ստիպված են եղել կրճատել արտադրության ծավալը կամ դադարեցնել իրենց գործունեությունը: Ինչպես հայտնի է, այդ խնդիրն ավելի սուր է հանքարդյունաբերության ոլորտում: Հուսով եմ, ստեղծված իրադրությունը զանգվածային բնույթ չի ստանա. համաշխարհային բորսաներում տիրող իրավիճակը հիմք է տալիս խոսել հաստատված հարաբերական կայունության մասին:

Այսօր դժվար է որեւէ կանխատեսում անել, սակայն, ըստ իս, այն փոփոխությունները, որոնք պետք է կատարվեն, արդեն կատարվել են, եւ չեմ կարծում, որ հնարավոր կլինի արագ վերականգնել այն բացասական դրսեւորումները, որոնք արդեն տեղ են գտել մեր տնտեսության մեջ: Յուրաքանչյուր պետություն ինքը պետք է հակաճգնաժամային միջոցառումներ փնտրի, սակայն միաժամանակ շատ բան կախված է լինելու նաեւ համաշխարհային զարգացումներից:

- Այդ լույսի ներքո նկատվու՞մ է “Գրանթ Թորոնթոն Ամիօ”-ի քոնսալթինգային ծառայությունների նկատմամբ պահանջարկի մեծացում, եւ ձեր կողմից մշակվու՞մ են արդյոք թիրախային, այսպես կոչված “հակաճգնաժամային” խորհրդատվական ապրանքատեսակներ:

- Ընդհանուր առմամբ խորհրդատվական բիզնեսը, ինչպես եւ բիզնես գործունեության յուրաքանչյուր այլ ոլորտ, ուղիղ համեմատական է ընդհանուր տնտեսական ֆոնին` վերելքներ վերապրելով տնտեսական աճի ընդհանուր միտումների ժամանակահատվածում, եւ, բնականաբար, ընդհակառակը: Միաժամանակ, Դուք իրավացի եք` խոսելով այն մասին, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում կարող է մեծանալ պահանջարկը խորհրդատվական ապրանքատեսակների նկատմամբ` ռիսկերի կառավարման առումով: 

Այսօր մենք դեռեւս չենք արձանագրում պահանջարկի աճ այդ կարգի քոնսալթինգային ապրանքատեսակների նկատմամբ: Կարծում եմ, այդ մասին ավելի հանգամանորեն կարելի կլինի խոսել 2009 թվականի երկրորդ եռամսյակից հետո: Մեր քոնսալթինգային ապրանքատեսակների պորտֆելում միշտ գոյություն են ունեցել ռիսկերի կառավարման ծառայություններ, եւ այսօր անհրաժեշտություն չկա մշակելու նոր, իրավիճակային ապրանքատեսակներ: Այլ հարց է, որ Հայաստանում դրանք քիչ էին պահանջված կամ առհասարակ պահանջված չէին, մինչդեռ համաշխարհային շուկաներում դրանք միշտ կայուն պահանջարկ են վայելում: Չեմ բացառում, որ ծավալվող իրադարձություների լույսի ներքո Հայաստանում այդ ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկը կարող է աճել:

Ըստ մեր կանխատեսումների, հաջորդ տարի ընկերությունը կարձանագրի կայուն պահանջարկ քոնսալթինգային ծառայությունների նկատմամբ, թեեւ չենք բացառում, որ վերջին զարգացումների հետ կապված աճի տեմպը կարող է նվազել:

- “Միջազգային գործարար զեկույցի” (IBR) ընթացիկ տարվա արդյունքների համաձայն, հայաստանյան գործարարների համար ամենամեծ խոչընդոտն երկարաժամկետ ֆինանսավորման բացակայությունն է: Ձեր կարծիքով, որո՞նք են ստեղծված իրադրությունից դուրս գալու ուղիները, եւ կարելի՞ է դրական փոփոխություններ ակնկալել` հատկապես համաշխարհային ճգնաժամի պայմաններում:

- Կարծում եմ, այդ խնդիրը դեռեւս մնալու է օրակարգում, ավելին, հաշվի առնելով համաշխարհային ճգնաժամը, այն խորանալու է: Միաժամանակ կցանկանայի շեշտել, որ մենք մեծ հույսեր ենք կապում Nasdaq OMX-ի` Հայաստան գալու հետ կապված եւ կարծում ենք, որ կապիտալի շուկայի զարգացմանը զուգահեռ` բարենպաստ պայմաններ կստեղծվեն երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու համար:

Կապիտալի շուկա ընկերության դուրս գալը կարող է լուրջ այլընտրանք դառնալ բանկային վարկերին, ինչը նաեւ կնպաստի այդ ընկերությունների թափանցիկության բարձրացմանը: Nasdaq OMX-ի ներկայացուցիչների հետ իմ շփումների ընթաքում ես նրանցից հարցնում էի` ֆինանսական ռեսուրսների հետ կապված կարո՞ղ են խնդիրներ առաջանալ, եթե հայկական ընկերությունները հանդես գան կոնկրետ առաջարկներով: Ես նրանցից “ազդանշան” ստացա, որ կան ֆինանսական ռեսուրսներ, եւ կան ներդրողներ, ովքեր պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել:

Սակայն մենք բոլորս հիանալի գիտակցում ենք, որ միայն խոշոր ընկերություներն են ունակ գործել բորսայում: Այդ կապակցությամբ փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու հարցը կարող է լուծվել պետական աջակցության մակարդակով` նպատակային ծրագրերի իրականացման եղանակով:

- Հարցումը պարզել է նաեւ, որ հայաստանյան մասնավոր ձեռնարկությունների շուրջ 20 տոկոսն իրենց հետագա ընդլայնումը նախատեսում են առաջիկա երեք տարիների ընթացքում` միաձուլման եւ կլանման գործարքների հաշվին: Դուք ինչպե՞ս եք գահատում այդ հնարավորությունը Հայաստանի բանկային համակարգի համար:

- 20 տոկոսը բավականին լուրջ թիվ է եւ ներհատուկ է զարգացում ցուցադրող տնտեսություններին: Հարցման արդյունքները վկայում են մեր գործարարների մենթալիտետի փոփոխման, ժամանակին համընթաց քայլելու եւ կորպորատիվ կառավարման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու նրանց ցանկությունների մասին:

Բանկային հատվածում դիտարկվում է նաեւ խոշորացման միտում, եւ, կարծում եմ, կգա ժամանակ, երբ բանկերը կգնան միաձուլման ճանապարհով: Ամեն ինչ կորոշի առաջարկվող գինը եւ այդ գինը վճարելու պատրաստակամությունը:

- 2009 թվականից ընկերությունները, որոնց Կենտրոնական բանկի կողմից շնորհվել են “B-” եւ ավելի բարձր վարկանիշներ, պետք է ներկայացնեն “մեծ վեցնյակի” կողմից հաստատված ֆինանսական հաշվետվություն: Այդ առումով ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Կարող եմ միանշանակ պատասխանել, որ վարկանիշի հարցը հանգեցրել է ընկերության ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճին: Այս տարվա ընթացքում մեզ են դիմել մի քանի խոշոր ընկերություններ, որոնք նախկինում չեն օգտվել աուդիտորական ծառայություններից: Բնականաբար, դա վերաբերում է նաեւ “մեծ վեցնյակի” այլ աուդիտորական ընկերություններին:

- Նախորդ տարվա ընթացքում “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ն անց էր կացրել բանկերի մոտ 50%-ի եւ վարկային կազմակերպությունների շուրջ 40%-ի աուդիտը: Ինչպիսի՞ն պատկերն այս տարի:

- Մենք միշտ ակտիվ ենք եղել բանկային հատվածում, հայաստանյան բանկերի առնվազն 50%-ն օգտվել եւ օգտվում է մեր ծառայություններից: Մեր հաջողությունը մենք կապում ենք 20-ից ավելի մասնագետներից բաղկացած արհեստավարժ թիմի հետ, ովքեր մասնագիտանում են բացառապես բանկային աուդիտի բնագավառում: Այդ առավելությունը մեզ թույլ է տալիս արժանի դիրքեր պահպանել մրցակցային պայքարում, առաջարկել որակյալ աուդիտորական ապրանքատեսակներ եւ վարել ճկուն գնային քաղաքականություն:

Կցանկանայի ավելացնել նաեւ, որ մեր ընկերության մասնագետների ծառայություններից հաճախ օգտվում են նաեւ ԱՊՀ այլ երկրների, մասնավորապես` Ռուսաստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի եւ այլ երկրների բանկեր:

- Վերջերս “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ն բարձրաձայնեց կապիտալի շուկայի հարցերով Հայաստանի համար “աննախադեպ” կոնգրեսի անցկացման ծրագրերի մասին:

- Այդ նախագծի հիմնական նպատակը մեր գործարարներին եւ կառավարիչներին կապիտալի շուկայի մեխանիզմներին ու հնարավորություններին ավելի լավ ծանոթանալու հնարավորություն ընձեռելն է: Հաշվի առնելով Հայաստանում Nasdaq OMX-ի ներկայությունը եւ մեր սերտ շփումները` մենք քննարկում ենք համաժողով կազմակերպելու հնարավորությունները, որը նախատեսում ենք անցկացնել 2009 թվականի փետրվարին: Համաժողովի նախապատրաստական աշխատանքներին մասնակցում են նաեւ Հայաստանի բանկերի միությունը, Էկոնոմիկայի նախարարությունը, Հաշվապահների ասոցիացիան եւ Գործարարների միությունը:

Մենք փորձում ենք հարթակ ստեղծել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` ներառյալ հրավիրված արտասահմանյան մասնագետները, ովքեր աշխատանքային մեծ փորձ ունեն:

Դիտում՝ 17568
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai