Prodigi ընկերության համահիմնադիր Արսեն Սուլթանյանը թվային գովազդի շուկայի վերլուծություն է կատարել՝ ներկայացնելով տարիների ընթացքում շուկայում արձանագրված փոփոխությունները, ոլորտի հիմնական միտումներն ու մարտահրավերները, ինտերնետ հասանելիության ու օգտատերերի վարքագծի փոփոխությունները։ Banks.am-ի հետ զրույցում Արսեն Սուլթանյանը մեկնաբանել է ստացված տվյալները եւ պատմել հետազոտության ընթացքի մասին։ Թվային գովազդի շուկայի ծավալըԱյստեղ ներկայացված է գովազդային տեղադրումների շուկան։ Մեդիա գովազդի բյուջեն է, որտեղ ներառված չեն ինֆլյուենսեր մարքեթինգի շուկայի տվյալները։ 2017 թվականից տեսնում ենք լուրջ աճ․ 2017-ին՝ $ 4 մլն էր, 2019-ին $ 9,5 մլն-ի է հասել։ 2020 թվականին համավարակի ու պատերազմի պատճառով որոշակի անկում ենք տեսնում, բայց այն շատ էական չէ։ Լուսանկարը՝ Prodigi 2021 թվականին մեծ աճ է տեղի ունեցել, որը մեծամասամբ պայմանավորված էր բուքմեյքերական ընկերությունների գովազդային բյուջեների աճով։ 2022-ի սկզբից այս ընկերությունների գովազդի որոշ սահմանափակումներ մտցվեցին, իսկ սեպտեմբերից գովազդն արգելվեց, հետեւաբար, կտրուկ անկում ենք տեսնում։ Սակայն այլ բնագավառներն աճել են։ Բուքմեյքերների գովազդը ողողել էր շուկան ու այլ գովազդատուներ չէին երեւում։ Վստահ եմ, որ առաջիկա 2 տարում նորից կվերականգնվի աճի ցուցանիշը։ Այս պատկերը ստացել եմ վերլուծելով մեր համագործակցությունը բուքմեյքերական կազմակերպությունների հետ, նաեւ հիմնվել որոշ տվյալների վրա, որոնք այդ կազմակերպություններն են անանուն սկզբունքով տրամադրել մեզ եւ հաշվի եմ առել նախորդ տարիների փորձը։ Մի քանի ազդակներով գնահատել ու ստացել եմ շուկայի պատկերը ներկայացնող մոտավոր թվեր։ Թվային գովազդի մեջ մեծ ներդրումներ կատարող թոփ 3 ոլորտներըԹվային գովազդի մեջ մեծ ներդրումներ կատարող թոփ 3 ոլորտները ֆինանսական, տելեկոմ եւ առեւտուրն են։ 2021-ին առաջին տեղում բուքմեյքերական ընկերություններն էին, այս տարվա հետազոտությունում դրանք ներառված չեն։ Տելեկոմ ընկերությունները, թեեւ քանակապես քիչ են, բայց բավականին մեծ բյուջե են սպառում Հայաստանում։ Երրորդ տեղում առեւտրի ոլորտում գործող ընկերություններն են։ Եթե զուգահեռ տանենք ռուսական շուկայի հետ, ապա այնտեղ թոփ մեկ գովազդատու դարձել են առցանց առեւտրի (e-commerce) ընկերությունները։ Այս տվյալները մենք ստացել ենք ոչ միայն մեր փորձով, այլ դիմել ենք Հայաստանում գործող այլ գովազդային ընկերությունների, գործակալությունների, եւ նրանք կիսվել են իրենց փորձով։ Ստացել ենք հետեւյալ պատկերը. փոքր բիզնեսներն ամսական միջինում 100-ից 500 հազար դրամ են ծախսում թվային գովազդի վրա, միջին ընկերությունները՝ 500 հազարից մինչեւ 800 հազար եւ մեծերը՝ մոտ 2 եւ ավելի միլիոն դրամ։Ինտերնետի հասանելիության աճը ՀայաստանումՍա ինտերնետից օգտվողների ու հասանելիություն ունեցողների քանակն է։ Որքան շատ օգտվողներ ակտիվ լինեն համացանցում, այնքան շատ գումար գովազդատուները պատրաստ կլինեն ներդնել։ Լուսանկարը՝ Prodigi 2020-ին 15 տոկոսանոց աճ է գրանցվել՝ համավարակի հետեւանքով։ Ավելի շատ մարդիկ սկսեցին օգտվել համացանցից, առցանցը նրանց կենցաղի մի մասը դարձավ։ Այս թվերը վերցված են Համաշխարհային բանկի տրամադրած տվյալներից։ Լուսանկարը՝ Prodigi Վերջին անգամ 2016-ին էի նմանատիպ հետազոտություն կատարել, այդ ժամանակ հետաքրքիր էր պլանշետների օգտագործման աճը։ Հետազոտությունն առաջին հերթին հիմնված է մեր գովազդային ներքին ցանցի տվյալների վրա: Նաեւ մի շարք կայքերի հետ սերտ համագործակցություն ունենք ու մոտ 20 կայքի տվյալներ վերլուծել ենք ու միջինացված թվեր ստացել։ 2023-ին մոտեցումը նույնն է եղել։ Փոփոխությունը միանշանակ է, մոբայլը կտրուկ աճել է։ Լուսանկարը՝ Prodigi Ինտերնետի արագությամբ Հայաստանը լավագույն հորիզոնականներում չէ, աշխարհում 80-րդ տեղում ենք ըստ Speedtest-ի տվյալների։ Լավն այն է, որ ցուցանիշն աճում է։ Ես այս ցուցանիշը կարեւորում եմ տեսանյութերի սպառման տեսակետից։ Վերջին տարիներին վիդեո բովանդակությունը թրենդային է։ Որքան ինտերնետի արագությունն ավելանա, այդքան էլ տեսանյութերի սպառումը կմեծանա։ Փորձը ցույց է տալիս, որ թույլ ինտերնետի արագություն ունեցողները նույնիսկ դիտելու կոճակին չեն սեղմում։Հայաստանյան շուկայի առանձնահատկություններըԵրեք հետաքրքիր ու կարեւոր փաստ եմ առանձնացրել։ Մեզ մոտ տղամարդիկ ավելի քիչ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում եւ կանանց համեմատ ավելի շատ են լրատվական նյութեր կարդում։ Սոցցանցերի ակտիվ օգտվողները հիմնականում կանայք են։ Տվյալները հիմնականում ստացել ենք Google Analytics-ից եւ մեր ներքին գովազդային ցանցի վերլուծությունից։ Արսեն Սուլթանյանը Մեզ մոտ առցանց խանութներում նկատվում է հետաքրքիր վարքագիծ։ Դրանք օգտագործվում են որպես կատալոգ, հարթակ, որտեղ կարելի է ծանոթանալ առաջարկվող տեսականուն եւ ապրանքների արժեքներին։ Դրանից հետո օգտատերերը օֆլայն գնում կատարելու որոշում են կայացնում։ Սա մի կողմից թուլացնում է առցանց խանութների դիրքը, բայց մյուս կողմից էլ բիզնեսների համար ազդակ է, որպեսզի ստեղծեն իրենց առցանց կատալոգը եւ մեծացնեն օֆլայն գնման հավանականությունը։ Երրորդ փաստն այն է, որ գովազդատուները ոչ միայն ուշադրություն են սկսել դարձնել ուղիղ կոնվերսիային, այլեւ իրենց բրենդի ճանաչելիությանն ու համայնքի կառուցմանը։ Շուկայի մարտահրավերներըԳլխավոր մարտահրավերներից մեկը բուքմեյքերական ընկերությունների գովազդային շուկայից դուրս գալն էր։ Սա հանգեցրեց բյուջեի լուրջ անկման, ընդ որում, այդ անկումն առաջինը զգացին լրատվական կայքերը։ Սոցցանցերում կամ որոնողական համակարգերում, օրինակ՝ Google-ում, փոփոխությունն առանձնապես չզգացվեց։ Սակայն տեսնում ենք միտում, որ այլ ոլորտների գովազդատուները լրացնում են բացը։ Մեդիա դաշտում փոխարինումը դանդաղ է տեղի ունենում։ Գովազդային գործակալությունների համար նույնպես սա մարտահրավեր էր։ Մյուս խնդիրն այն է, որ դաշտում քիչ են որակավորված մասնագետները։ Պահանջարկի աճի համեմատ նոր մասնագետների համալրումը դանդաղ է ընթանում։ Սա բոլորի համար է խնդիր։ Մենք փորձնակներ ենք վերցնում ու կրթում նրանց, այդպես տարիների ընթացքում լուծել ենք այդ խնդիրը։ Արսեն Սուլթանյանը Մասնագետները նոր ու ավելի մեծ նախագծերի են ձգտում, իսկ տեղական շուկայում գովազդատուն օբյեկտիվորեն պատրաստ չէ մասշտաբային նախագծերի։ Դրանք ավելի մեծ բյուջե են պահանջում եւ տեղական շուկայում բիզնեսները գովազդի համար նպատակահարմար չեն գտնում նման մեծ ծախսեր կատարել։ Խնդիր է նաեւ այն, որ Հայաստանում չկա թվային գովազդով զբաղվողների ասոցիացիա, որը ոլորտի անունից հանդես եկող, խնդիրներ բարձրացնող, իրավունքներ պաշտպանող, հետազոտություններ, վերլուծություններ իրականացնող, ոլորտը ուղղորդող ու զարգացնող մարմին կլինի։ Թվային գովազդի շուկայի զարգացման կանխատեսումներ Ես շուկայի աճն ու զարգացումը լավատեսորեն եմ գնահատում. թե՛ բյուջեն, թե տեխնոլոգիաները հետզհետե աճելու ու զարգանալու են։ Նաեւ միջազգային ընկերություններն են Հայաստանում աստիճանաբար իրենց ներկայությունը ապահովում, սա էլ նպաստում է տեխնոլոգիական ու գործիքակազմի ընդլայնմանը։ Սա ստիպելու է գնալ օպտիմալացումների ճանապարհով, եւ որպես հետեւանք շուկայում բյուջեն կավելանա։ Միտումները դրական են՝ կարծում եմ, շուտով 2021-ի ցուցանիշներին կհասնենք։ Նունե Գրիգորյան Tweet Դիտում՝ 13319