Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության միտումները պահպանվում են, եւ կառավարության քայլերը միտված են տնտեսական կայուն աճի ապահովմանը»: Այդ մասին նա ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի հետ հանդիպմանը. նա ավարտում է գործունեությունը Հայաստանում: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ալեքսանդր Թիմանը, ով կստանձնի ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: «Վարչապետը կարեւորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրի 5-րդ վերանայման արդյունքներին: Նրանք գոհունակություն են հայտնել ծրագրի արդյունքներից եւ անդրադարձ կատարել հետագա քայլերին: Մտքեր են փոխանակվել ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական ակտիվության խթանման, առկա ռիսկերի հաղթահարման եւ այլ հարցերի շուրջ»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1943