Կորպորատիվ կառավարումը եւ դրա հիմնախնդիրների քննարկմանը նվիրված համաժողովը Հայաստանում

09.07.2023 | 22:21 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Պատշաճ կորպորատիվ կառավարումը էական դեր ունի երկարաժամկետ ներդրումների, տնտեսական կայունության ու բիզնեսի բարեվարքության համար: Այն նպաստում է վստահության, թափանցիկության եւ հաշվետվականության գործարար միջավայրի ձեւավորմանը` խթանելով տնտեսական առաջընթացը եւ ներառական հասարակության կայացումը:

Այս նպատակով Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն արդեն 3-րդ տարին Հայաստանում կազմակերպում է կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված համաժողով:



Այս տարվա համաժողովը Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն անցկացրեց հունիսի 30-ին «Համագործակցություն հանուն կայուն կորպորատիվ կառավարման» կարգախոսի ներքո: Համաժողովի նախապատրաստման եւ անցկացման հարցերում Կենտրոնին աջակցել էին ԱՄՆ Առեւտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագիրը (CLDP) եւ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնը (CIPE):

Երեք տարվա պատմություն ունեցող համաժողովը

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանի խոսքով՝ կայուն կորպորատիվ կառավարումը հնարավորություն է տալիս ընկերություններին գործել տնտեսական, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության ավելի լայն համատեքստում եւ նպաստել վստահելի բարենպաստ գործարար միջավայրի եւ բարեկեցիկ հասարակության ձեւավորմանը։

Նարինե Մելիքյանը


«Այս համաժողովը նպատակ ունի դառնալ բաց եւ կառուցողական քննարկումների հարթակ գործարար աշխարհի, քաղաքականություն մշակողների եւ միջազգային փորձագիտական համայնքի միջեւ՝ միմյանցից դասեր քաղելու եւ Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրի զարգացման հիմնական ուղղությունները նախանշելու համար: Համաժողովի ընթացքում ոչ միայն խնդիրներ են բարձրաձայնվում, այլեւ բարձրացվում է հանրային իրազեկվածությունը , մարդկանց մոտ հետաքրքրություն է առաջացնում կորպորատիվ կառավարման հիմնախնդիրների վերաբերյալ։ Այդքան էլ հեշտ չէ յուրաքանչյուր տարի նման համաժողով կազմակերպել, քանի որ կորպորատիվ կառավարման իրականությունը Հայաստանում դանդաղ է զարգանում, եւ այստեղ մեծ աջակցություն են ցուցաբերում մեր արտասահմանյան գործընկերները, որոնք կիսվում են  միջազգային անցուդարձով: Սա մեզ հնարավորություն է տալիս  մտածել  կորպորատիվ կառավարման մեր միջավայրի փոփոխությունների եւ զարգացումների մասին»,- նշում է նա:



Համաժողովին ներկա գործընկերներից՝ Eric Salmon & Partners միջազգային խորհրդատվական ընկերության տնօրենների խորհրդի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հագեն Շվայնիցի խոսքով՝ կորպորատիվ կառավարումն ընկերությունների կառավարման ուղեցույց է, որն օգնում է կայացնել ճիշտ որոշումներ եւ կատարել պարտավորությունները ոչ միայն բաժնետերերի, այլեւ շահակիցների նկատմամբ:

Հագեն Շվայնիցը


«Լավ կառավարման ազդեցությունը չափելի է․ այն մշտապես բարելավում է բիզնեսը: Բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ լավ կառավարումը շահավետ է ոչ միայն ընկերությունների, այլեւ բաժնետերերի, աշխատակիցների, այլ շահակիցների եւ ողջ տնտեսության համար»,- ասում է նա;

Ինչ վերաբերում է համաժողովին՝ Հագեն Շվայնիցը վստահ է, որ Համաժողովը, ի թիվս Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից տարիներ շարունակ իրականացվող այլ միջոցառումների, ծառայելու է լավ կառավարման նշանակության եւ առավելությունների վերաբերյալ գործարար աշխարհի իրազեկվածության բարձրացմանը։

Հագեն Շվայնիցը


«Ուստիեւ, անհրաժեշտ է ապահովել Համաժողովի տեսանելիությունը եւ դրա բովանդակության հասանելիությունն ավելի լայն շրջանակների համար: Կարեւոր է, որ մասնակիցներն այստեղից հեոանան որպես լավ կառավարման «դեսպաններ»,- ընդգծում է Հագեն Շվայնիցը:

Կորպորատիվ կառավարումը եւ դրա անհրաժեշտությունը

Նարինե Մելիքյանը այսպես է համառոտ սահմանում  կորպորատիվ կառավարման էությունը՝ այն կառուցակարգերի ամբողջություն է, որի օգնությամբ իրականացվում է ընկերությունների կառավարումը եւ դրանց գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ինչը ենթադրում է հարաբերությունների ձեւավորում ընկերության ղեկավարության, տնօրենների խորհրդի, բաժնետերերի եւ շահակիցների միջեւ:



«Առաջին հերթին կորպորատիվ կառավարումն այնպիսի կառուցակարգերի ամբողջություն է, որը նպաստում է ընկերության նպատակասլաց գործունեությանը: Եթե ունենք կորպորատիվ նպատակներ, ուրեմն պետք է սահմանենք դրանց հասնելու միջոցները եւս, ունենանք հսկողության կառուցակարգեր, որպեսզի հասկանանք՝ գնում ենք դեպի մեր նախանշած նպատակը, թե ունենք շեղումներ: Ընկերությունը պետք է գնահատի նաեւ իր գործունեության կատարողականը: Այս մոտեցմամբ կորպորատիվ կառավարումը ստիպում են ընկերություններին հոգ տանել իրենց հաջողության, երկարաժամկետ զարգացման մասին: Կարելի է ասել, որ կորպորատիվ կառավարումը բիզնեսի առողջ ապրելակերպի կանոնների եւ սկզբունքների ամբողջություն է»,- նշում է նա:

Ինչ վերաբերում է կորպորատիվ կառավարման հիմնական տնտեսական անհրաժեշտությանը՝ նա նշում է, որ առաջին պլան է մղվում ընկերությունների ներդրումային գրավչությունը կամ ֆինանսական միջոցների մատչելիությունը` որպես պատշաճ կորպորատիվ կառավարման միջոցով լուծվող խնդիր:: Այսինքն՝ ներդրումային որոշումներ կայացնելիս ներդրողները կարեւորում են ընկերության կողմից բացահայտվող տեղեկատվության որակը, խորհրդում ներգրավված անձանց պրոֆեսիոնալիզմն ու անկախությունը, կորպորատիվ որոշումների հավասարակշռվածությունն ու տրամաբանվածություն, մի խոսքով` կորպորատիվ կառավարման որակը:



«Կորպորատիվ կայացած լավ համակարգը նպաստում է ինչպես ներդրողների միջոցների լավ կառավարմանը, այնպես էլ վստահության միջավայրի ձեւավորմանը: Այս տեսանկյունից, չէի ցանկանա, որ «ներդրող» հասկացությունը նույնացնեինք միայն ֆինանսական կապիտալ տրամադրողների հետ, քանի որ ներդրողներն են նաեւ աշխատակիցները, ովքեր  իրենց կարողությունները, գիտելիքները ծառայեցնում են տվյալ ընկերության կորպորատիվ նպատակների իրականացման համար: Ընկերության հաճախորդները, որոնք ֆինանսավորում են բիզնեսը: Այսինքն՝ այն անձինք, որոնք ընկերության կոլեկտիվ հաջողության գրավականն են: Աշխարհը գնում է այս ուղղությամբ, եւ ընկերությունների հաջողությունը կապում է նաեւ նրա շահակիցների գոհունակության եւ բավարարվածության հետ։ Ընկերությունը պետք ծառայի, համագործակցի եւ ապահովի այն անձանց ներառականությունը, ում վրա ազդում է իր բիզնեսը եւ որոնք հետադարձ ուժով ազդում են բիզնեսի վրա։ Բիզնեսը կարող է աճել, զարգանալ միայն հասարակությունում, որն ունի բարեկեցության որոշակի մակարդակ, քանի որ ընկերությունները մեկուսացած չեն հասարակությունից: Դրանց վրա ազդում են սոցիալական, բնական ռեսուրսների սահմանափակությամբ պայմանավորված խնդիրները: Հետեւաբար, իրենց կենսունակությունն ապահովելու համար ընկերությունները եւս հետաքրքրվում են այդ խնդիրների լուծմամբ, իսկ դրանք ընկալելու համար նրանք պետք է ճանաչեն իրենց շահակիցներին եւ վերջիններիս սպասումներն ու կարիքները», մանրամասնում է Նարինե Մելիքյանը:

Թիրախում՝ հանրային նշանակություն ունեցող ընկերությունները

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրենն ասում է՝ բոլոր ընկերությունները կամավոր, իրենց կարողությունների եւ կարիքների շրջանակում կարող են օգտվել կորպորատիվ կառավարման կառուցակարգերից, բայց առաջնահերթության տեսանկյունից թիրախում են հանրային նշանակություն ունեցող ընկերությունները:

«Դրանք այնպիսի ընկերություններն են, որոնք իրենց տնտեսական հզորությամբ եւ ներուժով կարող են ազդել հասարակության կյանքի վրա: Նման ընկերություններից են հաշվետու թողարկողները կամ ցուցակված ընկերությունները, որոնց արժեթղթերը շրջանառվում են կարգավորվող շուկայում, ֆինանսաբանկային կազմակերպությունները, հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները: Առանձին թեմա են պետական կամ պետական մասնակցությամբ ընկերությունները, որտեղ պետությունը` որպես արդյունավետ սեփականատեր, կարող է համապատասխան ազդակները հաղորդել մասնավոր հատվածում գործող գործընկերներին»,- պարզաբանում է նա:

Կարեւորությունը պետության համար

Մենք, հաճախ, խոսելով ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին, նկատի ունենք միայն պետությունը։ Առաջարկում ենք բարեփոխումներ այս կամ այն նախարարությունում, բայց ինստիտուցիոնալ բարեփոխումները սկսվում են մասնավոր հատվածից։ Առանց կորպորատիվ կառավարման, դա ինստիտուցիոնալ բարեփոխում չէ, այլ միայն ինչ-որ լավ բան անելու մտադրություն»,- ասում է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։



Նա վստահեցնում է, որ կայուն կորպորատիվ կառավարման խորը պրակտիկան  թույլ կտա ավելի դիմացկուն լինել ցանկացած տեսակի տնտեսական ցնցումների նկատմամբ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Պավել Հովակիմյանն էլ հավելում է, որ  նախարարությունը շահագրգռված է բիզնեսի կառավարման արդյունավետության բարձրացման առումով եւ այստեղ անկյունաքարային նշանակություն ունի կորպորատիվ կառավարման դերը․ «Պատահական չէ, որ կառավարության երկարաժամկետ ծրագրում նույնպես սահմանված է կազմակերպություններում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման մասին, որի պատասխանատուն էկոնոմիկայի նախարարությունն է: Այս մասով մենք ներկայում գործուն քայլեր ենք իրականացնում, մասնավորապես, նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխություններ, կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրարկման, վերահսկողական մեխանիզմների սահմանման վերաբերյալ։ Մեր նպատակն է խրախուսել թափանցիկությունը, հաշվետվողականությունը եւ արդարությունը բիզնեսում: Հուսով եմ այս փոփոխությունները շուտով «միս ու արյուն» կստանան եւ կսկսեն կիրառվել»։

Բիզնեսի բարեվարքության ակումբ. մասնավոր հատվածի նախաձեռնություն

Ներկայացնելով Բիզնեսի բարեվարքության ակումբը, Նարինե Մելիքյանն ասում է, որ այն Հայաստանի գործարար համայնքի առաջին հավաքական նախաձեռնությունն է:



«Այն միավորում է մասնավոր հատվածի ներկայացուցիչներին կորպորատիվ կառավարմանն առնչվող խնդիրների շուրջ եւ նպատակ է հետապնդում նպաստել Հայաստանի գործարար միջավայրի թափանցիկությանն ու հաշվետվողականությանը, բարձրացնել վստահությունը երկրի տնտեսական համակարգի նկատմամբ եւ աջակցել տնտեսություն երկարաժամկետ, համբերատար ու կառուցողական ներդրումների ներգրավմանը, նպաստել գործարար հատվածի կենսունակությանը եւ խթանել տնտեսական զարգացումը: Ակումբին անդամակցելը հայ գործարարներին հնարավորություն է տալիս իրենց ներդրումն ունենալ հատկապես Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրի բարելավման հարցում, ինչպես նաեւ առաջարկել կորպորատիվ կառավարմանն առնչվող խնդիրների լուծումներ։ Ակումբի համար լավ կորպորատիվ կառավարումը ճամփորդություն է, այլ ոչ թե նպատակակետ»,- մանրամասնում է նա:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Դիտում՝ 18911
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai