Bee green. Էկո անձեռոցիկներ` մեղրամոմից

02.06.2023 | 23:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Թղթե անձեռոցիկներն էկոլոգիապես մաքուր են եւ նվազագույն վնաս են հասցնում բնությանը: Բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1 տոննա թղթե անձեռոցիկ արտադրելու համար 17 ծառ է անհրաժեշտ, ավելի քան 92 լիտր ջուր ու գրեթե 3.5 կգ գազ:

Արմինե Բաբայանն առաջարկում է բնությունը չվնասող բազմակի օգտագործման անձեռոցիկներ, որոնք պատրաստվում են մեղրամոմից եւ օգտագործվելուց հետո ամբողջությամբ քայքայվում են:

«Անձեռոցիկի հիմքը մեղրամոմն է, կտորը եւ ժոժոբան։ Եվրոպայում, ԱՄՆ-ում նաեւ Ռուսաստանում այն պահանջված է որպես պոլիէթիլենի ամենալավ այլընտրանք:

Ուսումնասիրելով հայկական շուկան՝ պարզեցի, որ Հայաստանում չկա նման արտադրանք, որոշեցի լինել առաջինը։ Մինչեւ պրոդուկտը վաճառքի հանելը պետք էր հասկանալ՝ որքանով է այն պրակտիկ, սկսեցի փորձարկումներ անել»,- Banks.am-ի հետ զրույցում ասում է Արմինեն։

Նա մասնագիտությամբ մանկավարժ է, լրագրող, հաղորդավար, վերջին երկու տարում նաեւ գրաֆիկական դիզայնով է զբաղվում ու չի դադարում նոր մասնագիտություններ փորձել։ Շապիկների, պայուսակների ու փայտի վրա է նկարում ավելի քան 10 տարի։


 
«Դեռ Նոր տարուց առաջ մտածում էի պոլիէթիլենային տոպրակների փոխարինման մասին, քանի որ հատկապես տոներին դրանց օգտագործումը հասնում է առավելագույնի: Երկար ուսումնասիրելուց հետո հասկացա՝ դրանց փոխարեն կարելի է կիրառել մեղրամոմե անձեռոցիկներ: Ճիշտ է՝ հանրային վայրերում դրանք այնքան էլ պրակտիկ չեն, սակայն կենցաղում շատ հարմար են։ Մթերքն այս անձեռոցիկներով պահելու դեպքում գոնե մեկ շաբաթով երկարացնում ենք դրա «կյանքը»»,- ասում է Արմինեն։

Նա անձեռոցիկներն օգտագործելու մի քանի տարբերակ է առաջարկում ՝ սառնարանում մթերքներ պահելուց մինչեւ կարկանդակների, ընդեղենի «փաթեթավորում»: Նշում է միայն, որ դրանք չի կարելի օգտագործել հում մսի ու ձկան դեպքում: Անձեռոցիկները պետք է կիրառել՝ հետեւելով որոշ կանոնների.

«Սկզբում ձեռքի ափով պետք է տաքացնել, որպեսզի մեղրամոմն ակտիվանա, հալվի ու դառնա ավելի կպչուն։ Անհրաժեշտության դեպքում կարելի է սառը ջրով լվանալ եւ հաջորդաբար օգտագործել։ Օրինակ՝ վեց ամիս օգտագործելուց հետո այն կարող է մաշվել, սակայն օգտակարությունը չկորցնել։ Անձեռոցիկները հնարավոր է նորից վերականգնել՝ մեղրամոմը հալեցնելով կամ օգտագործել դրանք, ասենք, խարույկ վառելու համար»։



Արմինեի խոսքով՝ սա լավագույն տարբերակն է գաղափարական բուսակերների, բայց ոչ վեգանների համար.

«Վեգաններին այս տարբերակը չի հետաքրքրի, նրանց կարող եմ առաջարկել սոյայի ոսկով պատրաստված անձեռոցիկներ, որովհետեւ իրենք մեղրամոմի օգտագործումը համարում են մեղուների շահագործում»։



Bee green. առաջին տպավորությամբ՝ «լինել կանաչ», փաստացի՝ «կանաչ մեղու»: Լոգոն էլ անվան պես երկիմաստ է՝ ունի մեղվի տեսք, բայց ուշադիր նայելու դեպքում կարելի է նկատել անվան սկզբնատառերի՝ «B» եւ «G» միաձուլում: Լոգոյի ու դիզայնի հարցում Արմինեն գրաֆիկ դիզայնի իր հմտությունն է կիրառել։ Նույնիսկ փաթեթավորումն է այնպես ընտրված, որ որեւէ կերպ չվնասի բնությունը։

Մի քանի ամիս տեւած փորձարկումից հետո ապրիլին անձեռոցիկները ներկայացվել են հանրությանն ու վաճառքի հանվել։ Առաջիկա ծրագրերում Արմինեն նախատեսում է նույն տեխնիկայով արտադրել պարկեր բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում օգտվել խանութում առաջարկվող պոլիէթիլենային տոպրակներից։

Արմինե Բաբայանը

 
«Սա նորություն է Հայաստանում։ Շատ անելիքներ ունեմ, որովհետեւ մարդկանց նոր պրոդուկտ հրամցնելը բարդ է։ Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր մարդ գիտակցի՝ խանութում տոպրակ չվերցնելով առաջին հերթին օգնում է ինքն իրեն՝ գումար խնայելով եւ, իհարկե, բնությունը չվնասելով։ Հասկանում եմ՝ դժվար է լինելու, սակայն սիրով եւ ոգեւորված եմ անում գործս, գիտեմ, որ այն իզուր չէ», - ասում է նա։

Լյուդմիլա Շիրվանյան
Դիտում՝ 22296
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai