Առավոտյան 08:01՝ լույսը դեռ չբացված, Երեւանի Աբովյան փողոցում տարածվում է թարմ թխված կրուասանի եւ սուրճի բույրը. այսպես է PAUL խանութ-սրճարանը դիմավորում օրվա առաջին հյուրերին: 133 տարվա պատմություն ունեցող PAUL-ը Հայաստանում տեղակայված է 1884 թվականին կառուցված երեւանյան կոլորիտային շենքում: Սա պատմություն է պատմության մեջ, որն իրականություն է դարձել «Գալաքսի» ընկերությունների խմբի հինգ տարվա աշխատանքի արդյունքում: «Art de Vivre»-ի կամ ֆրանսիացիների ապրելու արվեստի, հետպատերազմական Հայաստանում հեղինակավոր համաշխարհային բրենդի մուտք գործելու մասին զրուցել ենք «Գալաքսի»-ի համահիմնադիր, տնօրենների խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանի հետ, ով կառավարում է խմբի հյուրանոցային, սպասարկման եւ վաճառքների ուղղությունը:Օրվա սկիզբը PAUL-ումPAUL-ում օրը սկսվում է առավոտյան 3-ին, երբ վառվում է առաջին վառարանը: Ժամը 08:01-ին ցուցափեղկին պետք է լինեն թարմ թխված կրուասանները, հացը, խմորեղենը: Տասնամյակների ավանդույթով՝ PAUL-ում աշխատանքի կազմակերպումը երեք հերթափոխով է կատարվում: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ֆլագշիփային խանութ-սրճարանն այնպես է նախագծված, որ կարող է սպասարկել եւս 5 սրճարանի: Արտաքինից փոքրիկ թվացող երեւանյան առաջին PAUL-ը բազմաթիվ «գաղտնի» անկյուններ ունի՝ կրուասանների եւ հիմնական ուտեստների պատրաստման առանձին խոհանոցներ, պահասենյակներ, սառնարանային հատված, իսկ ներքեւի հարկում «հացի արքայությունն է», որտեղ ամեն խմոր հասունանում է իրեն անհրաժեշտ պայմաններում: Տարբեր համերի ու բույրերի ֆանտաստիկ մշակույթ է: Համեղ «սեւ» բրենդն ու հանդիպումը Փարիզի նեղլիկ փողոցումPAUL-ը Հայաստան բերելու որոշման հիմքում անձնական փորձն էր: Ճանապարհորդելու ընթացքում՝ օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում ու քաղաքների բազմաթիվ անկյուններում շատ էինք հանդիպում «սեւ» բրենդը: Սկզբում սիրեցինք դրա սուրճն ու կրուասանը, իսկ մեկ դարից ավելի ձգվող պատմությունն իմանալով՝ նաեւ ձեւավորած մշակույթը: PAUL-ը ստեղծվել է 1889թ.-ին ֆրանսիայի հյուսիսում՝ Մայո ընտանիքի կողմից: Այսօր այն կառավարում է ստեղծողների հինգերորդ սերունդը: PAUL-ի հիմնադիրները հաց թխելու գործընթացում մի շարք փոփոխություններ են կատարել, օրինակ՝ սկսել են կիրառել հացի խմորի հունցման մեքենաները: Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքով բազմաթիվ երիտասարդներ կորցրել էին ձեռքերն ու հացի խմորը հունցելու համար պետք էր նոր լուծում մտածել, ինչն էլ արել են PAUL-ում: Նրանք նաեւ առաջինն են սկսել հասունացնել խմորը, որպեսզի ստացված հացն ավելի թեթեւ լինի: Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս պատմություններն էլ ավելի ոգեւորեցին մեզ ու հիմնադիրներին առաջին նամակը գրեցինք: Պատմեցինք՝ ովքեր ենք, ասացինք, որ հետաքրքրված ենք PAUL-ով ու ցանկանում ենք այն ներկայացնել Հայաստանում: Իրենց էլ մեր պատմությունը դուր եկավ ու պայմանավորվեցինք հանդիպել: Հանդիպման գնացինք ես ու եղբայրս: Սպասում էինք, որ մեզ խոշոր գործարան են կանչելու, բայց նշված հասցեն Փարիզի մի նեղլիկ, կոլորիտային փողոցում գտնվող PAUL սրճարան տարավ: Վաղ առավոտ էր, կրուասան ու սուրճ վերցրեցինք եւ բարձրացանք գրասենյակ, որը սրճարանի վերեւի հարկում էր: Փոքրիկ տարածք էր, որտեղ բոլորը խալաթներով էին, չկար դասական գրասենյակային միջավայր ու ակնհայտ էր՝ այստեղ գտնվող մարդիկ ներգրավված են տարբեր աշխատանքներում: Տպավորություն էր, որ մտել ենք մի ընտանիք, որն իր յուրահատուկ կյանքն ու մշակույթն ունի: Հանդիպումը շատ ջերմ անցավ, ստորագրեցինք համագործակցության առաջին հուշագիրն ու մեզ թվաց՝ վերջ, բայց այդ կետից մինչեւ Երեւանում PAUL-ի բացում 5 տարի անցավ (ժպտում է – հեղ.): Մենք էլ չէինք սպասում, որ այսքան բարդ գործընթաց կլինի. շատ կարեւոր էր տարածքի ընտրությունը, մի շարք ապրանքատեսակների ներկրումը Ֆրանսիայից, հետո քննարկումներ, համավարակ, պատերազմ, մինչեւ հասանք կետին, երբ երեւանյան PAUL-ն իրականություն դարձավ: Նույն կրուասանն՝ աշխարհի տարբեր անկյուններումPAUL-ի բացման գործընթացում կարեւորագույն դեր ունի անձնակազմի ճիշտ պատրաստությունը: Հատկապես կարեւորվում է չորս ուղղություն՝ «pastry-շեֆ», որը հիմնականում քաղցրավենիքով է զբաղվում, «bread-շեֆ», ում պատասխանատվության տիրույթում հացն է, շեֆ, որը վերահսկում է խոհանոցի հետ կապված ամեն ինչ եւ սրահի օպերացիոն մասի ղեկավար, որի հիմնական խնդիրն է հետեւել ցուցափեղկին: Այն պետք է մշտապես հագեցված լինի ոչ միայն «cross selling» իրականացնելու, այլ նաեւ տուն կամ աշխատավայր գնալու ճանապարհին թարմ կրուասան կամ հաց վերցնելու հնարավորություն ապահովելու նպատակով: Արտյոմ Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Երեւանյան PAUL-ի այս չորս ուղղության ղեկավարները բացումից առաջ մի քանի ամիս վերապատրաստվել են Ֆրանսիայում, աշխատել տեղի PAUL-ի տարբեր մասնաճյուղերում՝ փոքր ու մեծ, քաղաքի կենտրոնում ու արվարձաններում, որպեսզի հասկանան յուրաքանչյուր խանութ-սրճարանի յուրահատկությունը: Բացումից մեկ ամիս առաջ էլ ֆրանսիացի մասնագետներն են եկել Հայաստան ու տեղում վերահսկել գործընթացը: Մեկ ամիս մենք աշխատել ենք «փորձնական ռեժիմով»՝ առանց հաճախորդների: Ամեն առավոտ ժամը 03:00-ին վառվում էին վառարանները, թխվում էին կրուասաններն ու հացը եւ ուղիղ ժամը 08:00-ին դրվում ցուցափեղկում: Այսպես մինչեւ PAUL-ի ղեկավար կազմը հաստատեց՝ «ամեն ինչ ընդունված ստանդարտներին համապատասխան է, կարող եք բացվել»: PAUL-ի գաղափարախոսությունն է, որ աշխարհի բոլոր անկյուններում իրենց կրուասանները պետք է լինեն նույնն, ինչ Ֆրանսիայում, ունենան նույն տեսքը, որակն ու գինը: Ուշ արթնացող Երեւանն ու հայ-ֆրանսիական մոտեցումների միքսը «Գալաքսի»-ում շատ ենք կարեւորում հետազոտություններն ու նոր նախագիծ սկսելուց առաջ ուսումնասիրում ենք շուկան, հասկանում՝ ովքեր են այդ ուղղության հիմնական դերակատարները: Մի ավանդույթ ունենք՝ բիզնեսը սկսելուց առաջ գրատախտակին պետք է կարողանանք գրել տասը տարբերություն ոլորտի մյուս խաղացողներից, եթե չգտնենք դրանք՝ չենք սկսում: Մենք ցանկանում ենք ոչ թե պարզապես լավ աշխատող բիզնես կառուցել, այլ մեր հաճախորդների կյանքը դարձնել ավելի լավը, սահմանել նոր ստանդարտներ: PAUL-ի դեպքում դա «Art de Vivre»-ն է կամ ֆրանսիացիների ապրելու արվեստը, որը փորձել ենք հարմարեցնել հայկական շուկային: Հայ հաճախորդների մոտ դեռ այնքան էլ ընդունված չէ «grab and go»` վերցնել ու գնալու մոտեցումը, այդ պատճառով երեւանյան PAUL-ի սրահը երկու մասի ենք բաժանել: Առաջին մասում ամեն ինչ արագ է՝ սրճել, կրուասան ուտել ու գնալ, երկրորդ հատվածն ավելի «դանդաղ է»՝ այստեղ կարելի է ճաշել կամ ընթրել ընտանիքով: PAUL-ի յուրահատկություններից մեկը առավոտյան վաղ նախաճաշելու կամ սուրճ խմելու հնարավորությունն է: Երեւանում շատ չեն տեղերը, որոնք շուտ են բացվում: Առհասարակ, մենք ուշ ենք արթնանում, իսկ Եվրոպայում ժամը 8-ին շատերը նույնիսկ բիզնես հանդիպումներ են անցկացնում: Կարծում եմ՝ այս մշակույթը Երեւանում էլ է քիչ-քիչ ձեւավորվում: Հատկապես տաք եղանակին նկատում եմ, որ մարդիկ բավականին վաղ գալիս են, սրճում ու նախաճաշում: PAUL-ի բացման նախապատրաստական աշխատանքն այսքան երկար տեւեց, քանի որ մեզ պետք էր համատեղել հայ հաճախորդի ակնկալիքներն ու ֆրանսիական ընդունված մոդելը: Հայ հաճախորդը սրճարանի դեպքում ակնկալում է սպասարկում, այնպես որ, «ցուցափեղկին տեսնել, վերցնել, գնալ» ֆրանսիական մոդելին պետք է ավելացնեինք մատուցում ու դա անեինք այնպես, որ չտուժեր ներկայացված ուտեստների որակը: Կարծում եմ՝ հաջողվել է: PAUL-ն՝ իրեն հասակակից երեւանյան շենքումԻնչպես արդեն ասացի՝ մեզ համար շատ կարեւոր էր խանութ-սրճարանի տեղի ընտրությունը: Ֆրանսիացի գործընկերների հետ քայլել ենք քաղաքի բոլոր կենտրոնական հատվածներով, դիտարկել ենք Կասկադը, Սարյանը: Ցանկանում էինք, որ PAUL-ը բացվի պատմություն ունեցող վայրում: Արդյունքում ընտրեցինք Աբովյան 8 հասցեում գտնվող հին երեւանյան շենքը, որը կառուցվել է 1884թ.-ին ու պատկանել վաճառական Բարսեղ Եղիազարյանին: Շենքն ու PAUL-ը գրեթե հասակակիցներ են: Բարսեղ Եղիազարյանի սերունդները հետագայում այն ծառայեցրել են բարեգործական նպատակների, վերեւի հարկում հիվանդանոց է եղել, իսկ խորհրդային տարիներին այստեղ կոմկուսի քարտուղարների նստավայրն էր: Արտյոմ Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Շենքի պահպանման տեսանկյունից մեծ գործ է կատարվել: Նորոգումը տեւել է երկու տարի: Շնորհակալ եմ ճարտարապետների թիմին, քանի որ ուշադրություն է դարձվել ամեն մանրուքին: Բոլորն աշխատել են մեծ զգուշությամբ, որպեսզի չվնասվի շենքի ֆասադը: Կարծում եմ՝ մեր ճարտարապետությունը պետք է ոչ միայն պահպանել, այլեւ՝ ճիշտ ընդգծել: Շենքի պատմությունը ոգեւորել է նաեւ PAUL-ի հիմնադիրներին: Այսպիսով, ֆրանսիական մեծ պատմությանը միաձուլել ենք հայկական, երեւանյան պատմությունը: Ֆրանսիական բագետը, հայկական «հաց կիսել»-ն ու PAUL-ը՝ մարզերումՀացը Հայաստանի եւ Ֆրանսիայի մշակույթի կարեւոր ու ընդհանուր բաղադրիչներից է: Բագետը ձեռքին մարդը միանգամից ասոցացվում է Ֆրանսիայի հետ, Փարիզի ամեն անկյունում հացի բազմաթիվ տեսակներ են վաճառում: Հայերի համար էլ հացը շատ նշանակալի սիմվոլ է: Մենք սնվելուն խոսակցական «հաց ուտել» ենք ասում, որեւէ մեկի հետ «հաց ենք կիսում» ու բացասական նկարագրի դեպքում ասում՝ «անաղուհաց մարդ էր»: Մեզ մոտ սերնդեսերունդ թոնրում ավանդական լավաշ են թխում, Ֆրանսիայում՝ բագետ: Կարծում եմ՝ հայերն ու ֆրանսիացիները միշտ ոգեւորվել են միմյանց մշակույթով: Այստեղ, իհարկե, մեծ դեր է խաղացել Շառլ Ազնավուրն ու Ֆրանսիայի հայ համայնքը: Սա հաշվի առնելով՝ «Գալաքսին» շարունակելու է ներկայացնել ֆրանսիական բիզնեսները Հայաստանում: Համագործակցության մի քանի հուշագիր ենք ստորագրել, շուտով կլինեն կարեւոր նորություններ, ու այդ մասով հատկապես շնորհակալ ենք ֆրանսիական կողմին` ջերմ գործակցության համար: Առաջիկայում «Երեւան Մոլում» կբացվի PAUL-ի երկրորդ խանութ-սրճարանը: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում նախատեսում ենք 4-5 սրճարան ունենալ, ինչից հետո կգնանք մարզեր՝ Գյումրի, Դիլիջան, Ծաղկաձոր: Կարծում եմ՝ հատկապես Գյումրիի դեպքում հետաքրքիր մշակութային նախագիծ կարող է ստացվել: Այս մտքով շատ ոգեւորված ենք: Դժվարություններն ու պատասխանատվությունըԴժվարությունները մեզ կոփում են, ավելի ուժեղ ու ճկուն դարձնում: Այո՛, այսօր Հայաստանում եւ Արցախում ծանր իրավիճակ է ստեղծվել, բայց հենց այս պատճառով պիտի կանգ չառնենք: Պիտի աշխատենք, պիտի կենսունակ լինի տնտեսությունը, պիտի աշխատատեղեր ստեղծենք ու հնարավորություններ ապահովենք մեր երկրի համար: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ներկայում «Գալաքսի»-ում 2 200-ից ավելի մարդիկ են աշխատում ու մենք պատասխանատու ենք նրանց առաջ: Իրավիճակին դիմակայելու տարբերակներից մեկն էլ Հայաստան նոր նախագծեր բերելն է: Ես շատ եմ սիրում մեր երկիրը, իմ երեխաները` երկու դուստրերս ու որդիս այստեղ՝ հարազատ քաղաքում են մեծանում: Ուզում եմ, որ նայելով մեզ, նրանք տեսնեն՝ պետք է մնալ, աշխատել ու լուծումներ գտնել սեփական երկրում: Յանա Շախրամանյան Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 194581