BSC-ի «Երիտասարդ կամավորներ» ծրագիրը՝ հանուն գիտակցված կամավորության

14.12.2022 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Երիտասարդների շրջանում կամավորական աշխատանքի խթանման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տարեսկզբին հայտարարել էր դրամաշնորհային մրցույթ, որում հաղթող էր ճանաչվել «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի (BSC) «Երիտասարդ կամավորներ ծրագիրը»:

Banks.am-ը ներկայացնում է ծրագրի ընթացքն ու արդյուքները:

Փափուկ հմտությունները եւ կամավորությունը

Երիտասարդներին կամավորական աշխատանքի վերաբերյալ գիտելիքներ տրամադրելու, այն խթանելու եւ փափուկ հմտություններ փոխանցելու նպատակով «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի «Երիտասարդ կամավորներ» ծրագիրը նախաձեռնել էր դասընթացների շարք: Դրանց մասնակցելու համար հայտ էին ներկայացրել մոտ 130 երիտասարդներ՝ 16-35 տարեկան, որոնցից ծրագրի շահառու դարձան 34-ը:

«Երիտասարդ կամավորներ» ծրագիրն իրականացնող թիմի անդամ Ժաննա Գեւորգյանի խոսքով՝ մասնակիցների վերջնական ընտրության համար հաշվի են առել թե´ ներկայացված դիմում-հայտերը, թե´ հեռախոսային հարցազրույցի ցուցանիշները։ Ընտրված շահառուների շարքում էին մասնակիցներ ինչպես Երեւանից, այնպես էլ Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի մարզերից ու Արցախի Հանրապետությունից:

Ժաննա Գեւորգյանը


«Ծրագիրը մեկնարկել ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շրջանակում հուլիս-օգոստոս ամիսներին: Մինչեւ նոյեմբեր ամսվա ավարտն այն դեռեւս գտնվում էր ակտիվ փուլում: Ծրագրի ընթացքում մասնակիցների հետ իրականացրել ենք տարբեր դասընթացներ փափուկ հմտությունների վերաբերյալ՝ ժամանակի կառավարում, բանավեճի արվեստ, հաղորդակցման հմտություններ, առաջնորդության հմտություններ եւ այլն: Հյուրընկալել ենք տարբեր փորձագետների, որոնք մասնակիցներին ներկայացրել են կամավորական աշխատանքի էությունը, այն է՝ հայրենատեր լինելու ու շրջակա միջավայրի համար պատասխանատվություն ստանձնելու մեթոդ»,- մանրամասնել է Ժաննա Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ Ծրագրի գաղափարական նպատակը երիտասարդներին մոտիվացնելն է, որպեսզի զբաղվեն կամավորությամբ ու դառնան ավելի պատասխանատու քաղաքացիներ:



Անհատական զարգացումը՝ կարծրատիպերից դուրս

Ծրագրի մասնակից, 16-ամյա Մադլեն Դոխոյանը դասընթացներն արդյունավետ է գնահատում, ձեռք բերված հմտություններն էլ՝ արդիական ու կիրառելի:

«Ինձ հատկապես դուր էր գալիս փորձագետների հետ շփումը, որովհետեւ քննարկումների շնորհիվ ավելի լավ էինք հասկանում՝ ինչ է կամավորությունը: Մինչ այս ծրագիրը ինձ համար կամավորությունը պարզապես հավաստագիր էր, որն անհրաժեշտ էր որոշ ուսումնական հաստատություններ ընդունվելու համար, իսկ քանի որ հավաստագիր պահանջող հաստատություն ընդունվելու միտք չունեի, կամավորություն անելու մասին եւս չէի մտածում: Դասընթացների շնորհիվ հասկացա, թե ինչպիսի փորձ, ընկերներ ու կապեր կարող է տալ կամավորությունը: Ինձ շատ դուր էր գալիս նաեւ դասընթացավարների կողմից նյութի մատուցումը, քանի որ շատ բաներ թեկուզ ինքս կարդացել էի, գիտեի, բայց միայն իրենց ներկայացնելուց հետո կարողացա դարձնել կիրառական: Դա մեծ ներդրում էր իմ անհատական զարգացման համար»,- մանրամասնում է Մադլենը:

Մադլեն Դոխոյանը (մեջտեղում)


Այսօր արդեն Մադլենը դարձել է մի քանի կամավորական կազմակերպությունների անդամ եւ մեծ ոգեւորությամբ ցանկանում է կամավորական աշխատանքներ իրականացնել հատկապես միջոցառումների կազմակերպման ոլորտում:

«Ինձ ամենաշատը դուր եկած դասերից մեկը «Բարձունք» գիտակրթական ռազմավարական կենտրոն ՀԿ-ի համահիմնադիր Ալեքսանդր Մելիքյանն էր վարում: Նրա հետ քննարկեցինք՝ ինչպես են գնում կամավորության: Ինչպես ինքն էր ասում, կամավորությունը ոչ թե պարզապես հավաստագիր է, այլ ապրելակերպ: Նրա շնորհիվ մասնակիցներիս շրջանում մի շարք կարծրատիպեր կոտրվեցին կամավորության վերաբերյալ: Օրինակ՝ ինքս շատ եմ լսել, որ ասում են՝ «Լավ տղան կամավորություն չի անի», կամ էլ «կամավորությունը ձրի աշխատանք է Ամերիկյան համալսարանի խաթեր» եւ այլն: Այժմ կարծում եմ, որ յուրաքանչյուրը նախքան հասուն կյանք մուտ գործելն ու որպես աշխատող երկրի համար պատասխանատվություն ստանձնելը, պետք է առնվազն մի քանի անգամ կամավորական աշխատանք կատարի, որովհետեւ բազում ունակություններ կան, որ կարող է տալ կամավորությունը: Հաճախ մեր թուլություներն ու անփորձությունը կարող են մեր դեմ օգտագործել, մինչդեռ կամավորական աշխատանքի շնորհիվ ձեռք բերված հմտությունները մեզ կօգնեն խուսափել նման խնդիրներից»,- պատմում է Մադլենը:



Ժաննա Գեւորգյանն էլ հավելում է, որ թեեւ ծրագիրը նախատեսված էր երիտասարդների համար, այդուհանդերձ կամավորական աշխատանքն ամբողջ կյանքի համար է:
«Հաճախ մեր գաղափարները հենց կամավորության միջոցով ենք կարողանում իրականություն դարձնել: Մեր հայրենիքի մասին հոգ տանելուց ոչ մեկը մեզ չի վճարելու»,- ընդգծում է նա:

Խորհրդատվություն եւ կիրառելի հմտություններ

«Երիտասարդ կամավորներ» ծրագրի մասնակիցներն այցելել են նաեւ տարբեր ընկերություններ, ծանոթացել տեղի աշխատանքային մշակույթին եւ միջավայրին: Նրանք նաեւ տարբեր խորհրդատվություններ են ստացել կամավորական աշխատանքների դիմելու համար, սովորել CV կազմել, գրել մոտիվացիոն նամակ, օգտագործել LinkedIn-ը եւ այլն:



«Ծրագրի ընթացին զուգահեռ հենց այս հմտությունների կիրառմամբ դիմեցի Euroepan Youth Parlament ՀԿ-ին եւ հաճելիորեն զարմացա, երբ շնորհավորանքներով նամակ ստացա. հիմա EYP-ի պատվիրակ եմ»,- ասում է Մադլենը:

Տեսնելով, որ ծրագրի մասնակցիները հետաքրքրված են բիզնեսով՝ Բիզնեսի աջակցման կենտրոնը նրանց ներառել է նաեւ ՓՄՁ-ների հետ հետազոտության իրականացման աշխատանքներում:

Կամավորական աշխատանքի դերը

Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ծրագրի ավարտական միջոցառումը, որի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակիցներին է հանձնել իրենց հավաստագրերը: Դրան հաջորդել է պանելային քննարկում «Կամավորական եւ երիտասարդական աշխատանքների դերը կրթության ոլորտում» թեմայով: Քննարկմանը մասնակցել են 5 տարբեր կառույցներից մասնագետներ, որոնք խոսել են իրենց կազմակերպություններում կամավորական եւ երիտասարդական աշխատանքի դերի ու զարգացման հեռանկարների մասին։

Վերոնիկա Խորասանյանը (ձախից առաջինը)


Պանելիստները մասնավորապես անդրադարձել են կամավորական աշխատանքի շնորհիվ փորձի ու հմտությունների ձեռքբերմանը հաջորդող քայլերին՝ որպես անհատի զարգացման ճանապարհ, կամավորական աշխատանք կատարած անձանց մրցունակությանն աշխատաշուկայում, դիտարկել են կամավորությունը որպես սոցիալական ինտեգրման գործիք եւ այլն:

Չնայած ծրագրի ակտիվ փուլն ավարտվել է՝ մասնակիցների հետ շարունակական կապ է պահվում: Բիզնեսի աջակցման կենտրոնի թիմը երիտասարդներին շարունակաբար տեղեկացնում է առկա կամավորական աշխատանքների եւ կրթական հնարավորությունների մասին:

Իրական արդյունքներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ եւ շարունակական կրթության վարչության գլխավոր մասնագետ Վերոնիկա Խորասանյան բարձր է գնահատել «Բի Էս Սի»-ի կատարած աշխատանքն ու գրանցած արդյունքները:



«Հավաստագրերի հանձման արարողության ժամանակ կարելի էր տեսնել, որ ծրագիրն իր նպատակին է ծառայել: Երիասարդներն իրենք էին պատմում, թե ինչ գիտելիք ու հմտություններ են ձեռք բերել ծրագիր արդյունքում եւ թե ինչպես են պատրաստվում դրանք կիրառել: Սա հրաշալի հնարավորություն էր երիտասարդների համար ոչ ֆորմալ կրթության միջոցով ձեռք բերելու փափուկ հմտություններ, որովհետեւ ներկայիս իրականության պայմաններում անհատական կատարելագործումը անհրաժեշտ է անընդհատ: Խորհուրդ կտայի երիտասարդներին, որ կամավորությամբ փորձեն փոխել իրենք իրենց ու դրանով նաեւ շրջապատող իրականությունը՝ ի նպաստ իրենց բնակավայրի, համայնքի եւ ի նպաստ իրենց պետության»,- ընդգծել է Վերոնիկա Խորասանյանը:

Նա հավելել է, որ միեւնույն բյուջետային ծրագրով 2023 թվականին եւս նախատեսված է երիտասարդական աշխատանքի եւ կամավորության խթանման նպատակով դրամաշնորհի հատկացումը: Այս անգամ մրցույթի բյուջեն կազմում է 5 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 2,7 միլիոնի փոխարեն:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 42287
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai