Պատմական վայրեր եւ հայ թագուհիներ. հուշամեդալներ ինքնաշխատ սարքերից

14.10.2022 | 22:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հուշանվերների կրպակներին ու շարժական տաղավարներին եկել են փոխարինելու ինքնաշխատ սարքերը։ Պակասել է մարդկային գործոնի կարեւորությունը, բայց առավել հետաքրքիր ու նորարարական է դարձել հուշանվեր ունենալու պրոցեսը։

Դու սարքին տալիս ես 1000 դրամ, իսկ այն քեզ՝ հուշամեդալ պատմամշակութային կոթողի պատկերով։ Այս գաղափարի տեղայնացման հեղինակը Նազար Առաքելյանն է, որը ղեկավարում է Armenian Coins ընկերությունը համահիմնադիր եւ կոմերցիոն տնօրեն Արեգ Առաքելյանի հետ միասին։



Նախքան ինքնաշխատ սարքեր արտադրելն ու գործարկելն ընկերությունը ստեղծել է «Անցյալի խոսուն վկաներ» քարտեզ-հավաքածուն, սակայն հետագայում գաղափար է առաջացել հանրությանը եւս մասնակից դարձնել հավաքածուի ստեղծմանը: Պատկերացնո՞ւմ եք՝ շրջում ես Հայաստանով մեկ եւ ինքդ քո ձեռքով հավաքում հուշամեդալների քո հավաքածուն։

Անուշ Նիկողոսյանը


«Իրականում դեռ վիճակագրություն չունենք՝ օտարերկրացիներին են առավել շատ հետաքրքրում մեր ինքնաշխատ սարքերը, թե տեղացիներին, բայց ուրախությամբ պետք է ասեմ, որ վերջին շրջանում տեղացիների մոտ եւս մեծ հետարքրքություն կա։ Կարծում եմ, Հայրենիքի մասին տագնապի ֆոնին են մարդիկ կարեւորում, արժեւորում եւ իրոք դառնում տարածող»,- կարծում է Armenian Coins-ի հանրային կապերի պատասխանատու Անուշ Նիկողոսյանը։

Ինչպես առաջացավ գաղափարը

Ինքնաշխատ սարքի գաղափարը հիմնադիրների մոտ առաջացել է արտերկրում դրա նախատիպը տեսնելիս: Հայաստանի մշակույթն ու պատմությունը նորարար ձեւաչափով տարածելու նպատակով առաջին փորձնական սարքը, որը ձեռք էր բերվել արտերկրից, Armenian Coins-ի կողմից  տեղադրվել է Ազգային պատկերասրահի շենքում, այն հնարավորություն էր տալիս ստանալ մի քանի պատկերներով հուշամեդալներ։ Հետագայում՝ տեխնիկական բարդություններից խուսափելու նպատակով, ինքնաշխատ սարքերի արտադրությունը մեկնարկում է անմիջապես Հայաստանում։

Ամբողջովին հայկական

Հայկական արտադրության առաջին ինքնաշխատ սարքը տեղադրվել է Կեչառիս վանական համալիրի տարածքում 2020 թ-ին՝ կորոնավիրուսով պայմանավորված կարանտինից ընդամենը մեկ օր առաջ։ Նախ` համավարակ, սահմանափակումներ, հետո՝ պատերազմ…



Այժմ ընկերության ինքնաշխատ սարքերն ամբողջովին հայրենական արտադրության են, դրանք նախագծվում, մոդելավորվում, կոդավորվում եւ գործարկվում են Հայաստանում՝ մեր հայրենակիցների կողմից։

Սարքից բացի, հուշամեդալները եւս պատրաստված են բարձորակ նյութերից․ ունեն արյուրե (լատուն) ձուլվածք։



Ընկերության ղեկավարների համար ամենակարեւորը հենց մշակութային արժեքները գնահատելն ու տարածելն է: Դա է նաեւ պատճառը, որ նրանք սովորաբար խուսափում են ինքնաշխատ սարքերը կոթողներին շատ մոտ տեղադրելուց, որպեսզի վիզուալ առումով եւս դրանք մնան իրենց նախնական տեսքին, եւ մարդկանց ուշադրության կենտրոնում հայտնվի նախ կոթողը, ապա նոր՝ սարքը։

Մեդալի հակառակ կողմը

Այժմ Armenian Coins-ը ինքնաշխատ սարքեր ունի Հայաստանի բոլոր մարզերում, բազմաթիվ պատմամշակութային վայրերին կից։ Մոտ օրերս ինքնաշխատ սարք կտեղադրվի նաեւ Սեւանի վանքի տարածում, իսկ Երեւանում՝ Մայր Հայաստան արձանի հարեւանությամբ, հետագայում նաեւ՝ Գլխավոր պողոտայում։



Անուշ Նիկողոսյանի համոզմամբ, դրականին զուգահեռ մեկ այլ իրականություն եւս. շատերը չեն նկատում սարքերը, ոմանք էլ նկատելու եւ գնահատելու փոխարեն դրանք վնասում են:

Հաջորդ հավաքածուն

Armenian Coins-ը թողարկելու է Armenian Queens հուշամեդալների հավաքածուն, որում ներկայացված կլինեն հայոց նշանավոր թագուհիները. սա եւս մեկ քայլ է տարածելու ոչ միայն հայկական մշակույթը, այլեւ պատմությունը։



Թեմայի ընտրությունը պատահական չէ. մշտապես տարածվել են հայոց արքաներին վերաբերող տեղեկություններն ու փաստերը, այժմ հերթը թագուհիներինն է։

Շողեր Սահակյան

Լուսանկարները՝ հեղինակի եւ Armenian Coins-ի արխիվից
Դիտում՝ 27521
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai