Ջանասիրաբար աշխատանք, ռիսկ եւ հաջողություն. PROFAL ընկերությունն արդեն 20 տարեկան է

23.06.2022 | 22:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Ալյումինե դռների ու պատուհանների, ապակե կոնստրուկցիաների տեղական առաջատար արտադրող PROFAL ընկերությունն այս տարի նշում է հիմնադրման 20 ամյակը: PROFAL-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի հետ զրուցել ենք ընկերության 20-ամյա պատմության մասին։

- Պարոն Ավետիսյան, PROFAL-ն արդեն 20-ամյա ընկերություն է, Հայաստանում առաջատարներից։ Ինչպիսի՞ն էր PROFAL-ի զարգացման տեսլականը 20 տարի առաջ եւ ուր է հասել Ընկերությունն այսօր։

- Ընկերությունն ապագայի մասին՝ 20 տարի առաջ իր ունեցած պատկերացումներից շատ ավելի առաջ է այսօր։

1990-ականներին 3 ընկեր-համախոհներ, ովքեր իրենց ոլորտում կայացած ու պահանջված մասնագետներ էին, մի օր որոշեցին թողնել ամեն ինչ ու զբաղվել բիզնեսով: Այն էլ մի բիզնես ուղղությամբ, որը Հայաստանում նոր էր, մրցակցային պայմաններ չկային, ժամանակներն էլ բարդ ու դժվարին էին։ PROFAL-ի հիմնադիրները շատ լավ գիտակցում էին, թե ինչ խնդիրների կարող են բախվել, բայց, քանի որ երեքն էլ նպատակասլաց էին եւ գիտեին՝ հանուն ինչի են միավորվել, չհանձվեցին  ու արեցին ամեն հնարավորը, որպեսզի ընկերությունը կայանա։

Սկզբում հիմնադիրները մեծ տարածք էին ձեռք բերել մի փոքրիկ արտադրամասի համար. այսօր էլ հաճախ են պատմում, որ չէին պատկերացնում, թե ինչ էին անելու այդ հսկայական տարածքի հետ։ Իսկ այսօր արդեն մենք ստիպված մեր ազատ հատվածներն օգտագործում ենք արտադրական գոտի դարձնելու համար, եւ նախատեսում ենք նոր՝ երկու անգամ ավելի մեծ գործարան կառուցել։  

20 տարի առաջ եղել է միտք, գաղափար, բայց չի եղել պատկերացում, որ օրերից մի օր Ընկերությունը կարող է այս դիրքերում հայտնվել։ Այսօր մենք Հայաստանում ոլորտի առաջատար, դռների ու պատուհանների արտադրության եւ կանաչապատման ոլորտի նոր մշակույթ ձեւավորող ու միտումներ թելադրող կազմակերպությունն ենք։ Այս ոլորտի եզակի ընկերություններից ենք, որ ունենք արտահանման լայն աշխարհագրություն եւ հայկական արտադրանքը ներկայացնում ենք միջազգային առաջատար շուկաներում։

- Խոսենք ընկերության անցած ճանապարհի, դժվարությունների ու ձեռքբերումների մասին։   

- PROFAL-ը զարգացման հետաքրքիր ճանապարհ ու փուլեր է ունեցել։ Սկզբնական շրջանում՝  2000-ականներին, միանգամից զարգացում է ապրել, քանի որ այդ տարիներին շինարարական բում էր մեր երկրում, նմանատիպ շատ ընկերություններ չկային, եւ PROFAL-ն էլ որակյալ արտադրանք էր ապահովում:

2013 թվականին սկսեցինք մեր արտահանումը՝ դեպի Սաուդյան Արաբիա։ Հետագայում արտահանման աշխարհագրությունն ընդլայնվեց, եւ այսօր հայկական արտադրանքը ներկայացված է ԱՄՆ-ում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ռուսաստանում, Վրաստանում, Պուերտո Ռիկոյում, արդեն իսկ հաստատված նախագծեր ունենք նաեւ Բերմունդյան Կղզիներում։ Վրաստանում արտահանումից բացի՝ 2013 թվականից գործում է PROFAL-ի դուստր ձեռնարկությունը, որը հիմնականում զբաղվում է ալյումինե եւ ապակե կոնստրուկցիաների արտադրությամբ:

2018-ին  բացեցինք PROFAL HOME ցուցասրահը, որտեղ ներկայացված է ինչպես մեր արտադրանքը, այնպես էլ միջազգային լավագույն բրենդերի տեսականին:

Յուրաքանչյուր մեծ բիզնեսների նման, PROFAL-ն էլ երկու տասնամյակի ընթացքում բազմաթիվ խնդիրներ ու ճգնաժամեր է ունեցել։ Հեշտ չի եղել ընկերությունը ղեկավարել, հատկապես, որ հիմնադիրները միմյանցից շատ տարբեր մտածելակերպով մարդիկ են եղել։ Բայց երեքն էլ ունեցել են նույն նպատակն ու զարգացման տեսլականը, հենց այդ նվիրվածության, միմյանց միշտ աջակցելու, գաղափարները, փորձություններն ու ձախողումները միասին կիսելու ու համախմբվածության շնորհիվ էլ ընկերությունը շարունակել է զարգանալ եւ հաղթահարել բոլոր խնդիրներն ու դժվարությունները։

Profal ընկերության համահիմնադիրները եւ գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը


Իմ՝ այստեղ աշխատելու ընթացքում էլ մեծ ճգնաժամեր ենք ունեցել, բայց նույնիսկ այն ժամանակ, երբ Ընկերությունն իր պատմության ամենադժվարին օրերն էր ապրում, մեր թիմը երբեք մեզ չի լքել, որովհետեւ տարիներ շարունակ հավատացել է մեզ։ Իհարկե, մեծ ձեռքբերում է առաջատար լինելը, ձեռքբերում են այն նախագծերը, որոնք հպարտությամբ եմ ասում, որ մենք են իրականացրել։ Ձեռքբերում է, որ հայկականը ներկայացնում ենք սահմաններից դուրս։ Բայց, այդուհանդերձ, PROFAL-ի 20 տարվա ամենամեծ ձեռքբերումը հենց այս առողջ թիմային մթնոլորտն է, որի հիմքը հիմնադիրներն են ձեւավորել։

PROFAL-ն անցել է 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամի, 2020-ի համավարակի եւ պատերազմի ճգնաժամերի միջով։ Բայց, քանի որ արդեն իսկ ունեինք կառավարման արդյունավետ մոդել, վերջինները կարողացել ենք պատվով ու նվազագույն կորուստներով հաղթահարել։ 2000-ականներին մեծ երազանքներ են եղել, բայց այսօր մենք ավելիին ենք հասել: Եվ սա մեծ պատվով ու հպարտությամբ եմ ասում։

Զարգացման այս փուլում մեր ուղղությունները տարանջատվել են, ավելի ենք ընդլայնվել եւ այսօր արդեն ներկայանում ենք որպես PROFAL GROUP:

- PROFAL-ն այն ընկերություններից է, որ իր գործունեությամբ Հայաստանում տարբեր ոլորտներ է զարգացնում եւ նոր մշակույթ ձեւավորում։ Կարո՞ղ եք առանձնացնել մի քանի նախագծեր, որոնք կարեւոր եւ նշանակալի են եղել ինչպես ոլորտի, այնպես էլ երկրի համար։

- Ամենակարեւոր առաքելությունը, որ այսօր ունենք` հայկական արտադրանքն ամբողջ աշխարհին ճանաչելի դարձնելն է։ Մեր արտահանման պատմությունը սկսելիս էլ մեծ պատասխանատվություն էինք ստանձնում, որովհետեւ առաջին անգամ այլ երկրում հայկական արտադրություն էինք ներկայացնելու։ Բայց շնորհիվ մեր արտադրանքի բարձր որակի, մեր պրոֆեսիոնալ թիմի, որը հմտորեն իրականացնում է ցանկացած բարդության նախագիծ, այսօր Made in Armenia-ն, իսկապես, որակի չափանիշ է դարձել։ Ու հենց դրա արդյունքում էլ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվում է։

Որպես նոր առանձին ուղղություն այս տարվանից զարգացնում ենք կանաչապատման ծրագրերը, որոնց շրջանակում շուտով գործարկելու ենք տարածաշրջանում եզակի մի կառույց՝ O2 Gardens-ը:

Բազմաթիվ նախագծեր ունենք, որոնցով հպարտանում ենք ու որոնք իրականացնելը մեզ համար մեծ պատասխանատվություն է եղել: Աշխատանքներ ենք իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում, Դալմա Գարդեն Մոլում, որը մեր բարդ նախագծերից է, «Այբ» դպրոցում, Երեւանի կոնյակի գործարանում, Դիլիջանի UWC միջազգային դպրոցում։ Պետական մասշտաբի մեծածավալ աշխատանք նաեւ Մոսկվայում ենք իրականացրել։ Այս ամենը, իհարկե, 20 տարվա ընթացքում իրագործվածի մի մասն է միայն։

20 տարի եւ ավելի քան 25.000 նախագիծ, բայց hպարտանալու, մեր երկիրը ներկայացնող նախագծերը դեռ առջեւում են։

Արփի Ջիլավյան
Դիտում՝ 45675
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW