«Որքան շատ լինեն հեռահաղորդակցության այլընտրանքային ռեսուրսներ, այնքան շուկայի կանոններն ավելի քաղաքակիրթ կլինեն»

09.08.2008 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանում## ռուսասատանյան «ԿՈՄՍՏԱՐ-ՕՍՏ» ընկերության «Կորնետ-ԱՄ» դուստր ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Դեմիրխանյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալությանն ու Banks.am պորտալին

- «Կորնետ-ԱՄ»-ն ավարտել է WiMAX անլար լայնաշերտ հասանելիության /ԱԼՀ/ տեխնոլոգիայով ցանցի շինարարության առաջին փուլը: Նշվում էր, որ նոր ցանցը նախատեսված է հեռահաղորդակցային ծառայությունների ողջ շրջանակի մատուցման համար, այդ թվում` տվյալների փոխանցում, թվային հեռախոսակապ, արագ ինտերնետ, կորպորատիվ ցանցերի կազմակերպում (IP VPN) եւ այլն: Նշանակու՞մ է դա արդյոք, որ Հայաստանի հեռահաղորդակցային շուկան արդեն ազատականացված է, եւ «Կորնետ-ԱՄ»-ը կարող է համարձակորեն մրցակցել «ԱրմենՏելի» հետ:

- Մենք ավարտել ենք ԱԼՀ ցանցի ֆիզիկական մոնտաժման փուլը: Հայաստանյան իրականությունում դա աննախադեպ ցանց է, քանի որ բոլոր պրովայդերների հետաքրքրությունների հիմնական ոլորտը Երեւանն է: Սակայն Հայաստանը կոմպակտ երկիր է, եւ որքան հագենում է Երեւանը, այնքան մեծանում են պահանջները դրա սահմաններից դուրս: Այդ իսկ պատճառով, ցանցը նախագծելիս, մենք ծրագրեցինք, որ մեր յուրաքանչյուր ծառայություն. հեռախոսակապը, մուտք դեպի ինտերնետ, տվյալների փոխանցումը կամ կորպորատիվ ցանցերի կազմակերպումը, իր բովանդակությամբ, որակի ու գնային քաղաքականության առումով գործնականում նույնական լինի այն ծառայությունների հետ, որոնք հասանելի են Երեւանում: Ներկայումս ցանցը փորձարկվում է, եւ մենք հույս ունենք, որ արդեն սեպտեմբերին WiMAX ԱԼՀ-ն պաշտոնապես կհանձնվի առեւտրային շահագործման:

Ինչ վերաբերում է հեռահաղորդակցական շուկայի ազատականացմանը, ապա ձեւականորեն այն ազատականացվել էր դեռեւս անցած տարվա հոկտեմբերին: Մյուս կողմից, «ԱրմենՏելի» պատմականորեն ձեւավորված գերիշխող դիրքը` որպես ազգային օպերատորի, շուկայի ազատականացման գործընթացում դեռ երկար ժամանակ որոշակի շտկումներ կմտցնի: «ԱրմենՏելն» ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է հեռահաղորդակցային ընկերությանը: Ցանկացած այլ ընկերություն ստեղծում է այդ «ամենը», որպեսզի լիաֆունկցիոնալ հեռահաղորդակցային ընկերություն կոչվի: Ես կարծում եմ, որ դեռ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի իրավականորեն հռչակված ազատականացումը վերաճի շուկայի իրական ազատականացման:

Սակայն, ի տարբերություն հեռահաղորդակցային շուկայի, միանշանակ կարելի է խոսել ծառայությունների ազատականացման մասին, քանի որ ընկերության արտոնագրում գրանցված հեռահաղորդակցային ոչ մի ծառայություն վերջնական օգտագործողին դրա տրամադրման հնարավորությունների տեսանկյունից որեւեէ սահմանափակում չունի:

- Նախորդ տարի մեր գործակալությանը տված հարցազրույցում դուք ասում էիք, որ ձեր ընկերությանը հիմնականում հետաքրքրում են կորպորատիվ սպառողները` միաժամանակ նշելով, որ դիտարկվում է նաեւ ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելու հնարավորությունը: WiMAX ցանցը հասանելի կկլինի՞ սպառողների լայն շրջանակի:

- WiMAX ցանցի նախագծման ժամանակ մենք, իհարկե, առաջին հերթին ի նկատի ունեինք կորպորատիվ բաժանորդներին, քանի որ այդ հատվածը պատմականորեն գերակայություն է հանդիսանում «Կորնետի» համար: Սակայն ցանցն այնպես է նախագծված, որպեսզի հնարավորություն ունենա ծառայություններ մատուցել նաեւ ֆիզիկական անձանց:

Ակնհայտ է, որ WiMAX-ը, լինելով նոր տեխնոլոգիա եւ գտնվելով իր կայացման ու տարածման փուլում, էժան տեխնոլոգիա չի հանդիսանում: Համապատասխանաբար, ցանցի միջոցով մատուցվող ծառայությունները չեն կարող էժան համարվել: Բայց նաեւ արժե ի նկատի ունենալ, որ ծառայությունների որակը, մուտքի արագությունը եւ միացման օպերատիվությունը լիովին արդարացնում են թվացյալ թանկությունը: Եվ, վերջիվերջո, մենք այնքան էլ հարուստ չենք, որպեսզի էժան ապրանք գնենք:

WiMAX ցանցին միանալու արժեքը ֆիզիկական անձանց համար կկազմի մոտավորապես 36 հազար դրամ, իրավաբանական անձանց համար` 78 հազար դրամ: Ամենամսյա վճարը կախված կլինի հաճախորդի ընտրած փաթեթից ու սակագնային պլանից: Ընկերությունը ձգտում է ճկուն գնային քաղաքականություն վարել, որպեսզի իրատեսական դարձնի հաճախորդների ծախսերը:

- Որքա՞ն ներդրումներ պահանջվեցին ԱԼՀ ցանցի ստեղծման համար:

- Ներդրումները կազմում են շուրջ $5 մլն: Ցանցն ընդգրկում է Հայաստանի 18 քաղաքներ եւ Երեւանը: Այդպիսի ցանց ստեղծելով` մենք նաեւ սոցիալական խնդիրներ ենք լուծում. հասանելիությամբ ապահովելով սահմանամերձ ու այն տարածքները, որտեղ զարգացած չէ հեռահաղորդակցությունը: Կարծում եմ, հետագա ներդրումները կօգտագործվեն հասանելիության գոտու ընդլայնման /կկառուցվեն նոր բազային կայաններ եւ ծածկույթով կպատվեն նոր շրջաններ/ եւ բազային կայանների միջեւ սեփական տրանսպորտային ցանցի ստեղծման նպատակով:

- Beeline-ը սկսել է Հայաստանի գյուղական վայրերը ապահովել ինտերնետային մուտքով իր CDMA ցանցի միջոցով: Դուք մարզերում կմրցակցե՞ք Beeline–ի հետ:

- Կարծում եմ` այո, բայց ես կնախընտրեի դա մրցակցություն չկոչել: Հայաստանի առանձին մարզերում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ այնտեղ դեռ երկար ժամանակ դասական իմաստով մրցակցություն չի լինի: Քանի որ մարզային շուկան ներկայումս հեռու է հագեցած լինելուց, մեր, Beeline-ի եւ յուրաքանչյուր խաղացողի համարժեք առաջարկություն կգտնի իր սպառողին, եւ դա պետք է նպաստի նաեւ մարզերի տնտեսական զարգացմանը:

- «ԿՈՄՍՏԱՐ-ՕՍՏ»-ի ղեկավարությունը հայտարարել է, որ Հայաստանում ընկերության ռազմավարական քայլերից մեկը լինելու է ձայնային կապի ծառայությունների ներդրումը: Հայտնի է, որ «Կորնետ-ԱՄ»-ը Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին 60 հազար համար տարողունակություն տրամադրելու հայտ է ներկայացրել: Նշանակու՞մ է դա արդյոք, որ ընկերությունը Հայաստանում սկսում է ներդնել ձայնային կապի ծառայությունները:

- Այո, մենք նախատեսում ենք համալիր ծառայությունների ներդրում: Մենք չենք ցանկանում սահմանափակվել միայն ինտերնետային ծառայություններով, առավել եւս, որ եթե նախկինում ավանդական հեռախոսակապն ենթադրում էր հեռախոսակայանների ու բազմաթիվ լարերի առկայություն, ապա այսօր այն կարող է դիտարկվել որպես վերադիր կամ երկրորդ մակարդակի ծառայություն:

Մեր ստեղծած ցանցն ընգրկում է մեծ տարածքներ, եւ այն բոլոր հնարավոր ծառայությունների, այդ թվում նաեւ` ամենաավանդական ու մեծ պահանջարկ ունեցողի` հեռախոսակապի մատուցման նպատակով չօգտագործել մենք, իհարկե, չէինք կարող:

- Դիտարկվու՞մ է որոշակի սիներգիայի հնարավորություն «Կորնետ-ԱՄ»-ի եւ Vivacell-ի միջեւ, հաշվի առնելով, որ երկու ընկերություններն էլ ընդգրկված են ռուսական ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգի կառույցում:

- Բջջային կապի ծառայություններն ու այն ծառայությունները, որոնք մենք ենք նախատեսում տրամադրել, գործնականում չեն հարաբերվում: Չեմ կարծում, որ ներկա փուլում մեր ծառայությունները կարող են որեւէ շփում ունենալ, բացի այդ, դուստր կառույցների փոխազդեցության վերաբերյալ որոշումները հետեւողականորեն ընդունվում են մայր ընկերության կողմից: Մյուս կողմից, մենք սերտորեն համագործակցում ենք Vivacell-ի հետ եւ ձգտում ենք գտնել հատման այն կետերը, որոնք թույլ կտան նպաստել երկու ընկերությունների զարգացմանը:

- Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը այն հակասությունների վերաբերյալ, որոնք ծագել են «ԱրմենՏելի» եւ մի շարք ինտերնետ պրովայդերների միջեւ` կապված վերջինիս կողմից Hi Line ծառայության գործարկման հետ:

- Այդ խնդրի հիմքում ընկած են ազգային օպերատորի եւ պրովայդերներˠմիջեւ պատմականորեն ձեւավորված փոխհարաբերությունների կանոնները: Եթե նախկինում «ԱրմենՏելը» «մեծածախ» մատակարար էր պրովայդերների համար, որոնք ինտերնետը հասցնում էին վերջնական սպառողին, ապա այսօր, հաշվի առնելով, որ ՙԱրմենՏելը՚ ինքն է շահագրգռված վերջնական սպառողին ծառայություններ մատուցել, դա, հաշվի առնելով տեխնիկական հնարավություններն ու ներուժը, չէր կարող չհանգեցնել խաղի կանոնների փոփոխության:

Ինձ դժվար է որոշակի բաղադրատոմս առաջարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Մի կողմից, ես գիտակցում եմ, որ գործարար փոխհարաբերությունները, որոնք ստեղծվել են տասնյակ տարիների ընթացքում, չի կարելի միանգամից փոխել, մյուս կողմից` չէ՞ որ մենք բոլորս ազատականացման էինք ձգտում:

Կարծում եմ, յուրաքանչյուրը, ով տեսնում է իրեն հեռահաղորդակցական շուկայում, պետք է ինքն իր համար որոշում կայացնի: Ըստ իս, ամենաճիշտ ճանապարհն ինքնավարությունն ու անկախությունն է:

Որքան Հայաստանում շատ լինեն հեռահաղորդակցության այլընտրանքային ռեսուրսներ, այնքան շուկայում կանոնները ավելի քաղաքակիրթ կլինեն: Որքան մեծ ուշադրություն դարձնեն պրովայդերները սեփական ենթակառույցների ստեղծմանը, իրենց այնքան ավելի հեշտ կլինի երկխոսություն վարել ինչպես «ԱրմենՏելի», այնպես էլ մյուս պրովայդերների հետ:

- Ինչպե՞ս են հաղթահարել այդ խնդիրը մեր հարեւանները, օրինակ, Վրաստանը:

- Վրաստանում ի սկզբանե մենաշնորհ չկար: Հեռահաղորդակցական ողջ ենթակառույցն այնտեղ բաժանված էր երեք խոշոր ընկերությունների միջեւ: Հեռախոսակապի ծառայությունները Վրաստանում դեռ տասը տարի առաջ լիովին ազատ էին տրամադրվում:

Սակայն, եթե հաշվի չառնենք աշխարհագրականն դիրքն ու մալուխային ռեսուրսների անհրաժեշտ քանակը, որոնք անցնում են Վրաստանի տարածքով, ապա այնտեղ ցանց պարզապես չկա: Կան առանձին հատվածներ, որոնք կամ չեն կցվում, կամ վատ են կցվում: Այդպիսով, որքան էլ վատը լինի մենաշնորհը, այդուամենայնիվ, Հայաստանում այն բավականին լավ հեռահաղորդակցային ենթակառուցվածք ստեղծեց: Օրինակ, հեռախոսային ենթակառուցվածքը Երեւանում թվայնացված է 90 տոկոսով, մինչդեռ Թբիլիսիում թվային հեռախոսակայանները կարելի է մատերի վրա հաշվել:

- Դուք նշեցիք, որ Վրաստանի տարածքով անցնում են մեծ թվով մալուխային ռեսուրսներ, ինչը ինտերնետը հասանելի ու մատչելի է դարձնում: Ինչպիսի՞ն է դրությունը Հայաստանում:

- Հայաստանին ինտերնետով ապահովում են «ԱրմենՏելը», որը երկրի տարածքում հիմնական օպտիկամալուխային ցանց ունի` Վրաստանի ու Իրանի սահմաններում մուտքի երկու կետերով, եւ Fibernet ընկերությունը, որի օպտիկական մալուխները վրացական սահմանով հասնում են Երեւան:

Յուրաքանչյուր պրովայդեր` այդ բառի մի փոքր լայն իմաստով, ձգտում է ցանցին հասանելիության առաջնային ռեսուրս ստանալ, սակայն դա հեշտ չէ եւ տնտեսապես ոչ միշտ է շահեկան: Ի՞նչ կարելի է անել այսօր այդ ուղղությամբ:

Հայաստանի հեռահաղորդակցության համար շատ բարենպաստ կլիներ դեպի երրորդ երկիր ելքը, ասենք, Թուրքիա, որտեղ շատ են հեռահաղորդակցային ռեսուրսները, եւ բոլոր խոշոր օպերատորները հասանելիության կետեր ունեն: Հասանելիությունը նման ռեսուրսներին կարող էր շատ դրական ազդել Հայաստանի հեռահաղորդակցային մթնոլորտի վրա:

- Ձեր ընկերությունը մասնագիտական ծառայություններ է մատուցում Հայաստանի առեւտրային բանկերին: Եթե կարելի է, ներկայացրեք այդ ծառայությունները:

- Առեւտրային բանկերին մենք մատուցում ենք ArCa պրոցեսինգային կենտրոնին բանկոմատների միացման ծառայություններ: Որքան գիտեմ, Հայաստանում միայն երկու ընկերություն իրավունք ունեն իրենց ցանցերով բանկոմատներ միացնել ArCa-ին: Դրանք են Կենտրոնական բանկը (CBA Net) եւ «Կորնետ-ԱՄ»-ը:

Բացի այդ, մենք բանկերին առայժմ տրամադրում ենք նաեւ X25 ծառայությունը: Բայց քանի որ X25 ցանցը հարաբերականորեն հին է, եւ ավելի ու ավելի շատ բանկային տեխնոլոգիական որոշումներ ու ներդիրներ կողմնորոշվում են դեպի TCP/IP ցանց, ես կարծում եմ, որ մոտ ապագայում X25 ծառայության անհրաժեշտություն կարող է ընդհանրապես չլինել: Մնացած ծառայությունները մենք մատուցում ենք մեր բոլոր հաճախորդներին:

Դիտում՝ 10578
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai