Անշարժ գույքը Դուբայում սկսում է էժանանալ

07.08.2008 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Նրանց, ովքեր որոշել են անշարժ գույք գնել Միացյալ Արաբական Էմիրություններում, խորհուրդ է տրվում սպասել մինչեւ հաջորդ տարի: Morgan Stanley բանկի հետազոտության տվյալներով, Դուբայում անշարժ գույքի գները, որոնք վերջերս արագորեն աճում էին, հաջորդ տարի կնվազեն մոտավորապես 10 տոկոսով: Էմիրություններում անշարժ գույքի ոլորտում շտկումը կարող է նմանատիպ խնդիրներ առաջացնել նաեւ Մերձավոր Արեւելքի հարեւան երկրներում, որտեղ շուկան գերհագեցած է նավթադոլարներով ու սպեկուլյատիվ ներդրումներով:

Ներդրողների հետաքրքրության աճը Դուբայի նկատմամբ սկսվեց 2002 թվականին, երբ էմիրություների իշխանություններն առաջին անգամ շուկան բացեցին արտասահմանյան բիզնեսի համար: Այդ ժամանակվանից այստեղ սկսվեց իրական զբոսաշրջային ու գործարար բում, որում իրենց ավանդը ունեցան ներդրողներ ինչպես Եվրոպայից, ԱՄՆ-ից ու Ճապոնիայից, այնպես էլ հարեւան նավթարդյունահանող երկրներից: Morgan Stanley-ի տվյալներով, անշարժ գույքի գները Դուբայում 2007 թվականի սկզբից ի վեր աճել են 79%-ով, որից 25%-ը` այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում: Միեւնույն ժամանակ, մասնագետները նշում են, որ Դուբայում անշարժ գույքի գները գրեթե կրկնակի էժան են, քան Լոնդոնում ու Տոկիոյում: Էլիտար բնակարանի արժեքը հիմնականում տատանվում է 6-12 հազար դոլարի սահմանում 1 քմ մետրի համար: «Բնակչության թվի աճի հետեւանքով Դուբայը վերջին տարիներին բախվել է անշարժ գույքի էական դեֆիցիտի հետ»,- ասել է Աբու-Դաբիի Ազգային բանկի առաջատար մասնագետ Հեյաս Հոքքենթը:

Morgan Stanley-ն ակնկալում է, որ արդեն 2009-ին էմիրություների անշարժ գույքի շուկայում առաջարկների թիվը կգերազանցի պահանջարկը, ինչը կկանգնեցնի գների աճը: Չի բացառվում նաեւ շուկայի փլուզումը, ինչպես դա տեղի ունեցավ Սինգապուրում 1990-ականների վերջում, երբ մեկուկես տարվա ընթացքում անշարժ գույքի գներն ընկան 80%-ով: Թեեւ, այս վերջին սցենարը Morgan Stanley-ի վերլուծաբաններն այնուամենայնիվ քիչ հանավական են համարում:

«Ավելցուկային ներդրումների հիմնական պատճառը էլիտար անշարժ գույքի, գրասենյակների ու բնակելի շենքերի նկատմամբ սպեկուկյատիվ պահանջարկն է: Այդ պահանջարկը «տաքացվում» է հիմնականում նավթի վաճառքից ստացված եկամուտներից եւ Իրանից ու այլ նավթարդյունաբերող երկրներից եկող նշանակալի ներհոսքով»,- ասել է Global Insight-ի տնտեսագետ Ֆարիդ Աբոլբազին: «Արդյունքում շուկայում աճում է «օճառային պղպջակը», որը վաղ թե ուշ պետք է պայթի»:

Դուբայում անշարժ գույքի շուկայի անկումը շղթայական ռեակցիա կառաջացնի Ծոցի մյուս երկրներում: Morgan Stanley-ը կանխատեսում է, որ անշարժ գույքի բնագավառում մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի արժեքը կնվազի միջինը 80%-ով: Արդյունքում այդ ամենը բացասականորեն կազդի նաեւ տնտեսական ցուցանիշների վրա: «Անշարժ գույքի հատվածը դարձել է Պարսից ծոցի երկրների տնտեսության հիմնական բնագավառներից մեկը, եւ տարածաշրջանի տնտեսական աճի տեմպերի անկումն անխուսափելի է»,- վստահ է Աբոլֆազին:

Դիտում՝ 7542
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai