Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի հայ ուսանողները՝ Սալոնիկի կրթական շաբաթվա մասին

29.09.2021 | 18:16 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի հայ ուսանողները Հունաստանի Սալոնիկ քաղաքում մասնակցել են համալսարանի ամենամյա կրթական շաբաթին:
Կրթական շաբաթին մասնակցում են բոլոր այն երկրների ուսանողները, որոնցում իրականացվում է Executive MBA ծրագիրը: Սա հնարավորություն է տալիս մասնակիցներին ծանոթանալ, կիսվել փորձառությամբ, անձամբ շփվել աշխարհի լավագույն համալսարաններից մեկի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Banks.am-ը զրուցել է Executive MBA-ի հայ ուսանողներից մի քանիսի հետ, որոնք կիսվել են Սալոնիկում անցկացված կրթական շաբաթից ստացած տպավորություններով:

Հասմիկ Գեւորգյան, «Ամերիաբանկի» էլեկտրոնային առեւտրի զարգացման բաժնի ղեկավար

«Շեֆիլդի համալսարան ընդունվել եմ 2019թ.-ին: Կորոնավիրուսի համավարակի պատճառով ուսումնական գործընթացը մի փոքր ձգձգվեց: Մեր այցը Սալոնիկ պետք է տեղի ունենար դեռ ապրիլին, բայց սեպտեմբերին մեկնեցինք: Իրականում այսպես ավելի լավ ստացվեց:

Մասնագիտական առումով մենք մասնակցեցինք երկու շատ հետաքրքիր մոդուլի, դրանց ընթացքում ուսումնասիրում էինք միջազգային բիզնեսը, նաեւ՝ ձեռնարկատիրությունը գլոբալ աշխարհում: Մեզ ներկայացվում էին սթարթափային հետաքրքիր օրինակներ: Կային շատ հետաքրքիր խոսնակներ, որոնք սթարթափեր էին հիմնել ու հիմա աշխատում էին պրոդուկտի մշակման վրա:

Կուրսը եւ՛ գործնական մաս ուներ, եւ՛ ակադեմիկ: Կարծում եմ՝ հենց այս երկու բաղադրիչների համադրությունն է ապահովում դրա արդյունավետությունը: Այս ճանապարհորդությունը մեզ շատ դրական լիցքեր ու ոգեւորություն տվեց:

Արդեն հասուն տարիքում քեզ նորից ուսանող զգալն ու ընկերներիդ, համակուրսեցիներիդ հետ ինչ-որ միջավայրում հայտնվելը եւ՛ որոշակի մարտահրավեր էր, եւ՛ շատ հետաքրքիր էր: Ճանապարհին լավ ընկերացանք:



Ներկայացուցիչներ կային բոլոր այն երկրներից, որտեղ գործում է Executive MBA ծրագիրը: Նման կապերի հաստատումը կարեւոր է նաեւ մասնագիտական առումով, քանի որ այս ծրագրով ուսանողները հիմնականում միջին ու բարձր օղակի ղեկավարներ են, ու նման շփումները կարող են կարեւոր գործնական կապերի վերածվել»»:

Մարինա Ղազարյան, ֆինանսաբանկային ոլորտի մասնագետ, սթարթափի հիմնադիր

«Երկար տարիներ աշխատել եմ ֆինանսաբանկային ոլորտում, իսկ հիմա, ինչու չէ, նաեւ Շեֆիլդի համալսարանի շնորհիվ, հիմնել եմ իմ սթարթափ: Այս ուղղությամբ աշխատում եմ քույրիկիս հետ, որը նույնպես Շեֆիլդի ուսանող է:

Սթարթափի նպատակն է սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար հասանելի դարձնել հայագիտական առարկաների ուսուցումը: Հարթակ է, որին կարող են միանալ հայ երեխաներն աշխարհի բոլոր ծայրերից ու մասնակցել խմբային դասընթացների՝ լեզու, գրականություն, պատմություն: Դասավանդվող առարկաների թիվը հետագայում կավելանա: Հիմա հարթակի մշակման փուլում ենք, հավանաբար, նոյեմբերի վերջից կսկսի գործել:



Այս ծրագիրը հնարավորություն է տվել շատ տարբեր մարդկանց հետ շփվել: Այդ շփումներն օգնում են հասկանալ՝ դու այնքան շատ բան ունես անելու, տալու մարդկանց ու սովորելու նրանցից: Այստեղ ընդգրկված մարդկանցից յուրաքանչյուրն իր ոլորտի գիտակ է, մեծ փորձ ունի, ու բոլորից սովորելու բան կա: Հաճախ նման փորձառությունն ազդակ է դառնում, որ մարդն իրեն նոր ոլորտներում փորձի, նոր նախաձեռնություններ սկսի: Ես մշտապես զգացել եմ, որ ցանկանում եմ ունենալ սեփական նախագիծ, որոնումների մեջ եմ եղել ու այս առումով ծրագիրն ինձ օգնել է:

Սալոնիկում անցկացրած օրերից կրթական առումով կառանձնացնեմ երկու չափազանց կարեւոր մոդուլները, որոնց մասնակցեցինք:



Առաջինը վերաբերում էր միջազգային բիզնեսի կառուցմանն, իսկ երկրորդի ժամանակ սովորում էինք՝ ինչպես ներկայացնել պրոդուկտը: Հրաշալի հնարավորություն էր շփվելու պրոֆեսիոնալների հետ, նաեւ մարդկանց հետ, որոնք անցել են սթարթափի ստեղծման ճանապարհով»:  

Ռուդիկ Թադեւոսյան, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ենթակառուցվածքային վարկային ծրագրերի համակարգող

«Սալոնիկում անցկացրած օրերը բավականին արդյունավետ էին: Շատ լավ փորձառություն էր այնտեղ լինել, մասնակցել «face to face» դասերի, որովհետեւ համավարակի ժամանակահատվածում այս հնարավորությունը սահմանափակ էր:

Մենք հնարավորություն ունեինք ընտրել տարբեր ոլորտներ, ես ընտրեցի ֆինանսականն ու մասնակցեցի երկու մոդուլի՝ միջազգային ֆինանսական կառավարում եւ ռիսկերի կառավարում: Երկուսն էլ մասնագիտական առումով շատ հագեցած էին, դասախոսներն էլ նյութը շատ լավ էին մատուցում: Պրոֆեսիոնալիզմը բարձր մակարդակի վրա էր:

Հնարավորություն ունեցա քննարկելու նաեւ իմ դիսերտացիայի թեման»:

Նինա Գրիգորյան, Philip Morris Armenia ընկերության զարգացման ծրագրերի ղեկավար

«Կազմակերպությունը, որտեղ աշխատում եմ, բավականին շատ գիտելիքներ է տալիս, եւ երբ ինձ հարցնում են՝ ինչի՞ համար է ինձ պետք կրթությունը Executive MBA ծրագրով, երկու հիմնական կետ եմ նշում՝ ֆունդամենտալ գիտելիքների ամբողջացում եւ շփում, ծանոթություն այլ մասնագետների հետ Հայաստանից եւ արտերկրից: Ճանապարհորդությունը Սալոնիկ ավելի շատ վերաբերում էր նշածս երկրորդ կետին: Կորոնավիրուսի համավարակից հետո նման ճամփորդությունները առավել արժեքավոր են դարձել: Կարծում եմ՝ եթե նույնը լիներ երկու տարի առաջ, երեւի այսքան տպավորված ու ոգեւորված չէինք լինի: Նաեւ հնարավորություն էր տեսնել շատ գեղեցիկ երկիր՝ Հունաստանն, ու բացի Սալոնիկից փորձել այլ տեղեր էլ գնալ՝ Աթենք, Հռոդոս, ծովը վայելել»:

Այս տարվանից Շեֆիլդի Executive MBA ծրագիրը առաջարկվում է ավելի ընդլայնված՝ համաեվրոպական Executive MBA տարբերակով, որը հնարավորություն կտա ապրելով եւ աշխատելով Երեւանում սովորել համաշխարհային մակարդակի միջազգային ծրագրում եւ ստանալ բրիտանական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանների MBA դիպլոմ եւ աստիճան:

Ծրագիրը Երեւանում մեկնարկելու է հոկտեմբերի վերջից: Այժմ ընթանում է փաստաթղթրի ընդունման վերջին փուլը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի հայաստանյան գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:

Յանա Շախրամանյան 
Դիտում՝ 10469
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW