Լեսլի Սզամոսի․ Հետհամաճարակային բիզնեսը նոր կանոններ ունի

31.05.2021 | 18:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Մայիսի 27-ին University of York Europe Campus-ի CITY College-ի կողմից առաջարկվող Յորքի եւ Ստրասբուրգի համալսարանների համաեվրոպական Dual Degree Executive MBA (Master of Business Administration) ծրագիրը ներկայացնելու շրջանակներում կազմակերպական փոփոխությունների եւ դրանց կառավարման ոլորտի ամենապահանջված բանախոսներից պրոֆ․ Լեսլի Սզամոզին վարել է «Բիզնեսի կառավարումը համաճարակից հետո՝ աշխատակցի եւ հաճախորդի տեսանկյունները» թեմայով վեբինար։

Յորքի եւ Ստրասբուրգի համալսարանների համաեվրոպական Dual Degree Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրենը եւ Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարման լաբորատորիայի հիմնադիր ու համանախագահ պրոֆ․Սզամոզին խոսել է բիզնես-աշխարհում կորոնավիրուսային  համաճարակին հետեւած փոփոխություններից եւ դրանց հարմարվելու հնարավորությունից։ Banks.am-ը առանձնացրել է վեբինարին հնչած ամենահետաքրքիր մտքերը։

Հետհամաճարակային իրականություն

Աշխարհի ամենատարբեր անկյուններում մարդիկ չեն դադարում խոսել այն մասին, որ համաճարակն իր ազդեցությունն է թողել բիզնեսի վրա։

Այն բոլորին ստիպել է փոխել առօրյան ու խաղալ իր թելադրած կանոններով, եւ սրա հետեւանքով է, որ մեծ ու փոքր կազմակերպությունները ստիպված են գնալ փոփոխությունների։

Հետհամաճարակային իրականությունը ստիպում է հասկանալ, որ պետք չէ վստահ լինել, որ ամբողջովին հասկանում եք, թե ձեզանից ի՞նչ է պահանջում ձեր ղեկավարը կամ աշխատակիցը։

Այսօր, ավելի քան երբեւէ, աշխատակիցները պետք է դիտարկվեն որպես առանցքային շահագրգիռ կողմեր:

Աշխատանք տանի՞ց, թե գրասենյակից

Մինչ COVID-19-ը, աշխատակցի ցանկացած՝ տանից աշխատելու առաջարկ, դիտարկվում էր որպես ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ արդյունավետ։ Գործատուները պնդում էին, որ հեռակա աշխատանքը աշխատանքի արդյունքը կդարձնի անորակ, իրենք կկորցնեն վերահսկողությունը թիմերի նկատմամբ։ Մարդիկ շարունակում էին ստանալ հեռակա աշխատելու խնդրանք-առաջարկների մերժումներն ու աշխատել գրասենյակում։

Լեսլի Սզամոսին


Սակայն եկավ համաճարակն ու ամեն ինչ գլխի վրա շուռ տվեց՝ գործատուները հասկացան, որ ինչո՞ւ ոչ, հեռակա էլ է հնարավոր աշխատել։

Եվ որոշ ժամանակ անց սկսվեց հակառակ ծայրահեղությունը՝ աշխատող մարդիկ երազում էին կրկին գրասենյակներ վերադառնալ, որովհետեւ փորձը ցույց տվեց, որ ընտանիքն ու աշխատանքը համատեղելը կենցաղային իմաստով բավականին բարդ է։

Արդյունքում մենք այսօր ունենք հետեւյալ պատկերը՝ գործատուները պետք է հասկանան, որ այո, աշխատանքը պետք է կատարվի թիմով, բայց պետք է հաշվի նստել թիմի յուրաքանչյուր անդամի ցանկության հետ։ Մշտապես պետք է դիտարկել հետեւյալ տեսակետը՝ իսկ գուցե արժե՞ մարդուն  ապահովել տանից աշխատելու հնարավորությամբ։

Ի՞նչ են ցույց տալիս մեր հետազոտությունները՝ այսօր մարդկանց մի մասը ցանկանում է վերադառնալ գրասենյակային աշխատանքի, մի մասը՝ ոչ։ Սակայն վերադառնալ ցանկացողներն ուզում են շարունակել կառավարել աշխատանքային ժամերն ու իրենց ժամանակը, ինչը գուցե, արդյունավետ լուծում կարող է լինել։

Փոփոխություններ կազմակերպություններում

Հետհամաճարակային աշխարհում կազմակերպությունները ստիպված եղան գնալ գլոբալ փոփոխությունների։

Եվ հիմա, ավելի քան երբեւէ, պետք է վերարժեքավորել թիմային աշխատանքը,
որովհետեւ հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ մարդկային շփման անհրաժեշտություն ունեն, եւ թվային շփումը գնալով ավելի նյարդայնացնող է դառնում։

Գործատուները հիմա՝ ավելի քան երբեւէ, պետք է անեն ամեն ինչ, որպեսզի ցույց տան աշխատակցին, որ նա կարեւոր է իրենց ընկերության համար։

Դուք, որպես մենեջեր, պետք է վերարժեքավորեք եւ վերաձեւակերպեք ձեր աշխատանքը, պետք է ստեղծեք ձեր աշխատակցի համար լավագույն աշխատանքային պայմանների տարբերակը՝ նրանց ձեր կողքին պահելու, նրանց  հարմարավետությունն ապահովելու համար։

Լեսլի Սզամոսին


Ցանկացած հանձնարարություն, որը կտրվի ձեր աշխատակցին, նախ եւ առաջ պետք է իր մեջ կրի նաեւ առողջական անվտանգության եւ ապահովագրության երաշխիքներ, որովհետեւ այդպիսին են հետհամաճարակային կանոնները։

Ինչ վերաբերվում է գործատուներին՝ որքան շատ են ձեր անձնական եւ ուղիղ  շփումները ձեր աշխատակիցների եւ հաճախորդների հետ, այդքան ավելի դրական է այն ազդում աշխատանքի որակի եւ արդյունքների վրա։

Մեկ կարեւոր նկատառում եւս՝ պետք է ամրագրել, որ ոչ բոլոր բիզնեսներն են տուժել համաճարակի ընթացքում եւ համաճարակի պատճառով։

Հետհամաճարակային բիզնես աշխարհում խաղի կանոնները փոխեց առցանց գնումների գերարագ զարգացող մշակույթը։ Համաճարակը ստիպեց շրջվել եւ վերագնահատել, թե ինչպես ենք մենք տնօրինում մեր ժամանակը, ինչին ենք ուշադրություն դարձնում եւ ինչն անտեսում։

Համաճարակն ավելի կարեւոր դարձրեց մարդկային ժամանակի, ռեսուրսների կառավարումն ու շուկայավարման հմտությունները, մանրածախ առեւտրի դերը եւ վաճառող-գնորդ փոխհարաբերությունները, որոնք հայտնվեցին նոր սանդղակի վրա եւ կանգնած են նոր մարտահրավերների առջեւ։

Ներկայում ընդունվում են փաստաթղթեր համաեվրոպական Յորքի եւ Ստրասբուրգի համալսարանների Dual Degree Executive MBA ծրագրին դիմելու համար։ Հարցերի դեպքում զանգահարել Համալսարանի եվրոպական կամպուսի հայաստանյան գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով։

Լուսին Մկրտչյան
Դիտում՝ 3276
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai