«Կանաչ» խանութը ձգտում է eco-friendly ապրանքների մշակույթ ձևավորել

29.05.2021 | 09:28 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
2 տարի առաջ պատմել ենք Green shop 4eco նախաձեռնության մասին, որն իր առաջին քայլերն էր անում Հայաստանում կանաչ խանութ հիմնելու եւ բնությանը չվնասող ապրանքների վաճառքը խթանելու հարցում: Այժմ նախաձեռնությունն ունի գործող խանութ-կայք, որտեղ մեկ հարկի տակ են համախմբվել eco-friendly ապրանքներ ներկայացնող հայ արտադրողներ եւ ներմուծողներ:

Banks.am-ը զրուցել է խանութի համահիմնադիր Հռիփսիմե Մկրտչյանի եւ Green shop-ի գործընկեր արտադրողների հետ Հայաստանում բնությանը չվնասող, աղբի քանակի նվազեցմանը նպաստող արտադրանքների ու դրանց նկատմամբ հանրության հետաքրքրության մասին:

Համատեղելով բնապահպանականն ու սոցիալականը

Հայաստանում արտադրված վերամշակված հումքից դույլեր, կախիչներ, ծաղկամաններ, բազմակի օգտագործման տոպրակներ եւ այլ առօրյա օգտագործման eco-friendly իրեր: Այս բոլորը կարելի է գտնել Green shop օնլայն խանութում, որի տարբեր բաժինները շարունակաբար լրացվում են էկո գաղափարը կրող նոր ապրանքներով:



Հռիփսիմե Մկրտչյանը պատմում է, որ օնլայն խանութ-կայքի բացումը տեղի է ունեցել անմիջապես պատերազմից առաջ ու պատերազմի արհավիրքի պատճառով նորմալ աշխատել չի հաջողվել: Պատերազմի ժամանակ սկսել են բացօթյա ցուցահանդեսներ իրականացնել, որոնց ընթացքում վերամշակված իրերի վաճառքի գումարով սնունդ էին գնում՝ Արցախից ժամանած ընտանիքների համար։

«Խանութի բաժիններից առաջինը «Հզոր Արցախ»-ն է, որտեղ ներկայացնում ենք արցախցի կանանց պատրաստած ասեղնագործ իրեր, ձեռագործ խաղալիքներ եւ գլխարկներ: Դրանց վաճառքից ստացված գումարն անմիջապես փոխանցվում է արցախցի կանանց»,-պատմում է Հռիփսիմե Մկրտչյանը:



Խանութում գործող մյուս բաժինները թույլ են տալիս գտնել «կանաչ» իրեր, որոնք քիչ են թափոններ առաջացնում, կամ էլ վերամշակելի են: Կան նաեւ «Զրո թափոն» ապրանքներ, որոնց օգտագործումը կրճատում է աղբի քանակը։

Հռիփսիմե Մկրտչյանի խոսքով՝ առաջիկայում կլրացնեն նաեւ ծառայություններ բաժինը, որտեղ կհամախմբեն այնպիսի ծառայություններ մատուցողների, որոնք օգնում են նվազեցնել աղբը:

«Մեր նախաձեռնությունը բաց է բոլոր հայ արտադրողների հետ համագործակցության համար։ Եթե կան ձեռներեցներ, որոնք ունեն մեր գաղափարին համապատասխանող արտադրանք, կարող են կապ հաստատել մեզ հետ: Ապրանքների վաճառքից ստացված որոշակի տոկոս փոխանցում են մեզ, որից հանում ենք խանութի պահպանման ծախսերն ու մնացած մասն ուղղում «Էկո Աղբ» նախաձեռնությանը»,-նշում է Հռիփսիմե Մկրտչյանը:

Հռիփսիմե Մկրտչյանը


Խրախուսելով հայկականը

Խանութում փորձում են շեշտը դնել հայկական արտադրանքի վրա, սակայն քիչ չեն նաեւ ներկրված ապրանքները: Հռիփսիմե Մկրտչյանի խոսքով՝ ակտիվորեն փնտրում են հնարավորություններ նույն ապրանքներից Հայաստանում ստանալու համար:

«Օրինակ՝ արտերկրում առկա բամբուկե էկո ձողիկների հայկական այլընտրանքը եղեգից պատրաստված ձողիկներն են, որոնք անվտանգ են, բազմամյա օգտագործման, նախատեսված նաեւ երեխաների համար։ Ամենաշատ վաճառվող ապրանքներից են էկո գրիչներն ու էկո կախիչները, որոնք ստացվում են վերամշակված հումքից: Չեմ ուզում շտապել ու գաղտնիքներ բացահայտել, բայց հույս ունենք շատ շուտով ունենալ հայկական արտադրության վերամշակված պլաստիկից գրիչներ եւ ոչ միայն»,- մանրամասնում է Հռիփսիմե Մկրտչյանը:



Նա հավելում է, որ հետաքրքրություն են առաջացնում նաեւ վերաօգտագործման գաղափարը կրող իրերը, որոնցից են բազմակի օգտագործման սիլիկոնե սննդի փաթաթիչները եւ անձեռոցիկները, որոնք իրապես նվազեցնում են աղբի քանակը:

Eco-Friendly օճառներ

Green Shop-ում խրախուսում են նաեւ բնական հումքից պատրաստված պարագաները: Խանութի գործընկեր Սուրեն Բաբայանը տարիներ առաջ Կապանում հիմնել է ձեռագործ բնական օճառների բիզնես՝ «ՆՈւՌԻ»-ն: Արտադրությունում օգտագործում են սյունյաց բնաշխարհի տարատեսակ բույսեր, դեղաբույսեր, որոնք նպաստում են մաշկի առողջության բարելավմանը:

«Առաջին իսկ արտադրանքը թողարկելով՝ «ՆՈւՌԻ»-ն անցել է EAC լաբորատոր հետազոտություն եւ ստացել բնական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ: Հետագայում Green Shop 4 Eco-ի կողմից ստացանք համագործակցության առաջարկ, որը մեզ համար դարձավ հնարավորություն տեղական շուկայում առավել ճանաչելի դառնալ եւ բարելավել վաճառքի ցուցանիշները: Նմանօրինակ համագործակցությունները ողջունելի  են եւ օգտակար ՓՄՁ-ների համար, քանի որ կարճ ժամանակահատվածում աջակցում են հայկական արտադրանքի խրախուսմանը եւ տարածմանը»,- նշում է Սուրեն Բաբայանը:



Ընկերությունը շեշտադրում է նվազագույն պլաստիկի օգտագործմամբ օճառների փաթեթավորումը: Նախատեսում են առաջիկայում պինդ օճառների փաթեթավորումը կատարել թղթե տուփերում՝ դարձնելով դրանք 100% Eco-frindly:

«Քանի որ կան որոշ օճառների տեսակներ, որոնց շշալցումը այս պահին հնարավոր է միայն պլաստիկ տարաների մեջ, Green Shop 4 Eco-ի թիմի հետ քննարկումների արդյունքում նախատեսում ենք իրականացնել ակցիա, որի շրջանակում գնորդը, վերադարձնելով պլաստիկ տարան, կստանա զեղչ՝ հաջորդ ապրանքի գնման դիմաց: Այս պահին մեր առաջնային նպատակն է մարդկանց մոտ ձեւավորել բնական արտադրանքի օգտագործման կարեւորությունը՝ միաժամանակ հոգալով ինչպես մեր, այնպես էլ բնության առողջության մասին»,- ամփոփում է Սուրեն Բաբայանը:



«Տոպրակ հարկավո՞ր է»

Հայաստանում էկո իրերից ամենատարածվածը, թերեւս, էկո տոպրակներն են, որոնց փոքր արտադրությունները վերջերս էլ ավելի բազմազան են դարձել: 2018 թվականի դեկտեմբերից Վանաձորում գործող BecoTex ընկերությունը եւս զբաղվում է բազմակի օգտագործման տոպրակների արտադրությամբ: Ընկերության հիմնադիր Քրիստինեն Էվոյանը հուսով է, որ մոտ ապագայում էկո տոպրակների օգտագործումը Հայաստանում այնքան սովորական կդառնան, որ սուպերմարկետներում այլեւս չի հնչի «տոպրակ հարկավո՞ր է, թե՞ ոչ» հարցը:

«BecoTex-ի արտադրանքի առաջին մոդելը փոքրիկ գրպանիկում տեղավորվող, սակայն մոտ 10 կգ ապրանք տեղափոխող տոպրակն էր: Այն բավականին հարմարավետ տարբերակ է, պայուսակի մեջ գրեթե տեղ չի զբաղեցնում, պայուսակը չի ծանրացնում: Ուսումնասիրելով շուկան` հասկացանք, որ այլ տարբերակներ առաջարկելու պահանջարկ եւս կա: Այսպիսով, առաջ եկավ գույնզգույն ֆետրից տոպրակների գաղափարը»,- մանրամասնում է Քրիստինե Էվոյանը:



Նրա խոսքով՝ BecoTex-ում առաջարկում են նաեւ Չինաստանից ներմուծված անիվներով պայուսակներ, որոնք ունեն մեծ տարողունակություն եւ հարմար են ծանր գնումները տեղափոխելու համար:

Դրական փոփոխություն

«Դեռեւս 2 տարի առաջ մարդիկ հիմնականում տարօրինակ էին նայում, երբ պայուսակից քո տոպրակն էիր հանում եւ խնդրում գնումները տեղավորել հենց այդտեղ: Հիմա արդեն կարելի է ասել սովորական է դարձել, համենայնդեպս, մայրաքաղաքի մեծ հանրախանութներում: Ես աշխատում եմ միշտ ունենալ իմ տոպրակը պայուսակիս մեջ. նախընտրում եմ պլաստիկ չվերցնել, ինչը գաղափարի փոխանցման եւ մշակույթի զարգացման տեսանկյունից շատ կարեւոր է»,- նշում է Քրիստինե Էվոյանը:

Նա հավելում է, կտորե տոպրակների օգտագործման աճի դինամիկային նպաստում է նաեւ շուկայում շարունակաբար աճող առաջարկը, հայկական արտադրանքի նկատմամբ հետաքրքրվածությունն ու հայկականը նախընտրելու գաղափարը:



Հռիփսիմե Մկրտչյանի խոսքով՝ թեեւ աշխարհում կանաչ իրերը սովորաբար ավելի թանկ արժեն, իրենք մշտապես փորձում են հարթակում ընդգրկել մատչելի արտադրանք, որպեսզի էկոլոգիապես մաքուր ապրանքները հասանելի լինեն բոլորին:

«Կանաչ խանութը նաեւ փորձելու է նոր աշխատատեղեր ստեղծել մարզերում։ Այժմ փոքրիկ քայլերով առաջ ենք գնում։ Ուզում ենք դառնալ տարածաշրջանի ամենամեծ կանաչ խանութը ու կրթել մարդկանց պատասխանատու լինել իրենց առաջացրած աղբի համար։ Յուրաքանչյուր բան աղբամանը գցելուց առաջ պետք է մտածենք, թե ինչքան ենք վնասում մեզ ու մեր բնությունը»,- ամփոփում է Հռիփսիմեն:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 3713
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai