BizLiz՝ բիզնես խորհրդատվություն եւ ներդրումներ մեկ հարթակում

25.01.2021 | 09:28 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#BizLiz #Սամվել Գեւորգյան #Արսեն Բազիկյան

Հատկապես հիմա յուրաքանչյուրիս ներուժն ու ներդրած ջանքն ավելի քան կարեւոր են երկրի տնտեսական աճին ու զարգացմանը նպաստելու համար։ Բիզնեսը Հայաստանում առավել հաջողակ դարձնելու եւ զարգացումն երաշխավորելու նպատակով «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (Business Support Center - BSC)  խորհրդատվական ընկերությունը եւ «Արմենիան Լիզինգ Քամփնի» (Armenian Leasing Company - ALC) ունիվերսալ վարկային կազմակերպությունը հանդես են գալիս BizLiz համատեղ նախագծով:


BizLiz-ի նպատակն է օգնել Հայաստանի արտադրողներին եւ ծառայություն մատուցողներին խթանելու իրենց առաջխաղացումը կորպորատիվ կառավարման խորհրդատվության եւ լիզինգային լուծումների համադրման միջոցով: Իսկ թե ինչ է դա նշանակում բիզնեսի համար, Banks.am-ը պարզել է նախագծի հիմնադիրների հետ զրույցում:
 
Համակարգային մոտեցում

Սամվել Գեւորգյան, BSC-ի հիմնադիր տնօրեն․ Ընկերությունները հաճախ կենտրոնանում են մասնակի լուծումների վրա՝ անտեսելով որոշ բիզնես գործոններ, որոնք, սակայն, հավասարաչափ ազդեցություն ունեն նախագծի հաջողության վրա։

Երբ ձեռնարկատերը սկսում է մտածել հոսքագծի ավելացման մասին, դիմում է լիզինգային կամ ֆինանսական կազմակերպության՝ ներդրումների համար: Հաճախ անուշադրության են մատնվում արտադրանքի վաճառքին, թիրախային շուկային կամ մարքեթինգին վերաբերող հարցեր: Մյուս կողմից էլ, դիմելով խորհրդատվական ընկերություններին բիզնես պլանի, մարքեթինգային պլանի կամ էլ ներդրումային նախագծի մշակման համար՝ ընկերությունն ունենում է ֆինանսավորման կարիք:

Ֆինանսական կառույցները գնահատում են անցյալը, խորհրդատվական ընկերությունները՝ ապագան: Այս երկուսին տարանջատ մոտեցումը թույլ չի տալիս տեսնել ավելի լայն հնարավորություններ, մինչդեռ մենք, BizLiz նախագծում դրանք համակցելով, առաջարկում ենք ամբողջական փաթեթային լուծումներ ու երաշխավորում հաջողությունը:

Ըստ կանխատեսումների՝ Հայաստանում 2021թ.-ին սպասվում է աննախադեպ տնտեսական ճգնաժամ: Այս բացասական ազդեցությունը մեղմելու համար BSC-ն նոր ուղի է ընտրել՝ #Projects12, որը ներկայացնելու է մեկական հզոր նախագիծ յուրաքանչյուր ամիս: BizLiz-ը հունվար ամսվա ծրագիրն է։

Համագործակցություն՝ մրցակցության փոխարեն

Արսեն Բազիկյան, ALC-ի տնօրեն. Հայաստանում սա նորարարություն է ինչպես նախագծի հայեցակարգի, այնպես էլ երկու նմանօրինակ ընկերությունների համագործակցության տեսանկյունից։ Միջազգային շուկայում եւս այս նախագիծը չունի նախատիպը, ինչն էլ հնարավորություն է ստեղծում արտահանելու BizLiz-ը որպես պրոդուկտ։ Սա ապագայի ծրագրերից է, բայց առավել քան իրատեսական, քանի որ ԱՊՀ երկրների հետ աշխատանքի մեծ փորձ ունենք ինչպես մենք, այնպես էլ BSC-ն։

Ընկերություններն անընդհատ խոսում են մրցակցությունից, սակայն Հայաստանի նման փոքր շուկայի համար միշտ չէ, որ մրցակցությունը հաջողության հասնելու լավագույն տարբերակն է։ Եթե մի պահ փորձենք կողքից նայել իրավիճակին, կտեսնենք՝ շատ հաճախ հենց համագործակցությունն է զարգացում ապահովողը:

BSC-ի հետ մեր համատեղ նախագիծը գալիս է ապացուցելու, որ համագործակցությամբ եւ ուժերի միավորմամբ կարող ենք հասնել էլ ավելիին։ Այսպես, BizLiz-ը նաեւ օրինակ կծառայի միեւնույն կամ միմյանց փոխլրացնող գործունեությամբ զբաղվող հայ ձեռնարկատերերի համար՝ գնալու համագործակցության։

Արտադրություն՝ ներմուծման փոխարեն

Սամվել Գեւորգյան. BizLiz-ը շեշտը դնում է համակարգային մոտեցման վրա՝ հաշվի առնելով բիզնեսի բոլոր առանձնահատկություններն ու ապահովելով լուծումների լավագույն համադրությունը:

Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքը դժվարությունների առաջ կանգնեցրեց բազմաթիվ ձեռնարկատերերի։ Նրանց աջակցելու եւ այլընտրանքներ գտնելու համար մենք սկսեցինք անվճար խորհրդատվություն տրամադրել։ Հիմնվելով այս փորձի վրա՝ կարող եմ վստահեցնել, որ ներմուծվող ապրանքների 90%-ը հնարավոր է արտադրել Հայաստանում։

 

Խնդիրն այն է, որ այս տիպի գործունեությամբ զբաղվողներն ավելի շատ առեւտրականներ են, ինչն էլ երբեմն խնդիրներ է առաջացնում բիզնես վարքագծի տեսանկյունից։ Արտադրությունը բոլորովին այլ է ինչպես կազմակերպչական, մարդկային ռեսուրսների, ֆինանսական կառավարման, այնպես էլ մարքեթինգի առումով։ BizLiz ծրագրով մենք կարող ենք ապահովել այդ անցումը՝ իրենց ուսուցանելով, խորհրդատվություն տրամադրելով, պրոդուկտներ մշակելով։

Մյուս կողմից էլ, ներդրումներին առնչվող հարցերը զուգահեռաբար կարգավորում է ALC-ն՝ 10% կանխավճարի դիմաց տրամադրելով հոսքագիծ, որն էլ իր հերթին արդեն լուծում է գրավի խնդիրը։ Այսպիսով, առեւտրականը դառնում է արտադրող եւ Հայաստանում ստեղծում հավելյալ արժեք։

Սկզբնական շրջանում, քանի դեռ արտադրությունը կլինի փոքր ծավալով, ապրանքի ինքնարժեքն ավելի բարձր կլինի, ինչը նորմալ է։ Կարեւոր է հաշվի առնել, որ այժմ շուկան փոխվում է, անհատականացվում, մարդիկ ձգտում են սեփական ոճին, սեփական պահանջներին համապատասխանող արտադրանք ձեռք բերելուն, ինչը հնարավոր է հենց փոքրածավալ արտադրության պայմաններում։ Այսպես, երկարաժամկետ տեսանկյունից Հայաստանի համար տեղում արտադրելն առավել քան շահավետ է։



Ում համար է նախագիծը

Արսեն Բազիկյան․ BizLiz-ն օգնում է բացահայտել շուկայի նոր հնարավորությունները եւ ստեղծել լրացուցիչ տնտեսական ներուժ ինչպես հայ արտադրողներին, ծառայություն մատուցողներին, այնպես էլ գյուղացիական (ֆերմերային) տնտեսություններին։

BizLiz-ը բիզնեսի կողքին է բիզնես կենսացիկլի ցանկացած փուլում՝ սկսած դեռ գաղափարի ձեւավորումից մինչեւ արդեն գործող ընկերության զարգացումն ու ընդլայնումը։

Մեր հաճախորդները բոլոր այն սկսնակ եւ կայացած ընկերություններն են, որոնք՝

-  Մերժում են ստանում ֆինանսական կառույցներից՝ բիզնես կոնցեպտի, բիզնես գաղափարի, կանխատեսումների եւ անորոշ ապագայի պատճառով։
-  Ցանկանում են կատարել նպատակային ներդրումներ, հասկանալ՝ արդյոք ճի՞շտ որոշում է նոր հոսքագիծ գնելը, գուցե առկա են այլընտրանքային տարբերակներ։
-  Ցանկանում են բացահայտել շուկայի չիրացված ներուժը եւ բիզնես հնարավորությունները։  
-  Ունեն գործարար գիտելիքներ եւ/կամ անհրաժեշտ ֆինանսական, մտավոր ռեսուրսները պատրաստի նախագծերի իրականացման (իրականացմանը մասնակցության):

Սկսնակ բիզնեսներից պետք է անդրադառնանք նաեւ Banks.am«Զրոյից» շարքի հերոսներին, որոնց համար գործելու են #BizLiz-ի հատուկ պայմաններ։ «Զրոյից» շարքում ներկայացված բիզնեսները կկարողանան զգալի զեղչերով օգտվել բիզնեսի զարգացման խորհրդատվական ծառայություններից եւ լիզինգով ձեռք բերել հիմնական միջոցներ՝ սկսած 20% կանխավճարով եւ մինչեւ 5 տարի մարման ժամկետով:

Առաջարկից օգտվելու համար ընկերությունները կարող են դիմել ինչպես ArmLeasing, այնպես էլ Business Support Center:

Անհատական մոտեցում բիզնեսին

Սամվել Գեւորգյան․ Առաջարկելով փաթեթային լուծումներ՝ մենք շեշտը դնում ենք լուծումների ճկունության վրա՝ անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուրին եւ մշակելով ամենաարդյունավետ կոմբինացիան կոնկրետ դեպքի եւ ընկերության համար։ Համադրելով լիզինգային լուծումներն ու կորպորատիվ կառավարման խորհրդատվությունը, մենք՝

-  Բացահայտում ենք ընկերությունների թաքնված ներուժը:
-  Օգնում ենք վեր հանել շուկայում առկա հնարավորություններն ու ընկերությունների զարգացման նոր ուղղությունները:
-  Հնարավորություն ենք տալիս ընկերություններին կատարել նպատակային ներդրումներ եւ լինել մրցունակ:
-  Ստեղծում ենք հարթակ նույն ոլորտի ընկերությունների արդյունավետ համագործակցությունների գեներացման եւ մասշտաբի էֆեկտի հասնելու համար։

Որսա պահը

Սամվել Գեւորգյան․ Մեր խելահեղ ժամանակները մեզ այլ տարբերակ չեն թողնում, քան արագ կողմնորոշվել, լինել ճկուն եւ ամեն րոպե կայացնել որոշումներ՝ որսալով առկա հնարավորությունները։ Սկսելով BizLiz նախագիծը՝ մենք տեսնում ենք հայկական ձեռնարկատիրության զարգացման հնարավորությունները եւ ուզում ենք դրանք տեսանելի դարձնել նաեւ ձեռնարկատերերի համար։ Վստահ ենք, որ այս նախագծի արդյունքը սպասեցնել չի տա։

Գայանե Ենոքյան

Դիտում՝ 13163
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai