Անվճար խորհրդատվություն թուրքական ապրանքների առեւտրով զբաղվողների համար
16.10.2020 | 18:17 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Այս կապակցությամբ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը պատրաստ է անվճար բիզնես խորհրդատվություններ մատուցել Թուրքիայի հետ տնտեսական կապեր ունեցող ձեռնարկություններին եւ անհատ ձեռներեցներին՝ այլընտրանքային լուծումներ գտնելու նպատակով:
Բիզնես խորհրդատու Սամվել Գեւորգյանը հայկական այն ձեռնարկություններին, որոնք արտադրություն կազմակերպելու համար թուրքական հումք են ներմուծում, առաջարկում է գտնել հումքի այլընտրանքային աղբյուրներ, որպեսզի թուրքական ապրանքները փոխարինվեն այլ երկրների ապրանքներով՝ նույն գնային սեգմենտում, նույն որակական չափորոշիչներով:
Անհատ ձեռներեցներին, որոնք թուրքիայից ներմուծում են պատրաստի արտադրանք, նա առաջարկում է իր խորհրդատվական ծառայություններով աջակցել Հայաստանում եւ այլ երկրներում նոր գործընկերներ փնտրելու գործում:
Իսկ թուրքական կապիտալով Հայաստանում համատեղ ներդրումներ կատարած ընկերություններին (եթե այդպիսիք կան), պատրաստ է բիզնես խորհրդատվություն մատուցել ներդումային այլ աղբյուր գտնելու նպատակով։
«Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի մասին վախուց ու գրեթե միշտ խոսվում էր, բայց հիմնականում այս հարցը դրված էր էմոցիոնալ մակարդակի վրա, թե «ինչո՞ւ ենք թշնամու բյուջեն լցնում»: Պատերազմն առիթ հանդիսացավ, որ այս հարցին հիմնավորված լուծում տանք: Ես էլ անձնապես նույն էմոցիոնալ մակարդակի վրա դեմ եմ եղել թուրքական ապրանքների ներմուծմանը, բայց պետք է նաեւ հասկանանք, որ այստեղ բիզնեսներ են, այսինքն՝ մարդիկ, անհատ ձեռնարկատերեր, որոնք ներմուծում են, բիզնես են ստեղծում, եկամուտ են ունենում»,- Banks.am-ին ասել է Սամվել Գեւորգյանը:
Առաջարկի մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելուց ժամեր անց Սամվել Գեւորգյանն արդեն տասնյակ նամակներ է ստացել հիմնականում այն անհատ ձեռնարկատերերից, որոնք աշխատում են տոնավաճառներում կամ ունեն փոքր խանութներ մանրածախ ոլորտում: Մյուս թիրախը, ում հետ բիզնես խորհրդատուն պատրաստվում է ակտիվ աշխատել, Հայաստանում գործող այն արտադրություններն են, որոնք հումք ենք ներմուծում Թուրքիայից, օրինակ, կարի կամ կահույքի արտադրությունները:
Ըստ մեր զրուցակցի՝ հումքի այլընտրանքային աղբյուրներ կարելի է գտնել Չինաստանից, Մերձավոր Արեւելքից, Իրանից, ԵԱՏՄ տարածքից, Արեւելյան կամ Արեւմտյան Եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից եւ Կանադայից: Նախապատվությունը կարելի է տալ ըստ նրա, թե ինչ հումք, ինչ որակ, ինչ գին է պետք արտադրողին եւ ով է հաճախորդը: Մինչ այս մեր հայրենակիցները ապրանք ներմուծել են Թուրքիայից, քանի որ մաքսատուրքը բավականին մատչելի է (Թուրքիայից հագուստը հիմնականում ներմուծվում է կիլոգրամով), իսկ լոգիստիկան՝ հեշտ:
«Գործել է նաեւ այլ պրակտիկա՝ թուրքական մեծածախ վաճառողների հետ շատերը ապառիկ ձեւով են աշխատում, ապրանքը բերում են, հետո են գումարը փոխանցում: Միգուցե նաեւ վստահության վրա դրված աշխատաոճն է պատճառը, որ մեր հայրենակիցները Թուրքիայից են ներմուծում: Այս ամենը դառնում է առուծախ, իսկ հիմա շատ լավ առիթ է եւս մեկ անգամ մտածելու, քաղաքակիրթ ու հիմնավոր բիզնես անելու համար: Բիզնեսի հիմքեր պետք է դնել՝ պայմանագրեր, վճարային համակարգեր, լոգիստիկ տարբերակներ: «Չկա չարիք առանց բարիք». այժմ բիզնեսներն իրենք իրենց կարող են վերաձեւակերպել»,- առաջարկում է Սամվել Գեւորգյանը:
Շատերն են հարցնում, թե ինչո՞ւ է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր` 6 ամսով։ Սամվել Գեւորգյանը՝ մեջբերելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հիմնավորումները նշում է՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է. մենք միակողմանիորեն կարող ենք միայն ժամանակավոր միջոցներ կիրառել։ Բայց ոչ մի բան Հայաստանին չի խանգարում 6 ամսից հետո կրկին երկարաձգել արգելքը։
«Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի դեկտեմբերի 31-ին: Մեր զրուցակիցն այս ժամկետը լիովին տրամաբանական է որակում՝ վերջիվերջո բիզնեսը կենդանի օրգանիզմ է, փոփոխություններին հարմարվելու համար ժամանակ է հարկավոր:
«Ընկերություններ կան, որոնք արդեն պայմանագրեր են ստորագրել, վճարումներ են արել, նրանց ապրանքներն արդեն ճանապարհին են, չենք կարող պարզապես դռները փակել. չէ՞ որ դրանք մեր հայկական բիզնեսներն են, որոնք շահույթ են ստանում, հարկ են վճարում: Նաեւ պետք է բիզնեսին թույլ տանք վերակազմավորվել:
Ըստ վերջին տվյալների, ունենք մի քանի հազար անհատ ձեռնարկատերեր կամ ընկերություններ, որոնք Թուրքիայի հետ տնտեսական կապեր ունեն, պետք է ամեն ինչ անենք նրանց աջակցելու համար, այլապես մեծամասնությունը կփակվի, իսկ դա ոչ մեկին ձեռնտու չէ՝ աշխատատեղերի ու բիզնեսների կորուստ, քիչ հարկեր: Ես ամբողջովին պատրաստ եմ անվճար տրամադրել իմ ծառայություններն ու աջակցել մեր հայրենակիցներին այս խնդրի շուրջ, նաեւ առաջարկում եմ բոլոր գործընկերներիս՝ յուրաքանչյուրն իր ոլորտում այս ուղղությամբ աշխատանք տանի:
Ի դեպ, արդեն մի շարք գործընկերներ խորհրդատվական ու բիզնես ոլորտից արձագանքել են իմ առաջարկին, ու պատրաստակամություն են հայտնել այս գաղափարի մեջ իրենց ներդրումն ունենալու: Գուցե ինչ-որ պահից այս առաջարկը դառնա հարթակ, որտեղ ամեն մեկն իր ոլորտում կփորձի աջակցել. չէ՞ որ այս պահին ամենաշատ աջակցման կարիքն ունեն Թուրքիայի հետ տնտեսական կապեր ունեցող անհատ ձեռնարկատերերը, բիզնեսներն ու արտադրությունները»,- ամփոփել է Սամվել Գեւորգյանը:
Սամվել Գեւորգյանի հետ կապ հաստատել կարող եք SamvelGevorgyan.com վեբկայքի միջոցով:
Ամալի Խաչատրյան
Վերջին լուրեր
26.12.2024 | 12:08 Նորություններ
25.12.2024 | 16:06 Նորություններ
25.12.2024 | 15:33 Նորություններ
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: