«Միջազգային կառույցների հետ աշխատանքն Արմսվիսբանկի կայուն զարգացման գրավականներից է»

12.05.2020 | 09:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Գրիգոր Հովհաննիսյան #Արմսվիսբանկ #ԵՆԲ
Արմսվիսբանկի գործադիր տնօրենի տեղակալ,Վարկային դեպարտամենտի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանի հարցազրույցը Banks.am-ին

- Արմսվիսբանկը շարունակում է ընդլայնել միջազգային ֆինանսական կառույցների հետ իր գործընկերության շրջանակը եւ վերջերս միացել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից ՓՄՁ հատվածի համար իրականացվող €50 մլն ծավալով ծրագրին։ Ի՞նչ կարելի է ակնկալել այս համագործակցությունից։

- Գործունեության 15 տարիների ընթացքում բանկը մշտապես ստեղծել եւ զարգացրել է գործարար կապեր տարբեր միջազգային ֆինանսական կառույցների եւ մասնավոր ֆոնդերի հետ։ Հաջողված համագործակցության մասին վկայում են իրականացվող ծրագրերի ծավալների տարեցտարի աճը եւ ընդլայնվող գործիքակազմը։ Ներկայումս բանկը համագործակցում է մի շարք միջազգային կառույցների հետ, այդ թվում՝ EBRD, ADB, KFW, FCI, Responsability եւ այլն, որոնց հետ համատեղ իրականացնում է 10-ից ավելի ծրագրեր ՓՄՁ զարգացման, վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, արտահանման խթանման եւ այլ ոլորտներում, որոնց ծավալը գերազանցում է $70 մլն-ը:

Միջազգային կառույցների՝ զարգացմանն ուղղված ծրագրերին միանալը հատկապես կարեւոր է զարգացող երկրների ֆինանսական կառույցների համար, քանի որ դրա արդյունքում հնարավորություն է ստեղծվում հաճախորդներին առաջարկել շուկայականից առավել բարենպաստ պայմաններով ֆինանսավորում՝ այդպիսով էապես խթանելով տվյալ ոլորտների զարգացումը։

Եվրոպական ներդրումային բանկի կողմից ՓՄՁ հատվածին ուղղված վարկային ծրագիրն իրականացվում է Գերմանահայկական Հիմնադրամի միջոցով, որի հետ մենք ունենք համագործակցության երկարատեւ եւ դրական փորձ այլ ծրագրերի շրջանակներում։ Նշեմ, որ Գերմանահայկական Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում 2020թ. սկզբից բանկն ընտրվել է եւս մեկ նոր՝ գերմանական KfW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի գործընկեր:


Ամփոփելով՝ նշեմ նաեւ, որ Արմսվիսբանկը առաջին անգամ չէ, որ համագործակցելու է Եվրոպական ներդրումային բանկի հետ: Դեռեւս ոչ վաղ անցյալում մեր բանկը մեկ այլ ծրագրի շրջանակում հաջողությամբ իրականացրել է «ՀՀ ՓՄՁ-ների վարկավորում» ծրագիրը, որը ժամանակին եւս լուրջ հավելյալ արժեք ստեղծեց ծրագրի բոլոր շահառուների համար:

- Ինչո՞վ է առանձնանում այս ծրագիրն «ավանդական» վարկերից։ Նշվում էր արտոնյալ պայմանների մասին։ Խնդրում եմ մանրամասնեք։

- Ինչպես նշեցի, Եվրոպական ներդրումային բանկի ՓՄՁ-ների ֆինանսավորման ծրագիրը հնարավորություն է տալիս առաջարկել ՀՀ դրամով երկարաժամկետ վարկավորում շուկայականից զգալիորեն ցածր տոկոսադրույքով։ Մասնավորապես, ծրագրի եւ բանկի նախապայմաններին բավարարող ՓՄՁ-ներին Արմսվիսբանկը առաջարկում է արտոնյալ պայմաններով վարկավորում ՀՀ դրամով՝ սկսած տարեկան 8,5% տոկոսադրույքից եւ մինչեւ 90 ամիս ժամկետով։ Հատկապես ներկայիս պայմաններում, երբ տնտեսական ակտիվությունը չի գտնվում իր լավագույն դիրքերում, այս ծրագիրը բավականին կարեւոր է մեր հաճախորդների համար՝ ինչպես մատչելի սակագների, այնպես էլ նրանց արտարժութային հնարավոր տատանումների ռիսկերից զերծ պահելու տեսանկյունից։ Իրականում սա շատ մեծ աջակցություն է գործարարին, քանի որ այս պայմաններում վերջինս կարող է առավել հանգիստ կատարել երկարաժամկետ ներդրումներ՝ ավելի վստահ լինելով վաղվա օրվա նկատմամբ:

- Ովքե՞ր կարող են դիմել «ԵՆԲ-ՓՄՁ» ծրագրի շրջանակում վարկավորման համար, ի՞նչ պահանջներ են ներկայացվում վարկառուներին, եւ արդյո՞ք առկա են որոշակի սահմանափակումներ, օրինակ՝ աշխարհագրական դիրքի հետ կապված, ոլորտների սահմանափակումներ եւ այլն:

- Ծրագրի հիմնական թիրախային խումբ են հանդիսանում փոքր եւ միջին ձեռնարկությունները։ Մասնավորապես, վարկավորումն ուղղվելու է հիմնականում արդյունաբերության, արտահանմանը նպաստող, գյուղմթերքի վերամշակման, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց՝ կապիտալ ներդրումներ իրականացնելու կամ շրջանառու միջոցների համալրման նպատակով։ Արմսվիսբանկը միացել է նշված ծրագրին նաեւ հենց այն պատճառով, որ տվյալ ոլորտները մեզ համար առավել բարձր, ես կասեի՝ ռազմավարական նշանակություն ունեն, եւ ծրագրի բովանդակությունը լիովին համընկնում է բանկի զարգացման տեսլականի եւ ռազմավարության հետ։

Նշեմ նաեւ, որ հատկապես մեծ ուշադրություն է դարձվելու դիմորդների գործունեության ազդեցությանը բնապահպանական եւ սոցիալական ռիսկերի առումով։ Ինչպես այս, այնպես էլ մնացած բոլոր ծրագրերով բանկը բարձր բնապահպանական եւ սոցիալական ռիսկայնություն ունեցող գործունեությունը չի կարող ֆինանսավորվել (օրինակ՝ մետաղների արդյունահանում, ծխախոտի, պեստիցիդների եւ գյուղատնտեսական քիմիկատների արտարդրություն եւ այլն)։

Ինչ վերաբերում է աշխարհագրական դիրքին, ապա նշեմ, որ, չնայած բանկը մասնաճյուղեր չունի, այնուամենայնիվ, մենք ակտիվորեն ֆինանսավորվում ենք նաեւ մարզերի թիրախային ոլորտների տնտեսվարողներին։  Ընդհանրապես, մենք տեղում չենք նստում եւ սպասում, թե հաճախորդը մեր դուռը երբ կթակի: Մենք հաճույքով եւ բավականին հաճախ այցելություններ ենք կատարում մարզեր, հանդիպում տեղի գործարարներին, ներկայացնում մեր ծառայությունների առանձնահատկությունները ու համեմատաբար արագ եւ օպերատիվ լուծումներ տալիս առկա խնդիրներին: Երեւի թե դա է պատճառը, որ մեր հաճախորդների գրեթե կեսը գտնվում է Երեւանից դուրս՝ ընդհուպ մինչեւ սահմանամերձ գոտիներ։

- Նշեցիք տնտեսական ակտիվության եւ ստեղծված իրավիճակի մասին։ Վերջերս բոլորիս ուշադրության կենտրոնում է հայտնի համավարակը եւ դրա ազդեցությունը տնտեսության վրա։ Ինչպիսի՞ն է իրավիճակն Արմսվիսբանկում։

- Ստեղծված իրավիճակում Արմսվիսբանկը շարունակում է իրական եւ անհատական  լուծումներ առաջարկել իր հաճախորդներին եւ հնարավորությունների ամբողջ ներուժով օժանդակում է նրանց։ Բանկը մի շարք հաճախորդների տրամադրել է «վարկային արձակուրդ», որպեսզի վերջիններս հնարավորինս անցնցում հաղթահարեն այս ժամանակավոր սահմանափակումները եւ առեւտրաշրջանառության նվազման հետեւանքները։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաեւ մեր այն բազմաթիվ հաճախորդներին, որոնք, չնայած ներկայիս ժամանակավոր դժվարություններին, շարունակում են պարտաճանաչ կատարել իրենց վարկերի սպասարկումը։

Միեւնույն ժամանակ, բանկը շատ ակտիվ մասնակցում է ՀՀ կառավարության նախաձեռնած՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման պետական օժանդակության «առաջին» եւ «երկրորդ» միջոցառումներին, որոնց շրջանակում բանկը տնտեսավարողներին որոշակի կոնկրետ նպատակների համար բավական պարզեցված մոտեցմամբ վարկեր է տրամադրում, իսկ կառավարությունը սուբսիդավորում է դրանց գծով տոկոսային ծախսերի 50-100%-ը: Օրինակ, միջոցառումներից «առաջինի» մասով բանկն իր հաճախորդներին արդեն տրամադրել է շուրջ 3 մլրդ դրամի չափով վարկային միջոցներ: Վստահաբար կարող եմ նշել, որ այս եւ մնացած այլ միջոցառումները չափազանց լուրջ օգնություն էին մեր տնտեսավարողներին եւ հասարակությանը։

Հարկ է նշել նաեւ, որ, կարեւորելով հաճախորդների եւ աշխատակիցների անվտանգությունը, բանկը ստիպված եղավ վերանայել ավանդական բանկային սպասարկման որոշակի սկզբունքներ՝ շեշտը դնելով մի կողմից հեռահար հաղորդակցության, մյուս կողմից՝ այցելությունների հետ կապված սահմանափակումների վրա, ինչպես նաեւ Պարետի որոշումներին աշխատանքային պայմանների համապատասխանության, ախտահանության եւ անհատական պաշտպանության միջոցների առկայության ու ապահովման՝ ինչպես աշխատակիցների, այնպես էլ բոլոր այցելուների համար։

- Մոտ ապագայում ի՞նչ նոր եւ նշանակալից իրադարձություններ են ակնկալվում Արմսվիսբանկի կողմից։

- Մեր խորին համոզմունքն է, որ կայուն զարգացման գրավականներից մեկը միջազգային ինստիտուցիոնալ ֆինանսական կառույցների հետ համագործակցությունն է, ինչը, մի կողմից, մատչելի միջոցների աղբյուր է բանկերի համար, մյուս կողմից՝ ժամանակակից գիտելիքի, փորձի եւ արժեքների ձեռքբերման հնարավորություն:

Տարբեր կառույցների հետ փոխշահավետ համագործակցության հիմնումը շարունակական գործընթաց է մեր բանկում։ Այս ընթացքում եղել են նաեւ ուշադրության արժանի այլ իրադարձություններ, սակայն նախընտրում ենք քիչ բարձրաձայնել դրանց մասին եւ ավելի շատ խոսել արդյունքներով։ Օրինակ, վերջին ամենաակնառու ձեռքբերումներից կարող եմ համարել համաշխարհային կարեւորության կառույց հանդիսացող «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ի կողմից Արմսվիսբանկի ընտրությունը որպես Scaling up Green Finance practices in Republic of Armenia ծրագրի իրականացնող մարմին։ Վերջինիս եւ այլ նոր ձեռքբերումների մասին մոտ ապագայում առավել մանրամասն տեղեկություններ կհաղորդենք մեր հաճախորդներին եւ գործընկերներին։
Դիտում՝ 9500
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW