Տարեսկզբին հայտնի դարձավ, որ Արմսվիսբանկը միացել է գերմանական KfW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի երկրորդ փուլին:Արմսվիսբանկի գործադիր տնօրենի տեղակալ, Վարկային դեպարտամենտի տնօրեն պարոն Գրիգոր Հովհաննիսյանը Banks.am-ի Q&A խորագրում պարզաբանումներ է ներկայացնում ծրագրի վերաբերյալ:1. Ի՞նչ ծավալի վարկային միջոցների մասին է խոսքը եւ որքա՞ն է տեւելու ծրագիրը։Այս ծրագիրը KfW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի երկրորդ փուլն է, եւ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն որոշում է ընդունել միանալ վերջինիս, քանի որ էներգաարդյունավետ վարկավորումը բանկի հեռանկարային եւ ռազմավարական ուղղություններից է։ Ծրագրի շրջանակում KfW բանկից հատկացված միջոցների ընդհանուր ծավալը կազմում է 15 000 000 եվրո, իսկ ծրագիրը տեւելու է մինչեւ 3 տարի։ Կարեւորելով էներգաարդյունավետության դերը բիզնեսի համար, ինչպես նաեւ հաշվի առնելով վերջինիս ուղիղ կապը գլոբալ տաքացման հետեւանքների զսպման գործում՝ բանկը ծրագրից ներգրավված միջոցների առնվազն 20 տոկոսին համարժեք չափով սեփական միջոցները եւս կուղղի չափանիշներին համապատասխանող ծրագրերի ֆինանսավորմանը։ Նախորդ տարի բանկը միացել էր նաեւ վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետության ոլորտին ուղղված այլ ծրագրերի, որոնք բարձր արդյունավետությամբ եւ արագությամբ տեղաբաշխել է։2. Ովքե՞ր կարող են դիմել վարկային միջոցներից օգտվելու համար եւ կա՞ն արդյոք ոլորտային սահմանափակումներ։Ծրագրի անվանումն արդեն իսկ հուշում է սահմանափակումներից մեկի մասին։ Վարկային միջոցներից օգտվելու համար կարող են դիմել միայն իրավաբանական անձիք, մասնավորապես՝ փոքր եւ միջին ձեռնարկությունները։ Վարկային միջոցներից կարող են օգտվել ամենատարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները, այդ թվում՝ արտադրական ձեռնարկությունները, շինարարական, գյուղատնտեսական, տրանսպորտային ընկերությունները, ծառայություններ մատուցող ընկերությունները եւ այլն։ Հատկանշական է, որ տվյալ ուղղությամբ ֆինանսավորման արդյունքում ընկերությունները վարկի սպասարկումը կարող են իրականացնել խնայված միջոցների հաշվին՝ արդյունքում չունենալով հավելյալ էական ծանրաբեռնվածություն։Ծրագրի առավելություններից է նաեւ այն, որ կարող են ֆինանսավորվել ոչ միայն էներգաարդյունավետ ներդրումներ կատարող ձեռնարկությունները, այլեւ այն կազմակերպությունները, որոնք արտադրում կամ ներկրում են էներգաարդյունավետ ապրանքներ՝ նմանատիպ հումք գնելու կամ ապրանքներ ներմուծելու համար։3. Ի՞նչ նպատակով պետք է ծախսվեն վարկային միջոցները։Ծրագիրն ունի հստակ ուղղվածություն, որն էներգախնայողությունն է։ Այսինքն՝ ներդրումները պետք է հանգեցնեն հետեւյալ երկու արդյունքներից առնվազն մեկին՝ նույն էներգիայի սպառմամբ առավել շատ արդյունքի ստացում, կամ նույն արդյունքի ստացում առավել քիչ էներգիայի ծախսով։ Խնայողության արդյունքում սպառվող էներգիան պետք է առնվազն 20 տոկոսով պակաս լինի ներկայիս սպառման ծավալներից։ Վարկային միջոցները կարող են ծախսվել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից՝ կապիտալ ներդրումների նպատակով, ինչպես նաեւ էներգաարդյունավետ ապրանքներ ներմուծող կամ արտադրող կազմակերպությունների կողմից՝ շրջանառու միջոցների գնման համար։Ծախսման ուղղությունների պրակտիկ օրինակներ են շենքերի շինարարության ժամանակ էներգախնայող լուսավորության, բարձր արդյունավետությամբ ջերմամեկուսիչների, դռների, պատուհանների, օդափոխման համակարգերի ձեռքբերումը, արտադրական ձեռնարկությունների կողմից առավել խնայող եւ բարձր արտադրողականությամբ սարքավորումների ձեռք բերումը, տրանսպորտային միջոցների թարմացումը, ինչպես նաեւ արեւային էներգիայի ոլորտում մատակարար ընկերությունների կողմից շրջանառու միջոցների գնումը եւ այլն: 4. Ի՞նչ պայմաններով են տրամադրվելու վարկային միջոցները եւ որո՞նք են առավելությունները, այդ թվում՝ առաջարկվող էներգոաուդիտի:Ֆինանսավորման պայմանները արտոնյալ են եւ էականորեն տարբերվում են շուկայականից։ Արտոնյալ պայմանները պայմանավորված են ծրագրի ուղղվածությամբ՝ էներգախնայողության բարձրացում, գլոբալ տաքացման զսպում եւ հետեւանքների մեղմում։Վարկավորումն իրականցվում է բացառապես ՀՀ դրամով, վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 8,5-ից մինչեւ 10 տոկոս՝ կախված վարկի ժամկետից, ոլորտից, ծրագրի առանձնահատկություններից եւ այլն։ Վարկերը տրամադրվում են մինչեւ 7 տարի մարման ժամկետով, իսկ առավելագույն գումարը՝ մինչեւ 1 000 000 000 ՀՀ դրամ։ Ի թիվս նշված արտոնյալ վարկավորման պայմանների, վարկառուները որոշ դեպքերում հնարավորություն կունենան օգտվել էներգոաուդիտի ծառայությունից, որի համար վճարում է բանկը։ Էներգոաուդիտի շրջանակում վարկառու կազմակերպության ներդրումային նախագիծը, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ ամբողջ գործունեությունն ուսումնասիրվում է ոլորտի փորձառու մասնագետների կողմից, որի արդյունքում տրվում են արժեքավոր խորհուրդներ եւ առաջարկություններ՝ էներգաարդյունավետության բարձրացման համար։ Միջազգային փորձառությունն ապացուցել է, որ էներգաարդյունավետ սարքավորումների մեջ ներդրումներ կատարելով՝ հնարավոր է քաղել երկարաժամկետ օգուտներ եւ ունենալ էներգիայի ծախսի մինչեւ 50% խնայողություն: Խնայվող գումարն ու էներգիան հնարավոր է ներդնել բիզնեսի այլ առաջնահերթ ոլորտներում՝ գործունեության կայունությունն ապահովելու եւ զարգացելու համար:5. Վարկային հայտը ձեւակերպելու համար ի՞նչ փաստաթղթեր են պահանջվելու շահառու ՓՄՁ-ներից եւ որքա՞ն է տեւում դրանց ուսումնասիրությունը։Վարկային հայտի ուսումնասիրության համար շահառուն, ի թիվս «ավանդական» վարկավորման դեպքում պահանջվող փաստաթղթերի, պարտադիր ներկայացնում է ձեռք բերվող ապրանքի, հումքի, սարքավորման տեխնիկական նկարագիրը եւ ձեռքբերման հետ կապված մատակարարման պայմանագիր կամ հաշիվ ապրանքագիր։Ներկայացված տեղեկությունների հիման վրա ուսումնասիրվում է նախագծի արդյունավետությունը եւ համապատասխանությունը ծրագրի պահանջներին։ Կախված հայցվող վարկի գումարի չափից, վարկի ծախսման ուղղության համապատասխանությունից եւ այլ էական հանգամանքներից՝ վարկային հայտի ուսումնասիրությունը տեւում է մի քանի օրից մինչեւ առավելագույնը 2 շաբաթ։ Հայտերի ուսումնասիրության արագությունը ապահովելու, հաճախորդներին ճիշտ եւ որակյալ խորհրդատվություն մատուցելու նպատակով պարբերաբար վերապատրաստում ենք մեր աշխատակիցներին։ Այս մոտեցումը կիրառվում է նաեւ սույն ծրագրի շրջանակում, քանի որ վերջինիս շրջանակում բանկի աշխատակիցները վերապատրաստվելու են IPC խորհրդատվական ընկերության առաջատար մասնագետների կողմից՝ էներգախնայողության եւ էներգոաուդիտի հետ կապված հմտություններն առավել զարգացնելու նպատակով։ Պատրաստեց Խորեն Օրմանյանը Tweet Դիտում՝ 6951