Հետեւելով ժամանակի պահանջներին՝ Idram վճարահաշվարկային համակարգն իր օգտատերերին եւ գործընկերներին շարունակում է ներկայացնել էլեկտրոնային առեւտրի նոր գործիքներ: Ընկերության կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը Banks.am-ին պատմել է առաջարկվող ծառայությունների եւ այն առավելությունների մասին, որ ստանում են օգտատերերն ու գործընկերները: - Պրն Յոլյան, Idram ընկերությունն ակտիվորեն շուկային է ներկայացնում անհպում վճարումների տարբերակներ։ Ի՞նչ առավելություններ են դրանք տալիս օգտատերերին: - Վճարողների համար անհպում վճարումների ամենաէական առավելություններից է սմարթֆոնի միջոցով հարմարավետ եւ արագ անհպում վճարումներ իրականացնելը, որը ժամանակակից անկանխիկ վճարումների գրեթե ամենաարագ զարգացող ձեւաչափն է աշխարհում։ Մենք այդ հարմարավետ ձեւաչափը զարգացնում ենք Հայաստանում։ Այն ազատում է մանր չունենալու, մանրին սպասելու, ինչպես նաեւ գումարը սխալ հաշվարկելու խնդիրներից։ Անհրաժեշտություն չկա մշտապես դրամապանակ ունենալու եւ վերջինիս անդադար հետեւելու։ Կատարած գործարքները եւ դրանց կտրոնները մշտապես ձեռքի տակ են՝ Idram հավելվածում։ Եվ, ի վերջո, դրամապանակը մոռանալն այլեւս խնդիր չէ։ Վերջին տարվա ընթացքում նաեւ շատ արդիական է դարձել Idram-ի անհպում վճարումներն օգտագործել տարատեսակ միջոցառումների ժամանակ: Այսինքն՝ եթե միջոցառման ընթացքում առկա է վաճառքի գործընթաց, շատ հաճախ դա արվում է Idram-ով, ինչը զգալիորեն հեշտացնում եւ առավել հարմարավետ է դարձնում գործընթացը՝ հատկապես մեծաքանակ հյուրերի դեպքում: Մեզ արդեն հաջողվել է հասնել նրան, որ մարդիկ իրենք են պահանջում կազմակերպիչներից Idram-ով վճարման առկայությունը:- Որտե՞ղ է հնարավոր կիրառել Idram-ով QR եւ NFC տեխնոլոգիայով վճարումները։- Idram-ն անհպում վճարումների հնարավորությունը գործարկել էր դեռեւս 2016-ին եւ այն հետզհետե զարգացնելով՝ մեծացրել նաեւ կիրառման ծածկույթը: Եթե նախորդ տարի QR եւ NFC տեխնոլոգիայով կարելի էր վճարել մինչեւ 100 կետում, ապա այսօր այդ թիվը 2000-ից ավելի է: QR եւ NFC տեխնոլոգիայով վճարումներ կարելի է կատարել տարբեր սուպերմարկետներում, ռեստորաններում, սրճարաններում, մթերային եւ ոչ մթերային խանութներում, դեղատներում, ժամանցի կենտրոններում, բենզալցակայաններում եւ շատ այլ ծառայություններ մատուցող վայրերում: Այսօր Idram-ով վճարումները ծածկում են գրեթե բոլոր ոլորտները: Գործընկերների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ մեր հավելվածում կամ կայքում։- Վերջերս անհպում վճարմանն ավելացավ նոր առավելություն՝ թեյավճար թողնելու հնարավորությունը: Որքանո՞վ էր պահանջված այս գործիքը եւ ինչպե՞ս է աշխատում:- Նոր գործիքը հատկապես պահանջված էր, քանի որ մեզ մոտ՝ Հայաստանում ընդունված է թեյավճարի մշակույթը։ Հիմնականում անհարմարություն էր լինում Idram-ով կամ այլ անկանխիկ եղանակով վճարելու դեպքում կանխիկ թեյավճար թողնելը։ Այս խնդիրը, ի դեպ, ամբողջ աշխարհում կա։ Հենց դրա համար էլ գործարկվեց թեյավճար թողնելու ֆունկցիոնալը, որն ապահովում է ամբողջական թվային փորձ՝ անհպում վճարելիս։ Մեր մշակած եւ առաջարկած տեխնոլոգիան նորույթ է ոչ միայն հայաստանյան շուկայի համար։Թեյավճար թողնելու գործիքը հնարավորություն է տալիս մեկ հպումով ընտրելու թեյավճարի տոկոսը կամ մուտքագրելու ցանկալի գումարը՝ անմիջապես տեսնելով ընդհանուր գանձվող վճարը սմարթֆոնի էկրանին: Նոր հնարավորությունը սկսել ենք առաջարկել նախորդ տարեվերջից, այսօր արդեն այն գործում է մոտ 100 կետում եւ ինտենսիվորեն տարածվում է: Բացի այն, որ գործիքը հարմարավետ է վճարողի տեսանկյունից, լրացուցիչ մոտիվացիա է սպասարկող անձնակազմի համար: Լուսանկարը՝ Մեդիամաքս - Idram-ը շուկային հայտնի է նաեւ քեշբեք տրամադրելու հնարավորությամբ, որը գործում է դեռեւս 2018-ից: Ինչպե՞ս է այն աշխատում եւ ինչո՞վ է տարբերվում շուկայում գործող համանման այլ ծառայություններից:- Idram քեշբեքն անհպում վճարումների հաճելի առավելություններից է։ Այն թույլ է տալիս խնայել՝ ծախսերի հաշվին։Ի տարբերություն այլ քեշբեք համակարգերի՝ Idram քեշբեքը գումարի հետվերադարձ է Idram հաշիվ, որը կարող է օգտագործվել այլ վճարումներ կատարելու եւ անգամ կանխիկացնելու համար։ Idram-ի միջոցով գործընկերոջ կողմից փոխանցված քեշբեքն անմիջապես համալրում է օգտատիրոջ հաշիվը: Պետք չէ սպասել հաշվարկային ամսվա ավարտին՝ քեշբեքն օգտագործելու համար: Այսինքն՝ իրական գումարի ակնթարթային հետվերադարձ է։Քեշբեքի չափը եւ այն, թե որ դեպքերում է քեշբեք տրամադրվում, որոշում է մեր գործընկերը: Կարելի է ասել, որ սա մարքեթինգային գործիք է, որը տվյալ ընկերությունը կարողանում է կառավարել ու զարգացնել: - Ինչպե՞ս կարելի է դառնալ Idram-ի գործընկեր եւ ի՞նչ այլ առավելություններ է դա տալիս:- Գործընկեր դառնալու գործընթացը շատ պարզ է: Անհրաժեշտ է ընդամենը լինել գործող իրավաբանական անձ, որից հետո կապ հաստատել մեր թիմի հետ: Մինչեւ երկու օրվա ընթացքում մեր տեխնիկական բաժնի թիմը գտնում է տվյալ ընկերությանը կամ անհատին համապատասխան լավագույն լուծումը, եւ մեկնարկում է մեր միջոցով վճարում ընդունելու հնարավորությունը:Կազմակերպությունների եւ ԱՁ-ների համար Idram-ի գործընկեր լինելը նշանակում էմիանալ շուկայի առաջատար թվային հարթակին եւ տալ իր հաճախորդներին հնարավորություն՝ օգտվելու արագ եւ հարմարավետ վճարման առավելություններից։ Idram-ի գործընկերները, առանց զգալի ջանքերի, ստանում են ամբողջական վճարային եւ ճկուն լոյալության տեխնոլոգիական պլատֆորմ, ինչպես նաեւ շարունակական տեխնիկական աջակցություն, որը թույլ է տալիս հաճախորդների համար ստեղծել բարենպաստ պայմաններ՝ արագ անկանխիկ անհպում վճարումներ կատարելու համար։Նախորդ տարվա նոյեմբերից ունենք նաեւ նոր առաջարկ այն իրավաբանական անձանց համար, որոնք չունեն անհպում վճարման համար անհրաժեշտ տեխնիկական ապահովվածությունը: Լուսանկարը՝ Մեդիամաքս - Սկզբում Դուք խոսեցիք Idram-ի մասին՝ որպես առաջատար թվային հարթակի։ Խնդրում եմ մի փոքր ավելի մանրամասնել՝ ի՞նչ նկատի ունեք:- Մեր նպատակն է կառուցել ամբողջական թվային էկոհամակարգ հաճախորդների եւ գործընկերների կարիքների շուրջ։ Այս ռազմավարությունը նոր չէ, Idram-ը շարունակական իրականացնում է այն իր գործունեությունը սկսելու պահից, բայց վերջին տարիներին ավելի լայնածավալ ենք դա իրականացնում։ Հաշվի առնելով տեղական շուկայի կարիքներն ու զարգացման դինամիկան, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձը՝ Idram-ը փորձում է քայլել ժամանակին համընթաց՝ օգտատերերին անընդհատ ներկայանալով նորանոր լուծումներով։Ընդ որում, բացի դասական ֆինանսական ծառայություններից (վճարումներ, փոխանցումներ), մենք մեկ թվային հարթակում հասանելի ենք դարձնում այլընտրանքային լուծումներ եւ ընկերության գործընկերների կողմից ներկայացվող պրոդուկտներ։Մեր օգտատերերը հնարավորություն ունեն ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում անցկացվող տարբեր միջոցառումների, համերգների, դասընթացների, տուրերի մասնակցության տոմսեր գնել՝ պարզապես հավելվածի միջոցով ընտրելով անհրաժեշտ ծառայությունը: Այսինքն՝ Idram-ն արդեն իսկ ունի այլընտրանքային ծառայություն, որն իր բովանդակությամբ խիստ տարբերվում է ֆինանսական լուծումներից: Ելնելով ժամանակի, շուկայի եւ սպառողների պահանջներից՝ մենք ամեն օր մտածում ենք հարմարավետ ու հետաքրքիր նոր գործիքներ ստեղծելու ուղղությամբ: Նաեւ IDBank-ի հետ ստրատեգիկ համագործակցության շրջանակում բանկը բազմաթիվ առավելություններով քոբրենդինգային Idram Rocket քարտ է տրամադրում Idram-ի հաճախորդներին, որը հեշտությամբ կարելի է պատվիրել առցանց՝ Idram հավելվածով կամ վեբով։Ավելին, շատ շուտով Idram ընկերությունը շուկային կներկայանա Հայաստանի վճարահաշվարկային համակարգում նմանը չունեցող նորարար ծառայություններով եւ պրոդուկտներով, որոնք նոր նշաձող կսահմանեն ոլորտում։ Այդ մասին կխոսենք առաջիկայում:Գրիգորի Յոլյանի հետ զրուցել է Գայանե ԵնոքյանըԼուսանկարները՝ հեղինակի Tweet Դիտում՝ 15317