Քրիստինե Վարդանյան. Ամեն հաջողության հիմքում օրուգիշեր աշխատանքն է

07.03.2020 | 01:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#«Արմենիա Վայն» #Քրիստինե Վարդանյան #գինի
Banks.am-ը, Մարտի 8-ին ընդառաջ, զրուցել է «Արմենիա Վայն» գինեգործարանի կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանի հետ՝ փորձելով պարզել գինեգործության ոլորտում աշխատանքի, գործնական ու անձնական առաջնահերթությունների վերաբերյալ նրա պատկերացումները:

- Քրիստինե, արդեն մեկ տարի է՝ աշխատում եք «Արմենիա Վայն» գինեգործարանում: Ընդհանուր առմամբ ի՞նչ է նշանակում Ձեզ համար լինել գինու ոլորտում:

- Դա սարսափելի մեծ պատասխանատվություն է, քանի որ ինքդ դառնում ես յուրահատուկ մշակույթի ստեղծման մի մասնիկը, դառնում ես բազմադարյա գինեգործության նորովի կերտման մասնակից, եւ սխալվելու իրավունք պարզապես չունես:

Ամեն ինչին պետք է վերաբերվել խիստ մանրակրկիտ, անհրաժեշտ են բավականին մեծ ծավալի գիտելիքներ, որ ձեռք ես բերում ամեն օր:

Գինին քեզ համար հետզհետե դառնում է արվեստ, ապրելաոճ, որի հետ սկսում ես կապել կյանքումդ գրեթե ամեն ինչ:

Քրիստինե Վարդանյանը

- Նախկինում աշխատել եք նաեւ հեռահաղորդակցության եւ բանկային ոլորտներում: Ի՞նչ կարող եք առանձնացնել աշխատանքային մարտահրավերների տարբերության տեսանկյունից:

- Գինին ամբողջապես տարբերվում է մյուս երկու ոլորտներից: Լինելով շատ զգացմունքային մարդ՝ նախորդ ոլորտները ինձ սառն էին թվում, անհամապատասխան իմ տեսակին, մինչդեռ գինին իր զգացմունքայնությամբ եկավ լրացնելու իմ կյանքում շատ պակասող մի օղակ:

Գինու ոլորտում մարտահրավերներն ավելի շատ են, ամեն հաջորդ օրը նոր մարտահրավեր է բերում, բայց պետք է ասեմ, որ դրանք հաղթահարելն ինձ հաճույք է պատճառում:

Այժմ զբաղվում եմ իմ սիրելի գործով, որն ինձ համար ոչ թե աշխատանք է, այլ ցանկալի զբաղմունք:

- Նշեցիք, որ Հայաստանում գինու բազմադարյա մշակույթի նորովի կերտման մեջ Ձեր փոքրիկ ներդրումն ունեք: Ինչպիսի՞ն է միջազգային գործընկերների տպավորությունը հայկական գինու, դրա նորովի մատուցման վերաբերյալ:

- Առաջին անգամ, երբ ներկա էի միջազգային գործընկերների հետ հանդիպման, որի ընթացքում քննարկում էինք միջազգային շուկաներում հայկական գինու դիրքավորման վերաբերյալ հարցեր, հաճելիորեն զարմացած էի: Մեծ հպարտություն է լինել այն մշակույթի կրողներից մեկը, որի մասին միջազգային փորձագետները նման պատկառանքով են խոսում:

Քրիստինե Վարդանյանը

Հայկական գինին քայլ առ քայլ իր տեղն է զբաղեցնում միջազգային բարձրորակ գինու շարքերում, եւ պատահական չեն հենց «Արմենիա Վայն» գինիների մրցանակները համաշխարհային տարբեր մրցույթներում: Դրանք ճանապարհ են բացում մյուս հայկական գինիների համար՝ դառնալով դրոշակակիրներ հետագա հաղթանակներում:

Իհարկե, պետք է մշտապես պահել ազնվությունը հաճախորդի հանդեպ: Մենք դա շատ ենք կարեւորում եւ փորձում ենք գինու ստեղծման ամբողջ ընթացքի հոգատարությունն ու ազնվությունը փոխանցել հաճախորդին մեկ գավաթ գինով:

- Ձեր կյանքում կա՞ն պարտադիր գործոններ, մարդիկ, որոնց ժամանակն անձեռնմխելի է անգամ գերծանրաբեռնված գրաֆիկի պայմաններում:

- Բնականաբար, կնոջ կյանքում շատ մեծ դեր ունի ընտանիքը, որն ինքս էլ շատ եմ կարեւորում: Ընտանիքս իմ հաջողության ամենամեծ գրավականն է:

Կարծում եմ՝ երեխայի դաստիարակության հարցում շատ մեծ դեր ունի մոր կերպարը, եւ իմ առօրյայում ու աշխատանքում մշտապես մի միտք եմ կարեւորում՝ ես օրինակ եմ իմ երեխայի համար: Փորձում եմ լինել կանացիության, խելացի կնոջ ու մոր օրինակ, որով երեխային ուղի ցույց կտամ:


Այս առումով շատ կարեւոր է երեխայի հետ անցկացրած ժամանակը: Անկախ նրանից, թե ինչպիսին է ծանրաբեռնվածությունը, երեխայի հետ համապատասխան զրույցի, քննարկման համար պետք է անպայման ժամանակ հատկացնել:

Կյանքումս մշտապես ժամանակ ունեմ նաեւ ընթերցանության համար: Գուցե ինչ-որ փուլում դա կլինի մասնագիտական գրականություն, կամ այդ պահին ինձ անհրաժեշտ այլ նյութ, բայց շարունակական կրթությունը եւս շատ եմ կարեւորում:

Աշխատանքի բերումով այնպես է ստացվում, որ տանը քիչ ենք լինում, բայց մեր ընտանիքում կան առիթներ, որոնք պետք է պարտադիր նշենք տանը: Այդ տոներից են Սուրբ Զատիկը եւ Ամանորը:

Սուրբ Զատիկին մեր տանն ենք հյուրընկալում ամենահարազատ մարդկանց ու նրանց հետ օրն իսկական տոնի վերածում: Նմանատիպ օրերին սիրում եմ խոհանոցով ինքս զբաղվել: Հաճախ պատրաստում եմ ավանդական ուտեստներ՝ տատիկիցս ժառանգած բաղադրատոմսերով, որոնց մեջ հատուկ սեր էր դնում: Նույնն էլ ինքս եմ փորձում անել:

Քրիստինե Վարդանյանը

- Ո՞րն է աշխատանքային ռիթմը չկորցնելու եւ միեւնույն ժամանակ ընտանիքի կողքին լինելու հավասարակշռության բանաձեւը:

- Ես սարսափելի պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ, որն ինձ օգնում է հստակ նախագծված առաջ գնալ՝ ճիշտ ժամանակին սահմանելով կյանքիս առաջնահերթությունները, ինչն էլ թույլ է տալիս պահպանել այդ հավասարակշռությունը:

Եթե իսկապես ցանկանում ես պահպանել հավասարակշռություն, ապա կանես դա, իսկ եթե չկա այդ ցանկությունը, միշտ էլ կգտնես պատճառներ:

Իմ դեպքում միշտ հաջողում եմ ժամանակս այնպես կառավարել, որ չտուժի ո՛չ ընտանիքը, ո՛չ էլ աշխատանքը:

- Վաղվանից մեկնարկում է կանանց միամսյակը: Տոների հետ կապված ի՞նչ հետաքրքիր անակնկալներ կհիշեք:

- Սովորաբար այդ օրերին միշտ ինքս եմ փորձում անակնկալների հեղինակ դառնալ մտերիմների, կոլեգաների, հաճախորդների համար: Մարտի 8-ը գեղեցիկ տոն է, սակայն ինձ համար ուշադրությունը տոնին ծաղիկներ ու նվերներ գնելը չէ, այլ ամենօրյա հոգատարությունը: Մեկ զանգը կարող է շատ ավելի գնահատելի լինել:

Սիրում եմ ավելի շատ տալ, քան ստանալ: Այդ իսկ պատճառով Մարտի 8-ին եւ առհասարակ, փորձում եմ հոգատարությամբ ու սիրով լցնել իմ սիրելի կանանց օրը:


- Ո՞րն է հաջողության հասնելու բանաձեւը, որը Ձեզ առաջնորդում է ամենօրյա աշխատանքում:

- Ոչ մի հաջողություն պատահական չէ: Դրանցից ամեն մեկի հիմքում օրուգիշեր աշխատանքն է, պարտաճանաչություն, ինքդ քո հանդեպ պահանջկոտության, կատարելության ձգտումը:

Երբ շրջապատում տեսնում են հաջողություններդ, հաճախ ասում են՝ իր մոտ պարզապես լավ է ստացվում, ու երբեմն, անգամ չեն էլ կարող պատկերացնել՝ ինչի միջով ես անցել նախքան այդ կետին հասնելը:

Իմ դեպքում գուցե որոշակիորեն կա այդ բախտի գործակիցը, որը գուցե իմ ներքին էներգիայից ու տրամադրվածությունից է, բայց այո՛, լավ բաներն ինձ հետ պատահում են: Սակայն իհարկե, միայն բախտի գործոնով չես կարող հաջողել, պետք է ջանք ներդնել:

Քրիստինե Վարդանյանը

Ինչպես դրսեւորում ես քեզ աշխատանքի հանդեպ, այդպիսին էլ ընտանիքում ես: Որքան նվիրված եմ մտերիմներիս, նույնքան էլ նվիրված եմ աշխատանքիս: Ես միշտ իմ առջեւ ունեմ հստակ նպատակներ՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ: Միշտ ինքս ինձ հարցնում եմ՝ ինչու եմ այստեղ, ինչ արդյունքի համար եմ աշխատում, եւ եթե չեմ տեսնում վերջնական լուծումը, փորձում եմ այդ իրավիճակից պարզապես դուրս գալ:

Պետք է այնպես անել, որ շրջապատդ իրեն սիրված զգա, դա յուրօրինակ մթնոլորտ է ստեղծում եւ բումերանգի էֆեկտով ետ է գալիս: Նույնն էլ աշխատանքում է: Երբ սիրով ես աշխատում, չես փնտրում խնդիրներ, այլ գնում ես լուծումների, դա քեզ անպատճառ ինչ-որ կերպ վերադառնում է:

Քրիստինե Վարդանյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը
Լուսանկարները՝ հեղինակի

Նկարահանումներն իրականացվել են Best Western Plus Congress Hotel-ում, «Զանգակ» գրատանը, «Արմենիա Վայն» գինեգործարանում
Դիտում՝ 12039
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW