Լեռնադահուկային տուրիզմը Հայաստանում. հեռանկար եւ խոչընդոտներ

17.02.2020 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#լեռնադահուկային տուրիզմ #Հովհաննես Մարտիրոսյան
Չնայած լեռնային ռելիեֆին՝ Հայաստանում լեռնադահուկային ալպինիզմի սիրահարների թիվն այնքան էլ մեծ չէ: Դրա փոխարեն այն օրեցօր ավելի գրավիչ է դառնում դահուկով վայրէջքի նոր թեքություններ փնտրող եվրոպացի զբոսաշրջիկների համար:

Հայաստանում լեռնադահուկային տուրիզմի առավելությունների եւ զարգացման խոչընդոտների մասին Banks.am-ին պատմել է Լեռնադահուկորդների հայկական ասոցիացիայի նախագահ, լեռնադահուկային տուրերի ուղեկցորդ Հովհաննես Մարտիրոսյանը:

Սեզոնային երկարություն

Ալպյան երկրներում բնակչության գրեթե 80%-ը մասնակցում է լեռնադահուկային տուրերի: Հայաստանում տուրիստական խմբերի սկսել եմ ուղեկցել 2009-ից եւ այս ընթացքում հյուրընկալել եմ մինչեւ 83 տարեկան լեռնադահուկորդների, որ ամենեւին էլ սպորտսմեններ չեն եղել:


Պատահել է, որ մարտին Վրաստանի տուրը ստիպված եմ եղել փոխարինել Հայաստան այցով, քանի որ լեռնադահուկային տուրեր անցկացնելու համար համապատասխան տարածքները Վրաստանում շատ ավելի շուտ են տաքանում,  քան, օրինակ, Շիրակի մարզում: Այս առումով Հայաստանում լեռնադահուկային ալպինիզմի սեզոնն ավելի երկար է:

Բավականաչափ երկար ձմեռային սեզոն ունենք Արագածի տարածաշրջանում, որը հնարավորություն է տալիս տուրեր կազմակերպել սկսած դեկտեմբերի վերջից մինչեւ հունիս 25-ը: Լեռնադահուկային տուրիզմի համար լավագույն ժամանակահատվածը փետրվարից ապրիլն է:


Ճանապարհի կրճատում

Այս տեսակի տուրերում շատ կարեւոր է, որ մեքենայով ճանապարհը հնարավորինս կարճ լինի: Մեր շահառուները հիմնականում եվրոպական այնպիսի երկրներից են, որտեղ սովորաբար մինչեւ դահուկով տուրի մեկնարկի համար համապատասխան վայր հասնելը երկար ճանապարհ կա անցնելու: Հայաստանն այս առումով առավել գրավիչ է դառնում, քանի որ գրեթե յուրաքանչյուր լեռան ստորոտում պատսպարված գյուղ կա: Դրա շնորհիվ էլ հնարավոր է դառնում մեծապես կրճատել մեքենայով ճանապարհը:


Թարմ եւ որակյալ ձնածածկույթ

Զբոսաշրջիկները հիմնականում փնտրում են վայրի, անհպում մնացած ձյունածածկույթ: Այս առումով եւս հայկական լեռները նպատակահարմար են, քանի որ արշավի ընթացքում 2-րդ խմբին հանդիպելն այնքան էլ հավանական չէ:

Ձյան որակը եւս շատ լավն է, առկա են գրեթե բոլոր ձյան տեսակները, որ կարելի տարբեր ամիսներին «մատուցել»: Տուրերը հատկապես գրավիչ են դառնում, երբ համեմվում են մեր հնագույն մշակույթով եւ համեղ սննդով: Ահա այս ամբողջական զամբյուղն է, որ Հայաստանը դարձնում է գրավիչ լեռնադահուկային տուրերի տեսանկյունից:


Գովազդ՝ պետական մակարդակով

Դեպի Վրաստան այս տեսակի տուրիստական հոսքերն ավելի շատ են, որովհետեւ արկածային կամ զուտ լեռնադահուկային տուրերի գովազդը կատարվում է պետական մակարդակով, մինչդեռ մեր դեպքում ներկայանում ենք միայն սեփական ուժերով:

Կառավարությունը պետք է ունենա հատուկ ռազմավարություն, որով լեռնադահուկային տուրիզմով հետաքրքրված բնակչություն ունեցող քաղաքներում կտեղադրվեն գովազդներ Հայաստանի ձմեռային տուրիզմի հնարավորությունների ներկայացմամբ:


Տուրերի անվտանգություն

Զբոսաշրջիկների անվտանգության ապահովման համար, նախ եւ առաջ, պետք է պարտադիր կատարվի ձյան ֆիզիկական հատկությունների գնահատում՝ snow profile, որպեսզի հնարավոր լինի գնահատել տվյալ տեղանքում ձնահյուսի ռիսկը:

Տուրի բոլոր մասնակիցներին պետք է պարտադիր տրամադրել ձնահյուսային հաղորդիչ (avalanche transceiver): Եթե որեւէ մեկին պատահում է ձնահյուս, սարքը սանտիմետրի ճշգրտությամբ ցույց է տալիս տուժածի գտնվելու վայրը: Թիմի բոլոր անդամներն այդ սարքով կապված են միմյանց հետ:


Բացակայությունը՝ խոչընդոտ

Հայաստանում դեռեւս չկա հատուկ փրկարար ջոկատ, որ կազմված կլինի համապատասխան պատրաստություն անցած փրկարարներից եւ կունենա անհրաժեշտ գույք՝ ձյունածածկ լեռնային վայրեր արագ հասնելու համար:

Պետք է ունենալ նաեւ նորացված եւ ճշգրիտ տեղագրական քարտեզներ, որոնց ուղղությամբ արդեն երեք տարի է, ինչ աշխատում ենք Վիեննայի համալսարանի աշխարհագրության ամբիոնի հետ: Լեռնային տուրերի ժամանակ շատ կարեւոր է ձեռքում ունենալ նման քարտեզ՝ վերահաս վտանգներից հնարավորինս ապահովագրված լինելու համար:


Կարեւոր է նաեւ ավտոմատ եղանակային տեսության կայանների տեղադրումը, որոնք Հայաստանում դեռեւս մի քանիսն են: Դրանք հնարավորություն են տալիս օնլայն ռեժիմով տեղեկանալու, թե տվյալ պահին կոնկրետ տեղանքում ինչպիսի եղանակ է:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 9330
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai