Կեցություն ու կրթություն՝ մեկ հարկի տակ

27.01.2020 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Ուսանողի տուն #«Թիմ Թայմ» #Մհեր Մկրտչյան
«Թիմ Թայմ» հակասրճարանում կարելի է գտնել հանգանակության արկղիկ, որը յուրաքանչյուրին առաջարկում է դառնալ մասնիկը մեծ փոփոխության։ Այս եւ մի շարք այլ ճանապարհներով հավաքվող ֆինանսական միջոցները «Ուսանողի տուն» ծրագրի իրականացման համար են։ Գաղափարի հեղինակ, «Թիմ Թայմ» հակասրճարանի հիմնադիր Մհեր Մկրտչյանը Banks.am-ին պատմել է ծրագրի մանրամասները։

Աջակցություն մարզային ուսանողները

«Թիմ Թայմում» կազմակերպվող միջոցառումները հիմնականում ուղղված են ոչ ֆորմալ կրթությանը։ Հաճախ դրանց գալիս են մասնակցելու ուսանողներ տարբեր մարզերից։ Նրանցից շատերը հետաքրքրվում են՝ գուցե ունենք ծանոթ ուսանողներ, որոնց հետ միասին կարող են մայրաքաղաքում բնակարան վարձել, նաեւ հարցնում են՝ ուսման վարձը փոխհատուցող ինչ հիմնադրամներ կան։

Այս կերպ ուսանողների առաջնահերթ կարիքներին ծանոթանալուն զուգահեռ՝ ծնվեց «Ուսանողի տուն» գաղափարը՝ ստեղծել մի վայր, որտեղ մարզերից եկող ուսանողները կկարողանան բնակվել, ապահովված կլինեն կրթության համար անհրաժեշտ պայմաններով, զուգահեռաբար կստանան ոչ ֆորմալ կրթություն՝ կազմակերպվող տարբեր միջոցառումների շրջանակում, եւ կընդգրկվեն տարբեր սոցիալական նախաձեռնություններում։


Երբ «Ուսանողի տուն» ստեղծելու գաղափարը ծնվեց, կիսվեցի ընկերներիս հետ։ Ամիսներ առաջ գործընկերոջս՝ Առաջին բիզնես դպրոցի հիմնադիր Ծովինար Սարգսյանի հետ հիմնեցինք «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունը, որով էլ կիրականացնենք գաղափարը։ Մեր թիմակիցներն են նաեւ Էլեն Բաղդասարյանը եւ Գեւորգ Ամալյանը:

2019-ի դեկտեմբերի 10-ին ամփոփված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթում «Ուսանողի տունը» 5 հաղթող նախագծերի թվում էր:


Ինչ եւ որտեղ

«Ուսանողի տունը» գտնվում է Նոր Նորքի երկրորդ զանգվածում: Տարածքը վարձակալել ենք, եւ այժմ կատարվում են շինարարական աշխատանքներ:

Նախագծողը մեր ճարտարապետ ընկերն է: Փորձել ենք ստեղծել ուսանողների համար հնարավորինս հարմարավետ տարածք: Կունենանք ննջասենյակներ, լոգարաններ, գրադարան, խոհանոց, լվացքատուն, տեխնիկական սենյակ եւ մեծ սրահ, որտեղ ուսանողները կկարողանան հավաքվել երեկոյան ժամերի:


«Ուսանողի տանը» կբնակվի մոտ 50 ուսանող, սակայն ոչ ֆորմալ կրթության համար նախատեսված սրահը կկարողանա տեղավորել շուրջ 100 մասնակցի:

Մեզ արդեն իսկ դիմել են շատ ուսանողներ եւ ցանկություն հայտնել կամավորական աշխատանքներ կատարել գաղափարի իրականացման համար:


Ֆինանսների գեներացման ճանապարհներ

«Ուսանողի տան» շինարարության համար ես եւ Ծովինար Սարգսյանը 4 մլն դրամ ներդրում ենք կատարել, սակայն նախագծի լիարժեք իրականացման համար դեռեւս անհրաժեշտ է մոտ 16 մլն դրամ:

Այժմ փնտրում ենք գործընկերների եւ աջակիցների, փորձում համագործակցել տարբեր ընկերությունների հետ, որոնք ոչ թե ուղղակիորեն գումար կտրամադրեն, այլ գուցե շինանյութ, կահույք նվիրեն, օգնեն գրադարանի կառուցման կամ տեխնիկական հագեցվածության ապահովման առումով:


Ֆինանսների հայթայթման համար կիրառում ենք տարբեր մեխանիզմներ: Օրինակ՝ ընկերություններին առաջարկում ենք գովազդներ սոցիալական ցանցերում մեր ակտիվ էջերով, նաեւ «Վայն Թայմում» կազմակերպվող միջոցառումներից գոյացած միջոցների մի մասն ուղղում ենք գաղափարի իրագործմանը:

Ստեղծել ենք նաեւ «Ապագա» քարտ, որն արժե 10 000 դրամ, եւ տալիս է «Թիմ Թայմի» ծառայություններից մեկ անգամ օգտվելու, «Վայն Թայմում» գինի/թեյ/սուրճ հյուրասիրվելու եւ «Բայք Թայմ»-ից մի քանի ժամով հեծանիվ վարձակալելու հնարավորություն:

Նախատեսել ենք, որ «Ուսանողի տունը» հիմնելուց մեկ տարի անց «Ապագա» քարտը գնած մարդկանց կվերադարձնենք իրենց գումարը, սակայն շատերն արդեն իսկ հրաժարվել են փոխհատուցումից:


Ինքնածածկում

«Ուսանողի տուն» ընդունվելու համար ուսանողը պետք է հանձնի փոքր քննություն՝ լրացնելով համապատասխան հարցաթերթիկը: Դրանով կընտրենք այն ուսանողներին, որոնք առավել պատրաստակամ են՝ աջակցելու իրենց համայնքներին եւ ակտիվ մասնակցելու կազմակերպվող միջոցառումներին:

Ուսանողի հետ կկնքվի պայմանագիր՝ 6 ամիս ժամկետով, որով նա կդառնա «Հզոր միտք» հասարակական կազմակերպության անդամ: Կսահմանենք մատչելի անդամավճար՝ ինքնածածկման համար: Այն մոտավորապես կկազմի ամսական 20 000-30 000 դրամ:

Կփորձենք նաեւ աշխատեցնել կառույցի ներսում նախագծված coworking space-ը, որից առաջացած եկամուտը կուղղենք առաջադեմ ուսանողներին խրախուսական թոշակներ տրամադրելուն:


Վերջնական նպատակ

Ոչ ֆորմալ կրթության կազմակերպման համար հրավիրելու ենք տարբեր խոսնակների, անցկացնելու ենք սեմինարներ հիմնականում բիզնես ոլորտին առնչվող՝ ներգրավելով հաջողակ բիզնես ստեղծած գործարարների: Կլինեն նաեւ տարբեր քննարկումներ եւ լեզուների իմացության զարգացման համար հատուկ դասընթացներ:

Պայմանագիրը 6 ամիս անց չի վերակնքվի այն ուսանողների հետ, որոնք չեն դրսեւորի բավարար ակտիվություն եւ պատրաստակամություն, քանի որ ծրագրի վերջնական նպատակը համայնքային զարգացումն է:


Առաջին 6 ամիսը լրանալուց հետո ուսանողները կմեկնեն իրենց հայրենի գյուղ կամ քաղաք, այնտեղ կձեւավորեն 6-10 հոգուց բաղկացած խմբեր, որից հետո մենք ինքներս կայցելենք մարզեր՝ միասին հասկանալու տվյալ համայնքի առանձնահատկություններն ու զարգացման հեռանկարը:

Համայնքում ձեւավորված թիմին կաջակցենք իրականացնել հետաքրքիր գաղափարները հենց այն տարիներին, երբ թիմի անդամ ուսանողը կբնակվի «Ուսանողի տանը»՝ այդ կերպ կապող օղակ հանդիսանալով համայնքի համար:

Շփվելով մարզերից նոր եկած երիտասարդների հետ՝ նկատել եմ, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոխվել, սկսել նոր հետաքրքիր գաղափարներ առաջարկել, նախաձեռնել դրանց իրագործումը: Այսինքն՝ անհատին օգնելով ստանալ ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթություն՝ նպաստում ենք, որ նա անձամբ սկսի զարգացնել իր իսկ համայնքը:

Տեքստը՝ Գայանե Ենոքյանի
Լուսանկարները՝ անձնական արխիվից
Դիտում՝ 9109
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW