Ուղեցույց՝ գյուղոլորտն ապահովագրողների համար

14.01.2020 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Գյուղոլորտ #ապահովագրություն #ծրագիր
Գյուղատնտեսությունը վերջին տարիներին ապահովում է Հայաստանի համախառն ներքին արդյունքի շուրջ 15%-ը: Ոլորտի բարձր ռիսկայնության պատճառով ՀՀ կառավարությունը որոշել է ներդնել «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը»:

Պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2019-ի հոկտեմբերի 1-ից:

2020-ի գյուղատնտեսական տարվան ընդառաջ՝ Banks.am-ն ուղեցույցի տեսքով ներկայացնում է ծրագրի կարեւոր կետերը:

1. Ապահովագրվող մշակաբույսերը

2020 թվականի գյուղատնտեսական սեզոնի համար կապահովագրվի 2 մշակաբույս՝ ծիրան եւ խաղող, 3 ռիսկերից՝ կարկուտ եւ հրդեհ, գարնանային ցրտահարություն:

Ծիրանենիների տարիքը պետք է լինի 4-ից մինչեւ 30 տարեկան, իսկ խաղողի վազերինը՝ 4 տարեկանից բարձր:

2. Ընտրված մարզերը

Կարկուտի եւ հրդեհի դեպքում ընտրվել է 6 մարզ՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց ձոր եւ Տավուշ, գարնանային ցրտահարության դեպքում՝ 2 մարզ՝ Արարատ եւ Արմավիր:

3. Ապահովագրավճարի չափը

Ապահովագրության պայմանագրի գինը կախված է մի քանի գործոնից՝ մշակաբույսից, ռիսկի տեսակից, հողատարածքի չափից, ֆերմերի ընտրած ապահովագրական ծածկույթից, ռիսկային գոտուց եւ սուբսիդավորման չափից:


Հայաստանի բոլոր համայնքները բաշխվել են ըստ 5 ռիսկային գոտիների:


Ընտրվել է փոխհատուցման ծախսերի 5 մակարդակ՝ հիմնվելով 1 հեկտարի կտրվածքով հաշվարկած հնարավոր ամենացածր եւ ամենաբարձր արտադրական ծախսերի վրա՝ ըստ ապահովագրված մշակաբույսերի:


Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-65%՝ կախված ապահովագրական պրոդուկտից:

4. Ինչպես օգտվել ծրագրից

Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսավարողները դիմում են գործակալության անդամ ապահովագրական ընկերություններից որեւէ մեկին՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Ռոսգոսստրախ - Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ:

Նրանց հետ կնքվում է ապահովագրության պայմանագիր: Դրանից հետո ապահովագրական ընկերությունն իրականացնում է հետհաշվարկ եւ վերաֆինանսավորման (պայմանագրով սահմանված ապահովագրավճարի սուբսիդավորման) հայտ է ներկայացնում գործակալությանը:

Հայտի բավարարման դեպքում գործակալությունը սուբսիդավորման գրություն է ներկայացնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որն էլ, իր հերթին, գրավոր դիմում է ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ ապահովագրական ընկերության բանկային հաշվին սուբսիդավորման ենթակա գումարը փոխանցելու համար:

Գրություն-հայտը ներկայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունն իրականացնում է համապատասխան սուբսիդավորման գումարի վճարումը:

5. Անհրաժեշտ փաստաթղթերը

Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է փաստաթղթերի հետեւյալ փաթեթը՝

- անձնագիր,
- հողամասի սեփականության վկայական,
- վարձակալության պայմանագիր կամ այլ իրավական փաստաթղթեր,
- լրացված ապահովագրական դիմում:

6. Կապ

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարելի է դիմել Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչություն՝ 011 525 232 հեռախոսահամարով:

Բողոքների դեպքում գործում է էկոնոմիկայի նախարարության թեժ գիծը՝ 055 54 19 68 հեռախոսահամարով:

Պատրաստեց Արփի Ջիլավյանը
Դիտում՝ 5926
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai