Հայկական գյուղը «ծաղկում է» ֆրանսիական փորձով

10.12.2019 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Blooming Armenia #«Ծաղկող Հայաստան» #Տաթեւիկ Խաչիկյան
Արդեն մեկ ամիս է՝ Լոռու մարզի Կողես գյուղի մուտքի մոտ տեղեկատվական վահանակ է տեղադրված՝ «Ծաղկող գյուղ Կողես» գրառմամբ։ Այն Blooming Armenia («Ծաղկող Հայաստան») հասարակական կազմակերպության տարբերանշանն է, որը խորհրդանշում է՝ գյուղը մաքուր է ու բարեկարգ, անվտանգ զբոսաշրջիկների համար եւ իրականացնում է համայնքային զարգացման ծրագրեր։

Banks.am-ը պարզել է Blooming Armenia-ի ստեղծման պատմությունն ու գործունեության մանրամասները:

Գյուղի զարգացման ֆրանսիական մոդելը

Blooming Armenia ՀԿ-ի հիմնադիր Տաթեւիկ Խաչիկյանը, երկար տարիներ բնակվելով Ֆրանսիայում, ականատես է եղել հետաքրքիր մի գաղափարի իրագործման, որը ֆրանսիացիները կիրառում են 1950-ականներից:

Կենտրոնում՝ Տաթեւիկ Խաչիկյանը

«Այդ տարիներին նրանց գյուղերը եղել են ճիշտ նույն վիճակում, ինչպիսին այսօր հայկական գյուղերն են՝ աղքատ ու կիսադատարկ։ Ամեն ինչ միայն Փարիզի շուրջն է պտտվել։ Ու հետպատերազմական շրջանի պատկերը վերացնելու, գյուղը նորից ապրեցնելու նպատակով մարդիկ մտածել են ամեն տարի մրցույթ կազմակերպել, որի արդյունքում կորոշեին, թե որն է տարվա ամենամաքուր, բարեկարգ ու ծաղկող գյուղը։ Ու երբ տվյալ բնակավայրը ստանում է «ծաղկող գյուղ» անունը, ապա այդտեղ ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում»,- իր ձեռնարկած գործի նախապատմությունն է ներկայացնում Տաթեւիկ Խաչիկյանը:

Նա շեշտում է, որ այս գաղափարը Հայաստանում նույնությամբ կիրառելը բարդ կլիներ, քանի որ սոցիալական խնդիրներ ունեցող մարդը չի կարող մտածել գյուղում ծառատունկ անելու, ծաղիկներ աճեցնելու կամ պարզապես շրջակայքը մաքուր պահելու մասին։ Բայց տրամաբանությունը փոքր-ինչ փոխելով՝ կարողացել են հասնել ցանկալի արդյունքի։



Սարապատն ու Կողեսը

Մեկ տարի առաջ ֆրանսաբնակ Տաթեւիկ Խաչիկյանը Հայաստանում հիմնադրել է Blooming Armenia կազմակերպությունը՝ գյուղերին օգնելու նպատակով։ 2019-ը փորձնական տարի է եղել, որի ընթացքում այցելել են տարբեր մարզերի 10-ից ավելի գյուղեր, ուսումնասիրել խնդիրները, շփվել մարդկանց հետ։ Վերջում երկու գյուղ են ընտրել՝ Սարապատը՝ Շիրակի եւ Կողեսը՝ Լոռու մարզից։

Սարապատը

«Սկզբում մենք կարողացանք աշխատել, ընդհանուր եզրեր գտնել Կողեսի եւ Սարապատի հետ, որովհետեւ երկու բնակավայրերում էլ մարդիկ պատրաստակամ էին, ուզում էին իրենց գյուղի համար ինչ-որ գործ անել։ Սարապատի դեպքում, սակայն, չկարողացանք շատ առաջ գնալ, որովհետեւ գյուղացիների ակնկալիքները մեզնից շատ ավելին էին, քան մենք կարող էինք տալ։ Ծրագիրը շարունակեցինք Կողեսի հետ, որտեղ սրտացավ բնակիչներից բացի, հանդիպեցինք պատրաստակամ համայնքապետի, վարչական ղեկավարի, որոնք կարողանում էին համախմբել ժողովրդին»,- ոգեւորությամբ պատմում է Տաթեւիկը։


Զարգացումը սկսել մաքրությունից ու ծաղկապատումից

Blooming Armenia-ն, մեկ տարվա ընթացքում, մասնագետների ու գյուղի կամավորների օգնությամբ վարդեր է տնկել Կողեսի դպրոցի շրջակայքում, գյուղի հրապարակում, կանգառը բարեկարգել, ապա՝ սթրիթ-արտ արել։

Բոլոր գործերին գյուղացիները՝ մեծից փոքր, մասնակցել են։


Կազմակերպության ներկայացուցիչները վստահ են եղել՝ եթե գյուղի ժողովուրդը, հատկապես երիտասարդները, մասնակցեն ու օգնեն, հետո արդեն պահպանելու են իրենց արածը։ Իսկ Տաթեւիկ Խաչիկյանի նպատակը մեկն է, որ գյուղում ապրող երիտասարդները կարողանան հպարտանալ իրենց գյուղով, երբեւէ չմտածեն այն լքելու եւ մեծ քաղաք տեղափոխվելու մասին։

«Մենք մեր տները կմաքրենք, բայց աղբը դրսում կթափենք։ Ցավոք, սա է մեր մտածելակերպը։ Պետք է փոխվել»,- ասում է Blooming Armenia-ի ծրագրերի ղեկավար Մարիամ Սարգսյանը։

Ձախից՝ Մարիամ Սարգսյանը

«Ծաղկող գյուղում» նոր ծրագրեր կիրականացվեն

Հայաստանի գյուղերի զարգացման համար առաջին ներդրումը Տաթեւիկն արել է իր ընտանեկան բյուջեից, հետո փորձել է ցույց տալ ֆրանսիացի գործընկերներին կատարվող աշխատանքի լրջությունն ու այլ դոնորների ներգրավել։

Blooming Armenia-ի հիմնադիրը նաեւ թիմն է ընդլայնել՝ ներգրավելով լանդշաֆտային դիզայների, դեկորատիվ եւ ծաղկող բույսերի մասնագետի, սոցիալական ձեռնարկատիրոջ, ֆինանսների փորձագետի եւ բազմաթիվ կամավորների։


Կողեսի հետ արդյունավետ աշխատանքի մեկ տարին ամփոփելով՝ Blooming Armenia-ն, արդեն որպես «մրցանակ», գյուղի համար համայնքային փոքրիկ կենտրոն է կառուցելու, որտեղ ժամանցի հնարավորություն կլինի թե՛ մեծահասակների եւ թե՛ երիտասարդների ու երեխաների համար։ Համայնքային կենտրոնում տարբեր միջոցառումներ կկազմակերպվեն, դրսից հյուրեր կգան։ Այդպիսով գյուղում նաեւ մշակութային կյանքը կակտիվանա։

«Այս գյուղում մեր տարբերանշանը դնելով՝ մենք ասում ենք, որ 3 տարի շարունակելու ենք իրենց հետ աշխատել, որովհետեւ սա ծաղկող գյուղ է, ոչ թե ծաղկած։ Այստեղի երիտասարդներին տանելու ենք Երեւան՝ մասնակցելու ագրոբիզնեսի դասընթացի, որպեսզի բացահայտենք, թե ինչ գաղափարներ ունեն իրենց գյուղի հետ կապված»,- ասում է Տաթեւիկը:


Blooming Armenia-ի հիմնադիրը վստահեցնում է, որ հնարավորության սահմաններում փորձելու է ֆինանսավորում գտնել գյուղի հետ կապված բոլոր նոր ու հետաքրքիր գաղափարների համար:

«Շարունակելու ենք ե՛ւ մեր համայնքային կենտրոնը սարքել, ե՛ւ հանրային տարածքները գեղեցկացնել, ինչո՞ւ չէ, նաեւ մասնավոր տարածքների վրա աշխատել։ Օրինակ, փորձելու ենք գյուղում զարգացնել հյուրատնային մշակույթը»,- առաջիկա անելիքներն է ամփոփում Տաթեւիկը:

Տաթեւիկ Ճուղուրյան
Լուսանկարները՝ հեղինակի եւ Blooming Armenia-ի արխիվից
Դիտում՝ 10476
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW