Հայկական բրդի 16 երանգները

07.11.2019 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Ամասիա #բուրդ #Անդրանիկ Թադեւոսյան
16 երանգ. հենց այսքան գույն ունի Ամասիայի ու հարակից գյուղերի ոչխարների բուրդը: Միայն թե այս գունային երանգները սկսել են բացահայտել վերջերս, երբ Եվրամիության ու ՀՀ կառավարության աջակցությամբ Շիրակի մարզում սկսեց իրականացվել մոտ €550 հազ. արժողությամբ «Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրը:

Banks.am-ի թղթակիցն այցելել է գործարան, ծանոթացել արտադրության կազմակերպման գործընթացին եւ հեռանկարներին:

Մարզադպրոցի շենքը՝ գործարան

«Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրը նախատեսում էր տեղական բուրդը վերամշակել ու գործարան ստեղծել՝ նպաստելով Հայաստանի հյուսիսային դարպասում՝ Ամասիայում նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Ամասիայի նախկին մարզադպրոցի շենքը վերափոխվեց գործարանի, տեղադրվեցին նոր ու ժամանակակից սարքավորումներ, որոնց միջոցով բուրդն անցնում է վերամշակման մի քանի փուլ:


Բրդի լվացման ավազանների ու կիսավտոմատ համակարգի տեղադրումից հետո սպասում էին հատուկ պատվիրված սարքավորումներին: Այնուհետ սկսվեց մասնագետների ընտրությունը:

Աշխատուժը՝ տեղի կանայք

Սանդերք, իլիկ ու ճախարակ. արդեն նույնիսկ գյուղի տներում հազվադեպ կարելի է տեսնել թել մանելու այս ձեռքի հարմարանքները, իսկ որտեղ էլ կարելի է գտնել, քչերն են բրդից թել մանում:

Նոր աշխատատեղերի ընտրության հարցում նախապատվությունը տրվել է Ամասիայի ու հարակից գյուղերի բնակիչներին, թեեւ ի սկզբանե գիտակցում էին, որ մասնագիտական կրթությամբ մարդկանց դժվար թե գտնեն: Կարեւորն այն էր, որ դիմած գործազուրկներից ընտրեին նրանց, ովքեր ցանկություն են ունեցել եւ սովորելու ընդունակություն:

Էլլադա Դիվանյանը

Գործարանում 19 աշխատող կա, թիվը հասնելու է 23-ի: Թեեւ աշխատակազմը փոքր է, բայց Ամասիայի նման համայնքում ձեռքբերում է համարվում: Գործարանի հիմնական աշխատողները կանայք են, որոնց մեծ մասն առաջին անգամ է աշխատում:

Բուրդ տեսակավորողների ու ջուլհակության դասընթացներ են կազմակերպվել: Մինչեւ հիմա էլ աշխատողները վերապատրաստման փուլում են: Շուտով արդեն վարձատրվելու են որպես աշխատողներ, ոչ թե վերապատրաստման փուլի մասնակիցներ:


«Մանի՛ր, մանի՛ր, ի՛մ ճախարակ»

Գործարանի աշխատակիցները հիշում են նախնական դժվարություններն ու ծիծաղում, թե որքան բարդ է թվացել նրանց համար աշխատանքը:

«Մանի՛ր, մանի՛ր, ի՛մ ճախարակ, մանի՛ր թելեր հաստ ու բարակ… Դասընթացի սկզբից մեր թելերը իսկականից հաստ ու բարակ էին, մեր առաջին մանած կծիկը մեզ են նվիրել: Ես պահել եմ, հեչ նման չէ թելի: Հիմա որակով ենք մանում ու ամեն օր ավելի որակյալ թել ենք ստանում»,- նշում է ջուլհակուհի Գայանե Հարությունյանը:

Գայանե Հարությունյանը

«Թելը, որ կտրվում էր մանելու ընթացքում «Կտոր մը երկինք» կինոյի պես, դառնում էր պատմություն ինձ համար, լաց էի լինում, իսկ հիմա ծիծաղում եմ, թե ինչքան եմ մտածել ու տանջվել էդքան հեշտ գործի պատճառով»,- ասում է Նարինե Սահակյանը:

Ջուլհակներն ու կտոր գործողները կողք կողքի են աշխատում: Ջուլհակները փորձում են ավելի համաչափ թելեր ստանալ, գործողները՝ խիտ ու նախշազարդ կտորներ:

Քիշմիշ Կարապետյանը

«Վերապատրաստողները տեղի ու արտասահմանցի մասնագետներ են եղել: Սկզբից վախ կար, հետո հետարքրքություն ու ձգտում»,- ասում է Քիշմիշ Կարապետյանը, իսկ գործընկերը՝ Էլլադան, իր գործած կտորը իբրեւ շալ ցուցադրելով՝ հավելում է.

«Դժվարությունը հենքն էր, ամեն ինչ հաշվարկով պետք է լինի, թելերը, գույները: Հաճախ են ինձ դիմում մեր համագյուղացիներն ու ծանոթները, հարցում են. ի՞նչ ես գործում, վաճառվո՞ւմ է, կարո՞ղ ենք գնել: Պահանջարկը մեծ է»:

25 տոննա բուրդ

Գործարանը կունենա տարեկան մինչեւ 25 տոննա բուրդ վերամշակելու հնարավորություն, ինչպես նաեւ թաղիքագործության ու վերմակի համար կիսաֆաբրիկատներ, տարբեր հաստության բրդյա թելեր ու ձեռքի հաստոցներով գործած կտոր:

Առայժմ գնորդին այսքանն է առաջարկում Ամասիայի բրդի գործարանը: Շուկայում նման առաջարկ չկա ու սկզբնական շրջանում աշխատելու են հենց տեղական շուկայի պահանջարկը բավարարելու համար:

«Շուկան առայժմ միայն Հայաստանն է: Եթե հաջողվեց ներդրումներ անել, արտերկրի շուկայում եւս ներկայանալ, կարծում եմ՝ պատվերների քանակը կավելանա: Արդեն հաստոցներ կգնենք՝ ավտոմատ արտադրական ցիկլն ապահովելու համար: Իհարկե, պետք է կարողանանք բարելավել որակը»,- ասում է Ամասիայի բրդի գործարանի տնօրեն Անդրանիկ Թադեւոսյանն եւ անդրադառնում բրդի որակին ու դեռ չհաղթահարված խնդիրներին:

Անդրանիկ Թադեւոսյանը

«Մեր տան վերմակների համար որոշել եմ բուրդն էստեղից տանել, համ տաք է, համ էլ՝ բնական: Ժողովուրդը արդեն կանցնի նորից բնականին»,- նշում է Նարինե Սահակյանն ու շարունակում թել մանել:

Վերմակի կիսաֆաբրիկատները տարբեր հաստության բրդի վերամշակված, գզած շերտեր են, որոնք հեշտությամբ կդառնան տաք վերմակ ցուրտ ձմեռներով հայտնի շիրակցու համար եւ ոչ միայն:  

Հայկական կեղտոտ բուրդն ու ֆրանսիական չհաջողված փորձը

Երբ մեկ տարի առաջ նախաձեռնվեց բրդի արտադրությունը, անգամ կազմակերպիչները չէին պատկերացնում, թե որքան դժվար ընթացք է անցնելու: Ֆրանսիական բրդի փոքր արտադրության փորձը ներդրեցին: Կիսավտոմատ սարքավորումները նախ լվանում են, որից հետո բուրդը վերամշակման մի քանի փուլ է անցնում:


Սակայն ֆրանսիական փորձը չկարողացան կիրառել, քանի որ տեղական բուրդը շատ կեղտոտ է, այն աստիճանի, որ ինչպես տեսակավորողներն են հավատացնում, հաճախ սեւ բուրդը լվանալուց հետո պարզվում է՝ սպիտակ է եղել: Այդ պատճառով նախ աշխատակիցներից տեսակավորում են, մանրակրկիտ մաքրում, ապա լվանում.

«Կան սարքավորումներ, որ չեն համապատասխանում: Եվրոպայում ոչխարները մաքուր են ու միայն թեթեւակի լվանում են: Ֆրանսիացի մասնագետը եկավ, ասում է, ո՞նց կարող է սարքավորումը Ֆրանսիայում փոքր արտադրամասերի համար արդյունավետ ու հարմար լինի, ձեզ հարմար չլինի՞: Չէր պատկերացնում որքան կեղտոտ է խուզած բուրդը: Եթե քիմիկատով լվացվի՝ հեշտ է, իսկ մենք բնական օճառով ենք լվանում, մի քանի անգամ լվանալուց հետո մաքրվում է»,- պատմում է գործարանի արտադրության պետ Սամվել Սուքիասյանը:

Սամվել Սուքիասյանը

Գյուղացիներն իրենք էլ են հաստատում, որ ոչխարներին չեն լողացնում: «Անձրեւի տակը թող լողնան»,- այսպիսին է գյուղացու պատասխանը, պատճառաբանությունն էլ մեկն է. կոլխոզի ժամանակ հատուկ հորեր են եղել, լողացրել են, բուրդը մաքուր է եղել, իսկ այժմ պայմաններ չկան:

«Մենք չունենք որակյալ բուրդ: Մթերում ենք 300 դրամով՝ կեղտոտությունը, կոշտությունը հաշվի առնելով: Եթե մեր գյուղացիները կարողանան «կորիդել» տեսակի ոչխարներ բուծել, ավելի թանկ կլինի մթերումը: Մաքուր բրդի դեպքում եւս նախատեսում ենք ավելի բարձր գին»,- ասում է Անդրանիկ Թադեւոսյանը:

Գործարանի հիմնումից հետո տարածաշրջանում սկսել է զարգանալ ոչխարաբուծությունը, նաեւ ներկրել են ոչխարների նոր ցեղատեսակներ, որոնք ավելի որակյալ բուրդ ունեն ու ցեղատեսակների բազմացմամբ նախատեսում են նաեւ բրդի այս տեսակով եւս արտադրանք ապահովել:

Նարինե Սահակյանը

«Հայգորգ»-ից եկած տնօրենն ու բրդի գործարանի հեռանկարները

Ամասիայի բրդի գործարանի տնօրեն Անդրանիկ Թադեւոսյանը պատմում է, որ մի քանի ամիս առաջ մի փոքր թերահավատ է եղել, երբ ինքնակենսագրականն ուղարկել է տնօրենի թափուր աշխատատեղի համար: Սակայն շուտով հարցազրույցի փուլը հաղթահարել ու անմիջապես անցել է գործի:

Տնօրենի այս ընտրությունը, պատահական չէ, աշխատանքային կենսագրության մեջ կարեւոր մի կետ հուշում է, թե ինչ հեռանկարների նա կարող է տանել Ամասիայի գործարանը:

Ձախից՝ Անդրանիկ Թադեւոսյանը

Անդրանիկ Թադեւոսյանն աշխատել է «Հայգորգ» արտադրական գորգագործական միավորման Լենինականի մասնաճյուղում: 90-ականներին նաեւ սեփական նախաձեռնությամբ հիմնել է արտադրամաս, որտեղ գործել են կարպետներ ու գորգեր եւ տեղական շուկայում վաճառքից բացի, արտահանել է: Ինժեներական կրթությունը օգնել է լեզու գտնել ու կարգավորել ցանկացած սարքավորում:

Ամասիայի գործարանում նույնպես գալիս է, հագուստը փոխում ու զբաղվում սարքավորումների մեխանիկայով: 19 աշխատող ունեցող գործարանի համար մեծ հեռանկարներ է կանխատեսում ու շատ մոտ ապագայում:

«Եթե «Հայգորգ»-ի՝ թել չեղած պայմաններում կարողացել եմ գորգագործությունը զարգացնել ու արտահանել, բա հիմա թել կա, գորգ չգործե՞նք: Բնական ներկերով ներկելու ենք թելերը: Միայն թե բուսական ներկերով ներկելը մի քիչ խնդիրներ ունի: Ուզում ենք Ամասիայի ալպիական ծաղիկներով ու բույսերով ներկենք, բայց դեռ մտածում ենք: Նախ, պաշարը կարող է չհերիքի, հետո բույսերի սեզոնայնությունը պետք է հաշվի առնել, օրինակ՝ գարնանը հավաքված նույն բույսը աշնանը ուրիշ գույն է ստացվում, եթե հանկարծ արդեն ծավալի խնդիրը եղավ, պետք է կարողանանք նույն երանգով քանակ ապահովենք»,- առաջիկա անելիքներից է խոսում Անդրանիկ Թադեւոսյանը:

Էլլադա Դիվանյանը

Եվրամիությունը գործարանին օգնելու համար հայտարարել էր դրամաշնորհների մրցույթ, որով ընդունում էր առաջարկներ, թե ինչպես կարող են օգտագործել հումքը, ամեն շահող պետք է նաեւ նոր աշխատատեղեր բացեր: Այսինքն՝ գործարանի արտադրանքը չէ միայն ծրագրի նպատակը, նաեւ սպառման ու պահանջարկի ապահովումը:

Մեկ տարի առաջ մեկնարկած՝ Եվրամիության, Հայաստանի կառավարության, «Մարդը կարիքի մեջ» եւ «Կանանց զարգացման ռեսուրս» ՀԿ-ների համաֆինանսավորմամբ ծրագիրն ավարտվում է 2020թ. մարտին: Արտերկրից գնորդներ եւս հետաքրքրվում են Ամասիայի բրդի գործարանի արտադրանքով, իսկ գործարանը շուտով կհստակեցնի, թե ինչ գնով են վաճառելու թաղիքագործության համար օգտագործվող բուրդը, թելերը ու կտորը: Թեեւ արտադրանքի մեծ մասը ձեռքի աշխատանքի արդյունք է, սակայն խոստանում են բարձր գին չսահմանել:

Անահիտ Հարությունյան
Լուսանկարները՝ Գեւորգ Հրաչյանի
Դիտում՝ 11561
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai