Իտալական Confindustria Russia կազմակերպության պատվիրակությունը՝ կազմակերպության նախագահ Էռնեստո Ֆերլենգիի գլխավորությամբ, այս ամիս այցելել էր Երեւան եւ հանդիպել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին։ Էռնեստո Ֆերլենգին Banks.am-ին պատմել է հանդիպման մանրամասների եւ այցի հիմնական նպատակի մասին։ Confindustria Russia ընկերությունը մաս է կազմում Իտալական արդյունաբերության ընդհանուր միության՝ Confindustria Italiana-ի: Այն միավորում է 115 000 ձեռնարկություն ամբողջ աշխարհից։ Միության գործունությունն ուղղված է իտալական բիզնեսի հետաքրքրությունների առաջխաղացմաննը իրենց տեղակայման երկրներում եւ տեղի կառավարության, գործընկերների ու մասնագիտացված միությունների հետ համագործակցության զարգացմանը։ - Պրն Ֆերլենգի, կխնդրեմ հակիրճ ներկայացնել Confindustria Russia-ի գործունեությունն ԱՊՀ տարածաշրջանում, որպեսզի կազմակերպության անունը շփոթմունք չառաջացնի մեր ընթերցողների շրջանում։- Նախ եւ առաջ ասեմ, որ Confindustria Italiana-ն 100 տարուց ավելի է, ինչ միավորում է գրեթե ամբողջ իտալական բիզնես ոլորտը։ Այն ներառում է ինչպես միջին եւ փոքր, այնպես էլ խոշոր բիզնեսը։ Ընկերությունները դառնում են միության անդամ, որովհետեւ դրանով արտոնություն են ստանում կապերի ձեռքբերման, բիզնես հարաբերությունների զարգացման, պոտենցիալ օրենսդրական փոփոխություններին մասնակից դառնալու, շահերի պաշտպանության եւ այլ առումներով։Տարիներ առաջ միությունը սկսեց զարգացնել նոր ռազմավարություն, որը ենթադրում էր միության գործունեության ընդլայնումը երկրի սահմաններից դուրս։ Այս ծրագրի շրջանակում էլ 4 տարի առաջ ստեղծվեց Confindustria Russia-ն, որի կազմում են ինչպես իտալական ընկերություններ Ռուսաստանում, այնպես էլ ռուսական ընկերություններ։ Ժամանակի ընթացքում մենք սկսեցինք հասկանալ, որ համագործակցության մեծ պոտենցիալ կա Եվրասիական տնտեսական միության հետ: Կարելի է արտադրություն հիմնել, օրինակ, Հայաստանում եւ արտադրանքն արտահանել միության այլ երկրներ՝ ազատ առեւտրի պայմաններով։ Սա շատ կարեւոր բաղադրիչ է եւ դա է պատճառը, որ մեր միության ուղղվածությունն այժմ փոխվել է՝ հետեւելով թրենդներին։ Այժմ մենք ուսումնասիրում ենք Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի շուկաները, որպեսզի հասկանանք համագործակցության հնարավորությունները։ Էռնեստո Ֆերլենգին Լուսանկարը՝ Մեդիամաքս - Ինչպես արդեն նշեցիք, այցի նպատակը Հայաստանի շուկայի եւ հնարավոր համագործակցության ուղղությունների ուսումնասիրությունն է։ Ո՞րն է այս համագործակցության զարգացման Ձեր տեսլականը։ - Շուկայի ուսումնասիրության շրջանակում փորձում ենք հասկանալ՝ ինչպիսի ռազմավարություն է վարում տվյալ երկիրը բնական ռեսուրսների, գյուղատնտեսության, դեղագործության, շինարարություն, ՏՏ եւ այլ ոլորտներում, որի համար զրուցում ենք կառավարության ներկայացուցիչների հետ։ Երկրի տնտեսական ռազմավարությունը հասկանալուց հետո փորձում ենք ուսումնասիրել ծրագրեր կոնկրետ ուղղություններով, որից հետո վերադառնում ենք Իտալիա, ընտրում կոնկրետ ձեռնարկություններ, ապահովագրական ընկերություններ, փնտրում գործընկերներ տվյալ երկրում։ Հայաստանում մենք հնարավորություն ունեցանք այցելելու նաեւ «Թումո» կենտրոն։ Այն բացառիկ ծրագիր է, որի ուղղությամբ այսօր շարժվում է աշխարհը։ Իրապես, մարդկային կապիտալում ներդրումներն ամենաարդյունավետն են։ Հայաստանում կա մարդկային ռեսուրսի հսկայական կապիտալ: - Հատկապես ո՞ր ոլորտներում եք համագործակցության հնարավորություն տեսնում։ - Առաջինը շինարարական ոլորտն է։ Կարծում եմ, եթե մեծ ներդրում կատարենք, ապա դա կլինի ենթակառուցվածքների կառուցման նախագիծ։ Կարեւոր ուղղություն է հատկապես ճանապարհաշինարարությունը։ Մենք ուսումնասիրում ենք նաեւ անշարժ գույքի շուկան, գյուղատնտեսությունը, դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որն այսօր դինամիկ զարգանում է Հայաստանում, ինչպես նաեւ կարելի է դիտարկել մեքենաշինությունը։ - Այցի շրջանակում հանդիպել եք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Ինչպե՞ս կգնահատեք հանդիպումը՝ զարգացման հնարավորությունների ուրվագծման տեսանկյունից։ - Նախքան Երեւան այցելելը ծանոթացել էի պարոն Սարգսյանի կենսագրությանը։ Ինձ հատկապես տպավորեց այն, որ նա, լինելով Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, շատ պրագմատիկ մոտեցում ունի։ Դա այն է, ինչ սիրում է բզինեսը։ 16.10.2019 | 09:56 Իտալական Confindustria Russia-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցությամբ Նախագահ Սարգսյանը մեզ հստակ ներկայացրեց երկրի ռազմավարությունն ու զարգացման ուղղությունը։ Նա երաշխավորեց, որ եթե մեր կողմից առաջարկված ծրագիրը նպաստի Հայաստանի զարգացմանն ու ժողովրդի բարեկեցությանը, ապա կառավարությունը կաջակցի դրա իրականացմանը։ - Իտալիա վերադառնալուց հետո որո՞նք են լինելու Ձեր հաջորդ քայլերը։ - Քննարկումներ կունենանք մեր բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ընտրելու համար այն ընկերությունները, որոնք արդեն իսկ պատկերացնում են շուկան ու բիզնես հնարավորությունները։Որպես հայ-իտալական կապերի զարգացման շարունակություն՝ մենք ակնկալում ենք, որ նոյեմբերի վերջին Հայաստանի ղեկավարությունը կայցելի Իտալիա։ Հույս ունենք, որ նման այցի շրջանակում պատվիրակության կազմում կլինեն նաեւ գործարար շրջանակի ներկայացուցիչներ։ Էռնեստո Ֆերլենգին Լուսանկարը՝ Մեդիամաքս Վերջին երկու տարիներին Հայաստանի եւ Իտալիայի միջեւ առեւտրաշրջանառությունը գրեթե 50%-ով ավելացել է: Սա մեզ համար շատ կարեւոր ազդակ է։ Մեր նպատակը Հայաստան-Իտալիա բիզնես կապերի զարգացումն է ոչ միայն դեպի Հայաստան արտահանման մեծացման ճանապարհով, այլեւ ներդրումներ կատարելով եւ համատեղ բիզնեսներ հիմնելով: Էռնեստո Ֆերլենգիի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը Tweet Դիտում՝ 35115